Ճոպանուղի

Տեսնել և՛ Արագածը, և՛ Արարատը. Հայաստանում ուզում են յուրատեսակ ճոպանուղի կառուցել

427
(Թարմացված է 16:44 26.02.2019)
Խորհրդային տարիներին Մայմեխ լեռան գագաթին ճոպանուղի կառուցեցին դահուկորդների և քայլարշավների սիրահարների համար։ Պարզ օրերին այնտեղից երևում է և՛ Արագածը, և՛ Արարատը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Վանաձորի քաղաքապետարանը նախագծում է վերակառուցել դեպի Մայմեխ լեռան գագաթ տանող ճոպանուղին։ Այս մասին «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումի ժամանակ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։ Ֆորումին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մայմեխ լեռը 3 հազար մետր բարձրություն ունի։ Դրա լեռնաճյուղավորումները դեպի Վանաձոր են իջնում։ Խորհրդային տարիներին քաղաքից (այն ժամանակ Կիրովական) քիչ հեռու զբոսաշրջիկների հենավայր էին կառուցել, իսկ դրա կողքին` 3 094  մետր բարձրության վրա գտնվող լեռան գագաթը տանող ճոպանուղի։

Ճոպանուղին կառուցել էր Կիրովականի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Բոշյանը, որը դահուկային մարզաձի մեծ սիրահար էր։ Շինարարությունն ավարտվել էր 80-ականների վերջին, երկրաշարժից առաջ։

Լեռը բարձրացող դահուկորդներն ու զբոսաշրջիկները կարող էին տեսնել Արագածը, ինչպես նաև նրա հարևանությամբ գտնվող Արա լեռը։ Իսկ պարզ եղանակին այստեղից երևում են Արարատի ուրվագծերը (այն գտնվում է մոտավորապես 100 կմ հեռավորության վրա)։

Հետո տուրբազայի շենքը վթարային իրավիճակում հայտնվեց, իսկ այնտեղ գտնվող գույքը մաս-մաս թալանեցին, տարան։ Լեռան վրա անտառների միջև տրակտորներով դահուկային մայրուղիներ էին կառուցվել։ Ցուրտ ու մութ 90-ականներին այդ ճանապարհներով ոչ թե դահուկորդներ էին քայլում, այլ կացնով և սղոցով զինված մարդիկ` տունը տաքացնելու համար վառելափայտի հայթայթելու ակնկալիքով։

Բարեբախտաբար, երկրաշարժից հետո սյուները կանգուն էին մնացել և գրեթե ամրացման կարիք չունեն։ Նույնիսկ լարերն են անվնաս մնացել։ Ժամանակին դրանք գետնի տակով էին անցնում։ Եվ նույնիսկ ամենաաղքատ և սոված տարիներին որևէ մեկի մտքով չէր անցնում փորել և տանել դրանք։

2016 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ նշանակեցին Աբովյանին։ Նա որոշեց ինչ-որ մեծ նախագիծ մտածել, որպեսզի և՛ քաղաքի համար լավ լինի, և՛ հայրենակից ճարտարապետները հարազատ Վանաձորում անելիք ունենային։

«Գիտեք, բազմաթիվ տաղանդավոր գործընկերներ ունեմ։ Նրանք Երևանում են սովորել, բայց տուն չեն վերադարձել։ Չէ՞ որ պատվերներ չկան։ Ահա և մտածեցի` նման նախագիծը նրանց տուն բերելու հիանալի տարբերակ է», – ավելացրեց ճարտարապետը։

Նրա մտահղացման համաձայն` բաց նստարանների փոխարեն ուղևորները փակ սրահներով կտեղափոխվեն, իսկ տուրբազան կվերականգնվի և կդառնա մատչելի հանգստի վայր։ Մնում է միայն ներդրողներ գտնել։

Նախագծով հետաքրքրվում էին ինչպես իշխանափոխությունից առաջ, այնպես էլ հետո։ Պարզապես գործը դեռ կոնկրետ բանակցությունների չի հասել։ Նախատեսվում է շինարարության մեջ 6,2 մլրդ դրամի ներդրում անել։ Դրանից 500 մլն–ը հողատարածքների արժեքն է տուրբազայի, կայանների, ճոպանուղու սյուների համար։ Բայց դրանք քաղաքապետարանը պատրաստ է անվճար հատկացնել։

«Ֆորումի ժամանակ մեզ մի քանի մարդիկ մոտեցան։ Կոնտակտներ ենք վերցրել նրանցից։ Տեսնենք, ինչով կարող ենք օգնել միմյանց», – ավելացրեց Աբովյանը։

Քաղաքային իշխանությունների գնահատականներով` նման զբոսաշրջային համալիրը կկարողանա Վանաձոր տարեկան 30-35 հազար զբոսաշրջիկ գրավել։

427
թեգերը:
Վանաձոր, Արարատ լեռ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայկ Մարությանը խոսել է մետրոյի նոր կայարանի մասին. երկու տարբերակ է քննարկվում
Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու ծրագիրը մտել է գործնական փուլ. լուսանկարներ
Երևանում նոր ճոպանուղի կկառուցվի՞