Ռոբերտ Ղուկասյան

Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից

1601
(Թարմացված է 08:22 09.08.2019)
Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը, որն առաջիկայում վարչապետի խորհրդականն է լինելու, Կալավանի զարգացման մասին մտածելուց բացի, գիրք է գրում։ Գիրքը, սակայն, այս տարի լույս չի տեսնի` Ռոբերտի ծրագրերը փոխվեցին։

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

Գեղարքունիքի Կալավան համայնքում ենք, տեղի բնակիչներից Ռոբերտ Ղուկասյանի տան տեղն ենք հարցնում։

–Բարև ձեզ։ Ռոբերտ Ղուկասյանի հյուրատան տեղը գիտե՞ք։

–Ռոբերտ Ղուկասյա՞նի... Հա՜, մեր Ռոբի՞։

Роберт Гукасян у гестхауса Time Land
© Sputnik / Aram Nersesyan
Ռոբերտ Ղուկասյան

Ռոբերտը Կալավանում և հարակից գյուղերում հայտնի էր նաև մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օրերս այնտեղ գնալն ու նրան իր խորհրդական նշանակելու մասին հայտարարելը։ 35 ընտանիքից բաղկացած Կալավանում Ռոբերտին գտնելը դժվար չէ. հանդիպում ենք նրան, ու նա արդեն դասավորում է մեր զրույցի ընթացքը` Մարգարիտան անտառային խոհանոցից կխոսի, Աստղիկը հյուրատները ցույց կտա, չգիտեմ ով էլ զբոսաշրջիկների այցից կխոսի։ Ռոբերտն իրեն համեստորեն հանում է զրուցակիցների շարքից, բայց նրան չի հաջողվում «էժան պրծնել»։

Интерьер гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan
Կալավանի հյուրատունը

Ռոբերտի ընտանիքը Կալավան է տեղափոխվել 1980-ականների վերջերին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։ Դպրոցում սովորելու վերջին 3 տարիներին, լինելով դպրոցի միակ աշակերտը, Ռոբերտը ոչ թե ընկճվել է, այլ սկսել ինքնակրթությամբ զբաղվել. այդպես է նաև գերազանց անգլերեն սովորել։ Ռոբերտն ինքնուս հնագետ է ու չնայած ֆորմալ կրթություն չի ստացել, սակայն հասցրել է մի շարք գիտական հոդվածների հեղինակ լինել, ընդգրկվել տարբեր գիտական արշավախմբերում։

Երբ 2012–ին Ռոբերտը հերթական պեղումներից վերադառնում է Կալավան, նկատում է, որ գյուղում դատարկվող տների թիվն ավելանում է։ Մյուս կողմից, Ռոբերտի երեխաները (մեկ աղջիկ և մեկ տղա) հորն ասում են, որ իրենք, ինչպես մյուսները, չեն ուզում լքել գյուղը։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Կալավանի հեքիաթը։

«Սկզբում կազմակերպեցի էքսպերիմենտալ հնագիտության օրեր` գյուղ եկող հյուրերը պետք է տեսնեին` ինչպես էին մարդիկ ապրում հին ժամանակներում։ Իտալիայից խմբեր եկան, ու դա ազդակ էր, որ Կալավանը հետաքրքիր է մարդկանց։ Ամենադժվարը համագյուղացիներիս համոզելն էր, որ մենք կհաջողենք։ Հուսալքությունը բավականին շատ էր, պետք էր աշխուժություն մտցնել նախ իրենց` գյուղացիների տան ներսում»,–պատմում է նա։

Տարբեր ծրագրերով զբոսաշրջիկներին Կալավան բերելուն զուգահեռ` Ռոբերտը միջոցներ է հայթայթում դպրոցի վերանորոգման համար, գյուղացիների տների ջեռուցումն արևային էներգիայով դարձնելու աշխատանքներ իրականացնում։ Սա, ինչ խոսք, կալավանցիների կյանքում որոշակի աշխուժություն է մտցնում։ Մյուս կողմից, դրսից եկած հյուրերը գիշերակացի խնդիր են սկսում ունենալ, ու Ռոբերտը որոշում է իրենց տան նկուղային հարկը վերանորոգել և հյուրատուն դարձնել։ Հետո արդեն հյուրերի թիվն ավելանում է ու կալավանցիներից որոշները, Ռոբերտի օրինակը տեսնելով, սկսում են իրենց տունը հյուրատան վերածել։

Тропинка во дворе гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan
Կալավան

Հեշտ թվացող ճանապարհին պարզվում է բազմաթիվ խոչընդոտներ են եղել, անգամ դիմակավորված անձինք են զբոսաշրջիկներին փորձել Ռոբերտի կազմակերպած վրանային ճամբարից դուրս հանել։ Ռոբերտի դեմ արշավները մշտական են եղել, քանի որ կարծել են` նա պաշտոնի է ձգտում` գյուղապետ, մարզպետ...

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

Այժմ Կալավանում 8 հյուրատուն կա, որից 6–ն է գործում, իսկ երկուսը ներքին հարդարման խնդիրներն են լուծում։ Ռոբերտն աշխատեցնում է իր տան նկուղում գտնվող հյուրատունը, զբաղվում «ԹայմԼենդ» հիմնադրամի շինարարությամբ: «ԹայմԼենդը» լինելու է կենտրոն, որը «կանչելու» է զբոսաշրջիկներին Կալավան` այնտեղ գործելու է սրճարան, բուժկետ, թանգարան, մեծ հանդիպումների համար դահլիճ, վրանային ճամբար, որտեղ երեկոյան կինոդիտումներ կլինեն։

Интерьер гестхауса Time Land в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan
Կալավանի հյուրատունը

«Իմ խնդիրը եղել է միջավայրի ապահովումը, որպեսզի գյուղը զբոսաշրջիկներին հետաքրքիր լինի։ Հիմա Կալավանում կյանքը եռում է` մեկը «Վիլիս» է բերում զբոսաշրջիկներին պտտելու համար, մյուսը պանիր է պատրաստում, մեկ ուրիշն էլ` մեղր, իսկ պատանիներն էլ «գիդ» են դարձել, այսինքն` ամեն մեկը գտնում է իր տեղը»,–ասում է նա ու հավելում, որ մտածել է` գյուղը զարգացնել ու վերադառնալ հնագիտությանը։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета
© Sputnik / Aram Nersesyan
Կալավանի հյուրատունը

Փաշինյանի այցը Կալավան, սակայն, Ռոբերտի ծրագրերը փոխեց։ Մյուս կողմից, սակայն, շատ ուրախ է, քանի որ կարծում է, որ իր` վարչապետի խորհրդական լինելը կօգնի մի շարք խնդիրներ լուծելուն։ Նա արդեն իսկ Լեռնանիստում փորձում էր Կալավանի փորձը կիրառել, հետո անցնել Բագրատաշենին. կալավանցի Ռոբերտի առաջ շատ դռներ չէին բացվի, սակայն վարչապետի խորհրդական Ռոբերտի համար մի շարք խոչընդոտներ կարող են հաղթահարվել` գյուղերին օգնելու համար։

Վինիլային նվագարկիչ և անտառային խոհանոց. Նիկոլ Փաշինյանը Կալավանում է

«Ինձ համար անակնկալ ու շոկային էր վարչապետի առաջարկը։ Թվում էր` ես շատ կարևոր եմ Կալավանի համար ու առանց ինձ գործն առաջ չէր գնա։ Սակայն, երբ գյուղացիները տեսան, որ «կորցնում» են Ռոբերտին ու իրենց վրա է պատասխանատվությունը, այնպիսի ոգևորությամբ սկսեցին առաջ տանել իրենց գործը, որ ես ապշել էի»,–ասաց նա։

Дети на проселке в селе Калаван
© Sputnik / Aram Nersesyan
Կալավան

Ի դեպ, Ռոբերտն այժմ գիրք է գրում, որը կոչվում է «Համայնք», և այնտեղ ներկայացված է ինչպես Կալավանի հաջող փորձը, այնպես էլ գյուղերում առկա խնդիրները։ Գիրքը, սակայն, այս տարի լույս չի տեսնի, քանի որ վարչապետի այցից հետո Ռոբերտի ծրագրերը մի փոքր փոխվել են։

Հ. Գ. Կալավան տանող ճանապարհը շուրջ 9 կմ գրունտային է, ու դա ամենևին էլ չի խանգարում, որպեսզի գյուղի հյուրատներում զբոսաշրջիկների պակաս լինի. մինչև սեպտեմբերի վերջ հյուրատներում արդեն տեղ չկա։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета
© Sputnik / Aram Nersesyan
Կալավանի հյուրատունը

Հիշեցնենք` հուլիսի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի շրջանակներում այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` վարչապետը որոշել էր նրան իր խորհրդականը նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։

1601
թեգերը:
խորհրդական, Գյուղ, Ռոբերտ Ղուկասյան, Կալավան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է սովետական հին ավտոբուսը դառնում հյուրանոց. հայաստանյան հանգստի նորաձևությունը
Ստորգետնյա անցում դեպի Թուրքիա, կամ ինչու սելջուկներին չհաջողվեց քանդել Հառիճավանքը
Եգիպտացորենի դաշտը լաբիրինթոս է դառնում. Տավուշի զբոսաշրջային ստարտափը
Արթուր Վանեցյան

Թույլ չենք տա` բարոյականությունը փոխեն բթամիտ լայվերով. հարցազրույց Արթուր Վանեցյանի հետ

699
(Թարմացված է 21:52 16.06.2021)
ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը դավաճան համարո՞ւմ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ։ Չէ՞ որ Վանեցյանն ինքը ժամանակին սպասարկել է վարչապետի շահերը։ Ի՞նչ է նշանակում ներքին անվտանգություն, և ինչպե՞ս այն ապահովել։ Այս ամենի մասին՝ մեր հարցազրույցում։

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։

– Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները:

- Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։

- ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։

Артур Ванецян
© Photo : Пресс-служба партии "Отечество"
Արթուր Վանեցյան

- Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։

Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանն, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։

Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։ Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։

- Բայց չէ՞ որ մինչև որոշակի ժամանակ դուք խիստ ազդեցիկ անձ եք եղել իշխանության ուղղահայաց համակարգում և ըստ էության կարող էիք ինչ-որ բան փոխել, բայց, այնուամենայնիվ, գերադասեցիք հեռանա՞լ։

- Այո, եղել եմ և փոխել եմ։ Եվ ոչ թե «ինչ-որ բան», այլ շատ բան։ Որոշ բաների մասին գուցեև խոսեմ, բայց ոչ հիմա։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում արել եմ ամեն հնարավորը իրավական պետության կայացման՝ անվտանգության, իրավակարգի ամրապնդման և ավելի լավ ու ավելի արդար կյանքի մասին մեր քաղաքացիների իղձերի իրականացման համար:

Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը։

Իմ ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չեմ կարող խոսել։ Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել։

Артур Ванецян в офисе партии Отечество
© Photo : Пресс-служба партии "Отечество"
Արթուր Վանեցյան

- Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։

- 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։

Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին։

Ես կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար։

2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր. ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն։

Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից։

Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ:

Артур Ванецян
© Photo : Пресс-служба партии "Отечество"
Արթուր Վանեցյան

- Հայաստանը սահմանակից է նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանին ու Թուրքիային, որը թվաքանակով երկրորդ զինված ուժերն ունի ՆԱՏՕ-ում։ Վերջին պատերազմի պարտությունից հետո ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել անվտանգության համակարգը բուն Հայաստանի համար, էլ չենք խոսում Արցախի մասին։

- Ազգային անվտանգության համակարգը բազմաթիվ բաղադրիչներ է ներառում։ Անշուշտ, ուժեղ ու մարտունակ բանակը երկրի պաշտպանության գլխավոր գործոնն է։ Դրա բարեփոխումն ու վերազինումը մեր քաղաքական ծրագրի առանցքային մասն է։ ՀՀ ԶՈւ-ում ծառայող զինվորականի մասնագիտությունը պետք է էլիտար դառնա ընդհանուր համակարգում, իսկ այն մարդը, որ պատրաստ է տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել երկրին, ապահովված կլինի արժանավայել կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով:

Անկասկած, այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, և նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում անվտանգության համակարգը ներառում է նաև գործընկերների հետ իրավաբանորեն ամրագրված երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններ։ Վերջին պատերազմը հաստատեց, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով Հայաստանն ունի հուսալի ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Պատերազմը նաև ցույց տվեց, որ հայ-ռուսական անվտանգության համակարգերը լիարժեք չեն աշխատում, երբ մեր պետության ղեկին ոչ պրոֆեսիոնալներ են կանգնած։ Այս ամենը պետք է վերականգնել ու առաջին հերթին զարգացնել, և դրա համար մենք ռեսուրսներ կգտնենք, իսկ մեր կադրային ներուժը մեծ է։

Առհասարակ ես կտրականապես դեմ եմ մեր հասարակության մեջ անելանելիության տրամադրություններ սերմանելուն։ Հայաստանն ու հայ հասարակությունը շատ ավելի ծանր իրավիճակներում են առաջ շարժվելու ուժ գտել իրենց մեջ։ 1915 թ․-ի Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց մենք ստեղծեցինք Առաջին հանրապետությունը։ Ի դեպ, Առաջին հանրապետության դասերը պետք է ևս մեկ անգամ լավ սովորել։

Артур Ванецян
© Photo : Пресс-служба партии "Отечество"
Արթուր Վանեցյան

- Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդի դերում՝ ներքին խնդիրները լուծելու համար:

-Կարծում եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ այնքան շատ են նոր խնդիրներ առաջացել, որ ստիպված ենք լինելու համալիր լուծում տալ դրանց։ Իհարկե, որոշ ժամանակ կծախսվի կառավարության ձախողումներն ուսումնասիրելու և գործերի իրական վիճակը գնահատելու համար․ ոչ այն վիճակը, որի մասին Նիկոլը մշտապես ստում է, այլ այն, ինչ մենք ունենք իրականում։ Դա պետք է շատ արագ անել, և մենք կանենք։

Կուզեի հատուկ ընդգծել, որ մեր թիմի կադրային պահուստում, ինչպես նաև հենց ընտրական ցուցակում բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան, որոն իրենց ոլորտներում բարձր դիրքերի են հասել ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ Կարծում եմ, որ հունիսի 20-ի հաղթանակից հետո մենք պետք է համախմբենք ուժերը մյուս թիմերի հետ և, թևերը քշտելով, անհապաղ ձեռնամուխ լինենք ինստիտուտների վերակենդանացմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության վերականգնմանը։

Իհարկե, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարցերը մեր ժողովրդի համար առաջնային են։ Մեր տարածքում թշնամական զինված կազմավորումների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում հարյուրավոր գերիների առկայությունը հաջորդ կառավարության առջև դրված առաջնահերթ խնդիրն է։ Պետական մեքենան պետք է ամբողջ հզորությամբ աշխատի, և այդ ժամանակ կարծում եմ` այդ հարցերը կսկսեն լուծվել։ Ի վերջո, աշխարհում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան թշնամիները: Համենայնդեպս այդպես էր, նախքան երկիրը ծածկեց նիկոլիզմի մուտացված վիրուսը:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք «ներքին անվտանգություն» ասելով։

- Եթե կարճ, ապա դա միջոցառումների, մեթոդների և միջոցների համալիր է, որն ապահովում է ազգային շահերի պաշտպանությունը Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտներից բխող սպառնալիքներից։ Դա իմ մասնագիտությունն է։ Սակայն այս պահին կարևոր է նաև մեկ այլ բան։

Կարծեմ ձեր լրատվամիջոցումի լրահոսում նույնպես եղել է այն նորությունը, որ կապիտուլյանտն իր կողմնակիցներին արդեն կոչ է արել ընտրություններին հենց հաջորդ օրը հավաքվել մայրաքաղաքի հրապարակում։ Այդ հավաքի նպատակն անձամբ ինձ համար հասկանալի է և հաստատվում է տեղեկացված աղբյուրներից ստացվող որոշակի տեղեկություններով։

Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է։ Գիտակցելով, որ չնայած հսկայական վարչական ռեսուրսի ներգրավմանը, ընտրություններն իր համար տանուլ են տրված, նա փորձում է խարխլել ներքաղաքական իրավիճակը։

Ինչպես էլ իրադարձությունները զարգանան, պետք է հիշել, որ խոսքը մեր քաղաքացիների մասին է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ բախում թույլ չտանք։ Իսկ դրա համար մեզնից յուրաքանչյուրը, առանց ծուլանալու, պետք է գնա ընտրության և իր քվեարկությամբ ընդմիշտ ազատվի Փաշինյանից՝ նրան նետելով պատմության աղբանոցը։ Մենք պետք է ինքներս անենք դա, ոչ ոք մեր փոխարեն չի անի։ Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր համաքաղաքացիների մի մասը դեռևս Նիկոլի լկտի ստի ու մանիպուլյացիաների ազդեցության տակ է։ Եվ մենք փորձում ենք քարոզարշավի ընթացքում նման մարդկանց՝ մեր եղբայրներին ու քույրերին, դուրս բերել զոմբիացված վիճակից։ Գուցե դա 100 տոկոսով չհաջողվի, բայց այսօր մեր ժողովրդի ու մեր քաղաքական ուժերի համար այլ ճանապարհ չկա։

Օգտվելով առիթից՝ բոլոր իրավապահ մարմինների սպաներին կոչ եմ անում ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, պատվով կատարել օրենքներով և Սահմանադրությամբ դրված խնդիրը, եթե Փաշինյանը գործնականում փորձի բախումներ հրահրել: Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի։

- Ինչպիսի՞ն եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումները Արցախում: Ի՞նչ հեռանկարներ կան։

- Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Հակամարտությունը կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ այդ տարածքում ապրող արցախցիների համար երաշխավորված կլինի անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքը։

Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները դադարեցվել են զինադադարի մասին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր է խաղացել պատերազմի դադարեցման գործում։ Սակայն հիշյալ հայտարարությունը զինադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ ընդգծել դա։ Քաղաքական կարգավորման հարցն այս պահին բաց է։

Եվ այն պետք է ներառի պատերազմ հրահրելու պատասխանատվություն` հաշվի առնելով այն իրողությունները, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ։ Եվ այդ պատճառով Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Եվ անցած երեք պատերազմներն էլ դրա ակնհայտ ապացույցն են։ Արցախը 21-րդ դարում մեր ազգային ինքնության միջնաբերդն է։

Քաղաքական կարգավորման հարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների շրջանակում, Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի առաջարկած բանաձևի շրջանակներում ընթացող գործընթացների հունով։ Եվ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության մասին, ապա չպետք է խախտենք արդարության սկզբունքները։

- Վերջերս Արցախում Դուք հանդիպել եք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Դուք բազմիցս քննադատել եք Փաշինյանի և նրա թիմի անդամների բանավոր հարձակումները եկեղեցու դեմ։ Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ շաբաթվա ընթացքում Փաշինյանը կրկին հերթական հարձակումն է սկսել։

- Ինչպես գիտեք, «Հայրենիք» կուսակցությունը, որը ես եմ ղեկավարում, ինչպես նաև «Հանրապետական» կուսակցությունը, որի հետ մենք այս ընտրություններին միասնական դաշինքով ենք մասնակցում, պահպանողական կուսակցություններ են և հանդես են գալիս ազգային, հոգևոր, ընտանեկան արժեքների, մեր ինքնության ու մշակույթի պաշտպանության ու հանրահռչակման օգտին։

Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի համար, որի 70%-ը Հայաստանից և Արցախից դուրս է ապրում, մեր եկեղեցին մեր ինքնության մի մասն է, դա կարևորագույն ազգային ինստիտուտ է, որը համախմբում է մեր ժողովրդին։ Եկեղեցին՝ որպես ինստիտուտ, հատկապես կարևոր է ճգնաժամերի շրջանում, և հիմա, երբ ապաշնորհ և, ինչպես պարզվեց, մեր ժողովրդի համար խորթ իշխանությունն անընդհատ ձգտում է թուլացնել և ոչնչացնել բարոյականությունը, էթիկան և փոխարինել դրանք սոցիալական ցանցերում բթամիտ լայվերով։ Մենք դա թույլ չենք տա։ Մեզ համար դա պատվի հարց է։ Պատիվ ունեմ:

Артур Ванецян на фоне баннера блока Честь имею
© Photo : Пресс-служба партии "Отечество"
Արթուր Վանեցյան
699
թեգերը:
Արցախ, Պատերազմ, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան
Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան

Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին

245
(Թարմացված է 15:40 15.06.2021)
Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում։ Կարելի՞ է արդյոք խուսափել վատագույնից, ինչպե՞ս վերականգնել երկիրը երկարատև տուրբուլենտությունից հետո և վերադարձնել կայուն զարգացման հուն՝ պատմել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նախընտրական տրամադրությունները, գերիների հարցը նախընտրական նպատակներով օգտագործելը, Ռուսաստանի հետ մութ խաղերը, ձախողումները պետական կառավարման համակարգում և արտաքին քաղաքականության մեջ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս և մի շարք այլ թեմաների մասին խոսել է ռուսական երեք լրատվամիջոցներին՝ Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և RT-ին տված հարցազրուցում։

-Պարոն Քոչարյան, այս նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնությամբ կոշտությամբ, վարկաբեկող նյութերով ու սև տեխնոլոգիաներով։ Առաջին նախագահը խոսում էր քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Բախումներ հնարավո՞ր են։

-Դա իրադարձությունների զարգացման չափազանց անցանկալի տարբերակ է, այն ամբողջությամբ ժխտել չի կարելի։ Բայց ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից և նրանից, թե հանրությունն ինչ վստահությամբ կվերաբերվի այդ արդյունքին։ Եթե ընտրական հանձնաժողովներն իրենց տեղում իրենց աշխատանքը կատարեն հստակ, օրենքի շրջանակում, չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ հետևանքներ կլինեն։ Բավականին լավատեսությամբ եմ նայում արդյունքներին, և կարծում եմ, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումների իրականացումից։

-Երկրորդ փուլ կլինի՞։

-Հավանականությունը մեծ չէ։ Երկրորդ փուլը ենթադրում է, որ անհնար կլինի կոալիցիա ստեղծելը, եթե կուսակցություններից կամ դաշինքներից ոչ մեկը կառավարության ինքնուրույն ձևավորման համար բավարար ձայն չհավաքի։ Այսօրվա դրությամբ երկրորդ փուլի հավանականությունը փոքր է։

-Ինչո՞վ է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը տարբերվում մրցակիցների առաջարկներից։ Դուք հայտարարել եք, որ հաղթանակի դեպքում քաղաքական բարեփոխումներ կանեք, որոնց արդյունքում վարչապետի լիազորությունները կկրճատվեն։ Դա ի՞նչ կտա երկրին, և ինչպե՞ս կհաջողվի հաղթահարել քաղաքական ճգնաժամը։

-Եթե խոսքը վերաբերում է գործող իշխանության մրցակցությանը, ապա նրանք առհասարակ ծրագիր չունեն։ Դա շատ տարօրինակ է, քանի որ իշխանությունը չի փորձում պատմել իր հաջողությունների և բացթողումների մասին։ Ցանկացած ընտրություն, այնուամենայնիվ, իշխանությունների հաշվետվությունն է։ Բայց այդ մասին խոսք չկա, ինչպես նաև ապագայի մասին։ Խոսքը հեռավոր անցյալի մասին է, 10-20 տարի առաջվա։ Այսօրվա անհաջողությունների պատճառները թաքնված են նախկին իշխանությունների գործողություններում, ընդ որում՝ բոլոր իշխանությունների։ Կարծում եմ՝ նրանց չափազանց երես էին տվել 2018թ․-ի իրադարձությունները՝ ժողովրդի աջակցությունն ու սերը։ Եվ դեռ 2018թ․-ում են մնացել՝ այդ իրադարձությունների տպավորության տակ։

Այո, մենք քաղաքական բարեփոխումներ ենք նախատեսում։ Դրանց նպատակն է ինչպես հարկն է հավասարակշռել իշխանության ճյուղերը։ Ես առաջ էլ եմ այդ մասին խոսելու առիթ ունեցել, բայց այսօր վարչապետը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան նախագահներն ունեին նրանից առաջ։ Այս իրավիճակը նորմալ չէ, և պետք է վերականգնել զսպման և հակակշիռների մեխանիզմները։ Մենք մեր մաշկի վրա ենք զգացել, թե ինչ է նշանակում չհավասարակշռված իշխանությունը։ Վերջին տարիներին նրանք փորձել են երկրում բացարձակապես ամեն ինչ ձևափոխել իրենց ձևով՝ անպատրաստ լինելով պրոֆեսիոնալ առումով երկիր կառավարելուն, տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն։ Եվ ահա ստացել ենք այն, ինչ կա։

-«Հայաստան» դաշինքը ո՞ւմ հետ կարող է կոալիցիա կազմել։

-Մենք հույս ունենք հաղթել ընտրություններում և ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Մենք հիմա կոալիցիաների մասին չենք խոսում, ներկայիս իրավիճակն ու հարցումները մեծ անորոշություն են ցույց տալիս մի ամբողջ շարք կուսակցությունների հարցում, և ահնհասկանալի է, թե խորհրդարանում ինչ դասավորություն կլինի։
Բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինենք ինչ-ինչ կոալիցիոն լուծումների գնալ։

-Դուք ասել եք, որ Ղարաբաղի որոշակի տարածքներ կարելի է վերադարձնել։ Ո՞ւմ հետ և երբ, ո՞ր շրջանների վերաբերյալ եք պատրաստ բանակցություններ վարել, ո՞ւմ միջնորդության հույսն ունեք և ինչպե՞ս եք մտադիր համոզել Բաքվին, եթե նրանք ասել են, որ հարցը փակված է։

-Բանաձևը հետևյալն է՝ եթե մենք երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում, ապա պետք է այնպիսի որոշումներ ընդունենք, որոնք շատ անարդար չեն լինի։ Ինձ թվում է, որ բանակցություններով այնուամենայնիվ հնարավոր է համաձայնության գալ նախկին ԼՂԻՄ տարածքի շուրջ։ Այստեղ մենք բավականին ուժեղ փաստարկներ ունենք, այն կապված է ազգի ինքնորոշման իրավունքի հետ։ Բանակցությունների համար որոշակի հեռանկարներ եմ տեսնում։ Թե ինչ ձևաչափով կլինեն բանակցությունները, առայժմ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է։ Իրադարձությունները հանգեցրել են նրան, որ Ռուսաստանի դերն ավելի գերակշռող է դարձել, և ՌԴ-ն առաջնորդող դիրք է գրավում Մինսկի խմբի շրջանակում։

-Պատերազմն ավելի շուտ կանգնեցնելու հնարավորություն կա՞ր։

-Անկասկած։ Առաջինը՝ չպարտվելու բացարձակ հնարավորություն կար, պետք էր կանգնեցնել այն։ Եվ այդպիսի հնարավորություններ եղել են։ Սա ուղղակի անտաղանդ կառավարում է։ Եղել է Ռուսաստանի նախագահի՝ պատերազմը կանգնեցնելու նախաձեռնությունը։ Եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին։ Հայկական կողմը միանգամայն անհասկանալի պատճառներով մերժել է այդ առաջարկը՝ պատճառաբանելով, որ նրան (Փաշինյանին) սխալ կհասկանան և դավաճան կանվանեն։ Ավելի շատ բան կորցրինք, քան եթե այդ պահին համաձայնեինք։ Իսկ դավաճան, միևնույնն է, անվանում են։

-Հայաստանի իշխանությունը պատերազմի ժամանակ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու լավ հնարավորություն ուներ։ Ինչպե՞ս եք հիմա տեսնում Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը։ Եվ ձեր իշխանության գալու դեպքում ճանաչումն այնուամենայնիվ հնարավո՞ր է։

-Իսկ ի՞նչ կփոխեր ճանաչումը պատերազմի ընթացքում։ Պետք էր կռվել, պետք էր պահել ճակատը, ոչ թե նահանջել և ամեն ինչ հանձնել։ Չեմ կարծում, որ դա որևէ բան կփոխեր։ Մենք չէինք ճանաչում ԼՂՀ անկախությունը, որպեսզի պատերազմ չսադրենք։ Իսկ գործող իշխանությունը խնդիրը ինքնորոշման հարթությունից տեղափոխեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարթություն։ Գիտակցաբար, թե հիմարությունից՝ այդ մանրամասների մեջ չեմ մտնի։ Բայց դա արվեց, և դա լեգիտիմացրեց Ադրբեջանի ռազմական արշավը։ Իբր մենք վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը։ Եվ ոչ մի երկիր չդատապարտեց ռազմական գործողություններ սկսելը։

-Շաբաթ օրը գերիների նոր խումբ վերադարձավ, ինչն, անկասկած, դրական նորություն է ամբողջ հայ հանրության համար։ Բայց այն փաստը, որ դա արվեց նախընտրական շրջանում, ինչպես և ԱՄՆ-ի գործոնը, հարցեր են առաջացնում։ Դուք ունե՞ք հարցեր։

-Իհարկե, հարց է առաջանում՝ արդյոք դա պատահականությո՞ւն է, համընկնում է, թե՞ ոչ։ Ինձ համար դժվար է գնահատական տալ, բայց այնուամենայնիվ ամենակարևորն այն է, որ ինչ-որ թվով գերիներ վերադարձել են։ Սակայն խնդիրը շարունակում է չափազանց սուր մնալ։ Մենք մինչև օրս չգիտենք, թե քանի գերի ու անհետ կորած ունենք, և մինչև օրս զոհվածների կոնկրետ թիվ չգիտենք։ Իշխանությունը դա հատուկ գաղտնի է պահում կամ պարզապես թվերին չի տիրապետում։ Բացարձակապես անհասկանալի և անբացատրելի է։

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի գործողությունները ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ռուս խաղաղապահների գործողություններն այսօր։

-Ռուսաստանն, իհարկե, հակամարտության ընթացքում շատ նուրբ իրավիճակում էր հայտնվել։ Մի կողմից՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից՝ միջնորդ, Մինսկի խմբի համանախագահ, ինչը ենթադրում էր, որ պետք է հավասար հեռավորություն պահել կողմերի նկատմամբ։ Բացի այդ, Ռուսաստանն Ադրբեջանի հարևանն է։ Մոսկվան փորձում է Բաքվի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել։
Իրավիճակը շատ բարդ է։ Հայաստանի սպասումները չէին համընկնում այն բանի հետ, ինչ Ռուսաստանը տվյալ իրավիճակում կարող է անել։ Նրա համար պատկերը սև ու սպիտակ չէ և բավականին զգայուն է։ Ռուսաստանի շահերի տեսանկյունից միակ ճիշտ քայլը պատերազմը հնարավորինս արագ կանգնեցնելն էր։ Եվ Ռուսաստանը փորձում էր դա անել հակամարտության առաջին իսկ օրերից։ Այստեղ Ռուսաստանի համար լավ լուծումներ չկային։

Այն փաստը, որ այսօրվա դրությամբ Ղարաբաղում ինչ-որ խոշոր կռիվներ և բախումներ չեն եղել (փոքր միջադեպեր են եղել), խոսում է այն մասին, որ կողմերը հարգանքով են ընդունում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը: Եվ խաղաղապահ առաքելությունն էլ աշխատում է այնպես, որ իր գործունեությամբ արժանանում է այդ հարգանքին։ Առայժմ այսպիսի պատկեր է։ Բայց խաղաղապահների մանդատը սահմանափակված է 5 տարի ժամկետով, և դա ամենամեծ խնդիրն է։

-Կարծում եք, որ պետք է ինչ-որ փաստաթո՞ւղթ լիներ։

-Ավելի լավ կլիներ, եթե այդ մանդատն անժամկետ լիներ, առանց ժամկետ նշելու4,5 տարի անց Ադրբեջանն իրավունք ունի Ռուսաստանին տեղեկացնելու, որ իրենք դեմ են խաղաղապահների մանդատի շարունակմանը։ Եվ Ռուսաստանը, այդ հայտարարության համաձայն, ստիպված կլինի հեռանալ այնտեղից։
Այսինքն՝ դա հանգեցնում է նրան, որ Ղարաբաղում բոլորի պլանավորման հորիզոնը կարծես սահմանափակվում է այդ ժամկետով։ Այնպիսի անորոշություն է, որ թե՛ մարդիկ, թե՛ կառավարությունները՝ Հայաստանում ու Ղարաբաղում, չեն կարողանում պլանավորել իրենց ապագան։

-Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ի արձագանքն այստեղ քննադատության ենթարկվեց։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս պետք է արձագանքեր ՀԱՊԿ-ը։

-Ես այդ հարցում ՀԱՊԿ-ից բացարձակապես ոչինչ չէի սպասում։ Առավելագույնը, որ նրանք կարող են անել՝ ինչ-որ հայտարարություն, խաղաղության, զսպվածության կոչ անելն է։ Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր անդամների հետ, բացառությամբ Ռուսաստանի, շատ ավելի լավ են, քան Հայաստանի հարաբերությունները։ Համագործակցության մակարդակը թե՛ տնտեսության, թե՛ ռազմատեխնիկական ոլորտում նույնպես ավելի բարձր է, քան Հայաստանի հարաբերությոններն այդ երկրների հետ։ Ինչի՞ համար զուր օդ տատանել՝ հասկանալով, որ ոչինչ էլ չի լինի։ Ուստի այստեղ կարծում եմ՝ շեշտը պետք է դնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և Մոսկվայի հետ երկկողմ պայմանագրի դրույթների վրա։

-Խաչատուրովի գործն իր հետքը թողե՞ց ՀԱՊԿ-ի դիրքորոշման վրա։

-Անկասկած։ Որոշ չափով փչացրեց ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները։ Դա ոչ միայն պարզապես անհարգալից վերաբերմունք էր միջազգային կազմակերպության հանդեպ, որի անդամ ես հանդիսանում։ Հայաստանի բոլոր փորձագետներն ասում էին՝ մի արա այդպիսի բան, հիմարություն մի արա։ Բայց, այնուամենայնիվ, նրանք այդպես որոշեցին։ Մարտի 1-ի վերաբերյալ այդ մեղադրանքները լիովին պայթեցին։ Արդյունքում մենք ծանր ապտակ ստացանք ՀԱՊԿ-ից, արդեն՝ ի պատասխան։ Բայց այդ ամենը, իհարկե, մենք սադրեցինք՝ հայկական կողմը։

-Ձեր կարծիքով՝ որքա՞ն լուրջ են այսօր հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները, արդյո՞ք դրանք վտանգավոր մակարդակի են հասել։ Եվ կարելի՞ է արդյոք վերադարձնել դրանք նախկին մակարդակին։

-Չեմ կարծում, որ խոսքն ինչ-որ վտանգավոր մակարդակի մասին է։ Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այս իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Բավական է միայն վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն։

-Դուք նկատե՞լ եք, որ Փաշինյանը փորձում է ինչ-որ բան շահել հակառուսական տրամադրություններից։

-Նա իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ կա։

-Ինչպե՞ս եք մտադիր կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները հաղթանակի դեպքում։ Ձեր նախընտրական ծրագրում ասված է, որ փոխշահավետ համագործակցություն է հնարավոր ենթակառուցվածքային նախագծերում, առողջապահության ոլորտում, ագրարային հատվածում։ Ուրիշ ի՞նչ ոլորտներ կարելի է ներգրավել համագործակցությունը մեծացնելու համար։

-Գիտե՞ք՝ գունապնակը շատ լայն է։ Հայաստանը փոքր երկիր է՝ փոքր տարածքով և քիչ բնակչությամբ։ Ռուսական շուկան մեզ համար հսկայական է։ Հետևաբար՝ ցանկացած ուղղությամբ։ Տնտեսության մեջ պարզապես ձեռնտու է։ Ես կարծում եմ՝ ձեռնտու է և՛ մեզ, և՛ Ռուսաստանին։ Խանգարում է, իհարկե, այդ փոխգործակցության ենթակառուցվածքի բացակայությունը։ Դե, այստեղ էլ կարելի է համատեղ ծրագրեր անել։ Ի դեպ, Վերին Լարսի ճանապարհը մշտական տրանսպորտային խնդիր է։ Եվ այստեղ հավանաբար կարելի է մայրուղու համատեղ նախագիծ ունենալ, որը առկա տրանսպորտային հոսքերի համար զարգացման շատ լուրջ գործոն կդառնա։
Ի դեպ, ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլիներ նաև իրանական կողմին՝ ընդհուպ մինչև Չինաստան։ Դա այսօր իրապես խանգարում է տնտեսության մեջ մեր հարաբերությունների զարգացմանը։

-Իսկ ի՞նչ կասեք Հայաստանում երկրորդ ռազմակայան բացելու մասին։

-Դա կլինի երկրորդը, թե ընդլայնված առաջինը, կարծում եմ, այստեղ առանձնապես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Ռուսաստանի ներկայությունն այստեղ ռազմական առումով շեշտադրված լինի։ Եվ ի դեպ, ռուսական բազան այդ առումով շատ ուժեղ է։ Բայց այդ ներկայությունը պետք է ավելացնել։

-Դուք այս տարի արդեն երեք անգամ զրուցել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարո՞ղ եք մի փոքր բացահայտել զրույցի մանրամասները, ներքաղաքական իրավիճակը քննարկվե՞լ է, Ղարաբաղը քննարկվե՞լ է։

-Թեմատիկայի մասին հաղորդագրություն է եղել։ Ավել բան չեմ կարող ասել։

-Նախընտրական փուլում շփվե՞լ եք, ինչ-որ կոնտակտներ եղե՞լ են։

-Ոչ, վերջին շրջանում ոչ։ Երբ ես լինում եմ Մոսկվայում, այդպիսի շփումներ ունենում եմ։ Հայաստանից՝ ոչ։ Դե, հայտնի և հասկանալի պատճառներով։

-Իսկ ռուսական քաղաքական էլիտայի հետ կապ պահո՞ւմ եք։

-Այո, իհարկե։ Այդ կապերն անձնական մակարդակի են։ Ես առհասարակ կարծում եմ, որ անձնական հարաբերությունները նաև միջպետական հարաբերությունների շատ կարևոր բաղադրիչ են։ Այսինքն՝ մենք բոլորս մարդիկ ենք, մարդ ենք մնում։ Եվ դա չի կարող ուժ չտալ, կամ չսնել միջպետական հարաբերությունները և հակառակը։ Վստահելի հարաբերություններ կառուցելը կարևոր է։

-Դուք ասում էիք, որ կփակեք Սորոսի հիմնադրամը Հայաստանում կամ «օտարեկրյա գործակալ» կճանաչեք, ո՞րն է նրանց մեղքը։ Արդյո՞ք նրանց մեղքի բաժինը կա Փաշինյանի կորուստներում և ձախողումներում։

-2018թ․-ին զանգվածային հարձակում սկսվեց բանակի վրա։ Իսկ Հայաստանում բանակը ամենակայացած պետական ինստիտուտն էր համարվում։ Մարդիկ հպարտանում էին բանակով՝ մեր անվտանգության առանցքով։ Հարձակումներ եղան բանակի, եկեղեցու, մեր հոգևոր արժեքների վրա, մեր ինքնության վրա։ Այսինքն՝ բառացիորեն մեկ տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ եղան ուսումնական ծրագրերում, դրանցից ազգային բաղկացուցիչը հանելու փորձեր արվեցին։

Յուրաքանչյուր հայի համար ինչ-ինչ սուրբ բաներ կան, իսկ այստեղ այդ ամենը լրջագույն կոռոզիայի ենթարկվեց, բառացիորեն այդ թիմի իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Կրկնեմ՝ բանակը, եկեղեցին և մեր ազգային արժեքները։ Արդյունքը մեր պարտությունն է պատերազմում։ Այս ամենը կապվա՞ծ են իրար հետ։ Ես վստահ եմ, որ կապված են։

Դա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք նստած են «սորոսական» գրասենյակում կամ նման կազմակերպություններում, հատուկ պլանավորել էին այս պարտությունը։ Ուղղակի այդ գործընթացի կառավարման վահանակը միանգամայն ուրիշ վայրում է։ Իսկ պտուտակներն այստեղ բավականին մեծ ոգևորությամբ կատարում էին յուրաքանչյուրն իր առաջադրանքը։ Գուցեև չտեսնելով ընդհանուր պատկերն ու ընդհանուր նպատակը։

-Սորոսի հիմնադրամը սկսել է գործել դեռևս ձեր նախագահության շրջանում։ Այն ժամանակ դուք զգո՞ւմ էիք այդ ռիսկերը։

-Ես նրանց առհասարակ չէի նկատում։ Ես հետո եմ իմացել, ի դեպ, այդ իրադարձությունների (հեղափոխության) ժամանակ եմ իմացել, որ նրանք այն ժամանակ գործել են։ Դրանք ինչ-որ քաղաքական ծոպեր էին։ Բայց նրանք երկար են աշխատել։

Ամենահետաքրքիրը՝ առաջին ոլորտը, որտեղ նրանք մտնում են, կրթությունն է։ Այնտեղ լատենտությունը շատ է, նրանց աշխատանքի արդյունքները որոշ ընդմիջումով են երևում։ Երբ դու դրանք հայտնաբերում ես, պարզվում է, որ այդ ամենն ուղղելու համար տարիների ջանադիր աշխատանք է հարկավոր։

Նրանք մտնում են կրթության մեջ, սկսում են մաշեցնել հոգևոր արժեքները։ Նոր համընդհանուրության ձևավորում է ընթանում՝ աշխարհի մարդ, առանց որևէ ազգային առանձնահատկության։ Այդ աշխատանքի համար մոբիլիզացնում են ակտիվ, երիտասարդ, կրթված մարդկանց, որոնք այդ մոտեցումների համոզված կրողներ են դառնում։ Եվ նախանձելի ոգևորությամբ տեղում առաջ են մղում այդ ամենը։ Եվ դրա համար, ի դեպ, վատ չեն պարգևատրվում։

-Ընտրություններում «Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում ինչպե՞ս է կառուցվելու միջազգային հարաբերությունների համակարգը։ Եվ ի՞նչ կփոխեիք արտաքին քաղաքականության մեջ։

-Նախևառաջ հարկ կլինի վերականգնել արտաքին գործերի նախարարությունը, որը մենք պարզապես չունենք։ Հետաքրքիր է, որ փորձառու դիվանագետների մեծ խումբ կա, բայց արտաքին գործերի նախարարություն չկա։ Ֆենոմենալ իրավիճակ է, երբ ամբողջ գերատեսչությունը․․․

Ի դեպ, այս բոլոր երեք տարիների ընթացքում, բացի մեկ նախարարից, որ ինչ-որ դեր էր խաղում, կարծես թե (ես ուղղակի ունեմ այդ տեղեկությունը) նրանց բոլորին վրդովեցնում էր այն, ինչ անում էր այս իշխանությունը։ Դա արդյունքում հանգեցրեց նրան, որ նախարարությունը կազմաքանդվեց։

Այդ ամենը վերականգնել է պետք, քանի որ դա այն գործիքն է, որի միջոցով իրականացվում է արտաքին քաղաքական գործունեությունը։ Կսկսենք դրանից, այնուհետև կփորձենք հարաբերություններ կառուցել այն բոլոր ուղղություններով, որոնք ավանդաբար կարևոր են մեզ համար։ Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի, ԵՄ-ի հետ հարաբերությունները, ամբողջ սպեկտրը։ Չինաստանի հետ պետք է շատ լուրջ, ինստիտուցիոնալ հարաբերություններ կառուցել, դա արդեն համաշխարհային կայսրություն է, եթե ոչ թիվ մեկը, ապա համարյա թիվ մեկը։ Իսկ գուցե և հենց թիվ 1-ը՝ տնտեսական հնարավորությունների առումով։ Շատ աշխատանք կա։

-Կոմպլեմենտար քաղաքականություն լինելո՞ւ է։

-Ժամանակակից աշխարհում կոմպլեմենտարության միջանցքը շատ է նեղացել։ Մենք բավականին հաջող կոմպլեմենտարություն էինք իրականացնում այն տարիներին, բայց այն ժամանակ Ռուսաստանի և Արևումտքի միջև հարաբերությունների ներկայիս սրությունը չկար։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ավելի շատ ծրագրեր ուներ, քան Հայաստանի հետ։ Այդ առումով այն ժամանակ կոմպլեմենտարությունը տեղին էր, հիմա պետք է շատ լրջորեն վերանայել չափանիշները։ Այսինքն՝ այն իրավիճակին վերադառնալ արդեն չի ստացվի, անկասկած։ Դա նաև սխալ կլիներ։ Բայց ակտիվ արտաքին քաղաքականության նոր, կրեատիվ մոդել կգտնենք։

-Արտաքին գործերի նախարարի թեկնածու ունե՞ք։

-Իհարկե, ունեմ։ Ես մի անգամ ասել եմ, որ մենք կառավարության առնվազն 2-3 կազմ ունենք։ Գրեթե հավասարազոր։

- Կարեն Կարապետյանի վերադարձը հնարավո՞ր է: Եթե այո, ի՞նչ կարգավիճակով։

-Մենք նրա հետ շփվում ենք, շփվում ենք կանոնավոր կերպով։ Ես ուղղակի ցավում եմ, որ նա հեռացավ։ Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, պարզապես սխալ էր։ Համենայնդեպս, իմ կողմից առաջարկ կլինի։

-Այսինքն՝ դա քննարկո՞ւմ եք։

-Եկեք թողնենք փակագծերում։

-Ձեզ հաճախ բավականին կոշտ քաղաքական գործիչ են անվանում։ Իշխանության գալուց հետո ընտրությունների բարեհաջող ելքի դեպքում ի՞նչ կփոխեիք կառավարման մեթոդներում։

-Մեր երկրում այսօր իրական կառավարչական ճգնաժամ է։ Պարզապես պետական մեքենան չի աշխատում։ Նախևառաջ պետք է կարգի գցել այս մեքենան, որպեսզի այն շվեյցարական ժամացույցի պես աշխատի: Եթե այս գործիքը չի աշխատում, դուք պարզապես չեք կարող հաջողել։ Ուստի, եթե կոշտություն ասելով հասկացվում է կարգապահությունը, հստակ կառավարումը, ապա, այո, այս առումով կոշտություն կլինի:

-Բայց ոչ ուժային մեթոդնե՞ր, առանց վենդետաների՞։

-Ժամանակակից տնտեսությսն մեջ ուժային մեթոդներով հեռու չես գնա։ Ինչ վերաբերում է պետական իշխանությանը, կառավարման մեխանիզմներին, այստեղ ամեն ինչ պետք է համակարգված աշխատի։ Այո, այստեղ ամեն ինչ շատ կոշտ կլինի։

Ի դեպ, այս առումով մարդիկ շատ են կարոտել պետական մեքենայի աշխատանքը։ Հիմա քաղաքացուն 5-10 նախարարություններում մի կաբինետից մյուսն են ուղարկում, և ոչ մի տեղ ոչ մի հարց չի լուծվում։ Դա պարզապես խայտառակություն է։ Մարդը չգիտի, թե ինչպես է պետք լուծել այդ հարցը, քանի որ միագամայն պատահական է հայտնվել այդ պաշտոնում, բացարձակ մասնագիտական ունակություններ չունի, կառավարման փորձ չունի, ուղղակի զրոյական է, բայց հանկարծ կարևոր մարդ է դարձել։ Նրա մոտ գալիս են, նա պետք է ցուցադրի իր կարևորությունը, նա էլ ցուցադրում է, բայց գործը դրանից այն կողմ չի անցնում։

245
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Ճգնաժամ, Պատերազմ, հարցազրույց, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են կենտրոնական շտաբում․ լուսանկարներ
Արմեն Չարչյան

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

30
(Թարմացված է 15:59 20.06.2021)
Արմեն Չարչյանը հայտնում է, որ երբ ձերբակալված է եղել` 37 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել է. հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։

«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։

Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ` այդ դեպքում ստուգողական գործողություններ են անում և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

30
թեգերը:
Ձերբակալություն, Ընտրություններ, «Հայաստան» դաշինք, Արմեն Չարչյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ
Ինչ խնդիրներ են ունենում հաշմանդամություն ունեցողներն ընտրատեղամասեր այցելելիս