Խաչատուր Քոքոբելյան

Խաչատուր Քոքոբելյան. անթույլատրելի է երկրի ապակայունացումը

80
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հանդուրժողականության կոչ արեց ինչպես քաղաքացիներին, այնպես էլ իրավապահներին ու զինված խմբին։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Խաչատուր Քոքոբելյանի դիտարկմամբ` այն, ինչ տեղի է ունենում այս պահին, որևէ առնչություն չունի դեմոկրատական գաղափարների կամ քաղաքական հայացքների հետ։

«Ցանկացած մոտիվացիայի դեպքում, անկախ ամեն ինչից, ես ինքս` որպես ընդդիմադիր ազատական քաղաքական գործիչ, կողմնակից եմ իշխանափոխության, բայց այն մեթոդները և այն գործընթացը, որը կատարվել է և կատարվում է այս պահին Երևանում, դատապարտում եմ, անընդունելի եմ համարում և կհորդորեի և կխնդրեի մեր քաղաքացիներին, որ զուսպ լինեն, չտրվեն բառացիորեն էմոցիաներին»,-ասաց նա։

Քոքոբելյանը հիշեցրեց, որ ցանկացած սրում Հայաստանի ներքին կյանքում կործանարար կլինի երկրի համար։ Բավական է միայն հիշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

«Մեզ համար ամենաանթույլատրելի բանը կլինի ապակայունացումը և այն իրավիճակի սրումը մայրաքաղաքում և ողջ Հայաստանում, որը հղի է ոչ կանխատեսելի և ոչ ցանկալի հետևանքներով»,-ասաց պատգամավորը։

Քոքոբելյանը հույս հայտնեց, որ բանակցություններն իրենց ցանկալի արդյունքը կտան, և նոր զոհեր չեն լինի։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

80