Մարալիկի ծննդատուն

Գինեսի գրքում գրվելու արժանի ծնունդն ու 1 օրական Հրանտը. Մարալիկի ծննդատան ապագան անորոշ է

5102
(Թարմացված է 00:24 16.01.2020)
Մարալիկի ծննդատունն այս տարի առողջապահության նախարարությունից ֆինանսավորում դեռ չի ստացել։ Չնայած դրան, աշխատակիցները գնում են գործի, ծնունդներ ընդունում։ Հույս ունեն, որ ծննդատունը փակվելու լուրերը ի չիք են դառնալու։

Կարինե Հարությունյան,  Sputnik Արմենիա

Մարալիկի ծննդատանը երեկ երեկոյան լույս աշխարհ եկած 3.6 կգ քաշով, 52 սմ հասակով Հրանտը քնի մեջ ժպտում է։ Երեխայի մոտ հավաքված բարեկամները հեռախոսները բռնած սպասում են տղայի հերթական ժպիտին, որ լուսանկարեն նրան և ցույց տան մյուս հարազատներին։ Իսկ Հրանտը հաճախ է ժպտում. մեծերն ասում են` երբ երեխան քնի մեջ ժպտում է, ուրեմն հրեշտակների հետ է խոսում։

Родившийся в роддоме Маралика маленький Грант
© Sputnik / Aram Nersesyan
Նորածին Հրանտը

Նորածնի սենյակ ենք մտնում, իսկ ներսում հավաքվածներն արդեն գիտեն, որ լրագրողներ ենք` Երևանից եկած։ Մինչ այդ արդեն որոշել են` մեզ հետ պետք է զրուցի երեխայի մայրը` 26-ամյա Լուսինե Ներսիսյանը։ «Համալսարանն ավարտած աղջիկ է, պատմաբան։ Վաղն էլ ծնունդն է»,–կողքից հուշում են բարեկամները։

Լուսինեն շիկնում է, ինչ-որ բան անելու համար գրկում երեխային, հետո նորից է պառկեցնում և պատմում, որ ինքն էլ է ծնվել Մարալիկի ծննդատանը։

«Հղիությանս սկզբից այստեղ էի կոնսուլտացիայի եկել, ու այս տարվա հունվարին լուրեր լսեցինք, թե մեր ծննդատունը փակում են։ Հետաքրքրվեցինք, իմացանք, որ այն դեռ գործում է, և քանի որ այստեղի բժիշկներին արդեն ճանաչում էի, վստահում, որոշեցի հենց այստեղ` Լյուդայի մոտ էլ ծննդաբերել։ Ինչո՞վ է պակաս քաղաքի ծննդատներից, որ այլ տեղ գնայի»,–ասում է Լուսինեն։

«Լյուդան ո՞վ է» հարցս սենյակում հավաքվածներին զարմացնում է` եկել եմ Մարալիկ ու Լյուդային չե՞մ ճանաչում։ Լյուդմիլա Թադևոսյանը ծննդատան 35 տարվա մանկաբարձ-գինեկոլոգն է, որը, շատերի խոսքով, Գինեսի գրքում գրվող ծնունդ է սպասարկել` տարիներ առաջ արտաարգանդային հղիության դեպքով կին է ծննդատուն եկել ու հաջող ծնունդ ունեցել։ Անվանի բժիշկն այժմ հայտնվել է աշխատանքը կորցնելու առաջ։

Здание роддома Маралика
© Sputnik / Aram Nersesyan
Մարալիկի ծննդատունը

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքում և որոշել տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունող ծննդատները փակել։ Մարալիկում 2019–ին 105 երեխա է լույս աշխարհ եկել։ Չնայած դեռ պաշտոնական որոշում չկա, սակայն ծննդատների ներսում խուճապ է սկսվել, քանի որ առողջապահության նախարարությունն այս տարվա ֆինանսավորումը չի տրամադրել։

Մարալիկի ծննդատանն այս տարի դեռ 6 ծնունդ են ընդունել, նման ցուցանիշի պատճառն այն է, որ միայն վերջին մեկ շաբաթն են աշխատել։ «Ֆինանսավորում չկա, փակման ենք գնում»,–աշխատակիցներին ասել է տնօրենն ու հորդորել աշխատանքի չգալ։

Ծննդատների փակման թեմայով լրագրողների բարձրացրած աղմուկից հետո է ծննդատունը նորից սկսել աշխատել, իհարկե, դեռևս առանց ֆինանսավորման։

Ծնունդով Մարալիկից, սակայն ՌԴ–ում կրթություն ստացած, կես տարի այնտեղ աշխատած ու Մարալիկ վերադարձած Լյուդմիլա Թադևոսյանն ասում է` շուտով թոշակի է գնալու, իր աշխատանքը կորցնելու համար չի վախենում, ափսոսում է այսքան տարիներ բուժաշխատողների ներդրած ջանքերն ու ծննդատան ձեռք բերած լավ անունը։

Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից

«Թարսի պես» էլ այս պահին մասնագետների լուրջ խնդիր է առաջացել. ծննդատան վիրաբույժը 2 ամիս առաջ է մահացել, անեսթեզիոլոգի թոշակի տարիքն է լրացել ու 2019–ի դեկտեմբերի 1–ին թոշակի է գնացել։ Նոր մասնագետներ ԲԿ–ն չունի. շուրջ 100 հազար դրամ ամսական աշխատավարձով չեն համաձայնում աշխատել։

Акушер-гинеколог роддома Маралика Людмила Тадевосян
© Sputnik / Aram Nersesyan
Լյուդմիլա Թադևոսյանը

«Ես 4 երեխա ունեմ, որոնցից երկուսին այս հիվանդանոցում եմ ունեցել։ Արսեն Թորոսյանը ճիշտ է ասում, որ ԲԿ–ները պետք է ունենան բոլոր մասնագետները. մենք էլ ժամանակին ունեինք համապատասխան մասնագետներ։ Հիմա ո՞րն է հեշտ` ջո՞ւրը գցել այսքան տարիների աշխատանքը, թե՞ նոր մասնագետներ գտնել ու հրավիրել ԲԿ»,–ասաց Թադևոսյանը` հավելելով, որ իրենք էլ են անհանգստանում, որ վիրաբույժ չունեն, ինչի համար էլ բարդ հղիություն ունեցողներին ուղեգրում են այլ ԲԿ։

Եղվարդի ծննդատունը չի՞ փակվի. նախարարի հետ բանակցություններ են տարվում

Մինչ զրուցում էինք Թադևոսյանի հետ` հիվանդանոցում շարժ սկսվեց. Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էր այցելել ծննդատուն` եղած խնդիրները հավաքագրելու և աշխատակիցներին հուսադրելու, որ քայլեր են իրականացնելու ծննդատունը չփակելու համար։

Оборудование в роддоме Маралика
© Sputnik / Aram Nersesyan
Մարալիկի ծննդատունը

Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ծննդատունը 12 աշխատակցով 17 բնակավայր է սպասարկում։ «Մարալիկի ծննդատանն առկա խնդիրները բնորոշ են բոլոր մարզային ԲԿ–ներին. երիտասարդ մասնագետների համար մարզերում աշխատելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Սակայն կարծում եմ` բոլոր շահագրգիռ կողմերի միասնական մոտեցման, ռեսուրսների ճիշտ օգտագործման դեպքում մենք կկարողանանք լուծել խնդիրները»,–ասաց նա։

Губернатор Ширакской опбласти Тигран Петросян в роддоме Маралика
© Sputnik / Aram Nersesyan
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Մարալիկի ծննդատանը

Մարալիկի ծննդատուն ներսում` մուտքի մոտ, փոքր «սրբի անկյուն» է ստեղծված` մանուկ Հիսուսին գրկած Մարիամ Աստվածածնի մեծ նկարն է, Աստվածաշունչ ու մոմեր են դրված։ Այդտեղ մոմ են վառում և աղոթում կա՛մ շնորհակալություն հայտնելով, որ առողջ բալիկ են ունեցել, կա՛մ էլ որ ծննդաբերությունը հեշտ անցնի, մայրն ու ծնվող երեխան առողջ լինեն։ Գուցե պաթետիկ թվա, բայց առաջին անգամ հիվանդանոցում մոմ են վառել ու խնդրել, որ ծննդատունը չլուծարվի։

Икона в роддоме Маралика
© Sputnik / Aram Nersesyan
Մարլիկի ծննդատան «սրբի անկյունը»

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են` դեռ քննարկումներ են ընթանում։ Թե որ ծննդատներն առաջիկայում այլևս չեն ֆինանսավորվի, հայտնի կլինի առաջիկայում։

5102
թեգերը:
Տիգրան Պետրոսյան, Շիրակի մարզ, բժիշկ, նորածին, ծննդատուն, Մարալիկ