Արտյոմ Մանուկյան

«Կանաչ գիրքը» և թավջութակը․ ինչպես Արտյոմ Մանուկյանի կատարած երաժշտությունն «Օսկար» նվաճեց

173
(Թարմացված է 23:16 03.03.2019)
Դժվար է պատկերացնել «Կանաչ գիրքը» ֆիլմն առանց թավջութակի կախարդական հնչողության։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է հայ երաժիշտ Արտյոմ Մանուկյանի հետ, որը վիրտուոզ կերպով թավջութակ է նվագել օսկարակիր ֆիլմի համար։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Ընդամենը մի քանի օր առաջ աշխարհի բոլոր կինոսերները հետևում էին ինդուստրիայի գլխավոր իրադարձությանը՝ «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Ինչպես և կանխատեսվում էր, լավագույն ֆիլմ դարձավ «Կանաչ գիրքը»։

Ֆիլմը շատերի վրա տպավորություն է գործել իր զգացմունքայնությամբ և նուրբ ենթատեքստով, իսկ երաժշտասերներին տպավորել է ֆիլմի երաժշտական ձևավորումը։ Դաշնամուրի գերող ու շեշտակի հնչյունները միախառնվում են թավջութակի նուրբ, հոգին ալեկոծող հնչյունների հետ։ Երաժշտական «շիթերը» անձրևի նման կաթում են լարերի վրա, թռչկոտող ուրախ ռիթմերն ամենահուզիչ պահերին համադրվում են լարերի խորաթափանց հեծկլտոցի հետ․ ֆիլմում այդ ամբողջ անհավանական երաժշտական հետքը թողել է հայ երաժիշտ Արտյոմ Մանուկյանը։

Виолончелист Артем Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Արտյոմ Մանուկյան

Թեև ֆիլմերի լուսագրերում, որոնք գրվել են մեծատառ, վերջին «Ն» տառի փոխարեն գրել են անգլերեն «H» տառը, դա չի խանգարել ամբողջ աշխարհի հայերին գտնել հայրենակցի անունը և հպարտորեն ժպտալ։

Երաժիշտը նույնպես ուրախ է եղել տեսնել իր ազգանունը հայտնի երաժիշտների ու կինոգործիչների շարքում։ Նա չի հետևել մրցանակաբաշխությանը և ծնողներից է իմացել «Օսկար» ստանալու մասին։ Նրանք զանգահարել են Հայաստանից ԱՄՆ և հայտնել լավ լուրը։

Արտյոմը մեկ տարի դաշնամուր է նվագել, բայց մեկ տարի անց մանկավարժն առաջարկել է անցնել թավջութակի դասարան։

Виолончелист Артем Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Արտյոմ Մանուկյան

«Առաջին անգամ տեսնելով թավջութակ՝ ես վախեցա․ գործիքը ինձ շատ մեծ թվաց։ Երեկոյան մայրիկիս, որը պաշտում էր թավջութակը, պատմեցի, և նա որոշեց, որ ես երկուշաբթի օրվանից փոխում եմ դասարանը։ Այսպես մոտ 30 տարի ես ու թավջութակը մի ամբողջություն ենք», - պատմեց երաժիշտը Sputnik Արմենիայի թղթակցին։

«Կանաչ գրքի» երաժշտությունը նվագել նրան առաջարկել է ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար Քրիս Բաուերսը։ Նրանք արդեն համագործակցության փորձ են ունեցել։ Նվագել են «Հրեշները և մարդիկ» ֆիլմի և «Թանկագին սպիտակամորթներ» սերիալի համար։ Երբ Բաուերսը զանգահարել է թավջութակահարին, նա շատ հարցեր չի տվել, քանի որ համոզված է եղել՝ եթե նախագծին մասնակցում է այդ դաշնակահարը, ապա, հավանաբար, կլինի իր սիրելի ջազը։ Մանուկյանը ծանոթ չի եղել սցենարին, բայց ձայնագրության փուլում արդեն զգացել է, որ այն լինելու է ռասայական խտրականության խնդիրների մասին։ Ֆիլմն առաջին անգամ դիտելիս հասկացել է`չի սխալվել, որ ընդունել է հրավերը, բայց կինոակադեմիայի նման բարձր գնահատականի չի սպասել։

Виолончелист Артем Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Արտյոմ Մանուկյան

«Ընդամենը մի քանի օրում ենք ձայնագրել երաժշտությունը։ Գործընթացին մասնակցել են շատ հայտնի երաժիշտներ, և այն դրանից ավելի վառ ու հետաքրքիր է դարձել», - պատմեց Հարությունյանը։

Երաժիշտը 8 տարի է բնակվում ԱՄՆ-ում։ Տարին մեկ անգամ նա գալիս է Հայաստան, բայց առայժմ չի պատրաստվում մշտական բնակություն հաստատել։ Մանուկյանը ծրագրում է ամռանը կամ աշնանը հայ ունկնդիրներին ներկայացնել իր «Alone» ալբոմը։ ԱՄՆ-ում նա ակտիվորեն համագործակցում է հայտնի երաժիշտների հետ, ուսումնասիրում նրանց փորձը, նոր բաներ սովորում։ Հավանաբար, ինքնակատարելագործման ձգտման և անհայտի որոնումների շնորհիվ է նրա մոտ ստացվում նվագել այնպես, որ ունկնդրի հոգին տակնուվրա է լինում, իսկ երաժշտության հնչյունները դիպչում են սրտի լարեին՝ առանց չափազանցության փոխելով ներաշխարհը։

Виолончелист Артем Манукян
© Sputnik / Asatur Yesayants.
Արտյոմ Մանուկյան
173
թեգերը:
երաժշտություն, Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ըստ թեմայի
Հայտնի է` որ դերասաններն ու ֆիլմերն են «Օսկար» մրցանակի հավակնում
«Օսկար 2019»–ի դափնեկիրները. «Սև հովազը» պարտվեց սևամորթ երաժշտին
Օգտատերերն ընտրել են «Օսկար 2019»–ի ամենագեղեցիկ զգեստը. այն տղամարդ է կրում