Արարատ Խաչիկյանը

Արարատը կհասնի Արարատին. Սուդանում ծնված իտալացի հայը էսկիմոսական սահնակավազքի վարպետ է

214
(Թարմացված է 09:55 01.09.2019)
Արարատ Խաչիկյանը ծնվել է Սուդանում, մեծացել՝ Իտալիայում, իսկ 1980թ-ին դարձել է Ալյասկայում, Ալպերում և Լապլանդիայում էսկիմոսային սահնակների մրցավազքի վարպետ։

 

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Արարատ Խաչիկյանը հայտնի բևեռային ճանապարհորդ է, էսկիմոսային սահնակների մրցավազքի վարպետ։ Բայց նրա մասին պատմությունն այդ հաղթանակներից չենք սկսի։

Արարատին չի խանգարում ո՛չ շոգը, ո՛չ սառնամանիքը։ Նրա կյանքի առաջին տարիներն անցել են Սուդանում։ Իսկ 20 տարի անց նա արդեն էսկիմոսների սահնակով Ալյասկայում անցել է 1600 կիլոմետր։ Ապրում է Իտալիայում։ Բայց աշխարհի ոչ մի կետում չի փորձել փրկվել «օտարներից»։ Նրան խորթ չեն արաբները, որոնց հետ մեծացել է, էսկիմոսները, որոնք շատ բան են սովորեցրել նրան։ Եվ նրա մայրը հայուհի չէ։ Բայց ինչպե՞ս կարող է հայն օտար անվանել իր մորը։

Թերեզա Դրեշեր

«Ցավոք, աշխարհի ոչ բոլոր հայերն են հայերեն խոսում,  իսկ ես կարող եմ խոսել և կարդալ։ Ես դրա համար միշտ շնորհակալ կլինեմ մորս։ Երբ մենք հորիցս հեռու էինք ապրում, նա ստիպում էր ինձ հայոց լեզու սովորել և թույլ չէր տալիս մոռանալ այն», - հիշում է Արարատը։

Мастер ездового спорта из Италии с одной из своих собак
© Photo : Fabrice Gallina / provided by Ararad Khatchikian
Արարատ Խաչիկյանը` իր շան հետ

Թերեզա Դրեշերը կիսով չափ ավստրուհի է, կիսով չափ՝ իտալուհի։ Հեռավոր Սուդանում նա հայտնվել է ընտանիքի հետ (նրա խորթ հայրը Սուդան է գնացել որպես մասնագետ)։ Այնտեղ նա ծանոթացել և ամուսնացել է Ազատ Խաչիկյանի՝ Դիարբեքիրից փախստականների որդու հետ։ Թերեզան մասնավոր դպրոց է հաճախել և սովորել հայոց լեզուն։

Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր

Երբ 1963թ.-ին Սուդանում իրավիճակը լարվել է, ընտանիքի հայրը` Ազատ Խաչիկյանը, երեխաներին և կնոջն ուղարկել է Իտալիա, իսկ ինքը չի գնացել։ Խարտումում նա խանութ է ունեցել, որի եկամուտով պահել է ընտանիքը։ Ազատը վերամիավորվել է ընտանիքի հետ միայն յոթ տարի անց։ Նրանք ապրել են Գորիցիա քաղաքում՝ Հարավսլավիայի հետ սահմանին։ Այդ «սլավոնական հետքն» էլ Խաչիկյաններին տարել է Ալյասկա։ Նրա եղբոր ընկերներից մեկը՝ սլովենացի, որոշել է այնտեղ կանոեով ճամփորդել։

Собака хаски из упряжки спортсмена Арарата Хачикяна
© Photo : provided by Ararad Khatchikian
Արարատ Խաչիկյանի շունը

«Նա իր հետ է վերցրել նաև եղբորս՝ Արմենին։ Նրանք 66 օրում միասին անցել են 3600 կիլոմետր։ Իսկ հետո Արմենին հրավիրել են Yukon Quest։ Նրան ասել են․«Դու ուժեղ ես, կարող ես»», - պատմում է Արարատը։

Մրցավազքի մասնակիցները պետք է Յուկոն գետի երկայնքով էսկիմոսային սահնակներով հաղթահարեին 1600 կմ։ Դրա համար ահռելի ուժ և դիմացկություն է պահանջվում (դա կհասկանա յուրաքանչյուրը, ով հիշում է Ջեկ Լոնդոնի հերոսներին)։ Արմեն Խաչիկյանը հաջողությամբ ավարտել է մրցավազքը։ Իսկ մեկ տարի անց, Իտալիայում հաղթել է լծասարքերի ազգային մրցույթում։

Мастер ездового спорта из Италии Арарат Хачикян с дочерью Алисией
© Photo : provided by Ararad Khatchikian
Արարատ Խաչիկյանը` դստեր հետ

Մրցանակային պարգևավճարով նա կրկին մեկնել է Ալյասկա՝ իր հետ վերցնելով Արարատին։ Այդտեղից նրանք Իտալիա են տարել մի քանի լծկան շներ։ Եղբայրները քրոջ՝ Արմինեի հետ իտալական Ալպերում՝ Պոնտե դի Լենյո քաղաքում, բացել են էսկիմոսային սպորտի առաջին դպրոցը։ Իսկ վեց տարի անց Արարատը իր դպրոցն է բացել Տարվիզիոյում։

Мастер ездового спорта из Италии Арарат Хачикян с детьми
© Photo : provided by Ararad Khatchikian
Արարատ Խաչիկյանը` թոռների հետ

Եղբայրները հաղթել են բազմաթիվ մրցումներում, այդ թվում՝ Yukon Quest-ում և Iditarod Race-ում (ամերիկյան Հյուսիսում), մի քանի անգամ դարձել են աշխարհի չեմպիոն։ Նրանք ավարտել են սպորտային ելույթները (երկուսն էլ 60 անց են), բայց նախկինի նման  արշավների են գնում։ Նրանք կարծում են, որ այդպես ապրելը ճիշտ է և հիանալի։ Եվ իրենց սաներին էլ են համոզում, որ այդպես է։ Միգուցե նրանցից ոչ ոք չմեկնի աշխարհի ծայրը՝ դեպի սպիտակ անհունություն։ Բայց առանց դրա էլ նրանք կտեսնեն, որ չարժե անվերջ կռվել բնության դեմ։

Աշխարհի ամենասարսափելի գազանը

«Իսկ ի՞նչ էիք անում, երբ հանդիպում էիք գայլերի կամ արջերի», - հարցնում ենք Խաչիկյանին։ Նա տխուր ժպտում է։

Ձմռանը արջեր գրեթե չես տեսնի․նրանք քնած են։ Ճիշտ է, եթե ձմեռը տաք է, նրանք ժամանակից շուտ են դուրս գալիս։ Բայց նույնիսկ այդ ժամանակ, երբ մարդ են տեսնում, իսկույն փախչում են։ Թե՛ գայլերը, թե՛ արջերը մարդուց սարսափելի վտանգ չգիտեն, վստահ է Խաչիկյանը։ Նա այդ մասին լսել է, հետո էլ սեփական մաշկի վրա զգացել։

Նա գայլեր տեսել է Ալյասկայում, երբ էսկիմոսային սահնակ է քշել։ Երկու անգամ 350 կմ ճանապարհ է անցել այնտեղ, դահուկներով, առանց շների։

«Ես նստած հալած ձյուն էի խմում, որպեսզի հագեցնեմ ծարավս։ Եվ հանկարծ մթության մեջ տեսա նրանց աչքերը։ Բայց նրանք չհարձակվեցին ինձ վրա։ Նրանք ուղղակի սպասեցին, մինչև հեռանամ, որպեսզի սնվեն ուտելիքի մնացորդներով։ Երբ ես հեռանում էի, շրջվեցի և տեսա, որ ուտելիք են փնտրում», - պատմում է Արարատը։

Նույնը նրան պատմել են էսկիմոսները և ատաբասկ ցեղի հնդկացիները, երբ նա գիշերել է նրանց բնակավայրերում։ Նրանք հաստատել են, որ գայլը հարձակվում է կենդանիների վրա, իսկ մարդու վրա՝ երբեք։ Գայլը կամ արջը կարող են հարձակվել, եթե մոտենաս նրանց ձագերին։ Այդ մասին նրան պատմել են աշխարհի մյուս ծայրում՝ Հայաստանում։

Այսպես կարող են միայն հայերը․ ամուսնության առաջարկություն` Արարատի գագաթին. տեսանյութ

«Ես այստեղ եմ եղել մի քանի տարի առաջ։ Սյունիքի բարձր լեռներում՝ երկրի հարավում, մենք բարձրացել էինք Ուխտասար։ Գագաթին արջի հետքեր տեսանք։ Մեզ ասացին, որ վերջերս դրանք հարձակվել են լեռնագնացի վրա։ Միգուցե արջերը որոշել են, որ լեռնագնացը մրցում է իրենց հետ այստեղի լճակների ջրի համար, որովհետև դրանք փոքր են, և ջուրը շատ չէ», - ասում է Խաչիկյանը։

Մարդ, որը չի սիրում նվաճել

Լուսանկարներում Արարատ Խաչիկյանը նվաճողի հայացքով չի նայում Հյուսիսին: Նա ամեն անգամ վերստին զարմանում է, թե որքան հիանալի է կյանքը։ Արշավների ժամանակ իր հետ վերցնում է ոչ միայն չոր ուտելիք, այլ նաև կիթառ (եղբայրը նվագել գիտի)։ Արարատի հերթական համերգը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին նրա հայրենի Տարվիզիո քաղաքում։

Նա ստեղծագործում է իր իմացած բոլոր լեզուներով՝ իտալերեն, հայերեն, արաբերեն և անգլերեն։ Վերջերս գնացել է Սուդան, որտեղ գնել է արևելյան լարային գործիք՝ ուդ։ Ձնապատ ճանապարհներին ուրախության իրենց չափաբաժինն են ստացել նրա երեխաները՝ սկզբից դուստրը, հետո որդին։

Այժմ նա ուզում է ոչ թե նվաճել, այլ տեսնել Արարատը։  Ուղղակի կանգնել նրա առաջ և նայել։

«Ես միշտ ուզել եմ սահնակով Երևանից հասնել Արարատի ստորոտ՝ անցնելով հայ-թուրքական սահմանը։ 2000-ականների կեսերին մտահղացմանս մասին Հռոմում պատմեցի թուրք դիվանագետներին։ Մինչ այդ նրանք իտալական ալիքներից մեկով ռեպորտաժ էին տեսել իմ մասին։ Ես ասացի նրանց․«Պատկերացրեք, որ Արարատ անունով հայը գնում է Արարատ լեռան մոտ։ Լավ խորհրդանշական քայլ է, այնպես չէ՞»։ Պետք է ասեմ, որ դեսպանատան ներկայացուցիչները հետաքրքրվեցին։ Բայց հետո 2007թ-ի հունվարի սպանեցին Հրանտ Դինքին։ Եվ ինձ ասացին, որ մտահղացումս պետք է հետաձգել», - պատմում է նա։

Արարատ նշանակում է «արևի ծագման վայր»։ Այդպես է ասել նրա հայրը։ Ազատ Խաչիկյանը և Թերեզա Դրեշերը իրենց երեխաներին միայն լույս են տվել։ Միայն արև։ Նրանք էլ հենց դա բաժանում են բոլորինն`լինի դա էսկիմոս, սուդանցի արաբ, գերմանացի, թե զանգեզուրցի։

214
թեգերը:
Թուրք, Իտալիա, Արարատ լեռ, հայ, Հայաստան
Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը

718
(Թարմացված է 22:21 15.06.2020)
Կառավարության 2013թ.-ի որոշումից պարզ է դառնում, կառավարության անդամները պետք է որ տեղյակ լինեին Սևանի ճանապարհին Գագիկ Ծառուկյանի խաղատների կառուցման պատմությունից, եթե, իհարկե, կարդային, թե ինչ որոշում են ընդունում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Նելլի Դանիելյան. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատները, ժամանցի ու հանգստի հանրահայտ վայրերը, պարզվում է` գրանցվել, գործել ու շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով՝ համեմայնդեպս 2014թ-ի հունվարից հետո:

Նման հայտարարություն հունիսի 14-ին արեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով Ծառուկյանին պատկանող այդ բիզնեսների մասին:

Ըստ ԱԱԾ բացահայտումների, Ծառուկյանը «մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին», «ստացել ՀՀ կառավարության հավանությունը» և այդ գործունեության արդյունքում պետությանը պատճառել 29 մլրդ 750 մլն դրամի վնաս:

Իրեն մեղսագրվող այս ու ոչ միայն այս արարքի մասին, պարզվում է` Գագիկ Ծառուկյանն իմացել է միայն հունիսի 14-ին, այն էլ՝ պատահաբար, համացանցից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Հարց է առաջանում, թե պարոն Ծառուկյանը ինչպես կամ որտեղից պիտի իմանար հարուցված քրեական գործերի մասին, եթե որևէ կարգավիճակ չի ունեցել»,- ասաց նա:

Պարզվում է` ԲՀԿ ղեկավարին այդ մասին չեն ասել անգամ ԱԱԾ-ում 8 ժամ հարցաքննելիս, քանի որ, ըստ փաստաբանի, այնտեղ խոսքը բոլորովին այլ քրեական գործերի մասին է եղել։ Մասնավորապես՝  նա կանչվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով` որպես վկա:

Էմին Խաչատրյանը նշեց, որ բացի մամուլում հրապարակված հաղորդագրություններից ու Ծառուկյանի տանն իրականացրած խուզարկության որոշումներից ու արձանագրություններից, քրեական գործին անչվող այլ նյութերի հետ ծանոթանալու հնարավորություն դեռ չեն ունեցել: Նույնիս տեղյակ չեն, թե ինչ  կարգավիճակ ունի իր վստահորդն այդ քրեական գործով:

Ծառուկյանի խաղատնային բիզնեսի մասին այլ պարզաբանում այս պահին ո՛չ իրավապահները, ո՛չ Ծառուկյանի պաշտպանները չեն տալիս: Քրեական գործի մասին հայտարարություն է արել միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ  տնօրինությունը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ  անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, և դրա մենեջմենթն իրականացնում են Անգլիայից ու Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերները:

Թե ինչ ավարտ կունենա այս` արդեն բավական աղմուկ հանած պատմությունն ու ինչ հանգուցալուծում կստանա բացված քրեական գործը, պարզ կլինի թերևս տարիներ անց, երբ կկայացվի դատական վերջնական ակտը: Իսկ մինչ այդ, չխախտելով անմեղության կանխավարկածը և օգտվելով հրապարակային աղբյուրներից, փորձենք հասկանալ, թե ինչից սկսվեց ամեն ինչ ու ինչ նպատակով Գագիկ Ծառուկյանը «մոլորեցրեց» ՀՀ այն ժամանակվա կառավարությանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2013թ-ին կառավարությունը որոշեց Երևանից ու ՀՀ մյուս բնակավայրերից հանել բոլոր խաղատները և դրանք տեղափոխել 50 կմ հեռու: Իսկ Ծառուկյանն արդեն Երևանին շատ մոտ կառուցել ու անգամ շահագործում էր որոշ խաղատներ:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխություններն ԱԺ-ում ընդունվեցին 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ու պետք է իրավական ուժ ստանային 2014թ-ի հունվարի 1-ից:

Բայց ԱԺ որոշումից 2 օր առաջ՝ դետեմբերի 26-ին, ՀՀ կառավարությունը մի որոշում ընդունեց, որով թույլ տվեց, որ Ծառուկյանի՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում կառուցված խաղատները շարունակեն գործել:

Նման իրավունք էր ընձեռում օրենքում ներառված այն բացառությունը, որ խաղատունը բնակավայրին մոտ կարող է կառուցվել միայն կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված 2013թ-ի հիշյալ որոշումից տեղեկանում ենք, որ «Օնիրա Քլաբի» ծրագիրը գնահատվել էր 45-50 միլիարդ դրամ: 

Նման գնահատում էր արել «Հ. Ս.ՊՌՈ» ՍՊԸ-ն, որին էլ հանձնարարվել էր նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը՝ 13.597 հա հողամասի վրա համալիրը կառուցելու համար։

«Ծրագրի իրականացման արդյունքում կմատուցվեն բարձրակարգ ծառայություններ, կապահովի էլ ավելի գրավչություն, հատկապես օտարերկրացիների համար, և արդյունավետ ֆինանսատնտեսական գործունեություն։ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Հետաքրքական է, որ դեկտեմբերի 26-ին ընդունված որոշման մեջ գրված է. «ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2013 թվականին»:

«Խնձոր կերեք». ձայներ բերելու առնչությամբ ԲՀԿ–ական պատգամավորների արձագանքը

Կառուցվող խաղատների ու ժամանցի կենտրոնների սեփականատեր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, ու, ըստ կառավարության որոշման, հենց նույն օրն էլ հրավիրված «բաժնետերերի ժողովում հաստատվել է վերոհիշյալ ներդրումային ծրագիրն, ու դրա արդյունավետ իրականացման գործընթացն ապահովելու պատասխանատվությունը վերապահվել «Մուլտի ԳրուպԿոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին և նույն ընկերության ֆինանսական տնօրեն Գեղամ Թովմասյանին։

Բանն այն է, որ համաձայն պետական գրանցման տեղեկատվության` «Օնիրա Քլաբի» հիմնադիրներն են«Մուլտի ԳրուպԿոնցեռն»-ը, Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

ՀՀ կառավարության որոշման մեջ, ի դեպ, չի թաքցվում, որ խաղատների կառուցումը նոր չի սկսվելու, այլ սկսվել է դեռ 2 տարի առաջ: «Համաձայն ներդրումային ծրագրի` «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն 2011 թվականից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում` 13,597 հա հողամասի վրա, ձեռնարկել է ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցումը։ Շինարարական աշխատանքները 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են և գնահատվել անկախ գնահատող «Էյ Էնդ Էմ ֆայնենշլ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։ Վերջինիս կողմից, համաձայն հաշվետվության, ընկերության գույքը գնահատվել է 61 146 139 340 դրամ, այդ թվում` շենքերը և շինությունները` 59 039 197 608 դրամ, հողամասը` 1 809 665 732 դրամ, շարժական գույքը` 300 276 000 դրամ»,- ասված է կառավարության որոշման մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այնքան էլ «մոլորված» չի եղել ու որոշումը կարդալով կարող էր հասկանալ, որ 59 մլրդ դրամի շենք-շինություններն արդեն կառուցված են ու նոր չէ, որ պիտի կառուցվեն, կամ գոնե պիտի կռահեր, որ դեկտեմբերի 26-ին շինարարությունը սկսելու դեպքում հազիվ թե մինչև տարեվերջ հասցնեն ավարտել:

Թե ինչ է հասկացել կառավարությունն ու ինչպես է թույլ տվել, որ իրեն «մոլորեցնեն» գուցե նախաքննությունը կպարզի, իսկ մինչ այդ նշենք, որ հունիսի 14-ին տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն ևս գրել էր, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված 13.377  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը 2011թ. հունվարի 19-ին պետական գրանցում են ստացել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, «Օնիրա Քլաբը» խաղատնային բիզնեսի արտոնագիրը ստացել է 2013 թ. դեկտեմբերի 27-ին՝ մեկ խաղատան համար, բայց դրանով շահագործել 2 խաղատուն: «Օնիրա Քլաբի» տարածած պարզաբանման համաձայն` դրանք ոչ թե տարբեր խաղատներ են, այլ նույն խաղատան երկու սրահներ: Այս հարցը ևս վերջնական պատասխան կստան դատարանում:

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2013թ-ին, երբ կառավարությունն ընդունում էր Ծառուկյանի ներդրումային ծրագրի մասին վիճահարույց որոշումը ՀՀ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Իսկ որոշումը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից  խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջ գյուղի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի  պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը վեերոհիշյալ խաղատներին վերաբերող գործն է, երկրորդը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն  հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

718
թեգերը:
Տիգրան Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), ՀՀ կառավարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, խաղատուն, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
ԱԺ նիստում ընդգրկվել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը
Մեղրաձորի հանքավայրը

Հանքափորների մահվան հետքերով. Մեղրաձորում շնչահեղձ են եղել մի գրամ ոսկու համար

549
(Թարմացված է 19:25 11.06.2020)
Մեղրաձորում վաղուց այդպիսի ողբերգություն չէր եղել. հանքում միանգամից 3 մարդ է մահացել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչու են գյուղի բնակիչները հանուն նման վաստակի պատրաստ վտանգել սեփական կյանքը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Կոտայքի Մեղրաձորում հող այդքան շատ չեն մշակում.  հիմնականում աշխատում են հանքում։ Նրանց մեջ կան նաև շատ ապօրինի հանքափորներ (որոնց տեղացիներն ասում են «չղջիկներ»)։

Կաթ, թե՞ ոսկի

Ահա այն հաշվարկը, որը կատարում են մեղրաձորցի տղամարդիկ (հատկապես երիտասարդները, ովքեր ուզում են ավելի շատ փող վաստակել)։ Հայաստանում մի կովից մեկ տարում կարելի է 2-2.5 տոննա կաթ ստանալ և վաճառել այն 300-400 հազար դրամով։ Նույնքան կարելի է ստանալ 15 գրամ ոսկի վաճառելով, ընդամենը մեկ–երկու շաբաթում։ Նման հաշվարկն է, որ նախանցած գիշեր ողբերգական է դարձել երեք հոգու համար։ Նրանք սարի խորքն են մտել 50-100 մետր և միացրել իրենց մեծ դրելներն ու դիզել-գեներատորները («դվիժոկ») (չէ որ սարի խորքում հոսանք չկա)։ Այդ նեղվածքում էլ  շնչահեղձ են եղել «դվիժոկի» շմոլ գազից։

Село Мехрадзор, где находится Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորը

Գյուղապետ Նարեկ Հարությունյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել։

«Հերիք է, անընդհատ նման բաներով հետաքրքրվեք։ Ումից ուզում եք հարցրեք, ինձ հանգիստ թողեք», – հայտարարեց  նա։

Հանքավայրի տնօրեն Վարդան Մարգարյանը խնդրեց իրեն չնկարահանել։ Առանց այդ էլ ամբողջ օրը ոստիկանների և քննիչների հարցերին է պատասխանում, մամուլի ժամանակը չէ։  Բայց զրուցել այնուամենայնիվ համաձայնեց։

Ոսկե «գողոն»

Նույնիսկ եթե հանքի տնօրինությունը լքված թունելները լցնում է քարով ու հողով, «չղջիկներն» էլի կարողանում են անցնել. նրանք և՛ բահ ունեն, և՛ քլունգ։ Իսկ ամենակարևորը` գիտեն, թե որտեղ անեն իրենց գործը։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Ապօրինի հանքափորներից ոմանք հանքավայրի նախկին աշխատակիցներ են. նրանք գիտեն` որտեղով են անցնում ոսկու երակները և որտեղ փնտրել ոսկու մնացորդները։  Բավարար է մեկ իմացող մարդ լինի, հավաքի իր եղբայրներին կամ ընկերներին և ցույց տա, թե որտեղ է պետք փորել։

Ապօրինի հանքափորներ կան նաև մյուս հանքավայրերում, սակայն Մեղրաձորում  նրանց ավելի հեշտ է, քանի որ այստեղ ոչ թե բաց հանք է, որտեղ ամեն ինչ ի տես է, այլ՝ փակ հանքահոր։ Բացի այդ, Մարգարյանի խոսքով, հանքավայրն էլ այդքան մեծ չէ, ինչպես Սոթքի կամ Շահումյանի դեպքում, անվտանգության աշխատակիցներ պահելն այստեղ ձեռք չի տալիս։ Այսքանին գումարած` հանքն ունի տասնյակ ուղիներ, և «ամեն մի ծակին» հետևելը, տնօրենի խոսքով, պարզապես անհնար է։

Էլի փոքր հանքեր կան, բայց դրանց ավելի հեշտ է։ Օրինակ, Մղարթի  հանքը Ծառուկյանինն է , Մարգարյանը բացատրում է, որ նրա «ախռանան» այսօր արդեն այդքան էլ «արխային» չէ, ինչպես նախկինում, բայց մեկ է՝ նրանցից զգուշանում են։ Բացի այդ էլ այնտեղ հանքը բաց է, ու ամեն ինչ՝ աչքի առաջ։

«Չղջիկները»՝  յուրաքանչյուրն իր հատվածում, մեկ ամսում միասին կարող են 50-100 գրամ ոսկի տանել։  Այդքան էլ մեծ թիվ չէ (ամսական ձեռնարկությունը 8-10 կգ է հանքարդյունահանում), սակայն փոքր էլ չէ։ Տնօրենի խոսքով` ոսկի կարող են տանել նաև հանքի օրինական աշխատակիցները։

«Օրինակ` հանքի աղքատ հատվածներում շատերի մոտ հորատանցումը 2-3 անգամ արագ է ստացվում, քան հարուստներում ։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ նրանք ավելի երկար են կանգ առնում։ Վարպետը մի րոպեով աչքը թեքեց, թե չէ, աշխատողը մի կտոր իր համար կոտրեց և դրեց կուրտկայի գրպանը կամ սապոգի մեջ։ Մեկ-մեկ վարպետն էլ կարող է նրանց հետ փայ մտնել», – ասում է Մարգարյանը և հավելում, որ բնականաբար, հանքում կան նաև բարեխիղճ աշխատողներ, բոլորին մեղադրելը չափազանց անարդար կլինի։

«Նոբելյան քիմիկոսները» և 6-րդ վարչությունը

Գիտության պատմության մեջ հայտնի դեպք կա, թե ինչպես էր հունգարացի քիմիկոս Դյորդ դե Հևեշին թաքցրել իր երկու գերմանացի գործընկերների նոբելյան մեդալները (Գերմանիայում գիտնականներին արգելված էր նոբելյան մրցանակների նշաններ  ունենալ)։ Նա հալեցրել էր դրանք ազոտաթթվի և աղաթթվի խառնուրդում («արքայաջուր»), իսկ պատերազմից հետո ոսկին վերականգնել էր և փոխանցել Նոբելյան կոմիտե, որտեղ նրա գործընկերների համար նորից պատրաստել էին մեդալներ։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Մեղրաձորում ոչ մեկի դրանով չես զարմացնի. «արքայաջրի» և այլ ռեակտիվների մասին շատերն անգիր գիտեն ։ Կան մարդիկ, որոնք տանը գաղտնի փոքր արտադրամասեր ունեն, որտեղ հանքաքարից ոսկի են ստանում։ Երկու տարի առաջ  նրանց հետքը բռնել էր ոստիկանության 6-րդ վարչությունը (կազմակերպված հանցավորության դեմ պայքարով զբաղվող) և ավելի քան 20 հոգու հեռախոսազրույցներ է գաղտնալսել` «քիմիկոսների», «չղջինկերի» և այլն։

«Սակայն 2018 թվականի համաներումից հետո այդ մարդկանց ազատել են, ու նրանք նորից վերադարձել են իրենց գործին», – հավելեց Մարգարյանը։

Պարզվել էր նաև, թե որտեղ են նրանք իրացնում այդ ոսկին. ճանապարհներից մեկը տանում էր Երևանի խոշոր ոսկու շուկաներից մեկը։ Շարունակվել է հետաքննությունը, թե ոչ, Մարգարյանը տեղյակ չէ։

Բենզինով ջիպ

«Առանց հանքի էլ գյուղում գործ կա»,- մեզ հետ զրույցում ասում են տեղացիները ։ Դաշտերի ու արոտավայրերի մի զգալի մասը գյուղում չի օգտագործվում։ Մարդիկ սովորել են աշխատել կա՛մ հանքում, կա՛մ Մոսկվայում։ Գյուղի բնակիչ տիկին Սիրանույշն ասում է, որ այնտեղ մեղրաձորցիները վերելակների վերանորոգմամբ են զբաղվում։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այս տարի վիրուսի պատճառով նրանք ստիպված տանն են մնացել։  Երեք մահացածներից հենց մեկը նախկինում Մոսկվայում էր աշխատում։

Այդ չարաբաստիկ օրը` հունիսի 9-ին, երբ  ընկերները չսպասեցին իրեն և ևս երկուսին, գնացին հասույթի հետևից, մտան թունել և թունավորվեցին շմոլ գազից։ Նրանց անմիջապես Հրազդանի հիվանդանոց տեղափոխեցին։ Նրանց մեջ էր նաև ջիպի տերը, որը նույնպես մինչ այդ խոպան էր գնում Մոսկվա։

«Ջիպ էր, էն էլ գազով չէ, բենզինով։ Գյուղում, երբ որ մարդկանց մեքենայից հանում էին, երևաց, որ ներսը գազի բալոն չկա», – պատմում է գյուղի բնակիչներից մեկը։

Ավելորդ է նկարագրել, թե Հայաստանում բենզինով ջիպ ունենալը ինչ «հարգանք ու պատվի» նշան է... Այդ ջիպում նստածներից մեկին հիվանդանոց էին տեղափոխում գլխի վրա խաչած ձեռքերով։

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

«Նրա ձեռքերը բացեցին, ինքը նորից գլխին սեղմեց։ Դե պատկերացրեք՝ էդ ինչ անտանելի ցավ ուներ գազից, որ էդ անգիտակից վիճակում էլ էդ ցավից չէր պրծնում», – ասում է տեղի բուժկետի բուժքույրը։

Երիտասարդներն ուզում են ջիպ քշել, բայց արժի՞ դրա համար այդպիսի գին վճարել։ Սա այդ տղաների մայրերին հուզող գլխավոր հարցն է։

Իսկ առա՞ջ

Գյուղում աշխատանքը նախկին ծավալով չկա, անհամեմատ քիչ է։  Խորհրդային տարիներին այստեղ կոլտնտեսություն է եղել, մեծ անասնաբուծական ֆերմա (Միության փլուզումից հետո դրա պատերն ու տանիքը քանդել-տարել էին)։ Միայն գյուղում չէ, որ աշխատում էին. ամեն առավոտ ծառայողական ավտոբուսները, մեկը մյուսի հետևից, գյուղից Հրազդան էին տանում մի քանի հարյուր մարդու։ Այստեղ գործում էր արդյունաբերական հսկա «Հրազդանմաշը», որտեղ աշխատում էր ավելի քան 15 հազար մարդ։ 2000-ականներին քարուքանդ արին նաև «Հրազդանմաշը», ու այսօր քաղաքում էլ գործ չկա (հրազդանցիներն են անգործ նստած, էլ ուր մնաց գյուղացին գործ գտնի)։ Սակայն գյուղից քիչ հեռու վերջերս սկսեց աշխատել մեծ ջերմոցային համալիրը, ուր մի քանի գյուղացի դասավորվեցին աշխատանքի։ Վերջապես, սեփական հողի միջոցով էլ մի կերպ գլուխդ կպահես։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

«Տղաս էլ էր առաջ Մոսկվայում աշխատում, հիմա կով էլ կարող է արածեցնել, ոչխար էլ, գործից չի ամաչում։ Ու էդպես մենակ ինքը չի, կան էդպիսի մարդիկ», – ասում է կինը։

Լեռնագործ բանվորները հանքահորերում կարող են հազար դոլարից ավելի վաստակել, իսկ ընդհանուր առմամբ`հանքում միջին աշխատավարձը մոտ 300 հազար դրամ է։ Մաքուրով մնում է մոտ 230 հազար։ Նույնիսկ Երևանի համար այդքան էլ վատ չէ, գյուղի համար` առավել ևս։ Իհարկե, տիկին Սիրանույշը նկատում է, որ կովերից ու հողից այդքան չես ստանա, բայց գոնե քո մթերքը կունենաս, իսկ հանքում աշխատողը դա առնում է։

«Աշխատավարձերը վատ չեն, բայց գներն էլ են դրան համապատասխան։ Ասենք, տնական ձուն  80 դրամ է՝ Երևանի պես։ Այսինքն` ոնց որ թե քիչ չեն վաստակում, բայց դե ծախսում էլ են», – հավելում է նա։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այնպես չէ, որ գյուղի գործը հեշտ է (քաղաքացին դա գիտի, գյուղացին` առավել ևս)։ Սակայն ապօրինի գործ անելն էլ շատ ուրախ բան չէ։ Հանքում մահացած երեքից մեկի հայրն էլ էր տարիներ առաջ նույն կերպ մահացել. իրենց բարեկամներից մեկին էր փորձում գետնի տակից հանել։

Հանքի տնօրեն Վարդան Մարգարյանն ասում է, որ թեև «չղջիկները» օրենք են խախտում, սակայն նրանց մասին միայն վատն ասել չի կարելի։ Հինգ կոպեկի համար իրար «բողազից չեն բռնում»։ Նույնն է ասում նաև տիկին Սիրանույշը։

«Բացի էդ, մեծերը 90-ականներին կռվել ենԱրաբոյի ջոկատում, Սասունի մոտ... Իրենք էլ, իրենց երեխաներն էլ իրենց մարդավարի էին պահում։ Կարող էին վիճել, բայց որ ոսկու կամ փողի համար իրար վրա դանակ քաշեն` էդպիսի բան չի եղել։ Գողական բարքեր էլ չկային, մեր մարդիկ էդպես չեն», – ասում է կինը։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Հիմա գործազուրկ գյուղացիների ընտանիքներում մտածում են, թե ինչպես գումար վաստակեն, իսկ իրենց զավակներին կորցրած երեք ընտանիքներում փորձում են հասկանալ, թե ինչպես շարունակեն ապրել։

549
թեգերը:
Գյուղ, Մահ, Ոսկի, հանքարդյունաբերություն, հանք
Военные медики в полевом госпитале на блокпосту одеваются в защитные костюмы. В Грузии борются с распространением коронавируса

Վրաստանի իշխանությունը Սվանետիում կարանտին է հայտարարել կորոնավիրուսի բռնկման պատճառով

0
Վրաստանի առողջապահության նախարարի հրամանով Սվանետիում կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում է վարակաբանների 5 բժշկական բրիգադ:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sptnuik. Վրաստանի բարձրլեռնային Սվանետի շրջանում կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով Վրաստանի իշխանությունը կարանտին է հայտարարել: Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով այդ երկրի առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեին:

«Ներկա պահին խիստ միջոցառումների կարիք կա միայն Սվանետիում: Երկրի մնացած հատվածներում վարակի տարածվածության վիճակագրությունը լրացուցիչ խստացումների հիմք չի տալիս: Մենք նախկինի պես թիրախավորված թեստավորում ենք իրականացնելու՝ փոքր-ինչ ավելի լայնամասշտաբ, և հետևելու ենք արդեն իսկ մշակված ռազմավարական պլանի պահանջներին»,- ասել է նախարարը:

Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով՝ Սվանետիի շրջանում արդեն իսկ կազմակերպվել է անհետաձգելի բուժօգնության ապահովում: Տեղում աշխատում են վարակաբանների 5 բժշկական բրիգադ, որոնք մանրամասն ուսումնասիրություն են իրականացնում:

Թիկարաձեի հայտնած տվյալներով՝ վերջին 1 օրվա ընթացքում Վրաստանի այս շրջանի մի քանի բնակավայրերում կորոնավիրուսի վարակի միանգամից 17 դեպք է հաստատվել:

Նշենք, որ StopCov կայքի տվյալներով, Վրաստանում վարակվածների թիվը ներկա պահին 1 250 է:

Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 010, մահացել՝ 17 մարդ: Ներկա պահին մեկուսացման մեջ են 7 068-ը, հիվանդանոցներում բուժում են ստանում 242-ը:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր փետրվարի 26-ին:

0