Փրկարարական աշխատանքներ

Հայ եղբայրներն իրենց երեխաների հետ խեղդվել են Չելյաբինսկի լճում

265
(Թարմացված է 10:19 04.07.2017)
Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում` փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Դեպքը պատահել է Չելյաբինսկի մարզում։ Հայերն ընտանիքով ու ընկերներով հավաքվել են Մաքսիմկա լճի ափին։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Խաղաղ նստած են եղել, գարեջուր են խմել, կատակել։ Երեկոյան ժամը իննի մոտակայքում տղամարդկանցից մեկը իր և երկու եղբայրների երեխաների հետ որոշել է զբոսնել նավակով։ Չորս մարդու համար նախատեսված նավակ է նստել մեկ մեծ և ութ երեխա։ Զբոսանքի ժամանակ նավակը շրջվել է։ Ափին կանգնած մյուս եղբայրները նետվել են օգնելու։ Երեխաներից չորսը փրկվել են, իսկ օգնության հասած տղամարդիկ խեղդվել են։ Նրանցից բացի, խեղդվել են նաև 2,8 և 15 տարեկան տղաները, 9 տարեկան մի աղջիկ, և նա, ով երեխաներին զբոսանքի է հանել։

Ջրից դուրս են բերվել երկու տղամարդու, ինչպես և տասը տարեկան աղջկա և երկու տարեկան տղայի մարմինները: Ավելի ուշ հայտնաբերել են 8 ու 15 տարեկան երկու տղաների մարմինները, դուրս է բերվել նաև նավակում եղած տղամարդու մարմինը։

«Արդեն հաստատվել է Մաքսիմկա ջրավազանի սեփականատիրոջ անձը. նա տեղի հայ գործարարներից է։ Հենց նա էլ եղել է նավակում և երեխաների հետ խեղդվել է ջրում։ Հայտնի է դարձել, որ նավակը նույնպես նրան է պատկանել»,- այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ Մաքսիմկա լիճը նախատեսված չէ ո՛չ լողալու, ո՛չ էլ նավակով զբոսնելու համար: Զոհված քաղաքացիներից ոչ մեկը չի պահպանել անվտանգության կանոնները, նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել, փրկարարական բաճկոններ չեն կրել:

265