Կապանի օդանավակայան

Օդանավակայան Կապանում` 6 ժամը 45 րոպեում. արդյո՞ք անվտանգ կլինեն սյունիքյան վայրէջքները

1750
(Թարմացված է 13:55 01.03.2019)
Կապանի օդանավակայանը գրեթե զրոյից են կառուցում։ 6 ժամվա ճանապարհի փոխարեն, այստեղ հնարավոր կլինի հասնել 45 րոպեում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ովքեր Երևանից Կապան են գնացել, նրանք կհիշեն` երկար ճանապարհի վերջում, աջ կողմում ասֆալտի շերտ կա։ Ժամանակին այստեղ մարզային օդանավակայան էր գործում։

«Կապա՞ն։ Իսկ քանի՞ կիլոմետր է մինչև այնտեղ։ Երեք հարյո՞ւր։ Ուրեմն 3 ժամում կհասնենք... Այսինքն` ինչպե՞ս թե վեց»։ Նման խոսակցություն մի օր տեղի ունեցավ այս հոդվածի հեղինակի և Ռուսաստանից Հայաստան ժամանած ծանոթների միջև։ Դե ինչ, աշխարհագրությունն աշխարհագրություն է մնում. ճանապարհի ուղիղ կեսն այստեղ լեռնային ոլորաններ են։ Ամռանը կարելի է Կապան հասնել 5 ժամում։ Իսկ ձմռանը, եթե նաև ճանապարհին մթնում է, լավագույն դեպքում` 6 ժամում։ Սակայն այժմ այդ 6 ժամն ուզում են կրճատեն մինչև 45 րոպե (մոտավորապես այնքան, որքան կազմում է Երևանի մի ծայրից մյուսը հասնելը)։ Այստեղ` Կապանում, կրկին կսկսի գործել օդանավակայանը. մինչև 2019 թվականը ուզում են ավարտել դրա կապիտալ վերանորոգումը։

2017 թվականին այստեղ սկսեցին ստուգել ասֆալտի և խճածածկի ամրությունը։ Քաղավիացիայի գլխավոր վարչությունում որոշում են կայացրել` պետք է կապիտալ վերանորոգել, իսկ ծածկը` խորացնել, որպեսզի ավելի ամուր լինի։

Շուրջ 25 տարի ճանապարհի վրա չպայթած ռումբ էր մնացել։ 90-ականների սկզբին այստեղ հրետակոծություններ են եղել։ Թռիչքուղուց ընդամենը 300 մետր հեռավորության վրա` Ողջի գետի մյուս ափին Ադրբեջանական ԽՍՀ–ն է սկսվում։ Ե՛վ օդանավակայանը, և՛ Կապանը գնդակոծվում էին հարևան լեռներից։

2018 թվականին այստեղ փորձնական վայրէջք կատարեց մի թեթև ինքնաթիռ։ Նրա ուղևորներից մեկը Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանն էր։ Ինքնաթիռը տրամադրել էր Սոչիի մասնավոր մի ավիաընկերություն։ Օդաչուն շատ մեծ բարդության առաջադրանք իրականացրեց. իջեցրել էր ինքնաթիռը` կամաց վայրէջք կատարելով սարերով շրջապատված տեղանքում, առանց դիսպետչերական ուղեկցության։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան տանող ճանապարհը

ԽՍՀՄ փլուզումից առաջ նման հմտություն ցուցաբերեցին նաև հայ օդաչուները. տասնյակ ուղևորների անվտանգության համար (որոնց ազգությունների չէին բաժանում)։

«Խորհրդային տարիներին Երևանից չվերթները շրջադարձ էին անում, որպեսզի վայրէջք կատարեն ոչ թե լեռներից, այլ հարթ կողմից։ Դրա համար նրանք մուտք էին գործում Ադրբեջանական ԽՍՀ–ից։ Այն ժամանակ դա վտանգավոր չէր։ Իսկ հետո... Վերջին չվերթն այստեղ վայրէջք է կատարել առանց շրջադարձի, անմիջապես լեռների միջով։ Ընդ որում, ոչ թե փոքր ինքնաթիռներ էին` մի քանի տեղանոց, այլ Як-40», – ասում է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան

Եթե այդպես ստացվել է, ապա կրկնակի փոքր ինքնաթիռ Կապանի օդանավակայանում հաստատ  կարող է վայրէջք կատարել։ Չվերթների համար 19-տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռ են գնել, այն իր ժամին է սպասում Երևանի օդանավակայանում։

Այժմ և՛ օդանավը, և՛ օդանավակայանը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ–ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։ Օդանավի վերակառուցման խոշոր (և դեռ միակ) ներդրողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Հիմա շինարարությունը կամաց–կամաց առաջ է գնում։ Թռիչքուղու այս ու այն կողմում խճաքարի կույտեր են թափված։ Մեջտեղում` ավտոմայրուղու մոտ, կառուցում են տերմինալներն ու դիսպետչերական կետը` ժամանակակից նավիգացիայով։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան տանող ճանապարհը

Մնում է ևս մի հարց լուծել. ինքնաթիռների հետ չպետք է «առաջկտրուկի թռչեն» նաև թռչունները։ Իսկ օդանավակայանի անմիջապես կողքին մի քանի տարի առաջ քաղաքային աղբանոց են սարքել։ Այստեղ թռչուններ են գալիս, որոնք կարող են պատահաբար ինքնաթիռի շարժիչի մեջ հայտնվել։

Այժմ աղբանոցն ուզում են տեղափոխել։ ՀՀ կառավարությունը որոշել է Եվրոպական չափանիշներով մեկ այլ աղբանոց կառուցել ամբողջ մարզի համար։ Օդանավակայանի մոտ գտնվողը կփակեն։

Капитальный ремонт аэропорта в городе Капан
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան

«Ինչպես տեսնում եք բավական աշխատանք կա անելու։ Սակայն ուզում ենք ավարտել արդեն այս տարի`աշնանը։ Սովորական բան է։ Մեր շինարարական ընկերությունն աշխատում է և՛ Կապանում, և՛ ամբողջ մարզում։ Այդ պատճառով էլ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ունենք», – ասում է «Կապանի նորոգշին» ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը։

Նկատենք, որ նա Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանի հայրն է։ Սակայն կապալառուի ընտրության վրա դա որևէ կերպ չի ազդել։ Նախ` աշխատանքները սկսվել էին մինչև Գևորգի ընտրվելը, երկրորդը` ներկա իշխող կուսակցության (Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր») անդամ չէ։ Սակայն զանգեզուրցիները կուսակցական տոմսին չեն նայում։ Մարդս մարդ լինի և աշխատել կարողանա։ Չէ՞ որ ինքնաթիռը բոլորին է օդ բարձրացնելու` և՛ կուսակցականներին, և՛ անկուսակցականներին։

Рабочие на территории аэропорта в городе Капан
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան

Իսկ, ի դեպ, ինչո՞ւ ինքնաթիռ և ոչ ուղղաթիռ։

«Ուղղաթիռն ավելի փոքր է, այդ պատճառով էլ մեկ ուղևորի հաշվարկով ավելի թանկ է ստացվում տեղափոխումը», – պարզաբանում է Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը։  «Բացի այդ ինքնաթիռով ավելի անվտանգ է։ Սիսիանի սարահարթի շրջանում օդային ակոսներ կան և ուղղաթիռը կարող է դրանց մեջ մտնել։ Իսկ ինքնաթիռն ավելի բարձր է թռչում և դրանց վրայով է անցնում»։

Եվ վերջապես. որքա՞ն կարժենա տոմսը։ Այս հարցին պատասխանելը դժվար է, քանի դեռ չեն գնահատել շինարարության արժեքը։ Չէ՞ որ այն ևս պետք է ներառեն տոմսի արժեքի մեջ։ Սակայն գներն էլիտար չեն ուզում անել։ Նախագծի նպատակը մարդկանց համար արագ տրանսպորտ ստեղծելն է և ոչ թե արագ գումար վաստակելը։

  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • Կապանի օդանավակայան
    Կապանի օդանավակայան
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 8
© Sputnik / Aram Nersesyan ,
Կապանի օդանավակայան
1750
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, Հայաստան
Ըստ թեմայի
Արարատում քաղաքացիների ուղղությամբ կրակողին հայտնաբերել են «Զվարթնոց» օդանավակայանում
Ինքնաթիռը քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում․ տեսանյութ
Դատախազությունը խոշոր չարաշահումների նոր դեպք է հայտնաբերել Ստեփանավանի օդանավակայանում
Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը

638
(Թարմացված է 22:21 15.06.2020)
Կառավարության 2013թ.-ի որոշումից պարզ է դառնում, կառավարության անդամները պետք է որ տեղյակ լինեին Սևանի ճանապարհին Գագիկ Ծառուկյանի խաղատների կառուցման պատմությունից, եթե, իհարկե, կարդային, թե ինչ որոշում են ընդունում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Նելլի Դանիելյան. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատները, ժամանցի ու հանգստի հանրահայտ վայրերը, պարզվում է` գրանցվել, գործել ու շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով՝ համեմայնդեպս 2014թ-ի հունվարից հետո:

Նման հայտարարություն հունիսի 14-ին արեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով Ծառուկյանին պատկանող այդ բիզնեսների մասին:

Ըստ ԱԱԾ բացահայտումների, Ծառուկյանը «մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին», «ստացել ՀՀ կառավարության հավանությունը» և այդ գործունեության արդյունքում պետությանը պատճառել 29 մլրդ 750 մլն դրամի վնաս:

Իրեն մեղսագրվող այս ու ոչ միայն այս արարքի մասին, պարզվում է` Գագիկ Ծառուկյանն իմացել է միայն հունիսի 14-ին, այն էլ՝ պատահաբար, համացանցից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Հարց է առաջանում, թե պարոն Ծառուկյանը ինչպես կամ որտեղից պիտի իմանար հարուցված քրեական գործերի մասին, եթե որևէ կարգավիճակ չի ունեցել»,- ասաց նա:

Պարզվում է` ԲՀԿ ղեկավարին այդ մասին չեն ասել անգամ ԱԱԾ-ում 8 ժամ հարցաքննելիս, քանի որ, ըստ փաստաբանի, այնտեղ խոսքը բոլորովին այլ քրեական գործերի մասին է եղել։ Մասնավորապես՝  նա կանչվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով` որպես վկա:

Էմին Խաչատրյանը նշեց, որ բացի մամուլում հրապարակված հաղորդագրություններից ու Ծառուկյանի տանն իրականացրած խուզարկության որոշումներից ու արձանագրություններից, քրեական գործին անչվող այլ նյութերի հետ ծանոթանալու հնարավորություն դեռ չեն ունեցել: Նույնիս տեղյակ չեն, թե ինչ  կարգավիճակ ունի իր վստահորդն այդ քրեական գործով:

Ծառուկյանի խաղատնային բիզնեսի մասին այլ պարզաբանում այս պահին ո՛չ իրավապահները, ո՛չ Ծառուկյանի պաշտպանները չեն տալիս: Քրեական գործի մասին հայտարարություն է արել միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ  տնօրինությունը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ  անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, և դրա մենեջմենթն իրականացնում են Անգլիայից ու Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերները:

Թե ինչ ավարտ կունենա այս` արդեն բավական աղմուկ հանած պատմությունն ու ինչ հանգուցալուծում կստանա բացված քրեական գործը, պարզ կլինի թերևս տարիներ անց, երբ կկայացվի դատական վերջնական ակտը: Իսկ մինչ այդ, չխախտելով անմեղության կանխավարկածը և օգտվելով հրապարակային աղբյուրներից, փորձենք հասկանալ, թե ինչից սկսվեց ամեն ինչ ու ինչ նպատակով Գագիկ Ծառուկյանը «մոլորեցրեց» ՀՀ այն ժամանակվա կառավարությանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2013թ-ին կառավարությունը որոշեց Երևանից ու ՀՀ մյուս բնակավայրերից հանել բոլոր խաղատները և դրանք տեղափոխել 50 կմ հեռու: Իսկ Ծառուկյանն արդեն Երևանին շատ մոտ կառուցել ու անգամ շահագործում էր որոշ խաղատներ:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխություններն ԱԺ-ում ընդունվեցին 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ու պետք է իրավական ուժ ստանային 2014թ-ի հունվարի 1-ից:

Բայց ԱԺ որոշումից 2 օր առաջ՝ դետեմբերի 26-ին, ՀՀ կառավարությունը մի որոշում ընդունեց, որով թույլ տվեց, որ Ծառուկյանի՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում կառուցված խաղատները շարունակեն գործել:

Նման իրավունք էր ընձեռում օրենքում ներառված այն բացառությունը, որ խաղատունը բնակավայրին մոտ կարող է կառուցվել միայն կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված 2013թ-ի հիշյալ որոշումից տեղեկանում ենք, որ «Օնիրա Քլաբի» ծրագիրը գնահատվել էր 45-50 միլիարդ դրամ: 

Նման գնահատում էր արել «Հ. Ս.ՊՌՈ» ՍՊԸ-ն, որին էլ հանձնարարվել էր նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը՝ 13.597 հա հողամասի վրա համալիրը կառուցելու համար։

«Ծրագրի իրականացման արդյունքում կմատուցվեն բարձրակարգ ծառայություններ, կապահովի էլ ավելի գրավչություն, հատկապես օտարերկրացիների համար, և արդյունավետ ֆինանսատնտեսական գործունեություն։ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Հետաքրքական է, որ դեկտեմբերի 26-ին ընդունված որոշման մեջ գրված է. «ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2013 թվականին»:

«Խնձոր կերեք». ձայներ բերելու առնչությամբ ԲՀԿ–ական պատգամավորների արձագանքը

Կառուցվող խաղատների ու ժամանցի կենտրոնների սեփականատեր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, ու, ըստ կառավարության որոշման, հենց նույն օրն էլ հրավիրված «բաժնետերերի ժողովում հաստատվել է վերոհիշյալ ներդրումային ծրագիրն, ու դրա արդյունավետ իրականացման գործընթացն ապահովելու պատասխանատվությունը վերապահվել «Մուլտի ԳրուպԿոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին և նույն ընկերության ֆինանսական տնօրեն Գեղամ Թովմասյանին։

Բանն այն է, որ համաձայն պետական գրանցման տեղեկատվության` «Օնիրա Քլաբի» հիմնադիրներն են«Մուլտի ԳրուպԿոնցեռն»-ը, Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

ՀՀ կառավարության որոշման մեջ, ի դեպ, չի թաքցվում, որ խաղատների կառուցումը նոր չի սկսվելու, այլ սկսվել է դեռ 2 տարի առաջ: «Համաձայն ներդրումային ծրագրի` «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն 2011 թվականից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում` 13,597 հա հողամասի վրա, ձեռնարկել է ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցումը։ Շինարարական աշխատանքները 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են և գնահատվել անկախ գնահատող «Էյ Էնդ Էմ ֆայնենշլ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։ Վերջինիս կողմից, համաձայն հաշվետվության, ընկերության գույքը գնահատվել է 61 146 139 340 դրամ, այդ թվում` շենքերը և շինությունները` 59 039 197 608 դրամ, հողամասը` 1 809 665 732 դրամ, շարժական գույքը` 300 276 000 դրամ»,- ասված է կառավարության որոշման մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այնքան էլ «մոլորված» չի եղել ու որոշումը կարդալով կարող էր հասկանալ, որ 59 մլրդ դրամի շենք-շինություններն արդեն կառուցված են ու նոր չէ, որ պիտի կառուցվեն, կամ գոնե պիտի կռահեր, որ դեկտեմբերի 26-ին շինարարությունը սկսելու դեպքում հազիվ թե մինչև տարեվերջ հասցնեն ավարտել:

Թե ինչ է հասկացել կառավարությունն ու ինչպես է թույլ տվել, որ իրեն «մոլորեցնեն» գուցե նախաքննությունը կպարզի, իսկ մինչ այդ նշենք, որ հունիսի 14-ին տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն ևս գրել էր, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված 13.377  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը 2011թ. հունվարի 19-ին պետական գրանցում են ստացել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, «Օնիրա Քլաբը» խաղատնային բիզնեսի արտոնագիրը ստացել է 2013 թ. դեկտեմբերի 27-ին՝ մեկ խաղատան համար, բայց դրանով շահագործել 2 խաղատուն: «Օնիրա Քլաբի» տարածած պարզաբանման համաձայն` դրանք ոչ թե տարբեր խաղատներ են, այլ նույն խաղատան երկու սրահներ: Այս հարցը ևս վերջնական պատասխան կստան դատարանում:

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2013թ-ին, երբ կառավարությունն ընդունում էր Ծառուկյանի ներդրումային ծրագրի մասին վիճահարույց որոշումը ՀՀ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Իսկ որոշումը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից  խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջ գյուղի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի  պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը վեերոհիշյալ խաղատներին վերաբերող գործն է, երկրորդը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն  հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

638
թեգերը:
Տիգրան Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), ՀՀ կառավարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, խաղատուն, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
ԱԺ նիստում ընդգրկվել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը
Մեղրաձորի հանքավայրը

Հանքափորների մահվան հետքերով. Մեղրաձորում շնչահեղձ են եղել մի գրամ ոսկու համար

538
(Թարմացված է 19:25 11.06.2020)
Մեղրաձորում վաղուց այդպիսի ողբերգություն չէր եղել. հանքում միանգամից 3 մարդ է մահացել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչու են գյուղի բնակիչները հանուն նման վաստակի պատրաստ վտանգել սեփական կյանքը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Կոտայքի Մեղրաձորում հող այդքան շատ չեն մշակում.  հիմնականում աշխատում են հանքում։ Նրանց մեջ կան նաև շատ ապօրինի հանքափորներ (որոնց տեղացիներն ասում են «չղջիկներ»)։

Կաթ, թե՞ ոսկի

Ահա այն հաշվարկը, որը կատարում են մեղրաձորցի տղամարդիկ (հատկապես երիտասարդները, ովքեր ուզում են ավելի շատ փող վաստակել)։ Հայաստանում մի կովից մեկ տարում կարելի է 2-2.5 տոննա կաթ ստանալ և վաճառել այն 300-400 հազար դրամով։ Նույնքան կարելի է ստանալ 15 գրամ ոսկի վաճառելով, ընդամենը մեկ–երկու շաբաթում։ Նման հաշվարկն է, որ նախանցած գիշեր ողբերգական է դարձել երեք հոգու համար։ Նրանք սարի խորքն են մտել 50-100 մետր և միացրել իրենց մեծ դրելներն ու դիզել-գեներատորները («դվիժոկ») (չէ որ սարի խորքում հոսանք չկա)։ Այդ նեղվածքում էլ  շնչահեղձ են եղել «դվիժոկի» շմոլ գազից։

Село Мехрадзор, где находится Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորը

Գյուղապետ Նարեկ Հարությունյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել։

«Հերիք է, անընդհատ նման բաներով հետաքրքրվեք։ Ումից ուզում եք հարցրեք, ինձ հանգիստ թողեք», – հայտարարեց  նա։

Հանքավայրի տնօրեն Վարդան Մարգարյանը խնդրեց իրեն չնկարահանել։ Առանց այդ էլ ամբողջ օրը ոստիկանների և քննիչների հարցերին է պատասխանում, մամուլի ժամանակը չէ։  Բայց զրուցել այնուամենայնիվ համաձայնեց։

Ոսկե «գողոն»

Նույնիսկ եթե հանքի տնօրինությունը լքված թունելները լցնում է քարով ու հողով, «չղջիկներն» էլի կարողանում են անցնել. նրանք և՛ բահ ունեն, և՛ քլունգ։ Իսկ ամենակարևորը` գիտեն, թե որտեղ անեն իրենց գործը։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Ապօրինի հանքափորներից ոմանք հանքավայրի նախկին աշխատակիցներ են. նրանք գիտեն` որտեղով են անցնում ոսկու երակները և որտեղ փնտրել ոսկու մնացորդները։  Բավարար է մեկ իմացող մարդ լինի, հավաքի իր եղբայրներին կամ ընկերներին և ցույց տա, թե որտեղ է պետք փորել։

Ապօրինի հանքափորներ կան նաև մյուս հանքավայրերում, սակայն Մեղրաձորում  նրանց ավելի հեշտ է, քանի որ այստեղ ոչ թե բաց հանք է, որտեղ ամեն ինչ ի տես է, այլ՝ փակ հանքահոր։ Բացի այդ, Մարգարյանի խոսքով, հանքավայրն էլ այդքան մեծ չէ, ինչպես Սոթքի կամ Շահումյանի դեպքում, անվտանգության աշխատակիցներ պահելն այստեղ ձեռք չի տալիս։ Այսքանին գումարած` հանքն ունի տասնյակ ուղիներ, և «ամեն մի ծակին» հետևելը, տնօրենի խոսքով, պարզապես անհնար է։

Էլի փոքր հանքեր կան, բայց դրանց ավելի հեշտ է։ Օրինակ, Մղարթի  հանքը Ծառուկյանինն է , Մարգարյանը բացատրում է, որ նրա «ախռանան» այսօր արդեն այդքան էլ «արխային» չէ, ինչպես նախկինում, բայց մեկ է՝ նրանցից զգուշանում են։ Բացի այդ էլ այնտեղ հանքը բաց է, ու ամեն ինչ՝ աչքի առաջ։

«Չղջիկները»՝  յուրաքանչյուրն իր հատվածում, մեկ ամսում միասին կարող են 50-100 գրամ ոսկի տանել։  Այդքան էլ մեծ թիվ չէ (ամսական ձեռնարկությունը 8-10 կգ է հանքարդյունահանում), սակայն փոքր էլ չէ։ Տնօրենի խոսքով` ոսկի կարող են տանել նաև հանքի օրինական աշխատակիցները։

«Օրինակ` հանքի աղքատ հատվածներում շատերի մոտ հորատանցումը 2-3 անգամ արագ է ստացվում, քան հարուստներում ։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ նրանք ավելի երկար են կանգ առնում։ Վարպետը մի րոպեով աչքը թեքեց, թե չէ, աշխատողը մի կտոր իր համար կոտրեց և դրեց կուրտկայի գրպանը կամ սապոգի մեջ։ Մեկ-մեկ վարպետն էլ կարող է նրանց հետ փայ մտնել», – ասում է Մարգարյանը և հավելում, որ բնականաբար, հանքում կան նաև բարեխիղճ աշխատողներ, բոլորին մեղադրելը չափազանց անարդար կլինի։

«Նոբելյան քիմիկոսները» և 6-րդ վարչությունը

Գիտության պատմության մեջ հայտնի դեպք կա, թե ինչպես էր հունգարացի քիմիկոս Դյորդ դե Հևեշին թաքցրել իր երկու գերմանացի գործընկերների նոբելյան մեդալները (Գերմանիայում գիտնականներին արգելված էր նոբելյան մրցանակների նշաններ  ունենալ)։ Նա հալեցրել էր դրանք ազոտաթթվի և աղաթթվի խառնուրդում («արքայաջուր»), իսկ պատերազմից հետո ոսկին վերականգնել էր և փոխանցել Նոբելյան կոմիտե, որտեղ նրա գործընկերների համար նորից պատրաստել էին մեդալներ։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Մեղրաձորում ոչ մեկի դրանով չես զարմացնի. «արքայաջրի» և այլ ռեակտիվների մասին շատերն անգիր գիտեն ։ Կան մարդիկ, որոնք տանը գաղտնի փոքր արտադրամասեր ունեն, որտեղ հանքաքարից ոսկի են ստանում։ Երկու տարի առաջ  նրանց հետքը բռնել էր ոստիկանության 6-րդ վարչությունը (կազմակերպված հանցավորության դեմ պայքարով զբաղվող) և ավելի քան 20 հոգու հեռախոսազրույցներ է գաղտնալսել` «քիմիկոսների», «չղջինկերի» և այլն։

«Սակայն 2018 թվականի համաներումից հետո այդ մարդկանց ազատել են, ու նրանք նորից վերադարձել են իրենց գործին», – հավելեց Մարգարյանը։

Պարզվել էր նաև, թե որտեղ են նրանք իրացնում այդ ոսկին. ճանապարհներից մեկը տանում էր Երևանի խոշոր ոսկու շուկաներից մեկը։ Շարունակվել է հետաքննությունը, թե ոչ, Մարգարյանը տեղյակ չէ։

Բենզինով ջիպ

«Առանց հանքի էլ գյուղում գործ կա»,- մեզ հետ զրույցում ասում են տեղացիները ։ Դաշտերի ու արոտավայրերի մի զգալի մասը գյուղում չի օգտագործվում։ Մարդիկ սովորել են աշխատել կա՛մ հանքում, կա՛մ Մոսկվայում։ Գյուղի բնակիչ տիկին Սիրանույշն ասում է, որ այնտեղ մեղրաձորցիները վերելակների վերանորոգմամբ են զբաղվում։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այս տարի վիրուսի պատճառով նրանք ստիպված տանն են մնացել։  Երեք մահացածներից հենց մեկը նախկինում Մոսկվայում էր աշխատում։

Այդ չարաբաստիկ օրը` հունիսի 9-ին, երբ  ընկերները չսպասեցին իրեն և ևս երկուսին, գնացին հասույթի հետևից, մտան թունել և թունավորվեցին շմոլ գազից։ Նրանց անմիջապես Հրազդանի հիվանդանոց տեղափոխեցին։ Նրանց մեջ էր նաև ջիպի տերը, որը նույնպես մինչ այդ խոպան էր գնում Մոսկվա։

«Ջիպ էր, էն էլ գազով չէ, բենզինով։ Գյուղում, երբ որ մարդկանց մեքենայից հանում էին, երևաց, որ ներսը գազի բալոն չկա», – պատմում է գյուղի բնակիչներից մեկը։

Ավելորդ է նկարագրել, թե Հայաստանում բենզինով ջիպ ունենալը ինչ «հարգանք ու պատվի» նշան է... Այդ ջիպում նստածներից մեկին հիվանդանոց էին տեղափոխում գլխի վրա խաչած ձեռքերով։

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

«Նրա ձեռքերը բացեցին, ինքը նորից գլխին սեղմեց։ Դե պատկերացրեք՝ էդ ինչ անտանելի ցավ ուներ գազից, որ էդ անգիտակից վիճակում էլ էդ ցավից չէր պրծնում», – ասում է տեղի բուժկետի բուժքույրը։

Երիտասարդներն ուզում են ջիպ քշել, բայց արժի՞ դրա համար այդպիսի գին վճարել։ Սա այդ տղաների մայրերին հուզող գլխավոր հարցն է։

Իսկ առա՞ջ

Գյուղում աշխատանքը նախկին ծավալով չկա, անհամեմատ քիչ է։  Խորհրդային տարիներին այստեղ կոլտնտեսություն է եղել, մեծ անասնաբուծական ֆերմա (Միության փլուզումից հետո դրա պատերն ու տանիքը քանդել-տարել էին)։ Միայն գյուղում չէ, որ աշխատում էին. ամեն առավոտ ծառայողական ավտոբուսները, մեկը մյուսի հետևից, գյուղից Հրազդան էին տանում մի քանի հարյուր մարդու։ Այստեղ գործում էր արդյունաբերական հսկա «Հրազդանմաշը», որտեղ աշխատում էր ավելի քան 15 հազար մարդ։ 2000-ականներին քարուքանդ արին նաև «Հրազդանմաշը», ու այսօր քաղաքում էլ գործ չկա (հրազդանցիներն են անգործ նստած, էլ ուր մնաց գյուղացին գործ գտնի)։ Սակայն գյուղից քիչ հեռու վերջերս սկսեց աշխատել մեծ ջերմոցային համալիրը, ուր մի քանի գյուղացի դասավորվեցին աշխատանքի։ Վերջապես, սեփական հողի միջոցով էլ մի կերպ գլուխդ կպահես։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

«Տղաս էլ էր առաջ Մոսկվայում աշխատում, հիմա կով էլ կարող է արածեցնել, ոչխար էլ, գործից չի ամաչում։ Ու էդպես մենակ ինքը չի, կան էդպիսի մարդիկ», – ասում է կինը։

Լեռնագործ բանվորները հանքահորերում կարող են հազար դոլարից ավելի վաստակել, իսկ ընդհանուր առմամբ`հանքում միջին աշխատավարձը մոտ 300 հազար դրամ է։ Մաքուրով մնում է մոտ 230 հազար։ Նույնիսկ Երևանի համար այդքան էլ վատ չէ, գյուղի համար` առավել ևս։ Իհարկե, տիկին Սիրանույշը նկատում է, որ կովերից ու հողից այդքան չես ստանա, բայց գոնե քո մթերքը կունենաս, իսկ հանքում աշխատողը դա առնում է։

«Աշխատավարձերը վատ չեն, բայց գներն էլ են դրան համապատասխան։ Ասենք, տնական ձուն  80 դրամ է՝ Երևանի պես։ Այսինքն` ոնց որ թե քիչ չեն վաստակում, բայց դե ծախսում էլ են», – հավելում է նա։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այնպես չէ, որ գյուղի գործը հեշտ է (քաղաքացին դա գիտի, գյուղացին` առավել ևս)։ Սակայն ապօրինի գործ անելն էլ շատ ուրախ բան չէ։ Հանքում մահացած երեքից մեկի հայրն էլ էր տարիներ առաջ նույն կերպ մահացել. իրենց բարեկամներից մեկին էր փորձում գետնի տակից հանել։

Հանքի տնօրեն Վարդան Մարգարյանն ասում է, որ թեև «չղջիկները» օրենք են խախտում, սակայն նրանց մասին միայն վատն ասել չի կարելի։ Հինգ կոպեկի համար իրար «բողազից չեն բռնում»։ Նույնն է ասում նաև տիկին Սիրանույշը։

«Բացի էդ, մեծերը 90-ականներին կռվել ենԱրաբոյի ջոկատում, Սասունի մոտ... Իրենք էլ, իրենց երեխաներն էլ իրենց մարդավարի էին պահում։ Կարող էին վիճել, բայց որ ոսկու կամ փողի համար իրար վրա դանակ քաշեն` էդպիսի բան չի եղել։ Գողական բարքեր էլ չկային, մեր մարդիկ էդպես չեն», – ասում է կինը։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Հիմա գործազուրկ գյուղացիների ընտանիքներում մտածում են, թե ինչպես գումար վաստակեն, իսկ իրենց զավակներին կորցրած երեք ընտանիքներում փորձում են հասկանալ, թե ինչպես շարունակեն ապրել։

538
թեգերը:
Գյուղ, Մահ, Ոսկի, հանքարդյունաբերություն, հանք
Երիտասարդներ, արխիվային լուսանկար

Թող այդ ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր խնդիրներն էլ բավարար են

0
(Թարմացված է 21:48 13.07.2020)
Եկեք անկեղծ լինենք։ Այսօրվա կորոնավիրուսային իրավիճակը այնքան լուրջ խնդիր է, որ բոլորովին չի տրամադրում մտածելու այլ խնդիրների մասին, որոնք ծառանալու են ամբողջ մարդկության առջև, ասենք՝ այս դարի կեսերին։

Այնինչ այդ խնդիրները հետզհետե սկսում են ուրվագծվել հենց այսօր, բոլորիս աչքի առջև ու BBC-ին ներկայացրել է այն 10 գլխավոր մարտահրավերները, որոնց հետ մարդկությունը ստիպված է լինելու գործ ունենալ 30 տարի հետո՝ 2050 թվականին։ Թույլ տվեք հնարավորինս հակիրճ անդրադառնալ դրանց, իսկ առաջիկայում հաստատ դեռ առիթներ կլինեն շատ ավելի մանրամասն խոսելու այդ դրանց մասին՝ առանձին-առանձին։

Եվ այսպես՝ առաջին։ Մարդու գենային մոդիֆիկացումը։ Խոսքը, ինչպես մասնագետներն են ասում, մարդու ԴՆԹ-ի խմբագրման մասին է։ Սա մի կողմից՝ հսկայական օգուտներ կարող է բերել շատ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում, մյուս կողմից՝ էթիկական բնույթի նուրբ հարցեր է առաջացնում՝ արդյոք մենք իրավունք ունենք արհեստականորեն կատարելագործել մարդու օրգանիզմը և, ի վերջո, ստեղծել իդեալական մարդ արարած։

Երկրորդ։ Տարեցների թվի ավելացում։ Համաձայնեք՝ Հայաստանը այն երկրներից է, որտեղ այս խնդիրը առավել, քան հրատապ է։ Իսկ գլոբալ առումով մասնագետներն այսպիսի կանխատեսումներ են անում՝ հարյուր տարին բոլորած մարդկանց թիվն այսօր աշխարհում ընդամենը մոտ կես միլիոն է, 2050 թվականին այն գերազանցելու է 25 միլիոնը, այսինքն` աճելու է 50 անգամ։ Իհարկե, հրաշալի է, որ մարդիկ ավելի երկար են ապրելու, բայց… Անցնենք հաջորդ խնդրին։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

Կլիմայական փոփոխություններ։ Երբևէ լսե՞լ եք կլիմայական փախստականների մասին։ Իսկ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ եթե գլոբալ տաքացումը շարունակվի, որոշ տարածքներ լիովին կանցնեն ջրի տակ և դրանց բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել այլ բնակավայրեր, այլ երկրներ, այսինքն՝ կդառնան կլիմայական փախստականներ։

Անցնենք սոցիալական ցանցերին։ Սկզբում մեծ ոգևորություն էին առաջացնում, որովհետև շփվելու անսահման հնարավորություններ էին ընձեռում, հիմա կամաց-կամաց հասկանում ենք, թե որքան խոցելի ենք դառնում՝ ով ասես կարող է կեղծ անվան տակ գրանցվել ու հանգիստ հայհոյել քեզ։ էլ չեմ ասում սուտ տեղեկության տարածման մասին։ Լավ՝ քանի անգամ կարող է մեռնել Միխայիլ Գորբաչովը՝ մի հիսուն անգամ թաղեցին խեղճ մարդուն։ Ու այս խնդիրը գնալով խորանալու է։

«Մահափորձեր» մահվանից հետո. Լենինին նաև դամբարանում էին ուզում «սպանել»

Հաջորդը։ Քաղաքային տրանսպորտի երթևեկությունը։ Հիշում եմ՝ մի ժամանակ Ֆուրմանովի փողոցում, երբ բակի տղաներով երթևեկելի հատվածում ֆուտբոլ էինք խաղում՝ հատ ու կենտ մեքենաներ էին անցնում։ Հիմա երեկոյան վերադառնում ես աշխատանքից, հաստատ, 100 տոկոսով գիտես, որ քաղաքի այսինչ հատվածում անպայման խցանում է լինելու։ Իսկ ավտոմեքենաների թիվը տարեցտարի ավելանում ու ավելանում է։ Դուք գոնե պատկերացնո՞ւմ եք, թե 2050 թվականին Երևանում ինչ է կատարվելու։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ պատկերացնում։

Անցնենք առաջ։ Ինչ է լինելու, երբ Երկրի բնական պաշարները, որոնք մենք անխնա օգտագործում ենք, սկսեն սպառվել։ Մասնագետները փաստում են՝ սովորական բջջային հեռախոսում կա մոտ 60 բաղադրիչ, որոնցից առնվազն մի քանիսը՝ հազվադեպ հանդիպող մետաղներ են։ Ճիշտ եք։ Այդ մետաղները այլ նյութերով փոխարինելու եղանակներն առաջիկա տասնամյակներում երևի այնուամենայնիվ կգտնվեն։ Բայց վերցրեք մեր հայաստանյան հանքարդյունաբերությունը՝ ախր մեր արտահանման, մանավանդ եվրոպական արտահանման մի զգալի մասը՝ բնական պաշարներն են, որոնք անսահման չեն։ Բա 2050-ին ինչ է լինելու։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Եվ վերջապես։ Որոշ մասնագետներ համոզված են, որ անխուսափելիորեն գալու է այն օրը, երբ արհեստական բանականությունը գերազանցելու է մարդկային բանականությանը և սկսելու է ինքնուրույն կատարելագործվել ահռելի արագությամբ։ Եվ այստեղ ծագում է ամենագլխավոր հարցը՝ իսկ արդյոք առանց մարդու միջամտության զարգացող այդ բանականությունը բարյացակամ կլինի մեր՝ մարդկանց նկատմամբ։ Բա, որ հանկարծ որոշի, որ մարդկությունը խոչընդոտում է իր կատարելագործմանը։ Բայց շատ ճիշտ եք՝ թող այս ամենի մասին մեր երեխաներն ու թոռները մտածեն, մեզ մեր առօրյա խնդիրներն էլ բավարար են։

0
թեգերը:
խցանում, կորոնավիրուս, երեխա, թոռ, տարեց, Տրանսպորտ, Երևան, արհեստական բանականություն
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը
Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան
Արժե՞ վստահել վարկանիշներին. ինչ անել, որ հայկական բուհերն էլ լավագույնների շարքին դասվեն