Արմեն Գրիգորյան

ՀՀ–ն ամեն ինչ կանի Արցախի տարածքները վերադարձնելու համար. Արմեն Գրիգորյանի հարցազրույցը

421
(Թարմացված է 18:03 23.04.2021)
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 26-ին Մոսկվա կմեկնի: Այցից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նա ասել է, թե ինչ պայմաններում է հնարավոր պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ինչպես է ՀՀ–ն վերադարձնելու կորցրած տարածքները և հզոր բանակ ունենալու։

- Առաջիկա օրերին նախատեսված է Ձեր այցը Մոսկվա։ Ի՞նչ նպատակով եք Ռուսաստանի մայրաքաղաք մեկնում, ի՞նչ հանդիպումներ են նախատեսված, ի՞նչ առանցքային հարցեր են քննարկվելու, հանդիպումների արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ սպասվո՞ւմ են:

- Մոսկովյան այցը փոխկապակցված է Դուշանբեի այցի հետ, այդ ընթացքում նախատեսված են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ: Նախատեսվում է անվտանգության հարցերի լայն շրջանակ քննարկել։ Վերջում հանրությանը կտեղեկացնենք արդյունքների մասին։

- Ինչպե՞ս եք տեսնում Ռուսաստանի դերը նոր պայմաններում Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանության գործում: Դրա համար նոր փաստաթղթերի ստորագրում կամ արդեն գործող համաձայնագրերի թարմացում կպահանջվի՞։

- Կարծում եմ` ձեզ հայտնի է, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխօգնության պարտավորությունները կանոնակարգվում են լայն համագործակցության հնարավորություն ընձեռող նորմատիվ-իրավական բազայի կողմից ինչպես ՀԱՊԿ շրջանակում, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Մինչև հիմա մենք չենք բախվել որևէ ֆորմալ սահմանափակումների, որոնք կարող էին խանգարել մեր համատեղ նախագծերի իրականացմանը։ Եթե հանկարծ բախվենք նման խոչընդոտների, ապա կդիտարկենք նաև լրացուցիչ պայմանագրերի ստորագրման կամ արդեն գոյություն ունեցողների թարմացման հարցը։

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, Ռուսաստանը` որպես մեր ռազմավարական դաշնակից, կարևոր դերակատարություն ունի, ու մենք շարունակում ենք համագործակցությունը Ռուսաստանի հետ մեր սահմանների անվտանգության ամրապնդման ոլորտում։

- Ըստ հայկական կողմի` որքանո՞վ է արդյունավետ ռուս խաղաղապահների գործունեությունը Ղարաբաղում: Երևանն ուզո՞ւմ է երկարացնել խաղաղապահների տեղակայման ժամկետը տարածաշրջանում, ընդլայնել նրանց ներկայությունը։

- Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում։ Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Արցախում խաղաղապահների տեղակայման ժամկետի երկարաձգման հարցը հնարավոր կլինի մանրամասն քննարկել մանդատի ժամկետի ավարտին մոտ, սակայն այս պահին Ադրբեջանը որևէ նշան ցույց տալիս, որ տարածաշրջանում կարող է կայունությունը լինել առանց խաղաղապահների։

– Ինչպե՞ս են Երևանում գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն այն մասին, թե Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական «պատմական հողեր» են, ու «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հարցը ուժի միջոցով լուծելու սպառնալիքներին, եթե հայկական կողմը հրաժարվի դա կամավոր անել: Կարո՞ղ է նման հակահայկական հռետորաբանությունը Ղարաբաղում նոր պատերազմի հանգեցնել։

- Ալիևի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների ճշմարտացիությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը էքզիստենցիալ խնդիր է ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար։ Սեփական ուժերով և դաշնակցային ներուժով Հայաստանը կարող է պաշտպանել իր պետության տարածքային ամբողջականությունը։ Ուզում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիևի ցանկացած արտահայտություն արմատապես խեղաթյուրում է հրադադարի մասին հայտնի հայտարարության էությունը։

Պատմությունը ցույց տվեց, որ նույնիսկ մոտ յոթանասունամյա լռության պայմաններում արցախահայությունը ոչ մի պահ չի մոռացել իր իրավունքների մասին։ Նրանք 1988 թվականին պաշտպանել են իրենց իրավունքները և ազատություն նվաճել։ Այսպիսով, տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը պայմանավորված են այն փաստով, թե որքանով է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը։

-Ո՞վ է Ղարաբաղում պարտվելու մեղավորը։ Կարծում եք, որ երբևէ կվերադարձնե՞ք կորցրած դիրքերը:

- Իմ սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է` պատերազմը գնահատել ոչ թե որպես սպրինտ, այլ որպես մարաթոն։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ «քառաունչորսօրյա» անվանում ստացած պատերազմը տասնամյակների նախապատմություն ունի։ Եվ այդ առումով արդյունքները գնահատելու համար պետք է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել։ Ինչ վերաբերում է տարածքներին, ապա կարծում եմ` ձեզ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը որոշակի սահմաններով ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ու մենք ամեն ինչ կանենք, որ դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքները:

- Որոշ փորձագետներ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների զարգացումը կապում էին Ռուսաստանի հետ Հայաստանի անբավարար կոոպերացիայի հետ: Համաձա՞յն եք։ Նախատեսո՞ւմ եք արդյոք վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ։

- «Որոշ փորձագետներ» արտահայտությունը շատ լղոզված է։ Եթե նայեք վերջին երեք տարիների հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային, ապա կտեսնեք, որ այդ փորձագետները խորապես սխալվում են։ Եթե մի կողմ թողնենք հույզերն ու կեղծ լուրերը և օբյեկտիվորեն վերլուծենք հայ-ռուսական հարաբերությունները, ակնհայտ կդառնա, որ Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները համապատասխանում էին Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ոգուն ու բնույթին։ Բավական է միայն հիշատակել Ռուսաստանի հետ Հայաստանի համատեղ մասնակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղության պահպանմանը։ Ի դեպ, անցյալ տարի Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը հրապարակել է համակողմանի հետազոտություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների վարքագիծը։ Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առումով ամենասկզբունքային և հուսալի երկրներից է։ Այսպիսով, եթե մեր հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն առաջանա, ապա միայն դեպի խորացում և զարգացում։

- Ղարաբաղյան հակամարտությունից ինչպե՞ս է իրականացվելու հայկական բանակի բարեփոխումը: Ժամանակակից սպառազինությո՞ւն է ձեռք բերվելու: Ումի՞ց եք զենք գնելու։

- Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները կիրականացվեն Ռուսաստանի աջակցությամբ։ Մեր տեսանկյունից Ռուսաստանի զինված ուժերի բարեփոխումները վերջին տասներկու տարիների ընթացքում ամենահաջողվածներից են՝ բանակի արդիականացումն ու օպտիմալացումը, արդյունավետության բարձրացումը, կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումը, ժամանակակից սպառազինությունն օգնել են Ռուսաստանին շարունակել ունենալ աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը: Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի օգնությամբ կանցնենք այդ ճանապարհը և կկառուցենք հզոր հայկական բանակ։ Սպառազինությունների հետ կապված նշեմ, որ մենք ավելի լավ զենք ենք գնելու, և ձեզ հայտնի է՝ որ երկիրն է այս ոլորտում առաջատարը։ Միևնույն ժամանակ նախատեսում ենք հետագայում ևս ակտիվորեն զարգացնել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը։

- Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ՝ հաշվի առնելով 2020 թվականի աշնանը Ղարաբաղում ռազմական գործողություններն ու տարածաշրջանում ստեղծված նոր պայմանները:

- Այս պահին դեռ վաղ է խոսել ռազմավարության փոփոխությունների մասին։ Միայն խորհրդարանական ընտրություններից հետո նման հնարավորություն կընձեռվի։ Անշուշտ, պատերազմը շատ բան փոխեց, բայց շատ բան էլ նույնն է մնացել։ Եվ այդ իմաստով կարծում եմ` ռազմավարությունը չի կորցրել իր արդիականությունը։

- Կարո՞ղ է արդյոք Հայաստանը տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, և ի՞նչ պայմաններով է Երևանը պատրաստ դա անել:

- Խաղաղության համաձայնագրի մասին խոսելուց առաջ պետք է արձանագրել մի պարզ փաստ` ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծված չէ։ Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով։ 2020 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի դիմելով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտել է հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում ընկած երեք հիմնական սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Կան տարիներ շարունակ համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա էլ պետք է հիմնված լինի հակամարտության կարգավորումը։ Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնց վերջին համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «այն սկզբունքների և տարրերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են կողմերին»:

Ալիևը ոչ միայն հերքում է հակամարտության չկարգավորված լինելու օբյեկտիվ փաստը, այլև փորձում է ամեն կերպ խորացնել թշնամանքը երկու ժողովուրդների միջև։ Օրինակ` երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարի պուրակ», զառանցանքային հայտարարություններ է անում Զանգեզուրի մասին, ոչնչացնում է հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը Արցախի օկուպացված տարածքներում, պղծում ոչ միայն առաջին ղարաբաղյան պատերազմի զինվորների գերեզմանները, այլև Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, ապա ինչպե՞ս է կարելի մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Երբ Ադրբեջանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի, ռացիոնալ քայլեր ձեռնարկի և պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ հնարավոր կլինի մտածել խաղաղության համաձայնագրի մասին։

- Փորձագետների շրջանում կարծիք կա, որ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ։ Համարվում է, որ ուժեղացել է արևմտյան, ամերիկյան ազդեցությունը քաղաքական էլիտայի վրա։ Շատերը առանցքային դեր են հատկացնում Սորոսի հիմնադրամին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Ձեզ և վարչապետ Նիկոլ Փաշինյանին արևմտամետ քաղաքական գործիչներ են անվանում։

- Վերջին շրջանում Հայաստանի հարցով փորձագետները հաճախ են սխալվում։ Հայաստանը բոլոր ժամանակներում իրեն ներկայացրել է աշխարհաքաղաքական բախումներից դուրս, մենք միշտ փորձել ենք ոչ մի դեպքում աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ չդառնալ։ Շատերը սկսեցին ավելի ու ավելի հաճախ խոսել այն մասին, որ 2018 թվականի հեղափոխության գնահատականները չափազանց մակերեսային էին, և որ հեղափոխությունը ոչ թե արտաքին ազդեցության արդյունք էր, այլ ներքին կոռուպցիոն համակարգից բխող զարգացումների ու հանգամանքների հետևանք։

Կարևոր է հաշվի առնել, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երկու մեծ իրադարձություն՝ հեղափոխություն և հետպատերազմական ներքաղաքական գործընթացներ, որոնց միջով երկիրն անցել է՝ հենվելով բացառապես սեփական ներքին ռեսուրսների վրա։ Եվ դա Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշն է։ Առաջարկում եմ համեմատել, թե ինչպես են այլ երկրները հաղթահարում նմանատիպ գործընթացները։

Մեր քաղաքական ուժը ո՛չ արևմտամետ է, ո՛չ էլ արևելամետ։ Մենք հայաստանակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է «Սորոսին», ապա նման հայտարարությունները ծիծաղ հարուցող սահմանափակ մտածողության արդյունք են։ Սովորաբար ինձ չեն հետաքրքրում կենցաղային մակարդակի հայտարարությունները, չեմ մեկնաբանում դրանք, բայց հուսով եմ` մեկընդմիշտ կփակեմ այդ թեման. քաղաքականության մեջ կարևոր է գնահատել գործողությունները, և վերոնշյալ կենտրոնի զեկույցը լավագույն ձևով արտացոլում է իրականությունը՝ բացահայտելով Սորոսի թեման ՝ որպես քարոզչական հնարք, որը միտված է մոլորության մեջ գցելուն և տարածվում է հիմնականում Հայաստանում ու արտասահմանում մեր քաղաքական ընդդիմախոսների պատվերով։

- Հայաստանում նախընտրական և հետընտրական շրջանում ապակայունացման վտանգ տեսնո՞ւմ եք: Որքանո՞վ է երկրի քաղաքական համակարգը կայուն հնարավոր ցնցումների նկատմամբ։ Հայաստանում հերթական հեղափոխություն հնարավո՞ր է։

- Հայաստանում քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով, և 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ ռեսուրս են ձևավորել։ Հենց դրա շնորհիվ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմական բարդ շրջանը և պատրաստվել հունիսին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Ազատ ու արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանի որ թույլ են տալիս ժողովրդին արտահայտել սեփական կամքը ժողովրդավարական մեխանիզմների միջոցով, այսինքն՝ քվեարկությամբ։

421
թեգերը:
Ընտրություններ, Ադրբեջան, Արցախ, Արմեն Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ բանակցություն չի ընթանում. արտգործնախարարի խորհրդական
Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան
Ռուբեն Վարդանյան

«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

2849
(Թարմացված է 23:06 10.05.2021)
Գործարար Ռուբեն Վարդանյանն իր համախոհների հետ հանդես է եկել «Ապագա հայկականը» նախաձեռնությամբ։ Նա անկեղծորեն ասել է` արդյոք պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել, թե ոչ, պատմել է` ինչպես են վերջին տարիների ընթացքում իշխանությունները վերաբերվել ներդրողներին։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ հայերը Հայաստանում իրավիճակը փոխելու և օրինակելի պետություն ձևավորելու բացառիկ հնարավորություն ունեն։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում` ներկայացնելով իր «Ապագա հայկականը» նոր նախաձեռնությունը։

Գործարարի խոսքով` նախաձեռնության շուրջ աշխատանքը մեկնարկել է 2020 թվականի դեկտեմբերին, ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում հանրային քննարկումների 15 նպատակներ և ուղղություններ են ձևավորվել։ Նա համոզված է` լուրջ վերակառուցում է սպասվում։ Ուժեղ պետությունը պետք է կառուցված լինի հանրային աջակցման հիմքի վրա։ Իսկ Հայաստանը փոխելու համար անհրաժեշտ է ձերբազատվել պատրանքներից ու միֆերից, ռեսուրսների գույքագրում և կադրերի գնահատում իրականացնել, ինչպես նաև շուրջ 15-20 մլրդ դոլար «խելացի» գումար ներգրավել։

«Դրանք ոչ միայն գումարներ են, որոնք կգան ու կգնան կամ կծախսվեն հերթական հարսանիքի, թաղման ու մկրտության վրա, այլ կներդրվեն ճիշտ նախագծերում։ Բավական լուրջ մարտահրավեր է ոչ միայն գումարի ներգրավումը, այլև նախագծեր գտնելը, որոնք իրապես կարող են փոխել Հայաստանի իրավիճակը։ Այնպես որ մեզ մեծ ու ծանր աշխատանք է սպասում», – նշեց Վարդանյանը։

Նա նաև համոզված է, որ Հայաստանը կարող է արտադրանք ու ծառայություններ ունենալ, որոնք արժեք կներկայացնեն ամբողջ աշխարհում։ Իսկ պետական ինստիտուտների և սփյուռքի գործակցությունը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է նոր մոդել կառուցել, որը ոչ միայն կուժեղացնի երկիրը, այլև կօգնի օրինակ դառնալ մյուսների համար։ Միևնույն ժամանակ Վարդանյանը նկատեց, որ նախկինում սփյուռքի և իշխանությունների հարաբերություններում գործում էր «Օգնե՛ք նյութապես, մի՛ խանգարեք ապրել» փոխհարաբերությունների մոդելը, իսկ հանրության հետ ոչ ֆորմալ պայմանավորվածություն կար` ապահովել քաղաքացիների անվտանգությունը, բայց հարստանալ նրանց հաշվին։

«Այդ «պայմանագրերը» երկկողմանի խախտվել են։ Մենք պետք է հարաբերություններ կառուցենք իշխանության, ժողովրդի, սփյուռքի և Արցախի միջև։ Մինչև 2016 թվականը երերուն հավասարակշռություն էր, 2016-ին հիասթափություն եղավ, 2018 թվականին դրական մեծ վերելք տեղի ունեցավ, որն է՛լ ավելի մեծ հիասթափությամբ ավարտվեց։ Մենք ինչ–որ բան փոխելու բացառիկ հնարավորություն ունենք այսօր կամ երբեք», – շեշտեց բարերարը։

Վարդանյանը հավելեց, որ 20 տարվա ընթացքում ինքն իր գործընկերների հետ Հայաստանում և Արցախում 700 մլն դոլարի շուրջ 700 նախագիծ է իրականացրել, բայց իշխանությունները երբեք չեն հետաքրքրվել` իրենք խնդիրներ ունեն, թե ոչ։ Թեև կառավարության ներկայացուցիչը պետք է հետաքրքրվեր դրանով, համենայնդեպս մի շարք երկրներում այդպես է։ Կային խնդիրներ, որոնք տարիներով լուծում չէին ստանում, չնայած իշխանության ներկայացուցիչների հետ նորմալ հարաբերություններ էին, և ինքն ու իր գործընկեր Նուբար Աֆեյանը նույնիսկ պարգևներ են ստացել։ Ընդ որում` դա եղել է ոչ միայն նախորդ, այլև գործող իշխանությունների օրոք։

Ինչո՞ւ հայ ներդրողները հայրենիքում գործարաններ չեն կառուցել։ Ինչպե՞ս է ստացվել, որ Նուբար Աֆեյանը, լինելով «Moderna» պատվաստանյութի ստեղծման և արտադրման հարցերով զբաղվող ընկերության համասեփականատեր, պատվաստանյութը չի առաջարկել Հայաստանին։

Վարդանյանի խոսքով` Աֆեյանը բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ չունի ընկերությունում, ԱՄՆ–ն շատ խիստ է վերահսկում, թե որտեղ է պատվաստանյութն արտադրվում և ուր գնում, բացի այդ, այն բավական թանկ է, և հարց է առաջանում` ՀՀ կառավարությունը կարո՞ղ է իրեն թույլ տալ դա։

«Պատվաստանյութի արտադրությունը կազմակերպվել է կոնկրետ երկրների գործարաններում, կոնկրետ վերահսկողության տակ, այդ թվում` Նահանգների, այդ պատճառով անհեթեթ է սպասել, որ մարդը կգա ու հենց այնպես կտա... Աֆեյանը տարվա ընթացքում հինգ անգամ Հայաստան է գալիս, քանի՞ անգամ են նրան հրավիրել ու հարցրել, թե ինչով է զբաղվում։ Ունենք այն, ինչ ունենք, քանի որ ճիշտ երկխոսություն չկա», – նշեց նա։

Այդ իսկ պատճառով Վարդանյանը կարծում է, որ ինքն ու «Ապագա հայկականը» նախաձեռնության իր գործընկերները ավելի օգտակար կլինեն քաղաքականությունից դուրս։ Ի դեպ, նա մտադիր չէ նաև աջակցել որևէ քաղաքական ուժի, քանի որ գրեթե տարբերություն չի տեսնում նրանց նախընտրական ծրագրերում։

«Ես կոնկրետ սկզբունքներ ունեմ` ով էլ գա իշխանության, պետք է պատասխանատու լինի ժողովրդի առաջ և պատասխանի հետևյալ հարցին` ինչպե՞ս է ապահովելու երկրի անվտանգությունը, ընդ որում` ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական, տնտեսական, բնապահպանական և այլն», – նշեց նա։

Նշենք, որ «Ապագա հայկականը» (The future Armenia) հանրային նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 29-ին։ Նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Չունի քաղաքական նպատակներ և հավակնություններ։

Ծրագրի նախաձեռնող խմբում են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։ Ծրագրի մշակմանը և քննարկմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, և որին արդեն միացել են 380 հոգի։

2849
Ըստ թեմայի
Փաշինյանը ՀՀ տնտեսության համար ճիշտ մա՞րդ է. հարցին պատասխանել է Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանի քեյսը. ի՞նչ կապ ունեն խոպան գնացածները օֆշորային սկանդալի հետ
Պարզ ճակատով նայում եմ մարդկանց աչքերին. Ռուբեն Վարդանյանը` մեղադրանքների մասին
Օնիկ Գասպարյան

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

831
(Թարմացված է 21:43 20.04.2021)
Գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել պետության անվտանգությանը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ասել է գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը։

«Ես հասկանում եմ, որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր, ու մեր ազգն իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։ Բայց պետք է հստակ արձանագրենք, պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը, քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է»,– նշել է Գասպարյանը։

Նրա համոզմամբ` հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝ գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը, կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։

«Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն` բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին»,– նշել է նա։

Օնիկ Գասպարյանը բոլորին սթափության կոչ է անում` հորդորելով կանգ առնել ու հանուն անձնական շահերի ի լուր աշխարհի չբարձրաձայնել երկրի գաղտնիքները` միաժամանակ զգուշացնելով, որ այդկերպ նրանք չեն նպաստում ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:

«Իհարկե, թերությունները, բացթողումները և սխալները պարտադիր պետք է քննարկվեն, բայց փակ ռեժիմով և համապատասխան հարթակներում՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ–ում»,– նշում է Գասպարյանը։

Նա նաև հայտնում է, որ մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո այդ կառույցում սկսվել են պատերազմի վերլուծության աշխատանքները, որոնցում ընդգրկված են եղել լավագույն մասնագետները: Քննարկումներին պարբերաբար մասնակցել են նաև պահեստազորի սպաներ, ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներ: Գասպարյանը հուսով է, որ սեղմ ժամկետներում աշխատանքները կավարտվեն, ու կունենանք պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բոլոր հարցերի ամբողջական և օբյեկտիվ պատասխանները:

Գասպարյանը հայտնում է նաև, որ դեռևս 2020թ–ի նոյեմբերի 17-ի իր հայտարարության մեջ շեշտել է , որ պատասխանատվություն է կրում ԶՈւ-ի հաջողությունների և անհաջողությունների համար:

«Չկա մեկը, ով կարող է ԶՈւ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքն այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը»,– նշում է Գասպարյանը։

ԳՇ նախկին պետն արձանագրում է, որ պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է, այլև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտների։ Ու թեև պատերազմները վարում են պետությունները, բայց պետք է պատրաստ լինել պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար:

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն այսօր հրապարակել էր Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված հատվածի ձայնագրությունը:

ԱԽ–ն ապրիլի 15-ին հրապարակել էր այդ հայտարարության տեքստային տարբերակը, որի մեծ մասի գաղտնիությունը պահպանված էր, այսինքն` հրապարակվել էր մի քանի նախադասություն։

Հիշեցնենք` այդ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ «Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն»,– ասել էր նա։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել էր Փաշինյանի հայտարարությանը։

«Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում»,– ասել էր նա։

Օնիկ Գասպարյանը միաժամանակ չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

Ստորև ներկայացնում ենք Օնիկ Գասպարյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ և առանց փոփոխությունների.

«Ես հասկանում եմ,որ հասարակությանը չափազանց հետաքրքրում են պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բազմաթիվ հարցեր։Ու մեր ազգը իրավունք ունի ստանալ մարտական գործողությունների անհաջողությունների պատճառները պարզաբանող պատասխաններ։

Բայց պետք է հստակ արձանագրենք,պատերազմի մասին հրապարակային քննարկումներն անընդունելի են,և կարող են անդառնալի վնաս հասցնել մեր պետության անվտանգությանը,քանի որ օպերացիաների նախապատրաստման և վարման,նրանց համակողմանի ապահովումների կազմակերպման հետ կապված հարցերը պետական և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է։ Հրապարակային քննարկումները լայն հնարավորություն են տալիս մեր թշնամիներին՝գնահատել պետության և զինված ուժերի իրական ներուժը,կանխատեսել պատերազմում կրած կորուստների վերականգման ժամկետները և բացահայտել մարտունակության հետ կապված բազմաթիվ այլ հարցեր։

  Ես գտնում եմ, որ պատերազմին վերաբերող հարցերին պետք է մոտենալ սառնասրտորեն, բացառելով զգացմունքային մոտեցումները, երբ տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ՝ այդ թվում պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, ռազմական գործողությունների տարբեր դրվագների վերաբերյալ տեղեկատվություն կամ նույնիսկ վերլուծություն են ներկայացնում՝ հիմնվելով ոչ ստույգ, հաճախ նաև սուբյեկտիվ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Դրանով իսկ, հասարակությանը մոլորեցնելով, կրքեր բորբոքում՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին:

Բոլորին սթափության կոչ եմ անում, կանգ առեք՝  անձնական շահերը սպասարկելու համար ի լուր աշխարհի մի բարձրաձայնեք մեր գաղտնիքները, դրանով դուք չեք նպաստում այս ծանր ճգնաժամից դուրս գալուն և պետության կայունացմանը:

Իհարկե, թերությունները, բացթողումները և սխալները պարտադիր պետք է քննարկվեն, բայց փակ ռեժիմով և համապատասխան հարթակներում՝ մասնավորապես ԶՈՒ ԳՇ -ում, անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո սկսվել են պատերազմի վերլուծության աշխատանքները, որոնցում  ընդգրկված են լավագույն մասնագետները: Քննարկումներին պարբերաբար մասնակցում են պահեստազորի սպաներ, ռազմարդյունաբերական ոլորտը ներկայացնող պաշտոնյաներ:

 Սեղմ ժամկետներում աշխատանքները կհասցվեն  ավարտին  և մենք կունենանք պատերազմի ընթացքի և ելքի հետ կապված բոլոր հարցերի ամբողջական և օբյեկտիվ պատասխանները:

Ես դեռևս նոյեմբերի 17-ի իմ հայտարարության մեջ շեշտել եմ , որ պատասխանատվություն եմ կրում ԶՈՒ - ի հաջողությունների և անհաջողությունների համար: Չկա մեկը, ով կարող է ԶՈՒ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքը այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում( քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը:

 Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:

831
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Հայաստան
Դավիթ Հարությունյան. արխիվային լուսանկար

Կան մոտեցումներ, որոնք տարբերվում են. Հարությունյանը` Քոչարյանի հետ դաշինք կազմելու մասին

13
(Թարմացված է 14:30 15.05.2021)
Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ համագործակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ իրենց նպատակը նույնն է։ Նա չբացառեց նաև ՀԱԿ–ի հետ դաշինք կազմելը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքը չմիավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ կան որոշակի մոտեցումներ, որոնք տարբերվում են։ Այս մասին հայտնեց «Պատիվ ունեմ» նախընտրական շտաբի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ դաշինք չկազմեցին Քոչարյանի հետ։

Նշենք, որ ՀՀԿ–ն և «Հայրենիք» կուսակցությունն այսօր դաշինք կազմավորելու մասին հուշագիր ստորագրեցին։ Նրանք ընտրություններին կմասնակցեն «Պատիվ ունեմ» դաշինքով:

«Մեր նպատակները նույնն են` ունենալ անվտանգ և զարգացող Հայաստան, հեռացնել գործող իշխանություններին։ Սակայն կան մոտեցումներ էլ, որ տարբեր են, բայց սա չի նշանակում, որ մենք չենք համագործակցում։ Մենք համագործակցում ենք, սակայն ընտրողներին նաև այլընտրանք են առաջարկել»,–ասաց Հարությունյանը։

Հարությունյանը հավելեց` այն, որ ընդդիմադիր ուժերը տարբեր ճակատներով են պայքարի գնում, ամենևին էլ չի նշանակում ուժերի փոշիացում։ Ավելին, իրենք կարծում են, որ այդպես ավելի ճիշտ և արդյունավետ է։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ–ն էլ միանա իրենց դաշինքին` Հարությունյանը նշեց, որ ոչինչ չի բացառում և միայն իշխանության կողմից ստեղծված կեղծ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունն են բացառում։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Վանեցյանը ժամանակին գիտակցեց շնագայլերի էությունը. Սերժ Սարգսյանը` դաշինք կազմելու մասին

13
թեգերը:
«Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), «Պատիվ ունեմ» դաշինք, Ռոբերտ Քոչարյան, Դավիթ Հարությունյան
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ի՞նչ ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ–ի ու «Վերածնվող Հայաստանի» հանրահավաքը
Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրություններին․ «Հրապարակ»