ՀՀ քննչական կոմիտե

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել

11
(Թարմացված է 21:10 19.10.2016)
ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է Գյումրի քաղաքում հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվում են միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվում նրանց գործողությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ձեռք բերված ապացույցների հիման վրա, հոկտեմբերի 19-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ երրորդ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։

Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել առերեսումներ։ Էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, 6 անձի նկատմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք պարբերաբար։

11