Ջրատար

Նավթամուղի և գազամուղի հայկական այլընտրանքը. կունենա՞նք ջրատար դեպի Արաբական թերակղզի

474
(Թարմացված է 12:41 03.02.2019)
Համաշխարհային հզորների նավթամուղներին ու գազամուղներին Հայաստանում մտադիր են հակադրվել խմելու ջրի խողովակաշարով։ Հայաստանի քաղցրահամ ջուրն Արաբական թերակղզի հասցնելու հույսը դեռ չի մարել։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Ավելի քան 1.5 դար առաջ սակավաջուր Երևանում ամենուր լսելի էր ջրավաճառ տղաների կանչը. «Ջուր եմ ծախում, սառը ջուր»։ Քաղցրահամ ջրերի մեծ պաշար ունեցող երկրում ամենատարածված բիզնեսը ջրի վաճառքն էր։

100 տարի անց` 1988թ–ին, Խորհրդային երկրից առանձնացող ու ինքնուրույն կյանքի պատրաստվող Հայաստանի հույսը դարձյալ ջուրն էր։ Թունավոր արտադրության դեմ պայքարող ակտիվիստ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարում էր` Հայաստանը ջերմուկով կպահենք։

Եվս 10 տարի անց, երբ պարզ դարձավ, որ միայն ջերմուկը Հայաստանը չի կերակրում, կազմվեց մեկ այլ ծրագիր ու դարձյալ Հայաստանից ջուր արտահանելու ու վաճառելու վերաբերյալ։

Ծրագրով, բացի գիտա–հետազոտական ուսումնասիրություններից ու հիմնավորումներից, նախատեսվում էր Արաքս գետի Մեղրիի կիրճի հատվածից կառուցել ջրատար խողովակաշար, որով պետք է քաղցրահամ ջուր արտահանվեր դեպի Արաբական թերակղզի։

1997 թվականին մշակված ռազմավարական ծրագիրը ներկայացվեց կառավարության քննարկմանն ու նույնիսկ հավանության արժանացավ։ Բայց այդպես էլ չիրականացավ։ Մնաց, մոռացվեց ու փոշոտվեց կառավարական գրասեղանների դարակներում։

Ծրագրի մասին չմոռացավ միայն դրա հեղինակ Հարություն Առաքելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հայտնեց, որ այսօր էլ եվրոպացի գործընկերների հետ քննարկում է 20–ամյա վաղեմությամբ ծրագրի արդեն նորացված տարբերակը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Հայաստանի այսօրվա իշխանությունները չպիտի կրկնեն նախորդների պասիվ կեցվածքը ջրային պաշարների կառավարման հարցում։

«Անհրաժեշտ է Թուրքիայի և Իսրայելի նման վարել ակտիվ քաղաքականություն՝ ջրի խնդիր ունեցող տարածաշրջանային երկրներին առաջարկել հայկական նախագծեր, մանավանդ, որ դրանց կյանքի կոչելը՝ ֆինանսավորումը, արաբական երկրները վերցնում են իրենց վրա: Նույն Թուրքիան և Իսրայելը օգտվել են Համաշխարհային Բանկի և այլ միջազգային կենտրոնների ֆինանսական աջակցությունից, հետևաբար, դա լուրջ փաստ է, որն ապացուցում է, որ խոշոր ֆինանսական կենտրոնները ներգրավված են համաշխարհային ջրային պաշարների կառավարման գործում, և, եթե Հայաստանը լուրջ հայտ ներկայացի այս հարցում, ապա անկախ նրանից` հայկական նախագիծը կյանքի կկոչվի, թե ոչ, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը միջազգային և տարածաշրջանային մակարդակում կփոխվի»,– համոզված է Առաքելյանը։

Որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհին իշխող գազամուղներին ու նավթամուղներին մեր ջրատար խողովակը հակադրելու գաղափարին սկզբունքորեն դեմ չէ նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, հատկապես, որ 90-ականներին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած մասնագետն այսօր շատ լավ հիշում է ժամանակին լայնորեն քննարկված այդ նախագիծը։

Չնայած Հայաստանում ջրի պաշարների անխնա շահագործման հետևանքով  վերջին տարիներին առաջացած ու տարեցտարի խորացող  խնդիրներին, Կարինե Դանիելյանը կարծում է, որ մեր երկրի ներկայիս պաշարները թույլ տալիս են իրականացնել թղթի վրա մնացած հայկական երազանքը։

«Սկզբունքորեն հնարավոր է։ Բայց կախված է այն հանգամանքից, թե ինչպես ու ինչ ճանապարհներով է նախատեսվում անել դա։  Մենք պարտավոր ենք պահել հարևանների նկատմամբ մեր պարտավորությունը։ Հստակ սահմանված թվեր կան, թե Հայաստանից դուրս եկող ջրի որ մասը մենք կարող ենք օգտագործել։ Իհարկե, մենք լրիվ չենք օգտագործում, և այդ առումով, հնարավոր է»,– Sputnik Արմենիային ասաց Դանիելյանը։

Բնապահպանի համոզմամբ` կարևորն այն է, որ ծրագիրը չվնասի հայաստանցի սպառողին, այլ օգուտ բերի տնտեսությանը։ 

Ջրի խնդիրն այսօր աշխարհում ամենաքննարկվողներից է։ Վերլուծաբաններն արդեն ահազանգում են, որ ապագայում աշխարհի տերերը լինելու են ոչ թե նավթ ու գազ, այլ խմելու ջուր ունեցող երկրները։

Այս տարվա համար արդեն կանխատեսվում են ջրի սակավությամբ պայմանավորված առողջապահական լուրջ ճգնաժամեր։ 2019 թ.–ին կանխատեսվում է վերջին 100 տարվա ընթացքում խոլերայի համաշխարհային ամենամեծ համաճարակը։ Իսկ թե ինչպիսին կլինի աշխարհի ճակատագիրը 2020 թ.–ին կորոշեն Եմենում, Ուգանդայում, Կոնգոյում, Բանգլադեշում, Եթովպիայում, Գանայում, Հնդկաստանում ու Ինդոնեզիայում ջրի սակավության հետևանքով առաջացած ու աշխարհով մեկ տարածված վարակները։

Հ.Գ. Ավելի քան 20 տարի առաջ Հայաստանից ջրի արտահանման ծրագրին անդրադարձել էր նաև ռուսական НТВ հեռուստաալիքը։ Ստորև ներկայացնում ենք այդ տարիներին НТВ–ի հայաստանյան թղթակից, այսօր Sputnik Արմենիա գործակալության տնօրեն Դմիտրի Պիսարենկոյի` ծրագրի մասին պատմող ռեպորտաժը։

474
Ըստ թեմայի
Վստահության գինը նոր Հայաստանում. ո՞վ և որքա՞ն կվճարի
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ. ջրի խնդիրը ինքնիրավչության առիթ է դարձել
Ջրի զտման ռուսական տեխնոլոգիաները կազատեն Հայաստանը խողովակների թանկարժեք վերանորոգումից