Հրանտ ՄԱթևոսյանի հայրական տունը

Հրանտ Մաթևոսյանի ազատության ու սիրո ճանապարհը. ի՞նչ վիճակում է գրողի հայրական տունը

319
(Թարմացված է 10:29 05.08.2019)
Հրանտ Մաթևոսյանի տանը ջերմ և ուրախ մթնոլորտ է տիրում։ Գրողի եղբոր շնորհիվ տունը Տուն է մնացել և չի վերածվել «մեռած ցուցափեղկի»։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Նանա Մարտիրոսյան․ Հրանտ Մաթևոսյանի հայրենի գյուղ՝ Ահնիձոր հասնելը բարդ է։ Ճանապարհը հողոտ ու քարքարոտ է, բազում շրջադարձներով։ Այնպիսի փոշի է բարձրանում, կարծես անապատում ես երթևեկում։ Այստեղ նույնիսկ խորհրդային տարիներին ասֆալտ չկար, ու հենց ճանապարհին գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, մի պատմություն է հիշում։

Въездная дорога в село Агнидзор
© Sputnik / Nana Martirosyan
Ահնիձոր գյուղը

«Մի անգամ հայրս տեղի իշխանություններին դիմեց, որ ճանապարհ սարքեն։ Իսկ գյուղի ղեկավարը մեր պապն էր` Հրանտ Մաթևոսյանի հայրը։ Նրան ասացին, որ ամեն ինչ արել են, գումար են փոխանցել ու ճանապարհը շուտով պատրաստ կլինի։ Նա ուրախ-ուրախ գյուղ  վերադարձավ ու զարմացավ`տեսնելով, որ տեխնիկա չկա։ Գյուղ մտնելիս նկատեց, որ պապը ճանապարհի վրա ինչ-որ բան է անում։ Երբ պապը տեսավ նրան, հարցեց․«Էլ ի՞նչ կարայիր գլխիս բերեիր», - պատմում է Դավիթը ու նշում, որ կարգադրել են ճանապարհը խելքի բերել, բայց ոչ գումար են տրամադրել, ոչ տեխնիկա։

Կրտսեր Մաթևոսյանը պարբերաբար ընդհատում է պատմությունը ու զանգերին պատասխանում` տեղի բարբառով ։ Մեքենայի մեջ գտնվող մարդիկ նկատում են, որ նա չի մոռացել անցյալն ու իսկական լոռեցու բարբառով է խոսում։ Գյուղում բոլոր անցորդները սկսում են նրան գրկախառնվել ու համբուրել։ Պարզվում է` գյուղացիների մեծ մասը նրա բարեկամներն են։ Բակում շարվել են գրողի բոլոր ազգականները՝ եղբայր Համոն (նրա անունը Համլետ է, բայց չի սիրում, երբ այդպես են ասում), նրա երեխաները, զարմիկները, թոռները և այլն։ Նրանք շատ են, ու բոլորը նման են իրար։ Իսկ տան մոտ պառկած է տան ալարկոտ պահակը՝ Ռոբերտ անունով շունը, որին քնքշորեն Բոբ են ասում։

«Մենք Տունը մեծատառով ենք գրում, որովհետև տունը մենք ենք ` մեր մեծ գերդաստանը»,  - ասում է Համո Մաթևոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Իսկ հետո պատմում է, որ Տունը կառուցվել է 1936 թվականին, երբ Հրանտ ու Հրաչյա եղբայրները դեռ շատ փոքր էին, իսկ ինքն իսկի ծնված էլ չէր։ Ծնողների խոսքերն է փոխանցում, որ դժվար է եղել կառուցելը, վատ ժամանակներ էին։ Այժմ նա ապրում է այդ տանն ու պարբերաբար մտորում՝ արդյո՞ ք արժե այն տուն-թանգարան դարձնել։

Роберт, он же Боб во дворе Дома Гранта Матевосяна в селе Агнидзор
© Sputnik / Nana Martirosyan
Ռոբերտ անունով շունը, որին քնքշորեն Բոբ են ասում

«Տունը պետք է տուն լինի, թանգարանը ասես մահացած ցուցափեղկ լինի։ Ուզում եմ, որ այստեղ միշտ կյանքը զգացվի։ Չէ որ սա մեր հայրական տունն է ու ամենաթանկն է մեզ համար։ Մարդիկ կարող են այն անշուք ու հասարակ համարել, բայց ինձ համար ավելի շքեղ տեղ չկա։ Հենց այսպիսին պետք է լինի գրողի տունը, այսպիսի մթնոլորտով ու կոլորիտով։ Բայց ինձ անհանգստացնում է մի հարց՝ ինձնից հետո ի՞նչ է լինելու», - անկեղծանում է կրտսեր Մաթևոսյանը։

Նա ասում է, որ Հրանտի ամեն մի այցելությունը տունը ջերմությամբ և ուրախությամբ էր լցնում։ Նա քնքշորեն էր վերաբերվում բարեկամներին ու սիրում էր նրանց ասել «լավե ջան»։ Գրողը պաշտում էր այս տան ամեն մի անկյունն ու դժգոհ էր լինում, երբ ինչ-որ բան փոխում էին։

«Մշակութային հեղափոխության համար չկա ճանապարհային քարտեզ». Դավիթ Մաթևոսյան

«Հրանտն ասում էր․«Էս գյադեն էլի մի բան փչացրել ա, բայց ապրես» ու սա բավարար էր նրա կարծիքն իմանալու համար»,  -հիշում է գրողի եղբայրը։

Այս տանը բոհեմական երեկոներ էին անցկացվում։ Այստեղ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ չէին լինում, այստեղ համեստ խնջույքներ էին անում գրողներն ու արվեստագետները։ Վանո Սիրադեղյանն էր հաճախ գալիս, բայց նրան ի սկզբանե զգուշացրել էին, որ նա որպես գրող է մասնակցում։ Սիրադեղյանին անվանական փեթակ էին նվիրել, որը մինչև հիմա էլ տան բակում է։ Հյուրերը շատ էին՝ Համո Սահյան, Ֆելիքս Մելոյան, Լևոն Խեչոյան, Ռուբեն Հովսեփյան ու նույնիսկ ռուս գրող Անդրեյ Բիտովը։

Улии во дворе Дома Гранта Матевосяна в селе Агнидзор
© Sputnik / Nana Martirosyan
Սիրադեղյանի անվանական փեթակները

«Մի անգամ Ռուբեն Հովսեփյանն ինձ հարցրեց՝ ի՞նչի համար եմ պահում հին սեյֆը։ Ասացի` որ թունդ օղին պահեմ մեջը, մինչև իր գալը։ Նա ժպտաց ու ասաց․«Այո, արժե»։ Բայց այլևս չեկան։ Ցավները տանեմ, կարոտի չափ կարոտում եմ նրանց», - խոստովանեց Համո հորեղբայրը։

«Հայաստանը կինո է»․ ինչի մասին է Անդրեյ Բիտովը նախազգուշացրել Երևան եկողներին

Հետո նա շրջվեց դեպի ճանապարհն ու ձեռքը մեկնելով ասաց, որ Ահնիձորի ճանապարհն իր եղբոր համար ազատության ու սիրո ճանապարհ էր։ Նա բազմիցս ասել է, որ երբ քաղաքի ասֆալտը վերջանում է ու Ահնիձորի ճանապարհ է սկսվում, իր շունչը բացվում է։ Համոյի հետ էլ է այդպես, Տան ճանապարհն ամենալավն է նույնիսկ եթե շատերի համար այն սարսափելի է թվում։

319
թեգերը:
Վանո Սիրադեղյան, Հրանտ Մաթևոսյան, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Վրացի պատգամավորը Հովհաննես Թումանյանի արձանը նվիրել է գրողի թբիլիսյան տանը. լուսանկարներ
Կոստան Զարյանի ժառանգները Մատենադարանին են նվիրել գրողի ձեռագրերի արխիվը. լուսանկար
Վանո Սիրադեղյանի «բանդայի» անդամներից մեկի ազատման հարցը կքննի անկախ հանձնաժողովը
Բանտում ավելի լավ է, քան ընդհատակում. Փաշինյանը խոսեց Վանո Սիրադեղյանի մասին