Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապարակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։
Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողը, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկմեկու հարցնում էին.
— Ո՞վ է այս երիտասարդը։
Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, որին հետո ժողովուրդը պիտի Սպարապետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականություն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:
Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրբեջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:
Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպրոցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:
Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականի կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ։ Ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարականն էր ընդունվել։ Սրտով չէր, գնաց, կիսատ թողած` ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է, ուզի, ասեց՝ մա՛մ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա՞»:
Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենիքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:
Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որն արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։
«Ես չէի կարող նրան ասել` մի գնա. իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ի՞նչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն ըստ արժանվույն իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակը:
Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էինք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»:
Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասիրությունից էր գալիս: Իսկ իրականում այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:
Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:
Գործից դուրս` առօրյա շփման մեջ, անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:
«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր` որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:
Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էին մեզ՝ հայերիս:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում:
Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում լոկ հանդերձավորվելու համար: Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:
Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովվում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյա՞կ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։
«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։
«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։
Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։
«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։
Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։
«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։
Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։
«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։
Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։
Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։
«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։
Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։
Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։
Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։
Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։
Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։
Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։
«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։
«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։
Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։
– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։
– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։
– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։
– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով
Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:
– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։
– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։
ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:
Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։
– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։
– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։
– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:
Այս հրանոթները կփոխանցեն արկտիկական ստորաբաժանումներին, որոնք խնդիրներ են կատարում կլիմայական արտակարգ պայմաններում։ Նորագույն ԻՀԿ-ի և Անդրբևեռյան կայանների մյուս բացառիկ սարքավորումների մասին՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Ծայրագույն հյուսիսի շրջաններում տեղակայված ստորաբաժանումների համար նախատեսված նոր ինքնագնացի մասին հայտնի էր դարձել դեռ 2017-ին: Այն ժամանակ ՊՆ-ում հայտարարել էին, որ 120 միլիմետրանոց «Մագնոլիան» դրվելու է զրահապատ երկօղակ թրթուրավոր փոխադրողի շասսիի վրա:
Փորձանմուշները նախնական փորձարկումներ են անցնում, որոնք արդեն ցույց են տվել, որ կայանքը կարող է արդյունավետ գործել անկայուն հողերի վրա, այդ թվում՝ ճահճապատ և ձյունածածկ տեղանքում: Իսկ շարժիչն անխափան աշխատում է ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում։
Նախագիծը մշակել են «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները՝ «Նաբրոսոկ» փորձնական-կոնստրուկտորական աշխատանքի շրջանակում։ Բացի ԻՀԿ-ից, ենթադրվում է, որ Հյուսիսում մարտական գործողությունների համար կթողարկվի բարձր ինտենսիվ հրետանային-ականանետային սպառազինության մի ամբողջ ընտանիք։
«Մագնոլիայի» տեխնիկական բնութագրերը մասամբ բացահայտվեցին «Բանակ-2019 համաժողովի ընթացքում։ Քարշակը 27 տոննանոց թրթուրավոր զրահապատ ԴՏ-10ՊՄ «Վիտյազ» ամենագնացն է՝ ավելի քան 10 տոննա բեռնունակությամբ։ Արագությունը՝ մինչև 45 կմ/ժ, ջրային արգելքների հաղթահարումը՝ մինչև 6 կմ/ժ։ Առանց վերալիցքավորման կարող է անցնել մոտ 700 կմ։ Անձնակազմը՝ 4 մարդ, մարտական բաժինը տեղակայված է հետևի հատվածում։
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը
Համակցված կիսաավտոմատ ակոսավոր թնդանոթը համատեղում է հաուբիցի և ականանետի ֆունկցիաները: Ունի զինամթերքի լայն տեսականի, այդ թվում՝ կրակում է «Նոնա» ԻՀԿ-ի արկերով։ Կարելի է օգտագործել նաև կառավարվող «Կիտոլով-2»-ները, որոնք նախատեսված են թեթև զինտեխնիկան և ինժեներական կառույցները ոչնչացնելու համար։ Լազերային կիսաակտիվ ինքնանշանավորման համակարգի շնորհիվ անշարժ թիրախը խոցելու հավանականությունը մոտ է մեկի։ Մարտական պաշարը՝ 80 արկ։ Զենքը բեկորաֆուգասային զինամթերքով թիրախը խոցում է ավելի քան 8 կմ հեռավորությունից, կառավարվողներով՝ մինչև 10 կմ։ Արագությունը՝ րոպեում 10 կրակոց։
«Մագնոլիայի» հիմնական խնդիրներն են հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի օբյեկտների, հրթիռային կայանքների, զրահատեխնիկայի, ամրաշինական կառույցների, դեսանտային միջոցների և հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումը: Ի դեպ, հեռանկարային ԻՀԿ-ն Արկտիկայի խստաշունչ կլիմայական պայմանների համար նախատեսված մարտական տեխնիկայի միակ օրինակը չէ։
Օրինակ՝ ՀՕՊ ստորաբաժանումների համար մշակել են «Պանցիր» զենիթահրթիռային համալիրի արկտիկական տարբերակը։ Այս զենիթահրթիռային համալիրն իր կարողություններն արդեն ցուցադրել է մի քանի ռազմական հակամարտություններում, սակայն ծայրագույն Հյուսիսի համար նախագծում մի քանի էական փոփոխություններ են կատարել:
«Պանցիր-ՍԱ»-ի մարտական մասը տեղակայել են նույն «Վիտյազ» զրահապատ քարշակի վրա, սակայն հրաժարվել են զենիթային ինքնաձիգից, քանի որ ծայրահեղ ցածր ջերմաստիճանների դեպքում կրակոցների արդյունավետությունը լրջորեն նվազում է։ Թնդանոթի փոխարեն ավելացրել են վեց լրացուցիչ հրթիռային կայան՝ մինչև 20 կիլոմետր գործողության շառավղով։
Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում
Հակաօդային պաշտպանության՝ ընդլայնված անցանելիությամբ ևս մեկ միջոց է «Տոր-Մ2ԴՏ» ԶՀՀ-ն, որը սպառազինության մեջ է ներառվել նախորդ տարվա ամռանը։ Այդ տեխնիկան կարող է աշխատել -50 °C –ից ցածր ջերմաստիճանում, շարժվել խիստ խոչընդոտային տեղանքում և հաղթահարել ջրային արգելքները։ Համալիրը հիմնված է երկօղակ զրահապատ ամենագնացի վրա։ Գլխավոր օղակում անձնակազմի կենսապահովման մոդուլն է, իսկ հրթիռային գործարկիչը հետևում է` երկրորդ օղակում։
Մարտավարական-տեխնիկական բնութագրերը նույնն են, ինչ սովորական «Տորինը»։ Խոցում է օդային թիրախների բոլոր տեսակները՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, կառավարվող զինամթերք և ոչ մեծ ԱԹՍ-ներ՝ մինչև 16 կմ հեռավորության և մինչև 12 կիլոմետր բարձրության վրա։ Մարտական պաշարը՝ 16 զենիթային հրթիռ, որոնք գործարկվում են 2,5 վայրկյան ընդմիջումով։ Ընդ որում՝ «Տորն» աշխատում է «մեկ հրթիռ-մեկ թիրախ սկզբունքով», ինչը հաստատում է դրա բարձրագույն ճշգրտությունը։
Ցամաքում մարտական գործողությունների համար արկտիկական ստորաբաժանումներին մատակարարում են Տ-80ԲՎՄ արդիականացված տանկեր, ինչպես նաև ՄՏ-ՄԲ զրահափոխադրողների վրա հիմնված հաուբիցներ։
Արկտիկական խմբավորման զինծառայողները նույնպես տեղափոխվում են հատուկ պատրաստված տեխնիկայով։ Օրինակ՝ Մի-8ԱՄՏՇ–ՎԱ ուղղաթիռով։ Այս ուղղաթիռի առանձնահատկություններից մեկը յուղի և փոխանցման համակարգերի տաքացումն է, շարժիչները գործարկվում են առանց որևէ խնդրի անգամ -60°C-ի դեպքում։Պտուտակաթև մեքենայի բեռնախցիկը նույնպես տաքացվող է։
Արկտիկական Մի-8-ի թռիչքի հեռավորությունը՝ լրացուցիչ վառելիքային բաքերով, գերազանցում է 1400 կիլոմետրը, իսկ օդում կարող է գտնվել ավելի քան 7 ժամ։
Ցամաքում զինծառայողներն օգտագործում են նաև լավ հայտնի «մոտոլիգաները», բայց հատուկ թրթուրներով, որոնց դեպքում գետնի վրա ճնշումն ընդամենը 0,28 կգ է 1 սանտիմետր քառակուսու վրա, այսինքն՝ ավելի քիչ, քան հետիոտնի դեպքում։
Կան նաև ձնաճահճագնացներ՝ գերցածր ճնշման հսկայական անիվներով։ Դրանցով զինվորականները տեղանքի հետախուզում են իրականացնում, երթուղիներ բացում, գնահատում սառցային իրավիճակը, ուղեկցում ռազմական տեխնիկայի շարասյուները։
Բացի այդ, զինվորներն ու սպաները տեղաշարժվում են ջեռուցվող խցիկով ձնագնացներով, ծայրահեղ ցածր ջերմաստիճաններին հարմարեցված «Ուրալ» և «ԿԱՄազ» լիաքարշակ բեռնատարներով, օդային բարձիկ ունեցող նավակներով։ Որոշ ստորաբաժանումներ օգտագործում են նաև սահնակներ՝ լծված շներին կամ եղջերուներին․ այս հնագույն տրանսպորտը կարող է անցնել այնտեղով, որտեղով չի անցնի ամենալավ պատրաստված ամենագնացը։
Բնականաբար, արկտիկական ստորաբաժանումները նաև հատուկ արտահագուստ են ստանում։ Հագուստի ստանդարտ փաթեթը բաղկացած է մոտ 20 կտորից։ Հանդերձանքը պատրաստված է բազմաշերտ նյութից, շատ տաք է, թեթև և չի կաշկանդում մարտիկի շարժումները։



