Հմայակ Հակոբյան

Հմայակ Հակոբյանը երազում է կախարդանքի թատրոն բացել. նրա ելույթով Մայքլ Ջեքսոնն էլ է հիացել

56
(Թարմացված է 22:54 08.06.2019)
Հանրահայտ աճպարար Հմայակ Հակոբյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու այլևս չի երևում էկրաններին, ինչպես է հանդիպել լեգենդար Մայքլ Ջեքսոնին և ինչի մասին է երազում հիմա։

Հայտնի հեռուստահաղորդավար և երկրորդ սերնդի աճպարար–իլյուզիոնիստ Հմայակ Հարությունի Հակոբյանը արդեն մի քանի տարի է, ինչ չի երևում էկրաններին, սակայն հաճախակի հյուր է գնում Մոսկվայի կլինիկաներ, որտեղ բարեգործական համերգներ է տալիս հիվանդ երեխաների համար։ Բացի այդ, նրան հաճախ կարելի է տեսնել տարբեր մրցույթների (նույնպես հիմնականում մանկական) ժյուրիի կազմում։ Ինչո՞ւ է Հմայակ Հակոբյանը մերժում կինոպրոդյուսերներին և սրտնեղած հեռուստատեսությունից։ Նա այս մասին պատմել է Sputnik Արմենիային։

Հմայակ Հակոբյանը որևէ առանձնահատուկ բան չի տեսնում նրանում, որ անդադար բարեգործական ակցիաների է մասնակցում։

-Անում եմ դա ուժերիս և հնարավորություններիս ներածի չափով։ Եթե խնդրում են և, եթե կա ժամանակ, վերցնում եմ ռեկվիզիտները, զգեստները, ինչ–որ գրքեր և խաղալիքներ` իմ իսկ արտադրության, և գնում երեխաների մոտ։ Որպես կանոն` աշխատում եմ հիվանդանոցներում։

Հակոբյանը ոչ միայն զվարճացնում է երեխաներին, այլ սովորեցնում է նրանց հրաշագործ լինել։

-Ելույթի վերջում միշտ բաժանում եմ նրանց «Աճպարարության առեղծվածը Հմայակ Հակոբյանի հետ» հավաքածուն, որը ես սկսեցի թողարկել դեռ տասը տարի առաջ։ Դրանք միշտ կան, քանի որ մեծ պահանջարկ ունեն, և ամեն տարի վերաթողարկվում են, – ասում է իլյուզիոնիստը։

Հմայակ Հակոբյանը խաղացել է ավելի քան 35 ֆիլմում, դերասանական հարուստ փորձ ունի, բայց վերջին ժամանակաշրջանում կինոն էլ է թողել։

-Առաջարկներ լինում են, բայց թույլ, խալտուրային ֆիլմերում խաղալ ինչ-որ խորոված անող կովկասցու դեր, չեմ ուզում։ Ես արդեն անզգույշ եղել եմ և նկարահանվել մի քանի սերիալներում` «Մամուկա», «Գորինիչն ու Վիկտորյան» և այլն։ Շատ թույլ, ձանձրալի և անհետաքրքիր ֆիլմեր են։ Եվ այնտեղ ես ինձ որպես դերասան չդրսևորեցի, – ասում է Հակոբյանը։ – Մի պատմություն պատմեմ, որը հոգուս է դիպել։ Այն ժամանակ ԳԻՏԻՍ–ի ուսանող էի, հայրս շատ հյուրընկալ մարդ էր, մեր տուն հաճախ էին գալիս նրա ընկերներն ու ծանոթները։ Ով ասես, որ չէր գալիս` մարշալ Բաղրամյանը, Գեորգի Վիցինը, Եվգենի Մորգունովը, Մարիա Միրոնովան (Անդրեյ Միրոնովի մայրը), Լյուդմիլա Կասատկինան, Բորիս Բաբոչկինը, որը Չապաևի դերն է մարմնավորել, և շատ ուրիշներ։ Եվ ահա մի օր մեզ հյուր եկավ մեծն Ֆաինա Ռանևսկայան։ Նստած էինք սեղանի շուրջ։ Հայրս նրան հարցրեց` ինչու է այդքան քիչ նկարահանվում ֆիլմերում։ Ինչին ի պատասխան Ֆաինա Ռանևսկայան իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց. «Հասկանո՞ւմ ես, Հարությունուշկա, վատ ֆիլմում նկարահանվելը նույնն է, ինչ ապականել առհավետ»։ Նա, իհարկե, ավելի կտրուկ էր արտահայտվել. ես հիմա մի փոքր մեղմեցի նրա ասածը, բայց ընդմիշտ հիշեցի։ Այդ պատճառով էլ լավ առաջարկի եմ սպասում։ Թող փոքր դեր լինի, բայց հիանալի ռեժիսորի մոտ և, ինչպես ասում են դերասանները, «չալաղաջոտ», որպեսզի հնարավոր լինի դրսևորել քեզ այդ դերում։ Այդ ժամանակ ես կհամաձայնեմ։

Հակոբյանը ավելի քան 75 երկրում է եղել։ Նա ցանկալի հյուր է Չինաստանում և Ֆրանսիայում, մի քանի տարի ապրել է Ճապոնիայում և Իսպանիայում։ Իլյուզիոնիստը լեփ–լեցուն դահլիճներ էր հավաքում, ինչպես հասարակ հանդիսատեսից, այնպես էլ թագադիր անձանցից։

-Թագավորների համար ելույթ ունեցել եմ, արքայադուստրերի առաջ՝ նույնպես, – հիշում է իլյուզիոնիստը։ – Նույնիսկ Մուամար Քադաֆիի պալատում է ներկայացում եղել։ Իսկ մոտավորապես 1989 թվականին ինձ ներառել էին Լաս Վեգասի միջազգային ծրագրում։ Մենք ամեն օր հինգ ելույթ ունեինք։ Եվ ահա նստած եմ ես հանդերձարանում, մտնում է պրոդյուսերն ու ասում. «Պարոն Հակոբյան, այստեղ Մայքլ Ջեքսոնը երեխաների խումբ է բերել ելույթ ունենալու։ Նրանք ուշացել են և չեն հասցնում հաջորդ համարին, նրանք պետք է շտապեն ցուցակով հաջորդ ելույթներին։ Իրենց համար փոքր ներկայացում չե՞ք տա»։ Պետք է ասել, որ Լաս Վեգասում հայտնի դերասանների բազմաթիվ նմանակներ կան, ելույթ են ունենում հանդիսատեսի առաջ, նմանակում նրանց կուռքերին։ Այդ պահին այնտեղ մոտ 5 Մայքլ Ջեքսոն կար, մի քանի Էլվիս Փրեսլի և Չարլի Չապլին, 4 հատ «Բիթլզ» խմբից ողջ կազմով և մի քանի Մերիլին Մոնրո։ Նրանցից մեկի հետ սիրավեպ ունեցա, բայց սա արդեն լրիվ այլ պատմություն է... Հարցնում եմ. «Սա ինչ–որ նմանա՞կ է»։ «Ոչ, – պատասխանում է պրոդյուսերը։ – Իսկական Ջեքսոն»։ Ես դուրս եկա թատրոնի նախասրահ, տեսնեմ` իսկապես լեգենդար երգիչն է երեխաների խմբով։ Եվ ես նրանց համար ելույթ ունեցա 25 րոպե։ Երեխաները հիացած էին, իսկ Մայքլ Ջեքսոնը ծափահարում էր ինձ և բղավում. «Դուք մեծ արտիստ եք»։ Ահա այսպիսի պատմություն։

62-ամյա Հմայակ Հակոբյանը երեք անգամ է ամուսնացած եղել։ Առաջին ամուսնությունից ծնված որդին` Ֆիլիպը, այսօր ԱՄՆ–ում է ապրում։ Նա հոր և պապի հետքերով չի գնացել, այլ դարձել է ինժեներ, նեյրոէլեկտրոնիկայի ոլորտի մասնագետ։ Հակոբյանի եղբայրն ու քույրը Իսրայելում են, իսկ նա ապրում է Մոսկվայում մոր` Լիա Իվանովնայի հետ, որը ժամանակին իր հոր օգնականն էր։

-Այժմ ինձ Մադրիդ են կանչում։ Կար ժամանակ` այնտեղ էի ապրում, թատերական դպրոցում դասավանդում։ Ցավոք, ներկա պահին ոչ մի տեղ մեկնել չեմ կարող հիվանդ մորս պատճառով, նրա մասին հոգ տանել է պետք, – ասում է իլյուզիոնիստը։ – Բացի այդ երազանք ունեմ։ Երկար տարիներ փորձում եմ բարեկիրթ մարդկանց գտնել, որպեսզի նրանք օգնեն ինձ բացել «Հմայակ Հակոբյանի հրաշքների և կախարդանքի թատրոնը»։ Բայց, ցավոք, սա դեռ պարզապես երազանք է։

56
Ըստ թեմայի
Խալաֆյանը «հայկական վայրկյանով» երկարաձգեց ռուսական «Փառքի րոպեն»
Ռոման Խալաֆյան. ձեռքերի ճարպկություն և ոչ մի խարդախություն
Աճպարար Հարություն Հակոբյանի ինքնագիրը դարձել է առցանց աճուրդի ամենաթանկ լոտը