Լաբորատորիա

Դեպք` բազմաթիվ հարցականներով. ինչպես կարող էր 10–ամյա աղջիկը սիֆիլիսով վարակվել

494
(Թարմացված է 18:06 31.03.2019)
Սիֆիլիսով վարակվել հնարավոր է ուղղակի` սեռական և անուղղակի` կենցաղ–կոնտակտային ճանապարհով։ Սիֆիլիսի հարուցիչն արտաքին միջավայրում շատ քիչ է գոյատևում` 20-24 ժամ, ուստի կենցաղ–կոնտակտային ճանապարհով սիֆիլիս ձեռքբերելու հավանականությունը շատ ցածր է։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. 10–ամյա աղջիկը, ում մոտ սիֆիլիս էին հայտնաբերել, իրեն լավ է զգում և շուտով արդեն կավարտի անհրաժեշտ բուժման կուրսը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի դիսպանսեր, վիճակագրական բաժնի վարիչ Սահակ Հակոբյանը։

Դեռ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ Մաշկաբանության և սեռավարակների ԲԿ է տեղափոխվել 10–ամյա մի աղջիկ, ում մոտ սիֆիլիս էր հայտնաբերվել։ Այլ մանրամասներ երեխայի, նրա առողջական վիճակի մասին հայտնի չէր։

«Երեխան մարզային մի հիվանդանոցից էր ուղղորդվել մեր կենտրոն, քանի որ մաշկային ախտահարումներ ուներ։ Հետազոտության արդյունքում նրա մոտ սիֆիլիս հայտնաբերվեց։ Երեխայի առողջական վիճակը բավարար է, նրա բուժումն արդեն ավարտին է մոտենում։ Նրա մոտ ամեն ինչ լավ կլինի, ոչ մի հետք չի մնա»,–հավաստիացնում է Հակոբյանը։

Նրա խոսքով` առաջին հերթին խնդիր ունեն հասկանալու, թե ինչպես է աղջիկը վարակվել սիֆիլիսով, քանի որ գործ ունեն 10–ամյա երեխայի հետ։

Մասնագետը պարզաբանեց, որ սիֆիլիսով վարակվել հնարավոր է ուղղակի` սեռական և անուղղակի` կենցաղ–կոնտակտային ճանապարհով (սիֆիլիսով վարակվածի հիգիենայի պարագաների, նույն անկողնուց օգտվելու դեպքում)։ Բժշկի հավաստմամբ` սիֆիլիսի հարուցիչն արտաքին միջավայրում շատ քիչ է գոյատևում` 20-24 ժամ, ուստի կենցաղ–կոնտակտային ճանապարհով սիֆիլիս ձեռքբերելու հավանականությունը շատ ցածր է։ Սակայն, ըստ Հակոբյանի, չեն էլ կարող պնդել, որ վարակն աղջկան փոխանցվել է սեռական ճանապարհով։

Дерматолог-венеролог Саак Акопян
© Sputnik / Asatur Yesayants
Սահակ Հակոբյան

«Մենք արդեն իսկ հետազոտել ենք աղջկա ծնողներին, մտերիմ հարազատներին, ոչ մեկի մոտ սիֆիլիս չենք հայտնաբերել։ Օրենքը մեզ ավելին անել չի թույլատրում, բացի այդ պետք է ամեն ինչ այնպես անենք, որ համայնքում չիմանան այդ մասին»,–ասաց բժիշկը` հավելելով, որ վերջին տասնամյակներում նման դեպք չի հիշում, որ 10 տարեկան երեխայի մոտ սիֆիլիս հայտնաբերվի։

Խոսելով Հայաստանում սիֆիլիսի իրավիճակի մասին` Հակոբյանը նշեց, որ մինչև վերջին տարին այն բավականին բարենպաստ է եղել։ Ըստ բժշկի` սիֆիլիսի բնածին դեպքեր վերջին 20 տարում ՀՀ–ում չի արձանագրվել, ինչի կապակցությամբ ՀՀ–ն պետք է դիմի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` լավ ցուցանիշի համար սերտիֆիկատ ստանալու։

Եթե 2016թ.–ին ՀՀ–ում գրանցվել է սիֆիլիսի 48, ապա 2017–ին 55 դեպք է արձանագրվել. 2018–ի տվյալները դեռ չեն ամփոփվել, սակայն, միայն Մաշկաբանականում սիֆիլիսի 60 դեպք է գրանցվել։ «Սիֆիլիսի հետ կապված վերջին տարիների մեր ցուցանիշները մտահոգիչ են. այս տարվա հունվար–փետրվար ամիսների տվյալներով` 24 մարդ արդեն իսկ բուժվում է մեզ մոտ։ Կարծում եմ` մեր զգոնությունը մի փոքր նվազել է»,–ասաց բժիշկը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր մարդ, ով դիմում է ստացիոնար կամ ամբուլատոր բուժման ցանկացած հարցով` բժիշկները պարտավոր են նրան հետազոտել նաև սիֆիլիսի համար։ Վերջին տարիներին, Հակոբյանի խոսքով, շրջանցվում է այս պահանջը, ինչի մասին նա բարձրաձայնել է նաև ՀՀ առողջապահության նախարարի մոտ։

Խոսելով սիֆիլիսի նախանշանների մասին` բժիշկը նշեց, որ հիվանդության առաջին ազդանշանը սեռական օրգանների շուրջ առաջացած վերքն է։ Վերքն, ի դեպ, կարճ ժամանակ անց ինքնիրեն լավանում է, իսկ սիֆիլիսը սկսում է «բարգավաճել» մեր օրգանիզմում` ախտահարելով օրգանները։

Սիֆիլիսի բուժումը ՀՀ–ում համավճարային հիմունքներով է իրականացվում և այստեղ, ըստ Հակոբյանի, խնդիր կա։ «Սիֆիլիսի բուժման համար անհրաժեշտ գումարի գերակշիռ մասը` 50-60 տոկոսը, պետությունն է վճարում, մյուս մասը` հիվանդը (մոտ 50 000 դրամ)։ Սակայն ոչ միշտ են սիֆիլիսով վարակված հիվանդներն ի վիճակի լինում վճարել այդ 50 000 դրամը։ Կարծում եմ` սիֆիլիսի բուժումը պետք է անվճար դառնա, քանի որ տարեկան 50-60 դեպք ունենք ընդամենը, իսկ չբուժված հիվանդը վարակի աղբյուր է»,–ասաց բժիշկը։

Ի դեպ, Sputnik Արմենիան դիմել էր նաև ՀՀ առողջապահության նախարարություն` տեղեկանալու, թե ինչպե՞ս է աղջիկը սիֆիլիսով վարակվել, Հայաստանում եղե՞լ են նման դեպքեր, որ անչափահասներն այդ հիվանդությամբ վարակվեն և այլն։ Նախարարությունից, սակայն պատասխանել էին, որ տեղեկատվության տնօրինողն իրենք չեն, այլ Մաշկաբանության և սեռավարակների ԲԿ–ն։

Ոստիկանության լրատվության ծառայությունից էլ մեզ տեղեկացրեցին, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեին։

ՀՀ քննչական կոմիտեում ստացված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Հարուցված քրեական գործի շրջանակներում փորձաքննություն է նշանակվել։ Այս պահին դեռ չեն ամփոփվել փորձաքննության արդյունքները։ Ընթանում է նախաքննություն։

494
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Փախցրել է, որ ամուսնանա. մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
Հայաստանում գրանցվել է H1N1 վարակի` այս տարվա առաջին դեպքը
Սեռական դաստիարակության դասերի արդյունավետությունը դպրոցներում ցածր է. Վրեժ Շահրամանյան