Վարդան Տողանյան

Փաշինյանի ու Պուտինի միջև «թարմ» հարաբերություններ են. դեսպանի բացառիկ հարցազրույցը

364
(Թարմացված է 23:18 09.09.2019)
«Թավշյա հեղափոխությունից» հետո նոր մարդիկ եկան իշխանության գլուխ, և ժամանակ էր պետք` Ռուսաստանի գործընկերների հետ երկխոսություն հաստատելու համար։ Դիվանագետը համոզված է, որ այդ ժամանակահատվածը վաղուց անցել է։

Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում խոսել է երկու երկրի առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հարաբերությունների, տեղեկատվական «մախնովշչինայի», միգրանտների խնդիրների, զբոսաշրջության և նույնիսկ ֆուտբոլի մասին։ Զրուցել է Դավիթ Գալստյանը։

– Պարոն դեսպան, ՀՀ–ում իշխանափոխությունից հետո մշտապես խոսվում է երկրի տնտեսության այս կամ այն ոլորտները զարգացնելու համար հայերի (այդ թվում` Ռուսաստանի հայերի) կապիտալի ներգրավման մասին։ Եթե որոշակի միջանկյալ արդյունքներն ամփոփենք, ի՞նչ է հաջողվել անել այդ ուղղությամբ։

– Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են։ Հաշվի առնելով առաջին կիսամյակի վիճակագրությունը` 2019 թվականը ռեկորդային է 2018-ի և 2017-ի համեմատ։ Ընդհանուր առմամբ դեպի Ռուսաստան արտահանման աճ է արձանագրվում 2016 թվականից։ Կարծում եմ, որ տարին մենք կավարտենք բավական լուրջ թվերով։ Հետաքրքիր է, որ արտահանման կառուցվածքը փոխվում է, և դա շատ է մեզ ուրախացնում։

Այսօր գյուղատնտեսական արտադրանքն ու խորը վերամշակման արտադրանքը կազմում են արտահանման շուրջ 50%–ը, նախկինում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել։ Արտահանման կառուցվածքում են նաև թանկարժեք քարերը, ոսկերչական իրերը, տեքստիլը (որը նախկինում ընդհանրապես չի եղել)։ Փոքր տոկոս են կազմում IT–ն, մեքենաշինությունը։

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այդ առումով Ռուսաստանի հետ մեծ սպասելիքներ կան, չէ՞ որ այստեղ իսկապես մեծ հնարավորություններ կան։ Երկրների միջև տնտեսական հարաբերությունները ենթադրում են, որ Ռուսաստանից Հայաստան պետք է բավականին լուրջ ներդրումներ գնան։ Դրան գումարած, իհարկե, նաև մեր հայրենակիցները, որոնք միշտ այդ առումով ակտիվ են եղել։

Այժմ մենք մի քանի կարևոր նախագիծ ենք դիտարկում։ Նախ` խոսքը մասնավոր հատվածի մասին է։ Հեղափոխությունից հետո կյանքի են կոչվում փոքր նախագծեր, դրանց մասին տեղեկությունները երբեմն լրահոսում չեն հայտնվում, բայց դրանք շատ են։

Օրինակ` մեր հայրենակից Հրաչյան Աշտարակի մարզում գտնվող իր հայրենի գյուղում փոքր ձեռնարկություն է հիմնել թեթև արդյունաբերության ոլորտում` աշխատանքով ապահովելով իր 40 համագյուղացիներին։ Տյումենցի մի հայ էլ մեծ մարզահամալիր է կառուցել Երևանում։ Մոսկվացի մեր մյուս հայրենակիցն էլ հետաքրքրվում է անասնաբուծությամբ և Սիսիանից քիչ հեռու ֆերմա է կառուցել։

Եթե խոսենք պետական խոշոր նախագծերի մասին, ապա, իհարկե, շարունակելու ենք Հայկական ԱԷԿ–ի վերակառուցման գործընթացը։ «Գրուպա ԳԱԶ» ընկերությունը լրջորեն հետաքրքրված է Հայաստանով, բազմաթիվ հետաքրքիր նախագծեր կան ռազմարդյունաբերության ոլորտում։ «Յանդեքս» ընկերությունների խումբը մտադիր է անօդաչու տաքսիների իր ծրագիրն առաջ մղել Հայաստանում։

Համոզված եմ, որ Ռուսաստանը կշարունակի լուրջ դեր խաղալ մեր երկրի տնտեսական կյանքում։

Կոնկրետ թվերի մասին խոսելը դեռ դժվար է ու վաղաժամ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ այդ թվերը բազմակի չեն տարբերվի նրանից, ինչ եղել է հեղափոխությունից առաջ։ Տնտեսական կյանքում ակտիվությունը պահպանվում է։

– Եթե ամեն դեպքում խոսենք թվերի մասին, ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել 2019 թվականին դեպի Ռուսաստան արտահանման աճի վերաբերյալ։

– Առաջին կիսամյակում աճը կազմել է 21,7%։ Սակայն միշտ պետք է հաշվի առնել, որ առաջին կիսամյակը, ընդհանուր առմամբ, միշտ հետ է մնում երկրորդից։ Ամռանն ու աշնանը ակտիվությունն աճում է։

Ընդհանուր առմամբ, կանխատեսումների համաձայն (թեև մենք կարող ենք սխալվել, այդ հարցում շատ են գործոնները), մենք պետք է 2019 թվականի արդյունքներով 30%–անոց աճ ունենանք (2018 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 666,5 մլն դոլար – խմբ.)։

– Դուք մի անգամ ասել էիք, որ մասնավոր հատվածին կառաջարկվի հայկական ապրանքների համար պահեստներ ստեղծել Ռուսաստան տանող հիմնական երթուղու ամբողջ ճանապարհին։ Հաջողվե՞լ է ներդրողներ գտնել։

– Նախագծի համաձայն, որը մենք Haypark ենք անվանել, այնտեղ ոչ միայն պահեստային, այլև մեծածախ առևտրի համար նախատեսված տարածքներ կլինեն, ինչպես նաև մշակութային հարթակներ (եթե դա մեր հայրենակիցների բնակավայրերից հեռու չէ)։

Ստավրոպոլի երկրամասում նման մեկ կենտրոնի համար ներդրող արդեն կա. Կրասնոյարսկի երկրամասից մեր հայրենակիցն է, որը հայաստանյան ապրանքներն ակտիվ առաջ է մղում Ուրալում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ Նրան հետաքրքրել է այդ նախագիծը. այստեղ համընկել են և՛ Հայաստանի, և՛ մասնավոր հատվածի, և՛ ռուսական մարզի շահերը։

Նման կենտրոնի ստեղծումն ամենից զատ նաև որոշակի արտադրման և փաթեթավորման ընթացակարգեր է ենթադրում։ Մեր ապրանքների գների վրա լրջորեն ազդում է լոգիստիկան։ Նախատեսվում է, որ այդ կենտրոնում ապրանքները կարող են փաթեթավորվել, բավարարել վերջնական հաճախորդի պահանջները, ենթադրենք` այս կամ այն սուպերմարկետի։ Այնուհետև արդեն երկաթուղով կամ մեկ այլ ճանապարհով կտեղափոխվեն Ուրալից այն կողմ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասի տնտեսական զարգացման նախարարության հետ քննարկվում են այդ կենտրոնի բացման պայմանները։

– Մե՞կ կենտրոն է նախատեսվում ստեղծել, թե՞ մի քանի։

– Տեղն ընտրվել է` հաշվի առնելով լոգիստիկ կենտրոնների և երկաթուղային կայարանների մոտ լինելը։ Նպատակահարմար է նման երկու կենտրոն բացել Ռուսաստանի հարավում (օրինակ` Կրասնոդարի երկրամասում և Հյուսիսային Կովկասում), ևս մեկն էլ` Եկատերինբուրգի մոտ` Ուրալում։ Դա թույլ կտա դուրս գալ Կենտրոնական Ասիայի շուկաներ։

– Իր վերջին հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերություններում «բարդույթներից» ձերբազատվելու անհրաժեշտության մասին։ Արդյոք կարելի՞ է պնդել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո որոշակի, այսպես ասենք, փոխադարձ անվստահությունը երկու երկրների առաջնորդների միջև անցել է:

– Իրականում այդ մասին խոսվել է փորձագիտական հանրության մակարդակով, ԶԼՄ–ներում։ Երևի միայն ալարկոտը չի գրել դրա մասին։ Բայց այդ մասին չէին հայտարարում պաշտոնական շրջանակներում։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունները կառուցվում էին ազգային շահերի բավական հստակ գիտակցման, հարուստ պատմական փորձի վրա, այն է` մենք պետք է զարգացնենք ռազմավարական գործընկերության մակարդակը ինչպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափում։

Իհարկե, «թավշյա հեղափոխությունից» հետո նոր մարդիկ եկան, որոշակի ժամանակ էր պետք (մի քանի շաբաթ, մեկ ամիս)` ծանոթանալու, սեփական մոտեցումները ներկայացնելու, բոլոր միջպետական մարմինների աշխատանքը կարգավորելու համար։ Ցավոք, միջխորհրդարանական կապերը կարգավորվեցին միայն ընտրություններից հետո, արդեն տարեսկզբին։ Կայացավ ՀՀ ԱԺ խոսնակի առաջին պաշտոնական այցը, առաջին անգամ նա ելույթ ունեցավ Դաշնության Խորհրդում։

Ճիշտ է, որ փորձագիտական հանրությունն առաջ է անցնում, որոշակի գնահատականներ է տալիս։ Սակայն կարծում եմ, որ միջպետական հարաբերությունները մրրկայնության չեն ենթարկվել, դրանք զարգանում են` ելնելով այն խնդիրներից, որոնք իրենց առջև դնում են երկու երկրների կառավարությունները։ Հստակ գիտակցում կա, թե ուր ենք գնում, ինչպես ենք զարգանում, հստակ գաղափարներ կան առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման հարցում։ Հստակ գիտակցում կա նաև ինտեգրացիոն միավորումներում ունեցած մեր դերի վերաբերյալ։

Հայաստանն այս տարի, որպես ԵԱՏՄ–ում նախագահող երկիր, նույնպես ակտիվ առաջ է մղում ընդհանուր շահերը։ Դա վերաբերում է Իրանի, Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտիներին։ Այդ հարցերի վերաբերյալ մենք ևս բավական ակտիվ աշխատում ենք մեր գործընկերների հետ։

Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ որևէ պահի անվստահությունը կամ միմյանց սխալ հասկանալը մեր հարաբերությունների ձևաչափի փոփոխման հանգեցրեց։ Մենք բոլոր ոլորտներում համագործակցության բարձր մակարդակ ենք արձանագրում։ Տարին բավական ակտիվ էր, եթե նայենք Ռուսաստանի ղեկավարության հետ ՀՀ վարչապետի հանդիպումների վիճակագրությանը։ Կանոնավոր բանավեճեր և քննարկումներ են անցկացվում տարբեր ձևաչափերով։

– Դուք անդրադարձաք երկու պետությունների ղեկավարների բանակցությունների թեմային։ Հասարակության մեջ, ԶԼՄ–ներում մեծ նշանակություն են տալիս երկրների առաջնորդների անձնական հարաբերություններին։ Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորվել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև, ինչպե՞ս կբնութագրեիք դրանք։

– Դրանք բավական «թարմ» (եթե իհարկե կարելի է այս բառը կիրառել) հարաբերություններ են։ Սա իմ անձնական տպավորությունն է։ Նրանք միմյանց ճանաչում են շուրջ մեկ տարի։ Այս տարվա ընթացքում գրանցած հանդիպումների ռեկորդային թիվն արդեն իսկ ցույց է տալիս և ապացուցում որոշակի ամուր, գործնական, բարյացակամ հարաբերությունների առկայության փաստը։

Մենք պետք է հասկանանք, որ մեր երկրների շահերը շատ խորն են, իսկ երկկողմ օրակարգը` ծավալուն։ Պետությունների ղեկավարները ելնում են հենց դրանից։

Կարծում եմ (անձամբ ներկա եմ գտնվել այդ հանդիպումներին)` բավական բարեկամական, գործընկերային հարաբերություններ են, որոնք պետք է լինեն ռազմավարական համագործակցության մակարդակ դուրս եկած երկրների առաջնորդների մոտ։

– Երբեմն ռուսական մամուլում առանձին փորձագետների կարծիքներ են հայտնվում Հայաստանի մասին, որոնք ոչ այնքան ճիշտ են հասկանում երկրի իրողությունները։ Երբեմն անհեթեթ հայտարարություններ են հնչում, որոնք այստեղ նույնացնում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ։ Ինչպե՞ս է դեսպանատունը հարթում նման պահերը։

– Մենք, իհարկե, դժվար կացության մեջ ենք հայտնվում։ ԱԳՆ ներկայացուցիչները, Ռուսաստանի նախագահը բազմիցս ասել են, որ փորձագիտական հանրության, ԶԼՄ–ների կարծիքը որևէ կապ չունի պաշտոնական դիրքորոշման հետ։

Նույնիսկ եթե որևէ երրորդ կարգի, անհայտ կայք, որն ընդհանուր առմամբ 8 այցելու ունի, կամ անանուն հեղինակը որևէ բան է հրապարակել, ապա, չգիտես ինչու, անմիջապես կարծում են, որ դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է։

Նախ` ինքներդ եք հասկանում, որ ռուսական մամուլը բազմազան է` վերլուծական և աշխարհաքաղաքական պարբերականներից մինչև դեղին, բուլվարային թերթեր։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն միշտ այդպիսին էր։ Հիշենք արցախյան պատերազմի ժամանակաշրջանը, խորհրդարանում իրականացրած ահաբեկչությունը, մարտի 1-ի դեպքերը, ԵԱՏՄ–ին անդամակցելը, Նժդեհի արձանի տեղադրումը, ԵՄ–ի հետ համաձայնագիրը։ Հիշենք, թե ինչպես այդ իրադարձություններն ընկալեցին մեր հայրենակիցները և ինչպես էին դրանք բացարձակ այլ կերպ մեկնաբանում որոշ ԶԼՄ–ներ և ռուսաստանյան փորձագետներ։ Այժմ այդ միտումը շարունակվում է։

Մենք մշտապես կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ։ Ես հասկանում եմ, որ հաճախ սպասում են դեսպանատան արձագանքին։ Մենք անում ենք դա, երբ արտառոց դեպքեր են լինում։ Հիշեք, օրինակ, Միխայիլ Լեոնտևի ելույթը «թավշյա հեղափոխության» օրերին կամ Խոջալուի միջոցառումներին մասնակցելու համար պատգամավորների այցը Բաքու։ Կան դեպքեր, երբ մենք իրական գնահատական ենք տալիս, անում ենք դա պաշտոնապես` մեր տեսակետը նշելու համար։

Սակայն ես կարծում եմ` միշտ չէ, որ պետք է դա անել։ Մեզ ևս զանգահարում են, դիմում, սակայն պետք չէ արձագանքել երրորդ կարգի կայքում տեղադրված ինչ–որ քաղաքագետի հոդվածին, քաղաքագետ, որին ոչ ոք չգիտի, այն ինստիտուտից բացի, որտեղ նա աշխատում է։ Չէ՞ որ նման դեպքերում մենք ինքներս ենք նշանակություն տալիս այդ մարդուն կամ նրա հրապարակմանը։ Սակայն յուրաքանչյուր դեպք մենք վերլուծում ենք, ստուգում։

Նման հրապարակումներին շատ ակտիվ արձագանքում են մեր հարևանները` յուրաքանչյուր դեպքի առնչությամբ որևէ նոտա հղելով Ռուսաստանի ԱԳՆ։ Կարծում եմ` անիմաստ է «հողմաղացների» դեմ պայքարելը։ Պետք է պայքարել իրական գործընթացների դեմ, որոնք վտանգ են ներկայացնում հասարակական կարծիքի համար։

– Վերջերս Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմենների հանդիպումը, որտեղ, մասնավորապես, քննարկվում էին աշխատանքային միգրանտների խնդիրները։ Դուք ներկա՞ եք եղել այդ քննարկումներին։ Կարելի՞ է արդյոք խոսել մեր հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության նոր լուծումների և մեխանիզմների մասին։

– Մեր օմբուդսմենները սերտորեն աշխատում են։ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանն ակտիվորեն միացել է գործընթացին, նա օգնում է մեզ։ Նրա գործընկերները տեղում, հատկապես հայերով խիտ բնակեցված շրջաններում, նույնպես ակտիվ համագործակցում են մեզ հետ։

Կարող եմ ասել, որ ԵԱՏՄ–ն մեր հայրենակիցներին արտոնություններ է տալիս Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցում։ Աշխատուժի ազատ տեղաշարժը Միության հիմնական սկզբունքներից մեկն է։ Ցավոք, դրա հետ կապված խնդիրներ կան։ Օմբուդսմենները ևս փաստում են դա։

Մեծ մասամբ դրանք տեխնիկական հարցեր են, և դրանց լուծման համար մենք աշխատում ենք Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության հետ։ Օրինակ` մուտք գործելու արգելքի, արտաքսման, քաղաքացիություն ստանալու կամ դրանից հրաժարվելու հարցերը։ Կարծում եմ` մինչև տարեվերջ մի շարք խնդիրներ հնարավոր կլինի լուծել։

Սակայն մի կարևոր հարց է մնում, որի շուրջ մենք դեռ համաձայնության չենք եկել. մեր վարորդական իրավունքների ճանաչման հարցն է։ Թեման բարձրացվում է տարբեր մակարդակներում, և մենք հույս ունենք լուծել այդ խնդիրը։ Ուրիշ գլոբալ խնդիրներ ես չեմ տեսնում։

– Լուծում կգտնվի երկկողմ հարաբերությունների շրջանակո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ ձևաչափի։

– Նախկինում հարցը երկկողմ հարաբերությունների շրջանակում էր, հետո անցավ ԵԱՏՄ հարթություն, չէ՞ որ դա ընդհանուր տարածքին է վերաբերում։ Սակայն քանի որ Միության մյուս անդամները նման խնդիր չունեն, հարցը մնում է նաև մեր երկկողմանի օրակարգում։

– Անցնենք զբոսաշրջության թեմային։ Վերջին շրջանում ռուսաստանցիներն ավելի հաճախ են Հայաստան այցելում։ Արդյո՞ք դեսպանատունը որևէ ծրագիր իրականացնում է Հայաստանի մասին իրազեկելու և մեր ուղղությունը ճանաչելի դարձնելու ուղղությամբ։

– Դա իսկապես այդպես է։ Կարծում եմ` այդ միտումը կպահպանվի։ Զբոսաշրջության զարգացումը մեր աշխատանքի առանցքային ուղղություններից մեկն է։ Մենք երկրորդ տարին անընդմեջ ակտիվ անում ենք դա։ Խորհրդատուներ ունենք, որոնք օգնում են ճիշտ գովազդել Հայաստանը` որպես զբոսաշրջային ուղղություն։

Մենք ցուցադրություններ ենք կազմակերպում ավիաընկերությունների և զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների համար։ Հայերի Ասամբլեայի հետ առաջ ենք մղում «Արմենիա–Գուրմանիա» («Армения-Гурмания») թրենդը, մեր խոհանոցը` առաջարկելով մի քանի օրով այցելել մեր երկիր։ Պատմում ենք, թե կոնկրետ ուր կարելի է գնալ, ինչ ուտեստներ համտեսել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման ուղևորությունները Ռուսաստանից շատ են։

Երրորդ ուղղությունը` մենք մամուլի շրջայցեր ենք կազմակերպում ոլորտային թրևել–պարբերականների, զբոսաշրջային գործակալությունների համար. արդեն 5 այդպիսի խումբ է այցելել Հայաստան։

Գործունեության մեկ այլ ոլորտ է իվենթ–մենեջմենթը (միջոցառումների կազմակերպում և կառավարում)։ Առանձին խմբեր ժամանում են` գիտաժողովներ, տնօրենների խորհրդի նիստեր անցկացնելու համար։ Ի դեպ, այդ ոլորտի խոշոր ընկերություններից մեկը (գլխավորում է մեր հայրենակցուհին) օգնում է մեզ այդ ուղղությունը խթանելու հարցում։ Այս ամառ ռուսական խոշոր ավիաընկերությունների` օդանավերի համար նախատեսված բոլոր ամսագրերում Հայաստանի մասին նյութեր էին զետեղված։ Կարծում ենք, որ բոլոր այդ քայլերը բարձրացնում են Հայաստանի զբոսաշրջային հեղինակությունը։

– Հայաստանում անձամբ դուք որտե՞ղ եք սիրում անցկացնել ձեր հանգիստը։

– Շատ եմ սիրում լինել Դիլիջանում, Իջևանում։ Սակայն արդեն երկրորդ, երրորդ անգամն է, որ գրեթե ամեն տեղ եղել եմ։ Միևնույն ժամանակ շարունակում եմ նոր տեղեր բացահայտել, շատ եմ սիրում Արցախը (վայրեր կան, որտեղ դեռ չեմ եղել)։ Ու Զանգեզուրը, այնտեղ շատ հետաքրքիր է։

364
թեգերը:
Վարդան Տողանյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (169)
Ըստ թեմայի
ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան
ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերություններում որևէ տարաձայնություն չկա. Մնացականյան
ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղը նոր ջրագիծ ունի
Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը, արխիվային լուսանկար

Ինչ են քննարկել Նիկոլայ Պատրուշևն ու Արթուր Բաղդասարյանը․ մանրամասներ՝ հանդիպումից

2100
(Թարմացված է 12:01 30.11.2020)
Մոսկվայում նոյեմբերի 27-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդունել էր Հայաստանում ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին։ Արթուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ է պատմել հանդիպումից։

-Նոյեմբերի 27-ին հանդիպում եք ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Ի՞նչ առիթով ու ո՞ւմ նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել, և արդյո՞ք այն առաջինն էր ՀՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո: 

- Նիկոլայ Պատրուշևը իմ վաղեմի ընկերն է և բարեկամը, ում հետ շփվելու, հանդիպելու և խնդիրներ քննարկելու որևէ դժվարություն չունեմ և չեմ ունեցել։ Պատրուշևը նաև մեր երկրի և ժողովրդի լավագույն բարեկամներից է։ Մենք միասին, առանց թմբկահարելու, մեծ աշխատանք ենք կատարել հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, ընդ որում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ ֆորմատներով։

Նախաձեռնողն ենք եղել անվտանգային միջավայրի զարգացմանն առնչվող բազմաթիվ նախաձեռնությունների, հիմնադիրն ենք եղել ռազմաքաղաքական և անվտանգային ոլորտին առնչվող իրավական ակտերի, երկկողմ և բազմակողմ որոշումների, ամրապնդել ենք հայ ռուսական ռազմավարական գործակցության իրավապայմանագրային բազան՝ այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում։ Այն առնչվել է նաև մեր անվտանգությանը, զինված ուժերին, 102-րդ ռազմաբազայի արդիականացմանը, հայկական ռազմարդյունաբերությանը և բազմաթիվ այլ հարցերի։

Թե ինչի մասին ենք խոսել՝ գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երկու խոսքով եթե նշեմ՝ խոսել ենք իրավիճակից, հնարավոր զարգացումներից, սահմանների դեմարկացիայից, գերիների վերադարձ, անհետ կորածների որոնում, մշակութային՝ ներառյալ եկեղեցական ժառանգության, պաշտպանություն՝ ակտիվ ռուսական օժանդակությամբ և այլն։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների համագործակցության ներկա մակարդակը՝ պայմանավորված տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակով:

- Իմ ղեկավարման տարիներին Անվտանգության խորհուրդն ազդեցիկ կառույց էր՝ լուրջ լիազորություններով, ազդեցիկ միջազգային կապերով, այն բազմաթիվ խնդիրների համակարգման կարևորագույն մեխանիզմ էր։ Ձևավորված գործընկերային կապերի շնորհիվ մենք կարողանում էինք մեր անվտանգության հարցերը լսելի, քննարկելի և լուծելի դարձնել մեր շատ ազդեցիկ գործընկերների հետ։ Թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններց դուրս մեծ աշխատանք էր կատարվում։

Անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցում է ՀԱՊԿ անդամ երկրների նիստին

Իմ հեռանալուց հետո՝ անցնող այս 6 տարիներին, ցավոք, կարևորագույն այս կառույցը կորցրեց իր շատ գործառույթներ։ Ինչպիսին են հիմա ՌԴ և ՀՀ ԱԽ-ների հարաբերությունները՝ տեղյակ չեմ խորությամբ, բայց կարծում եմ՝ գործնական և աշխատանքային։ Համենայնդեպս, ճանաչելով Պատրուշևին և իմանալով ՌԴ ԱԽ գործելաոճը՝ համոզված եմ գործընկերային հարաբերությունների մեջ, մանավանդ, որ ՀՀ ԱԽ-ն ևս շահագրգիռ կլինի այս գործակցությունը զարգացնելու առումով, առավել ևս վերջին զարգացումների լույսի ներքո։

-Պատրուշևի հետ Ձեր հանդիպման պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև գերիների հարցը: Նշվե՞լ են արդյոք այդ գործընթացի իրականացման կոնկրետ ժամկետներ: 

- Մեր հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, դա վաղեմի բարեկամների և գործընկերների զրույց էր, և ես պետական պաշտոնյա չեմ։ Հարցերը ներառում էին գերիների փոխանակման, սահմանների դեմարկացիայի, անհետ կորած զինվորների վերադարձի, ականազերծման և այլ հարցեր։ Ինչպես ես տեղեկացա Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը գտնվում են ՌԴ նախագահ Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի անմիջական ուշադրության կենտրոնում։

Ռազմագերիների և անհայտ կորածների խնդիրներն առաջնային են, մարդասիրական բնույթ են կրում և այդ հարցով զբաղվում են ամենօրյա ռեժիմով։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին և բոլորս պետք է համադրենք մեր ուժերը, որպեսզի դա հնարավորինս արագ տեղի ունենա: Եվ դա գերակա էր դիտարկվում նաև պարոն Պատրուշևի հետ մեր հանդիպման ընթացքում:

-Որպես ԱԽ նախկին քարտուղար և պետական, քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը:

-Իրավիճակը Հայաստանում իսկապես մտահոգիչ է։ Տարերային որոշումների հետևանքով ունեցանք մեծ բացթողումներ, թերացումներ և կորուստներ։ Երբ պետությունը չի կառավարվում ինստիտուցիոնալ մեխանիզմներով, երբ չեն հաշվարկվում անվտանգային միջավայրի ռեալ մարտահրավերնրը, երբ բացակայում են ռազմաքաղաքական իրավիճակի օբյեկտիվ գնահատման, վերլուծության, հակազդման գործողությունները, երբ պատշաճ չեն իրականացվում քաղաքական, դիվանագիտական, ռազմական, հետախուզական, տեղեկատվական և բազմաթիվ այլ ուղղություններով գործողությունները, ունենում ենք այն ինչ ունեցանք։

Ռուսաստանին և Իրանին ձեռնտու չէ Արցախը թուրքոմաններով և վարձկաններով բնակեցնելը

Տեսեք, Նախիջևանում տեղի ունեցած թուրք- ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններից հետո տեղեկատվության նույնիսկ բաց աղբյուրները թմբկահարում էին վերահաս պատերազմի մասին։ Ցավոք, պատշաճ վերլուծություններ չեղան։ Քիչ չեն նաև սխալները, թերությունները 44-օրյա պատերազմի օրերին։ Ավելին, իրավիճակի ոչ սթափ վերլուծությունը, օպերատիվ մարտավարական որոշումների հախուռնությունը, հաստակ ինսիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայությունը, հատկապես պատերազմական իրավիճակում, հանգեցրեց տարերային որոշումների, որի ցավալի արդյունքների ականատեսը եղանք։

-Ո՞րն է ելքը, և արդյոք պատրաստվու՞մ եք միանալ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերին և գործընթացներին։

-Ելքը, իմ կարծիքով, արտահերթ ընտրությունների անցկացումն է, որի մասին հրապարակային խոսել եմ դեռևս 20 օր առաջ։ Այսօր մենք ունենք բոլորովին նոր իրավիճակ։ Իշխանությունը հայտարարել և ստանձնել է հայտնի փաստաթղթի ստորագրման պատասխանատվությունը, ինչն էլ առաջին հերթին նշանակում է վստահության քվեի խնդրի լուծում։ Անհնարին է ազգի համար նման շրջադարձային որոշում կայացնելուց հետո չդնել վստահության հարցը։

Դա ընդամենը ժամանակի հարց է։ Ժողովուրդը պետք է ազատ կամարտահայտությամբ որոշում կայացնի։ Եվ ես համոզված կողմնակիցն եմ, որ այն տեղի ունենա իշխանության և ընդդիմության միջև քաղաքակիրթ բանակցությունների արդյունքում, առանց ցնցումների և բախումների, հստակ ճանապարհային քարտեզով, որի մեջ պետք է ներառվեն կառավարման ձևի փոփոխություններով կիսանախագահական համակարգին անցումը և 100% համամասնական համակարգին անցումն առանց ռեյտինգային համակարգի։

Վստահ եմ, որ հենց ընտրություններն են և դրա արդյունքում ձևավորված իշխանությունն է, որ պետք է գա լուծելու մեր ազգի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները։ Ես ուշադիր հետևում եմ տեղի ունեցող գործընթացներին, չեմ վերադարձել ակտիվ քաղաքականություն, և ըստ անհրաժեշտության հայտնում եմ իմ հրապարակային դիրքորոշումները:

2100
թեգերը:
Արցախյան պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Անվտանգության խորհրդի քարտուղար, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ), Արթուր Բաղդասարյան, Ռուսաստան, Նիկոլայ Պատրուշև
Ըստ թեմայի
«Գնում եմ Արցախ, որ հետո տղաս չգնա». բժիշկ Նարեկն Ապրիլյանից վերադարձավ, հիմա չստացվեց
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն
Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն
Վահան Քերոբյան

Պիտի հասկանանք` ինչ ենք կորցրել, և գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները. Վահան Քերոբյան

997
(Թարմացված է 23:16 28.11.2020)
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է իր ծրագրերն ու անելիքներն այդ պաշտոնում: Անդրադարձել է նաև Արցախում անցկացրած 52 օրերին ու բանակում իր արձանագրած խնդիրներին:

- Պարո՛ն Քերոբյան, շնորհավորում ենք պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ու նաև խնդրում ենք պատմել՝ ինչպես ստացաք այդ առաջարկն ու ինչպես որոշեցիք ընդունել այն՝ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում:

- Առաջարկը ստացել եմ վարչապետի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ, կարծեմ՝ երկուշաբթի օրը: Միանգամից չեմ համաձայնել, քանի որ որոշ հարցեր կային ճշտելու աշխատանքի ու պահանջների հետ կապված՝ ինչ է պահանջվում, ինչ խնդիրներ է պետք լուծել, արդյոք դրանք համապատասխանում են իմ պատկերացումներին, թե ոչ: Հիմա, հասկանալով պատկերացումներն ու ինձ հետ կապված նպատակները, համաձայնեցի:

- Իսկ սպասելի՞ էր նման առաջարկ ստանալը:

- Այնպես չէ, որ լրիվ անսպասելի էր, որովհետև վարչապետի հետ հարաբերություն նախկինում ևս ունեինք, ու իմ մտքերը ես կարողանում էի հասցնել վարչապետին ու կառավարությանը, ու կար երկխոսություն, որի արդյունքում վարչապետի համար պարզ դարձավ, որ այս հանգրվանում ես գուցե կկարողանամ օգտակար լինել իմ երկրին:

- Ձեր բիզնեսը՝ Menu.am-ը, փաստորեն թողնո՞ւմ եք: Ի՞նչ եք անելու Ձեր բիզնեսը:

- Դե, այսօրվա դրությամբ Menu.am-ի ամենախոշոր բաժնետերն եմ: Այդ բաժնետոմսերը դեռևս մնում են իմ սեփականությունը, բայց, համաձայն օրենքի, ես պետք է այն հավատարմագրային կառավարման տամ: Ինչ վերաբերում է գործադիր պաշտոններին՝ տնօրենների խորհրդի անդամի և գործադիր տնօրենի պաշտոններին, ապա ես արդեն հրաժարական եմ ներկայացրել վճարովի պաշտոնից, այսինքն՝ գործադիր տնօրենի պաշտոնից, իսկ խորհրդի անդամի պաշտոնից մինչև մեկ ամիս ժամանակ ունեմ, կհասցնեմ բաժնետոմսերս տալ հավատարմագրային կառավարման և զիջել իմ տեղը տնօրենների խորհրդում:

- Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում հիշատակվում է Al Jazira-ին տված Ձեր հարցազրույցը, որտեղ ասում եք, թե երկրի ղեկավարությունը մեզնից թաքցնում էր պատերազմում տիրող ռեալ իրավիճակը: Ի՞նչ նկատի ունեիք:

- Ես ասել եմ` «վերջին տասնամյակներում»: Իմիջիայլոց, այդ արտահայտությունը Al Jazira-ն կտրել է: Վերջին տասնամյակներում մեզ միշտ ասել են, որ մեր բանակը հզոր է, որ մեր բանակում ամեն ինչ կա, մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է և այլն, ինչը, կռվի դաշտում պարզվեց, որ չի համապատասխանում իրականությանը: Իմ կարծիքով` մենք ունենք շատ վատ կառավարվող կառույց, ու եթե դա չընդունենք, բնականաբար, չենք կարող զարգացնել այն: Կարծում եմ`հիմա ժամանակն է ճիշտը խոսել բանակի մասին և, բնականաբար, ձեռնամուխ լինել արմատական բարեփոխումներին, ինչն արդեն ընթացքի մեջ է:

50-52 օր ես եղել եմ այնտեղ՝ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 18-ը, իսկ իմ եղբայրներն ու մեր ընկերները մինչև օրս էլ դեռ այնտեղ են: Մենք համառորեն պաշտպանեցինք այն դիրքերը, որոնք կմնան Հայաստանի կամ Արցախի տիրապետման տակ: Այդ 52 օրվա մեջ ես ընդամենը 1 անգամ եմ տեսել համակարգիչ և ցանկացած էլեմենտից՝ մեր տեղաշարժի և այլն, պարզ է դարձել, որ մենք թուղթ ու գրիչով ենք կառավարում բանակը: 21-րդ դարում չի կարող նման բան լինել, և տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է ամբողջությամբ ներծծվեն այդ կառույցի մեջ:

- Ձեր այս տպավորություններով Դուք արդեն կիսվե՞լ եք կառավարության անդամների, վարչապետի հետ:

- Ոչ ամբողջությամբ։ Բնականաբար, այն, ինչ ես եմ տեսել, բազմաթիվ մարդիկ իրենց հրապարակային ելույթներում ասել են: Միգուցե ես ինչ-որ նոր բաներ կասեմ, բայց հիմնական հետևությունը, որ կարելի է անել, այն է, որ բանակին տրամադրվել են հսկայական ռեսուրսներ, որոնք, կարելի է ասել, արդյունավետ չեն օգտագործվել:

Մեր հրամանատարական կազմի ներկայացուցիչները խոստովանեցին, որ վերջին 25 տարում բանակը չի եղել գրավիչ տեղ խելացի մարդկանց համար: Հետևաբար բանակի պետությունը չի կարողացել ներգրավել բավարար քանակով տաղանդավոր մարդկանց, որոնք կկարողանային կառուցել ապագայի բանակ:

Չեմ ուզում մեղավորներ փնտրել։ Մեղքի բաժին բոլորս ունենք: Ես ինքս որոշ բաների վրա աչք եմ փակել, ինչ-որ բաներ ասել եմ՝ լավ, դե սա իմ գործը չէ, ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հիմա պետք է բացարձակապես անհանդուրժելի դառնա հարմարվողականությունը: Մենք պետք է չհամակերպվենք այն վիճակի հետ, որն այսօր կա ու շտկենք, որպեսզի կարողանանք արագ, բեկումնային աճ արձանագրել այդտեղ ու ոչ միայն այդտեղ, այլև ամբողջ տնտեսության մեջ:

- Պարզ է, որ մեր տնտեսությունն այսօր շոկային վիճակում է. առաջին հարվածը ստացել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ երկրորդն արդեն պատերազմից ստացավ։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որպեսզի տնտեսությունը դուրս բերեք այդ վիճակից:

-Ես, իհարկե, ունեմ իմ պլանը, բայց քանի որ այն պետք է վերածվի կառավարության որոշումների, ապա ես այս պահին զերծ կմնամ դրանք կետ առ կետ թվարկելուց: Բայց ես արդեն ասել եմ, որ իմ հիմնական դերը տեսնում եմ բոլոր այն խոչընդոտները վերացնելու մեջ, որոնք այսօր կանգնած են բիզնեսի առաջ, որպեսզի գործարար համայնքը կարողանա անկաշկանդ և ստեղծագործ ձևով աշխատել և զարգացնել երկրի տնտեսությունը:

- Ո՞րն եք համարում ամենամեծ խոչընդոտը:

- Միայն ես չէ, որ այդպես եմ համարում: Եթե դուք ուշադրություն դարձնեք Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա գլոբալ մրցունակության զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածին, ապա կտեսնեք, որ տասնամյակներով Հայաստանի գործարարները հարցումներին պատասխանելիս շեշտել են, որ կոռուպցիայից, հարկերից ու բյուրոկրատիայից ավելի շատ մեր տնտեսության զարգացմանը խանգարում է ֆինանսական միջոցներին անհասանելիությունը, անմատչելիությունը: Բնականաբար, դրանից էլ պետք է սկսել, որպեսզի տնտեսության մարմնի մեջ բավարար չափով արյուն լցվի:

- Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապակցված է Արցախի հետ: Մենք այսօր ունենք կորցրած տարածքներ, որտեղ ցորեն էր մշակվում: Փորձագետներն ասում են, որ սա խնդիր է լինելու ապագայում մեր տնտեսության համար: Ի՞նչ հակաճգնաժամային ծրագրեր ունեք այս կորուստը կոմպենսացնելու համար:

- Ամենամեծ խնդիրը, որ կար Արցախում, այն էր, որ 30 տարում մենք այդպես էլ չենք կարողացել ընդունելի մակարդակով յուրացնել այդ տարածքները՝ զարգացնել տնտեսությունը, ավելացնել բնակչությունը և այլն: Կարելի է ասել, որ այդ տարածքների մեծ մասն անապատ էր: Հիմա, բնականաբար, այն մարդիկ, որոնք բիզնես են ունեցել Արցախում ու կորցրել են, լինելու են ուշադրության կենտրոնում, քանի որ նրանք կարողացել էին Հայաստանից շատ ավելի ծանր պայմաններում լինել հաջող բիզնեսմեն: Նման մարդկանց պետք է փրկել, և ես պետք է հանդիպեմ այդ մարդկանց հետ ու տեսնեմ, թե ինչով կարող ենք վերակենդանացնել իրենց կորցրած բիզնեսները:

Ինչ վերաբերում է դրա հետ կապված ճգնաժամին, նախ պետք է մանրամասն հաշվառում անել, որովհետև առաջին հայացքից այդ տարածքներում առանձնապես մեծ տնտեսություն չի եղել: Մի խոսքով` պետք է հասկանալ՝ ինչ ենք կորցրել, և արագ գտնենք դրանք վերականգնելու մեխանիզմները:

997
թեգերը:
Նախարար, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆանտազիայի ժանրից է, ինչ ասեմ. Մանե Թանդիլյանը մեկնաբանել է իրեն պաշտոն առաջարկելու լուրը
«Իմ քայլը» պահանջում է պատժել Երևանի պատասխանատու պաշտոնյաներին` թվեր նկարելու համար
Արթուր Վանեցյանը նոր փակագծեր բացեց իր` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ
Ստեփանավանը քաղաքապետի պաշտոնակատար ունի
Ոստիկանության ավտոմեքենա

Ջրաշեն գյուղում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

0
(Թարմացված է 22:51 02.12.2020)
Նախնական տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է կասկածյալի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է: 

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրից փախուստի դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 20:00-ից 20:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 կնոջ: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն արդեն պարզել է կասկածյալի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ է: 

0
թեգերը:
Ոստիկանություն, Մահ, Վրաերթ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել
Վթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ տղաները տեղում մահացել են
Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է