Ավտովթար

Հրազդանի քաղաքապետը հաստատել է` վրաերթ կատարած վարորդը նրա որդին է

47
(Թարմացված է 16:53 09.06.2017)
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հաստատել է, որ Հրազդանում տեղի ունեցած դեպքն առնչվում է իր որդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունիսի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

News.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հաստատել է, որ հունիսի 8-ին մահվան ելքով տեղի ունեցած վրաերթի հեղինակն իր անչափահաս որդին է:

«Այո, իմ տղան է եղել, ինքն առաջին օրվանից էլ ընդունել է: Իմ երեխան է տուժողին ճանապարհ դրել հիվանդանոց, առաջին օգնությունն ինքն է ցուցաբերել, որից հետո ուղեկցել է հիվանդանոց: Ինձ հետ միասին հիվանդանոցում է եղել»,- ասաց Արամ Դանիելյանը:

Նա հերքել է ոստիկանության տվյալները, թե սկզբում 32-ամյա տղամարդ է ներկայացել և հայտնել, որ վրաերթի հեղինակն ինքն է եղել։

«Այդպիսի բան չի եղել, երեխան հիվանդանոցում է եղել տուժողի հետ: Դժբախտություն է տեղի ունեցել»,- ասել է նա:

Նշենք, որ Ոտսիկաության տարածած հաղոդագրության համաձայն` Հրազդանում տեղի ունեցած դեպքի վայր է ներկայացել 32-ամյա տղամարդ և ըստ իր խոսքերի, նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, իր կողմից վարած «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Քաղսի գյուղից Հրազդան տանող ճանապարհին` Շահումյան փողոցում, նախկին Կաթի գործարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ Թորոսյանին վրաերթի ենթարկելու ժամանակ ղեկին եղել է ոչ թե ոստիկաններին ներկայացած 32-ամյա տղամարդը, այլ 17-ամյա երիտասարդ:

Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին, ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության:

47