Արմեն Սարգսյանը, Նունե Սարգսյանը և Գոհար Վարդանյանը

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

2156
(Թարմացված է 12:37 09.05.2020)
Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանները կարևոր դերակատարում են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի ավարտի գործում։ Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ Sputnik Արմենիան ֆիլմ է պատրաստել լեգենդար հետախույզների մասին։

Ո՞վ գիտի` ինչպիսին կլիներ պատմության ընթացքը, ու ինչպիսի աշխարհում կապրեինք մենք, եթե խորհրդային հետախուզության ջանքերը չլինեին։ Գևորգ Վարդանյանի՝ լեգենդար հետախույզի անունը ժամանակին խիստ գաղտնի էր պահվում։ ՊԱԿ-ի գնդապետի անունը գաղտնազերծվեց մոտ քսան տարի առաջ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ հենց Գևորգ Վարդանյանի ու նրա ղեկավարած խմբի շնորհիվ է նաև Երկրորդ համաշխարհայինը հայտնի ավարտն ունեցել։ Նրանց հաջողվել էր աշխարհի տարբեր քաղաքներում բացահայտել մի քանի հարյուր նացիստական գործակալների, հետախույզների ու մարդկանց, որոնք կապ ունեին գերմանական հետախուզության հետ՝ այդպիսով խափանելով ֆաշիստների ծրագրած մի շարք գործողություններ։ Այս խմբին հաջողվում է տապալել Աբվերի՝ գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայության «Երկար թռիչք» կոչվող գործողությունը։

19-ամյա Գևորգ Վարդանյանի ու նրա ղեկավարած երիտասարդների խմբի ամենակարևոր հանձնառությունը «Թեհրան 43»-ն էր։ Նրանք պետք է ցանկացած գնով կանխեին «Մեծ եռյակի» առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի ու Ռուզվելտի դեմ ծրագրված մահափորձը, ինչը նրանք կարողացան անել։

Ամբողջ ընթացքում Գևորգ Վարդանյանի (գաղտնանունը՝ Ամիր) կողքին նրա հավատարիմ գործընկերը և սիրելի կինն էր՝ Գոհար Վարդանյանը (գաղտնանունը՝ Անիտա), որին Վարդանյանը 16 տարեկանում էր «հավաքագրել»։

Շփման մեջ պարզ ու հասարակ. այսպես է հրաշալի զույգին հիշում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նրա մորն ու Գոհար Վարդանյանին վաղեմի ընկերությունն էր կապում. ծանոթացել էին Իրանում։ Հետագայում այդ ընկերությունն ավելի ամուր էր դարձել։

«Շատ հասարակ մարդիկ էին. նրանց ներկայությունը ցանկացած միջավայր ավելի հետաքրքրիր ու հիասքանչ էր դարձնում ոչ թե այն պատճառով, որ Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հերոս էր, այլ որովհետև նա շատ հետաքրքիր մարդ էր, իսկ Գոհար Վարդանյանն էլ հրաշալի կին էր՝ սիրով լցված այն ամենի հանդեպ, ինչը շրջապատում էր նրանց։ Այս պարզ ու մարդկային հատկությունների շնորհիվ էր, որ այդ մարդկանց հետ բոլորը ցանկանում էին շփվել»,- Sputnik Արմենիային պատմեց նախագահ Սարգսյանը։

Հետախույզի ակնոց, Մորզեի սարք ու լուսանկար Չերչիլի թոռան հետ. լուսանկարներ ԱԱԾ թանգարանից

Խորհրդային հետախուզության պատմության մեջ Գևորգ Վարդանյանի ներդրումն անգնահատելի է։ Ի դեպ, «Թեհրան 43»-ի համար Վարդանյանը պարգևատրվեց գործողությունից կես դար անց՝ 1994թ.-ին։ Իսկ Չերչիլի թոռնուհին իր երախտագիտությունը Վարդանյանին անձամբ հայտնեց։ Հանդիպումը կազմակերպելու միտքը նախագահ Արմեն Սարգսյանինն էր։

2006 թվականին BBC-ն ռեպորտաժ էր պատրաստում Յալթայի կոնֆերանսի մասին։ Չերչիլի թոռնուհին չգիտեր էլ, որ Ղրիմի հանդիպումը կարող էր և չլինել, եթե խորհրդային հետախույզը Թեհրանում չփրկեր «Մեծ եռյակին»։ Սենդիսի ու Վարդանյանի հանդիպումը թույլատրվեց Մոսկվայից ու Լոնդոնից։ Սելի Սենդիսը մեկնեց Մոսկվա, որտեղ նկարահանվեց նրա հանդիպումը Գևորգ Վարդանյանի հետ։ Արմեն Սարգսյանի խնդրանքով Վարդանյանը Սենդիսին հայկական կոնյակ հյուրասիրեց։ Նա էլ իր հերթին հիշեց, որ իր պապը խմում էր այդ հայկական լեգենդար խմիչքը։ Երբ Չերչիլի թոռնուհին Մեծ Բրիտանիա վերադարձավ, նրանք հանդիպեցին։ Արմեն Սարգսյանը ցանկանում էր իմանալ, թե ինչ տպավորություն էր ստացել Սելի Սենդիսը Վարդանյանի հետ հանդիպումից։ «I am in love with him (ես սիրահարված եմ նրան)». այսպես էր պատասխանել Չերչիլի հիացած թոռնուհին։

«Չգիտեմ, թե նրանք ինչքան էին զրուցել՝ երեսուն րոպե, թե մեկ ժամ, բայց Գևորգ Վարդանյանի հմայքն այդ տարիքում էլ էր տեղում»,- ասում է նախագահը։

Արմեն Սարգսյանը Վարդանյան ամուսիններին երբեք չի հարցրել նրանց հետախուզական անցյալի մասին, բայց ժամանակ առ ժամանակ տարբեր մանրամասներ էին ի հայտ գալիս։ Նախագահը հիշում է մի հետաքրքիր դեպք, երբ ֆիլմը BBC-ով հեռարձակելուց հետո իրեն զանգահարեց Ասատուր Գուզերյանը, որը, պարզվում է, անցյալում ճանաչել էր Վարդանյաններին։ Հեռախոսազրույցում նա Արմեն Սարգսյանին ասել էր, որ նրանց Հնդկաստանից գիտի։

«Ասում էր, որ երբ ինքն ապրում էր Հնդկաստանում, այնտեղ հարուստ իրանահայերի զույգի հետ էր ծանոթացել։ Նրանք գորգերի վաճառքով էին զբաղվում։ Օրերից մի օր էլ նրանք պարզապես անհետացան։ Ես խոստացա պարզել, թե ինչ է եղել։ Զանգահարեցի Գևորգ Անդրեևիչին, ասացի, որ նման մարդ կա, որ ուզում է հանդիպել Ձեզ հետ։ Նա ոչինչ չասաց, բայց ես զսպված ծիծաղ լսեցի»,- թանկ հիշողությունները վերապատմում է նախագահ Սարգսյանն ու շարունակում, որ որոշ ժամանակ անց Գևորգ Վարդանյանն իրեն զանգահարեց և ասաց՝ կարող է իր հեռախոսահամարը փոխանցել այդ մարդուն։ Ասատուր Գուզելյանը զանգահարեց ու դրանից անմիջապես հետո մեկնեց նրանց հետ հանդիպման։

Այս հրաշալի զույգին չհաջողվեց կյանքի ուղին մինչև վերջ միասին անցնել։ Հիվանդությունից հետո 2012թ.-ին Գևորգ Վարդանյանը վախճանվեց։ Նրա կյանքի հավատարիմ ուղեկիցն ու մարտական ընկերն ամուսնու մահից հետո ապրեց ևս 7 տարի։ Գևորգ Վարդանյանի հուղարկավորությանը ներկա էր Ռուսաստանի գրեթե ամբողջ կառավարական կազմը, հետախուզության նախկին, ներկա ղեկավարները։ Վլադիմիր Պուտինն էլ էր ներկա, նա բռնել էր Գոհար Վարդանյանի ձեռքն ու գրեթե ծնկի եկած զրուցում էր նրա հետ։

«Երկրի ղեկավարի նման վերաբերունքը ԽՍՀՄ ոսկե աստղի կողքին երկրորդ աստղն է»,- նշում է ՀՀ նախագահը։

Գևորգ Վարդանյանը խորհրդային հետախուզությունում աշխատել է 45 տարի։ Պատահական չէ, որ Արմեն Սարգսյանը, որն այն ժամանակ զբաղեցնում էր գործադրի ղեկավարի պաշտոնը, ցանկանում էր օգտագործել նրա փորձը հայկական հետախուզության համար։ Սակայն իր մտահղացումն ավարտին հասցնել նա չկարողացավ, որովհետև ծանր հիվանդության պատճառով ստիպված եղավ թողնել պաշտոնը։ Բայց նրանց անձնական հանդիպումները շարունակվեցին։

«Հետաքրքիր էր նրա հետ ամեն ինչի մասին խոսել՝ աշխարհաքաղաքականության, տարածաշրջանային քաղաքականության, ապագայի, տեխնոլոգիաների մասին, բայց մեր զրույցների հիմնական թեման Հայաստանն էր։Նա խորհրդային մեծ հետախույզ էր, բայց նա հայ էր, որը սիրում էր իր ու ծնողների պատմական հայրենիքը։ Այդպես էր վերաբերվում նաև Գոհար Լևոնովնան։ Նրանք ուրախանում էիր, երբ երկիրը հաղթանակներ էր ունենում, և տխրում, երբ ինչ-որ հարցում անհաջողություններ էին լինում»,- հիշում է նախագահ Սարգսյանը։

Նշենք, որ մինչև այսօր փակ արխիվներում մեծ ծավալի տեղեկատվություն է պահվում լեգենդար հետախույզ զույգի մասին։ «Թեհրան 43»-ից բացի մնացած բոլոր գործողությունները մինչև այսօր պահվում են «Հույժ գաղտնի» թղթապանակներում։

2156
թեգերը:
Գոհար Վարդանյան, Գևորգ Վարդանյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես գյումրեցիների «բայ–բայ»–ը հոգու երաժշտություն դարձավ հետախույզի համար
Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի «ոսկե բանալին»
Ինչպես հայ գործակալը Ստալինի համար հայթայթեց գաղտնի գրությունը կամ կրկին «Թեհրան 43»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը

1183
(Թարմացված է 10:01 26.05.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է կորոնավիրուսի մարտահրավերների, նախագահի ինստիտուտի, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության և այլ կարևոր հարցերի մասին։

Պարո՛ն Նախագահ, թույլ տվեք սկսել ամենացավոտ հարցից՝ կորոնավիրուսի համավարակից։ Ի՞նչ եք մտածում աշխարհում տիրող արտակարգ իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների վրա։

–Այս իրավիճակի յուրահատկությունը ոչ թե հենց վիրուսի բնույթն է, այլ պայմանները, որոնցում այն զարգանում է։ Աշխարհը շատ ավելի շարժուն է դարձել, անկանխատեսելի, վիրտուալ, փոփոխություններ են տեղի ունենում մարդու կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև սովորական մարդկային հարաբերություններ։ Կորոնավիրուսը, կարելի է ասել, միայն արագացրել է այդ փոխակերպումները, բայց չի ազդել դրանց բնույթի և բովանդակության վրա։ Այդ առումով` կորոնավիրուսն աշխարհում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետևանքն է, ոչ թե պատճառը։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկել այն միտումները, որոնք սկսվել են վիրուսից դեռ շատ առաջ։

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը

Այժմ բոլոր մակարդակներում քննարկվում է, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Արդեն իսկ ակնհայտ է դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա և շարունակական հետընթացի շրջանը։ Սակայն, իմ կարծիքով, համավարակը մի շարք ավելի խորը հետևանքներ ունի։ Նախևառաջ` համաշխարհային հանրությունը գիտակցեց իր խոցելիությունը գլոբալ մարտահրավերների բախվելիս, որոնք, ի դեպ, քվանտային բնույթ ունեն։ Երկրորդը` պետությունն ու հանրությունը զգացին, թե ոքան կարևոր է ներդրում անել հենց գիտության և առողջապահության ոլորտներում. դրանք կարող են միլիոնավոր կյանքեր փրկել։

Президент Армен Саркисян дает интервью на свежем воздухе
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա կարելի է նկատել, որ յուրաքանչյուր երկիր պայքարի իր տարբերակն է ընտրել։ Ուստի հետևանքները նույնպես տարբեր կլինեն։ Ընդհանուր առմամբ` հույս ունեմ, որ այս ճգնաժամը մի տեսակ դրդող ուժ կհանդիսանա առաջին հերթին գիտական-առողջապահական ոլորտի ինտեգրացիայի համար։ Արմատական փոփոխություններ են սպասվում աշխատանքի ոլորտում, որն ամենախոցելիներից մեկը դարձավ համավարակի պայմաններում։ Բարձր որակավորում ունեցող կադրերի անհրաժեշտությունը նաև կրթական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կառաջացնի։

Պետք է լուծենք այս կարևորագույն խնդիրները, իսկ դա ենթադրում է համագործակցության ակտիվացում երեք ուղղություններով` գիտություն, կրթություն, աշխատանքի ոլորտ։ Սիներգիական էֆեկտը, որին կարելի է հասնել այս ոլորտներում ԵԱՏՄ պետությունների կարողությունները միավորելու շնորհիվ, թույլ կտա առաջընթաց գրանցել խնդիրների լուծման հարցում։

Հնարավոր է, որ առողջապահության գլոբալ ճգնաժամն առանցքային քաղաքական օրակարգում գրավի կլիմայական փոփոխությունների տեղը, քանի որ կորոնավիրուսի հետ կապված մտավախություններն ավելի ու ավելի իրական են դառնում։ Բացի այդ, փորձելով վերականգնել տնտեսությունը, պետություններն առավելագույն ջանքեր կգործադրեն և կներգավեն բոլոր ուժերը։ Ամենայն հավանականությամբ` դա կխորացնի կլիմայական փոփոխությունները և օդի աղտոտումը, քանի որ բնապահպանական կանոնները, ըստ երևույթին, կթուլացվեն կամ առհասարակ կանտեսվեն։

–Երկու տարի առաջ, երբ Դուք զբաղեցրիք նախագահի պաշտոնը, Հայաստանում փոխվեց քաղաքական կարգը։ Սահմանադրության համաձայն` երկրի փաստացի ղեկավարը դարձավ վարչապետը։ Բարեփոխումը համընկավ լուրջ քաղաքական ճգնաժամի հետ, որի հետևանքով իշխանությունը փոխվեց։ Բոլորը հիշում են Ձեր մասնակցությունն այն ժամանակվա բարդ գործընթացներին։ Դա ճակատագրի մարտահրավե՞րն էր։ Իբրև առաջնորդ, ի՞նչ նոր փորձ ձեռք բերեցիք այդ ժամանակահատվածում։

–Հայաստանի ամբողջ պատմությունը ճակատագրի մշտական մարտահրավերներ են, որոնք մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարել է՝ դառնալով ավելի ուժեղ և իմաստուն։ Որպես Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած մարդ, ես չէի ցանկանա գնահատականներ հնչեցնել կոնկրետ որևէ քաղաքական գործընթացի մասին։

Իբրև նախագահ, որը երկար քաղաքական ճանապարհ է անցել, իմ առաջադրանքը համակարգային խնդիրների համար լուծումներ փնտրելն է, իսկ իբրև հայ ազգի և պետականության ամբողջականության երաշխավոր՝ մեր խորքային երկարաժամկետ հետաքրքրությունների պաշտպանությունը։ Հենց այդտեղ եմ ես տեսնում նախագահի կառույցի հիմնական գործառույթը։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իմ լիազորությունները սահմանափակված են գործող Սահմանադրությամբ, և ես չեմ կարող ազդել ո՛չ քաղաքական որոշումների վրա, ո՛չ էլ որևէ գնահատական տալ դրանց։ Սակայն ես հասկանում եմ, որ մեր պետականաշինության վերջնական հաջողությունը կախված է հավասարակշռության և հակակշիռների համակարգի ստեղծումից։

Համոզված եմ, որ ո՛չ առանձին վերցրած որևէ քաղաքական գործիչ, և ո՛չ էլ իշխանության մի առանձին ճյուղ չեն կարող գլուխ հանել իրենց առաջ դրված առաջադրանքների լայն շրջանակից։ Համակարգային մոտեցումը ոչ միայն անհրաժեշտ է, այլ այլընտրանք էլ չունի, քանի որ մենք կանգնած են գլոբալ փոփոխությունների ճամփաբաժանին, և այդ փոփոխություններն արդեն իսկ տեղի են ունենում մեր աչքի առաջ։

Մեր խնդիրների մեծ մասը բարդ, համալիր բնույթ ունեն, և դրանց համար արդյունավետ լուծումներ գտնելը մեզնից ոչ ստանդարտ մտածողություն է պահանջում։ Հակառակ դեպքում` մենք կարող ենք պատմության ճամփեզրին մնալ։

–Ի՞նչ հարաբերություններ ունեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Արարողակարգային հանդիպումներից դուրս շփում կա՞։

–Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և այլ քաղաքական գործիչների հետ անհրաժեշտություն է, այնպես որ, այդ հարցի պատասխանը միանգամայն ակնհայտ է։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իբրև պետականության և Սահմանադրության երաշխավոր, ես չեմ կարող ինձ թույլ տալ խոսելու անձնական փոխհարաբերությունների մասին։ Նախագահը պարտավոր է մտածել բացառապես քաղաքական կատեգորիաներով՝ ձգտելով աջակցել որակապես այլ քաղաքական մշակույթի ստեղծմանը, որից ուղղակիորեն կախված է մեր ապագան։

Торжественная церемония награждения военнослужащих в честь Дня армии в резиденции президента (27 января 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Հայոց բանակի օրվա առթիվ զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն նախագահի նստավայրում (27 հունվարի, 2020թ.). Երևան

–Ձեր ելույթներում հաճախ է հնչում այն միտքը, որ պետք է արդյունավետ օգտագործել ամբողջ աշխարհի հայերի հնարավորությունները։ Ի՞նչ գործնական մեխանիզմներ եք տեսնում այդ գաղափարի իրագործման համար։

–Մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու գաղափարից։ Առանց այդ սերնդեսերունդ փոխանցվող նպատակի` Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ համար շատ ավելի բարդ կլիներ անկախ Հայաստանի պետականության ստեղծումը։

Հայկական սփյուռքն իրոք ֆենոմենալ է և մայր հայրենիքի հանդեպ իր վերաբերմունքով իրավամբ օրինակելի է համարվում աշխարհում։ Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների` հայկական սփյուռքը անսպառ հնարավորություն է, որի համար մշտական աղբյուր են հանդիսանում Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունը։ Իրենց քաղաքացիության և բնակության երկրներում հայերն օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են։ Մեր աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սփյուռքը կամուրջ և կապող օղակ է Հայաստանի և աշխարհի միջև։

Ես կարծում եմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի, հատկապես նրանց գիտելիքների և փորձի առավել արդյունավետ օգտագործման համար, ինստիտուցիոնալ մոտեցում է անհրաժեշտ՝ օրենսդրական և գործնական միջոցառումների համադրությամբ, որոնք ուղղված կլինեն հասարակական-քաղաքական կյանքում և հատկապես երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ նրանց մասնակցության ընդլայնմանը։

«Սա պայքար է անտեսանելի թշնամու դեմ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ցավոք, առայժմ մեզ չի հաջողվել գտնել սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու համար անհրաժեշտ ժամանակակից մոդելը։ Խնդիրը գուցե մի կողմից բուն Հայաստանի տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ հենց համայնքները, որոնց ինքնությունը մեծամասամբ կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ։

Ես կասեի, որ սփյուռքը ցավից ու արդարության ծարավից շղթայված հզոր էներգիայի կուտակում է։ Բայց ես համոզված եմ, որ արդարության հարցում հաջողության կարելի է հասնել միմիայն մեր երկրի ամրապնդման գործում ակտիվ մասնակցություն ունենալով, քանի որ պետությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորն է։ Մեր առաքելությունն ակնհայտ է` կառուցել ազգի ցանցային մոդել՝ հզոր պետության միջոցով։

–Խոսենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Երկկողմանի հարաբերությունների ո՞ր ուղղություններն են առաջնահերթ։ Որտե՞ղ է պետք ուժեղացնել համագործակցությունը։

-Ռուսաստանը միայն Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը չէ․ մեզ կապում են բազմադարյա բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք անցել են միասին հաղթահարված դժվարությունների փորձությունները և ամրացել համատեղ հաջողություններով, ուստի բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու ցանկությունը բնական է։ Հենց այդ պատճառով է, որ այսօր այդ հարաբերություններն անխորտակելի են դարձել։

Ուզում եմ նշել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունը նվազագույն և առավելագույն հիմնախնդիրներ ունի։ Նվազագույնը խորը պատմական-արժեհամակարգային կապերի վրա հիմնված ռազմավարական երկխոսության նախկին մակարդակի պահպանումն է։ Մենք պետք է գնահատենք մեր ընդհանուր ժառանգությունը և հենց դրանով կողմնորոշվենք մեր այս կամ այն քաղաքականությունն իրացնելիս։ Այդ դեպքում մենք կխուսափենք լուրջ սխալներ գործելուց։

Առավելագույն առաջադրանքը մեր փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելն է, «ձեռք չտված» ոլորտները բացելն ու նոր հնարավորություններ ստեղծելը։ Մեր փիլիսոփայությունը տարածաշրջանային և համաշխարհային ֆորմատներում պետք է բխի երկկողմանի և բազմակողմանի մակարդակներում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից։

Շատ բան կախված է նրանից, թե առանձին խնդիրներից անկախ` գործնականում մենք ինչպես կկիրառենք մեր ռազմավարական միությունը։ Նոր ուղղություններից կառանձնացնեի տարածաշրջանային մակարդակով համագործակցության ընդլայնման, մշակութային, մարդասիրական և կրթական ծրագրերի ուժեղացման անհրաժեշտությունը: Ավելի հստակ գործելու դեպքում մենք հսկայական ներուժ կունենանք։

Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ներառում է մեր հարաբերությունների ողջ ներկապնակը։ Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում։

Ավելի սերտ համահործակցություն է հարկավոր էներգետիկայի ոլորտում, ներառյալ միջուկայինը։ Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգության պահպանման գործում։

Ցավոք, նոր սերունդն այնքան էլ լավ չգիտի ռուսական հզոր դասական գրականությունը, հնարավորություն չունի Երևանում տեսնելու թատերական ներկայացումներն ու լսելու այն երաժշտությունը, որոնք կարևոր հետք են թողել ավագ սերնդի կայացման գործում։ Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորությունը։

Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները կարևոր գործոն կարող են դառնալ նաև մեր երկրների բազմակողմանի կապերի համար։ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են, օրինակ, ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն։

–Մոսկվայի հետ բանակցությունների օրակարգում հայկական կողմը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են գազի գինը, ներդրումների ավելացումը, տրանսպորտային խնդիրների լուծումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում գործող որոշ ռուսական ընկերություններ դժվարություններ ունեն։ Հայտարարվել էր, որ նրանք լուրջ խախտումներ են թույլ տվել, և դա ազդել է նրանց գործունեության և ծրագրերի վրա։ Հետաքննությունը մինչ օրս հստակ պատասխաններ չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրավիճակը, և ինչպե՞ս է պետք կարգավորել այն։

–Խնդիրները, թյուրիմացություններն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթներ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է։ Սակայն դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա։ Կարևոր բառ կա՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ։ Ցանկացած վիճելի իրավիճակի կարգավորման հիմքում պետք է լինի մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը։

Որպես հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորմանը մոտ կանգնած մարդ (այդ թվում՝ լոգիստիկ, էներգետիկ և այլ ոլորտներում), իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար ես նախագահի կառույցի իրավասությունների և հնարավորությունների շրջանակներում կներդնեմ իմ գիտելիքները, հնարավորություններն ու փորձը:

–ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն առավել քան արդիական է դառնում ՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Ի՞նչն է մտահոգում Ձեզ, երբ վերլուծում եք Սիրիայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը։

–Հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, կենսական նշանակություն ունի մեզ համար։ Կարծում եմ, որ մենք հավասարապես շահագրգիռ ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում հարաբերությունները է՛լ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հարցում, որպեսզի ճիշտ ժամանակին արդյունավետ պատասխանենք բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում ապաստան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր։ Հայերը Հալեպում և Քեսաբում ապրել են դրանց հիմնադրման պահից ի վեր, և մենք չէինք կարող անտաբեր մնալ այս հարցում։ Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն (Ռուսաստանի հետ միասին) մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում` ռազմաբժիշկներ և սակրավորներ ուղարկելով։ Մենք անշուշտ գնահատում ենք այն կարևորագույն առաքելությունը, որն իրականացնում է Ռուսաստանը տեռորիզմի դեմ պայքարում։

Պետք է խոստովանել, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի եզակի մասնիկ են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների միջև խաղաղության խորհրդանիշ։ Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը։

–Հայկական կողմի համար Արցախի հարցի կարգավորումը վաղուց արդեն հիմնային է դարձել։ Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի զարգացումը։

–Կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա կանգ առնել հարցի բանակցային կողմի վրա, որը վարչապետի և Արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է։

Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։

Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է։

Ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման պատերազմական սցենարը բացարձակ անընդունելի են, և միջազգային հանրությունը պետք է խստագույն ձևով կանխի դա։ Մենք մշտապես ապրում ենք «սև կարապների» անկանխատեսելի ժամանակներում և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ պատերազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի։

Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան

Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա ամուր խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը:

–Ի՞նչ եք կարծում Մարտի 1-ի գործով դատավարության մասին. լուրջ մեղադրանքներ են առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հետ Դուք աշխատել եք։

–Ծայրահեղ ոչ կոռեկտ եմ համարում գնահատականներ հնչեցնելը` միջամտելով իշխանության այլ կառույցների, այդ թվում՝ դատական իշխանության իրավասությանը։

Ես շարունակում եմ հետևել գործընթացին ինչպես քաղաքացու, այնպես էլ երկրի ղեկավարի տեսանկյունից, և վստահ եմ, որ արդարությունը կհաղթի։

–Հայաստանի նախագահի պաշտոնում ունե՞ք որևէ նվիրական նպատակ, որին հասնելու դեպքում կհամարեք, որ զուր չեք աշխատել։

–Հայկական պետության ամբողջականությունը և ազգային լուրջ պառակտումներ թույլ չտալը գլխավոր առաքելությունն է, որն իր առաջ դնում է նախագահի ինստիտուտը։

Ես բազմաթիվ նվիրական նպատակներ ունեմ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից և դրա հետևանքների վերացումից` մինչև տնտեսապես հզոր և տարածաշրջանում ու աշխարհում արժանապատիվ դիրք զբաղեցնող Հայաստանի ստեղծում։

Ես կուզեի Հայաստանը տեսնել որպես տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներից մեկը, որն աշխարհում առաջիններից կլինի արհեստական ինտելեկտի օգտագործման վրա հիմնված համակարգերի մշակման և ներդրման գործում։

Այդ ուղին, կարծում եմ, Հայաստանին թույլ կտա գտնել աշխարհում իր տեղը և ապացուցել, որ փոքր երկիրը կարող է «հաջողակ» լինել։ Հենց դրան են ուղղված նախագահական նախաձեռնությունները։

Հ.Գ. Հարցազրույցից հետո նախագահը խոսեց Վիկտոր Չերնոմիրդինի հետ բարեկամության և չիրականացած նախագծերի հետ կապված հիշողությունների մասին։

1183
թեգերը:
Դմիտրի Պիսարենկո, հարցազրույց, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո. Արմեն Սարգսյանի պատասխանը
Արմեն Սարգսյանը նամակ է գրել ՌԴ վարչապետին
Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց
Լևոն Արոնյան. արխիվային լուսանկար

Լևոն Արոյանը պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից

69
(Թարմացված է 22:46 25.05.2020)
Փորձագետները կարծում են, որ չնայած ծանր հոգեբանական վիճակին, Լևոն Արոնյանը հետաքրքիր խաղ է ցուցադրում։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն արագ շախմատի Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում պարտվեց ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայից։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ ՝ չորս խաղերի արդյունքների համաձայն՝ Նակամուրան հաղթել է 3-1 հաշվով և մտել մրցակցության հաջորդ փուլ: Արոնյանի հետ առաջին հանդիպումը նույնպես հօգուտ ամերիկացու էր:

Lindores Abbey Rapid Challenge մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, ինչից հետո կկայանան ևս մի քանի մրցաշարեր` Online Chess Masters-ը (հունիսի 20-ից հուլիսի 5-ը), Legends of Chess-ը (հուլիսի 21-ից օգոստոսի 5-ը) և Grand Final-ը (օգոստոսի 9-20-ը):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Փորձագետների կարծիքով՝ կնոջ` շախմատիստուհի և հասարակական գործիչ Արիանա Կաոլիի մահից հետո անգամ, չնայած ծանր հոգեբանական վիճակին, Արոնյանը վերջին շրջանում հիանալի խաղ է ցուցադրում։

69
թեգերը:
Պարտություն, Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), շախմատիստ, շախմատ, Լևոն Արոնյան
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
«Գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք». նախագահը և վարչապետը ցավակցել են Արոնյանին
Լևոն Արոնյանը կխաղա Եվրոպայի թիմի կազմում 
Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմի կազմում շարունակում է հաղթել
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

0
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

0
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը