Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Գյումրիում քչերը գիտեն, որ հայտնի «Սլաբոտկա» թաղամասում՝ նախկին բանտի հարևանությամբ, կա մի գերեզմանատուն, որտեղ թաղված են Մեծ Հայրենականից հետո Հայաստան ուղարկված գերմանացի ռազմագերիները:
Վերջերս գերեզմանատան այցելուների թիվն ավելացել է՝ հիմնականում գերմանացի զբոսաշրջիկներն են հետաքրքրության համար գալիս, բայց, ցավոք, գերեզմանոցը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Այդ կողմ տանող ճանապարհն անբարեկարգ է, հուշող որևէ ցուցանակ չկա։ Գերեզմանոցի մասին վկայում են միայն բլրի վրա տեղադրված համեստ խաչերն ու գրությունը՝ «Այստեղ թաղված են Մեծ հայրենականի ռազմագերիները»:
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում
Sputnik Արմենիային գերեզմանոցը հաջողվեց գտնել հարևանությամբ բնակվող մարդկանց օգնությամբ: Ճանապարհը հեշտ չէր, այն չիմանալու պատճառով ավելի դժվար արահետով էինք շարժվել: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի տեղակալ Արման Շաբոյանը նշեց, որ որպես քաղաքի ոչ գլխավոր հատված այդ տարածքները մաքրվում են ամիսը 2 անգամ, բայց խոստացավ այսուհետ ավելի պարբերաբար տարածքում մաքրման ու բարեկարգման աշխատանքներ կազմակերպել և տեղադրել համապատասխան ցուցանակ։ Նշենք, որ գերեզմանոցը համայնքապատկան է, տարածքի բարեկարգումն ու մաքրումը քաղաքապետարանն է իրականացնում:
Ասում են՝ գերեզմանոցը նախկինում շարքերով է եղել. դրանք ավելի ուշ հարթեցրել են, ընդամենը մի քանի խաչ ու գրություններ են տեղադրվել:
Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին
«Կար մի գյումրեցի Կորյուն անունով (Կորյուն Հարությունյան), տեղացիները նրան «Խաշ Կորյուն» էին անվանում: Գերեզմանոցն իր նախաձեռնությամբ է կարգավորվել՝ գերմանացիների ֆինանսական աջակցությամբ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Գյումրու ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Գերեզմանոցը տեսքի է բերվել մինչև երկրաշարժը: Հարևանությամբ ապրող 80-ամյա Վասիլ Գարգալոյանը ևս հիշում է, որ այն սարքելու համար ֆինանսական աջակցություն Գերմանիայից է եղել. «Ասում են՝ այստեղ բերված գերիներից մեկը, հետ վերադառնալով Գերմանիա, որոշել է օգնել ու ֆինանսական միջոցներ տրամադրել իր հայրենակիցների գերեզմանոցը սարքելու համար»,-պատմում է պապը ու հիշում իր մանկության տարիները. «Մահացածներին ֆուրղունով (ձիակառք) թաղելու էին բերում: Մոտ 400 մարդ կա այստեղ հուղարկավորված: Տարիներ առաջ գերեզմանները համարակալված էին, որպեսզի Գերմանիայից եկած հարազատները կարողանային գտնել իրենց ուզած գերեզմանը։ 1970- ականներին եղել է, որ գերմանացի գնդապետի դի են այստեղից հարազատները տարել»:
Վասիլ պապը հիշում է, որ տարիներ առաջ տարածքում ջրավազան է եղել, գերեզմանոցն էլ` ծաղիկներով պատված: Այդ տարիներին շատ ավելի լավ էին հետևում, գերեզմանատունը պահակ ուներ։ Հիմա մեկ- մեկ քաղաքապետարան է մաքրում, ջրավազանն ու ծաղիկներն էլ երկրաշարժից հետո վերացել են:
Մինչ երկրաշարժը գերեզմանատան պահակը վարպետ Սպիրդոն է եղել։ Չնայած նա Մեծ Հայրենականին մասնակցել ու գերմանացիների ձեռքով վիրավորվել էր, բայց ռազմագերիների գերեզմանոցը խնամել ու դրա մասին հոգ է տարել: Հարևանությամբ ապրողներն են վկայում՝ Սպիրիդոնի մահից հետո հետևող չկա:
Պատմում են նաև, որ գերմանացի գերիների հանդեպ քաղաքի բնակչությունը շատ լավ էր վերաբերվում։
«5-6 տարեկան էինք, երբ տեսնում էինք, որ գերիներին բերում էին ընկնում էինք հետևներից հաց ու ջուր տալիս: Ուղեկցող զինվորները բարկանում էին, բայց հո չէին բռնելու մեզ դրա համար: Խղճում էինք, բայց մեկ- մեկ էլ հետևներից «նեմեց» էինք գոռում»,-պատմեց Վասիլ պապը՝ խորհուրդ տալով քաղաքային իշխանություններին ավելի լավ խնամել տարածքը, բարեկարգել ճանապարհը։ Դա, ըստ պապի, ոչ միայն հային վայել կլինի, այլ նաև գերեզման այցելող գերմանացի զբոսաշրջիկներին` հաճելի:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ու 1945 թվականի հաղթանակից հետո շատ ռազմագերիներ ուղարկվեցին Հայաստան, նրանց մի մասը ուղղորդվեցին Լենինական(այժմ` Գյումրի): Նրանք Խորհրդային Հայաստանի երկրորդ քաղաքում հիմնականում «Նոր ավան» թաղամասում էին շինարարություն էին իրականացնում. նրանց ուժն օգտագործվել է նաև փողոցաշինության մեջ՝ քաղաքի կենտրոնը զարդարող քարե սալիկներով փողոցները ևս գերմանացի ռազմագերիներն են սարքել:
Պաշտոնական տվյալներով` մինչ Հայրենական պատերազմը`1939 թ. Հայաստանում բնակվել է 433 գերմանացի։ 1989 թվականի տվյալներով` հայաստանաբնակ գերմանացիների թիվը եղել է 265, 2001-ին` 133: Իսկ 2011 թ. տվյալներով` Հայաստանում բնակվող 100 գերմանացիների մեծ մասն ապրում է Երևանում, որոշ մասը` Լոռու մարզում: