Զրահամեքենա

Պատգամավոր. պետք է հասկանալ, որ բարիկադների երկու կողմում էլ հայեր են կանգնած

48
(Թարմացված է 20:47 17.07.2016)
Ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը կարող է ոգևորել մեր թշնամիներին, կարծում է ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Զինված խումբը շարունակում է պատանդներ պահել ոստիկանական գնդում։ Պետք է հասկանալ, որ բարիկադների երկու կողմում էլ հայեր են, և երկրի ներսում ցանկացած ապակայունացում օգուտ է մեր թշնամիներին, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Մհեր Շահգելդյանը։

«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դեպքերի զարգացմանը։ Ակնհայտ է, որ երկրում լուրջ փոփոխություններ կատարելու ժամանակն է։ Սակայն դրանք չպետք է իրականացվեն այսքան կտրուկ», — ասաց Շահգելդյանը։

Նրա խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում, ցավոք, կարող են անմեղ զոհեր լինել։

«Մենք խաղաղ պայքարի կողմնակից ենք, և հույս ունենք, որ այս իրավիճակը նման հանգուցալուծում կստանա», — ասաց պատգամավորը։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

48