Արտակ Զեյնալյան. Երևանի քաղաքապետի թեկնածու

Ինչո՞վ կարելի է զբաղվել միայն Երևանում և ի՞նչ կապ ունի «Էսկիմոն». զրույց Զեյնալյանի հետ

119
(Թարմացված է 21:16 07.09.2018)
«Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատմեց մայրաքաղաքի խնդիրների, Երևանի մասին սիրված երգի և «Էսկիմո» պաղպաղակը կարոտելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Սեպտեմբերի 10–ին սկսվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը. ձևավորված ավագանին կընտրի Երևանի քաղաքապետ։ Ընտրություններին կմասնակցեն 12 քաղաքական ուժեր` 4 դաշինք և 8 կուսակցություն։

Sputnik Արմենիան ներկայացնում է բացառիկ հարցազրույց Երևանի քաղաքապետի թեկնածուի հետ։ Հարցերին պատասխանեց «Լույս» դաշինքի թեկնածու, Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

– Ինչո՞վ է տարբերվում Երևանը աշխարհի մյուս մայրաքաղաքներից։

– Երևանն իմ քաղաքն է։ Նա ջերմ է, հոգի ունի։ Նա կենդանի արարած է, և դա հիանալի է։

– Ո՞րն է Ձեր սիրելի փողոցը Երևանում։

– Տերյան փողոցը։  Չգիտեմ ինչու, բայց սիրում եմ այդ փողոցը։ Հենց այդ փողոցի նկատմամբ եմ  ինչ–որ ջերմություն զգացել։

– Ձեր կարծիքով` ինչի՞ պակաս ունի քաղաքը։

– Մեր մայրաքաղաքին պակասում է հարմարավետությունը, արագությունը, ազատությունը, մաքրությունը և ճարտարապետական գրավչությունը։ Անհրաժեշտ է որոշել թափառող կենդանիների խնդիրը, բայց պետք է դրսևորվի հումանիստական մոտեցում։

– Ինչո՞վ կարելի է զբաղվել միայն Երևանում։

– Միայն Երևանում կարելի է երևանցի լինել։

– Ձեր նշանաբանը…

– Լույսի քաղաք Երևան։ Իմ Երևան

– Մայրաքաղաքի մասին ո՞ր երգն եք սիրում ամենից շատ։

– Ինձ հոգեհարազատ է Պարույր Սևակի բանաստեղծության հիման վրա գրված «Էրեբունի Երևան» երգը։

– Երևանի ո՞ր խնդիրն եք համարում առավել մեծ։

– Ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է միասնական համայնք լինելու ընկալումը։ Քաղաքացիները պետք է հասկանան, որ հենց նրանք են իրականացնում համայնքի կառավարումը, նրանք են լուծում իրենց խնդիրները, ներդրված միջոցները նրանց փողերն են։ Դա կարևոր է արդար կառավարման համար։

– Ո՞ր շենքը կարող է համարվել մայրաքաղաքի այցեքարտը։

– Դժվար է առանձնացնել մեկ շենք։ Ինձ շատ դուր է գալիս Հանրապետության հրապարակի ճարտարապետությունը։

– Քաղաքային իշխանությունների ո՞ր սխալը կարելի է առավել լուրջ համարել։

– Հանրային ծառայությունը, անկախ նրանից, թե ինչպես է կոչվում պաշտոնը, ընդամենը ծառայություն է, և յուրաքանչյուրը պետք է դա հասկանա։ Գլխավորելով ցուցակը` ես պարտավորություն եմ ստանձնել ծառայելու ժողովրդին։ Բոլորը պետք է դա գիտակցեն։ Բայց ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին։ Ինձ համար դժվար է մեղադրել մարդկանց, դրա համար պետք են ծանրակշիռ փաստարկներ։

– Ինչպե՞ս վերադարձնել քաղաքի կոլորիտը, որը երևանցիների կարծիքով կորսված է։

– Դրա համար ժամանակ ու կայունություն է պետք։ Կձևավորվի կամ արդեն ձևավորվում է նոր կոլորիտ, իսկ հինը կմնա անցյալում։ Այն անհնար է վերադարձնել, և դա լավ է, քանի որ այդ ժամանակները մեզ համար անկրկնելի և յուրահատուկ կմնան։ Հին Երևանում ես կարոտում եմ «Էսկիմո» պաղպաղակը և պաղպաղակ վաճառողների կանչերը։

119
թեգերը:
Արտակ Զեյնալյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշենի» ու «Արմավիրի» պետերին
Ի՞նչ է Արտակ Զեյնալյանը պահանջում Սերժ Սարգսյանից
Գագիկ Ծառուկյան, արխիվային լուսանկար

Երբ նախագիծը հաստատվում էր, խաղատունը կառուցված էր. ինչպես «մոլորվեց» ՀՀ կառավարությունը

638
(Թարմացված է 22:21 15.06.2020)
Կառավարության 2013թ.-ի որոշումից պարզ է դառնում, կառավարության անդամները պետք է որ տեղյակ լինեին Սևանի ճանապարհին Գագիկ Ծառուկյանի խաղատների կառուցման պատմությունից, եթե, իհարկե, կարդային, թե ինչ որոշում են ընդունում:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Նելլի Դանիելյան. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատները, ժամանցի ու հանգստի հանրահայտ վայրերը, պարզվում է` գրանցվել, գործել ու շահույթ են ստացել ապօրինի ճանապարհով՝ համեմայնդեպս 2014թ-ի հունվարից հետո:

Նման հայտարարություն հունիսի 14-ին արեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ պաշտոնական հաղորդագրություն տարածելով Ծառուկյանին պատկանող այդ բիզնեսների մասին:

Ըստ ԱԱԾ բացահայտումների, Ծառուկյանը «մոլորության մեջ է գցել պատկան մարմիններին», «ստացել ՀՀ կառավարության հավանությունը» և այդ գործունեության արդյունքում պետությանը պատճառել 29 մլրդ 750 մլն դրամի վնաս:

Իրեն մեղսագրվող այս ու ոչ միայն այս արարքի մասին, պարզվում է` Գագիկ Ծառուկյանն իմացել է միայն հունիսի 14-ին, այն էլ՝ պատահաբար, համացանցից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Հարց է առաջանում, թե պարոն Ծառուկյանը ինչպես կամ որտեղից պիտի իմանար հարուցված քրեական գործերի մասին, եթե որևէ կարգավիճակ չի ունեցել»,- ասաց նա:

Պարզվում է` ԲՀԿ ղեկավարին այդ մասին չեն ասել անգամ ԱԱԾ-ում 8 ժամ հարցաքննելիս, քանի որ, ըստ փաստաբանի, այնտեղ խոսքը բոլորովին այլ քրեական գործերի մասին է եղել։ Մասնավորապես՝  նա կանչվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով` որպես վկա:

Էմին Խաչատրյանը նշեց, որ բացի մամուլում հրապարակված հաղորդագրություններից ու Ծառուկյանի տանն իրականացրած խուզարկության որոշումներից ու արձանագրություններից, քրեական գործին անչվող այլ նյութերի հետ ծանոթանալու հնարավորություն դեռ չեն ունեցել: Նույնիս տեղյակ չեն, թե ինչ  կարգավիճակ ունի իր վստահորդն այդ քրեական գործով:

Ծառուկյանի խաղատնային բիզնեսի մասին այլ պարզաբանում այս պահին ո՛չ իրավապահները, ո՛չ Ծառուկյանի պաշտպանները չեն տալիս: Քրեական գործի մասին հայտարարություն է արել միայն «Օնիրա Քլաբ» ՍՊԸ  տնօրինությունը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը որևէ  անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, և դրա մենեջմենթն իրականացնում են Անգլիայից ու Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերները:

Թե ինչ ավարտ կունենա այս` արդեն բավական աղմուկ հանած պատմությունն ու ինչ հանգուցալուծում կստանա բացված քրեական գործը, պարզ կլինի թերևս տարիներ անց, երբ կկայացվի դատական վերջնական ակտը: Իսկ մինչ այդ, չխախտելով անմեղության կանխավարկածը և օգտվելով հրապարակային աղբյուրներից, փորձենք հասկանալ, թե ինչից սկսվեց ամեն ինչ ու ինչ նպատակով Գագիկ Ծառուկյանը «մոլորեցրեց» ՀՀ այն ժամանակվա կառավարությանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2013թ-ին կառավարությունը որոշեց Երևանից ու ՀՀ մյուս բնակավայրերից հանել բոլոր խաղատները և դրանք տեղափոխել 50 կմ հեռու: Իսկ Ծառուկյանն արդեն Երևանին շատ մոտ կառուցել ու անգամ շահագործում էր որոշ խաղատներ:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում այս փոփոխություններն ԱԺ-ում ընդունվեցին 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ու պետք է իրավական ուժ ստանային 2014թ-ի հունվարի 1-ից:

Բայց ԱԺ որոշումից 2 օր առաջ՝ դետեմբերի 26-ին, ՀՀ կառավարությունը մի որոշում ընդունեց, որով թույլ տվեց, որ Ծառուկյանի՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում կառուցված խաղատները շարունակեն գործել:

Նման իրավունք էր ընձեռում օրենքում ներառված այն բացառությունը, որ խաղատունը բնակավայրին մոտ կարող է կառուցվել միայն կառավարության հավանությանն արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված 2013թ-ի հիշյալ որոշումից տեղեկանում ենք, որ «Օնիրա Քլաբի» ծրագիրը գնահատվել էր 45-50 միլիարդ դրամ: 

Նման գնահատում էր արել «Հ. Ս.ՊՌՈ» ՍՊԸ-ն, որին էլ հանձնարարվել էր նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը՝ 13.597 հա հողամասի վրա համալիրը կառուցելու համար։

«Ծրագրի իրականացման արդյունքում կմատուցվեն բարձրակարգ ծառայություններ, կապահովի էլ ավելի գրավչություն, հատկապես օտարերկրացիների համար, և արդյունավետ ֆինանսատնտեսական գործունեություն։ Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր»,- ասված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Հետաքրքական է, որ դեկտեմբերի 26-ին ընդունված որոշման մեջ գրված է. «ծրագրի իրականացումը նախատեսվում է ավարտել 2013 թվականին»:

«Խնձոր կերեք». ձայներ բերելու առնչությամբ ԲՀԿ–ական պատգամավորների արձագանքը

Կառուցվող խաղատների ու ժամանցի կենտրոնների սեփականատեր «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2010 թվականի դեկտեմբերի 29-ին, ու, ըստ կառավարության որոշման, հենց նույն օրն էլ հրավիրված «բաժնետերերի ժողովում հաստատվել է վերոհիշյալ ներդրումային ծրագիրն, ու դրա արդյունավետ իրականացման գործընթացն ապահովելու պատասխանատվությունը վերապահվել «Մուլտի ԳրուպԿոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին և նույն ընկերության ֆինանսական տնօրեն Գեղամ Թովմասյանին։

Բանն այն է, որ համաձայն պետական գրանցման տեղեկատվության` «Օնիրա Քլաբի» հիմնադիրներն են«Մուլտի ԳրուպԿոնցեռն»-ը, Գագիկ Ծառուկյանն ու նրա կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

ՀՀ կառավարության որոշման մեջ, ի դեպ, չի թաքցվում, որ խաղատների կառուցումը նոր չի սկսվելու, այլ սկսվել է դեռ 2 տարի առաջ: «Համաձայն ներդրումային ծրագրի` «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն 2011 թվականից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում` 13,597 հա հողամասի վրա, ձեռնարկել է ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցումը։ Շինարարական աշխատանքները 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ամբողջովին ավարտվել են և գնահատվել անկախ գնահատող «Էյ Էնդ Էմ ֆայնենշլ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից։ Վերջինիս կողմից, համաձայն հաշվետվության, ընկերության գույքը գնահատվել է 61 146 139 340 դրամ, այդ թվում` շենքերը և շինությունները` 59 039 197 608 դրամ, հողամասը` 1 809 665 732 դրամ, շարժական գույքը` 300 276 000 դրամ»,- ասված է կառավարության որոշման մեջ:

Փաստորեն, ստացվում է, որ կառավարությունն այնքան էլ «մոլորված» չի եղել ու որոշումը կարդալով կարող էր հասկանալ, որ 59 մլրդ դրամի շենք-շինություններն արդեն կառուցված են ու նոր չէ, որ պիտի կառուցվեն, կամ գոնե պիտի կռահեր, որ դեկտեմբերի 26-ին շինարարությունը սկսելու դեպքում հազիվ թե մինչև տարեվերջ հասցնեն ավարտել:

Թե ինչ է հասկացել կառավարությունն ու ինչպես է թույլ տվել, որ իրեն «մոլորեցնեն» գուցե նախաքննությունը կպարզի, իսկ մինչ այդ նշենք, որ հունիսի 14-ին տարածած հայտարարության մեջ ԱԱԾ-ն ևս գրել էր, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված 13.377  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը 2011թ. հունվարի 19-ին պետական գրանցում են ստացել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, «Օնիրա Քլաբը» խաղատնային բիզնեսի արտոնագիրը ստացել է 2013 թ. դեկտեմբերի 27-ին՝ մեկ խաղատան համար, բայց դրանով շահագործել 2 խաղատուն: «Օնիրա Քլաբի» տարածած պարզաբանման համաձայն` դրանք ոչ թե տարբեր խաղատներ են, այլ նույն խաղատան երկու սրահներ: Այս հարցը ևս վերջնական պատասխան կստան դատարանում:

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2013թ-ին, երբ կառավարությունն ընդունում էր Ծառուկյանի ներդրումային ծրագրի մասին վիճահարույց որոշումը ՀՀ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Իսկ որոշումը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից  խուզարկություն է իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջ գյուղի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի  պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Առաջին քրեական գործը վեերոհիշյալ խաղատներին վերաբերող գործն է, երկրորդը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն  հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի մարզի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

638
թեգերը:
Տիգրան Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), ՀՀ կառավարություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, խաղատուն, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները
Ըստ թեմայի
Թաթոյանն ամփոփիչ հայտարարություն է արել Ծառուկյանի հետ կապված իրադարձությունների մասին
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
ԱԺ նիստում ընդգրկվել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը
Մեղրաձորի հանքավայրը

Հանքափորների մահվան հետքերով. Մեղրաձորում շնչահեղձ են եղել մի գրամ ոսկու համար

538
(Թարմացված է 19:25 11.06.2020)
Մեղրաձորում վաղուց այդպիսի ողբերգություն չէր եղել. հանքում միանգամից 3 մարդ է մահացել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել, թե ինչու են գյուղի բնակիչները հանուն նման վաստակի պատրաստ վտանգել սեփական կյանքը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Կոտայքի Մեղրաձորում հող այդքան շատ չեն մշակում.  հիմնականում աշխատում են հանքում։ Նրանց մեջ կան նաև շատ ապօրինի հանքափորներ (որոնց տեղացիներն ասում են «չղջիկներ»)։

Կաթ, թե՞ ոսկի

Ահա այն հաշվարկը, որը կատարում են մեղրաձորցի տղամարդիկ (հատկապես երիտասարդները, ովքեր ուզում են ավելի շատ փող վաստակել)։ Հայաստանում մի կովից մեկ տարում կարելի է 2-2.5 տոննա կաթ ստանալ և վաճառել այն 300-400 հազար դրամով։ Նույնքան կարելի է ստանալ 15 գրամ ոսկի վաճառելով, ընդամենը մեկ–երկու շաբաթում։ Նման հաշվարկն է, որ նախանցած գիշեր ողբերգական է դարձել երեք հոգու համար։ Նրանք սարի խորքն են մտել 50-100 մետր և միացրել իրենց մեծ դրելներն ու դիզել-գեներատորները («դվիժոկ») (չէ որ սարի խորքում հոսանք չկա)։ Այդ նեղվածքում էլ  շնչահեղձ են եղել «դվիժոկի» շմոլ գազից։

Село Мехрадзор, где находится Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորը

Գյուղապետ Նարեկ Հարությունյանը մեր հարցերին հրաժարվեց պատասխանել։

«Հերիք է, անընդհատ նման բաներով հետաքրքրվեք։ Ումից ուզում եք հարցրեք, ինձ հանգիստ թողեք», – հայտարարեց  նա։

Հանքավայրի տնօրեն Վարդան Մարգարյանը խնդրեց իրեն չնկարահանել։ Առանց այդ էլ ամբողջ օրը ոստիկանների և քննիչների հարցերին է պատասխանում, մամուլի ժամանակը չէ։  Բայց զրուցել այնուամենայնիվ համաձայնեց։

Ոսկե «գողոն»

Նույնիսկ եթե հանքի տնօրինությունը լքված թունելները լցնում է քարով ու հողով, «չղջիկներն» էլի կարողանում են անցնել. նրանք և՛ բահ ունեն, և՛ քլունգ։ Իսկ ամենակարևորը` գիտեն, թե որտեղ անեն իրենց գործը։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Ապօրինի հանքափորներից ոմանք հանքավայրի նախկին աշխատակիցներ են. նրանք գիտեն` որտեղով են անցնում ոսկու երակները և որտեղ փնտրել ոսկու մնացորդները։  Բավարար է մեկ իմացող մարդ լինի, հավաքի իր եղբայրներին կամ ընկերներին և ցույց տա, թե որտեղ է պետք փորել։

Ապօրինի հանքափորներ կան նաև մյուս հանքավայրերում, սակայն Մեղրաձորում  նրանց ավելի հեշտ է, քանի որ այստեղ ոչ թե բաց հանք է, որտեղ ամեն ինչ ի տես է, այլ՝ փակ հանքահոր։ Բացի այդ, Մարգարյանի խոսքով, հանքավայրն էլ այդքան մեծ չէ, ինչպես Սոթքի կամ Շահումյանի դեպքում, անվտանգության աշխատակիցներ պահելն այստեղ ձեռք չի տալիս։ Այսքանին գումարած` հանքն ունի տասնյակ ուղիներ, և «ամեն մի ծակին» հետևելը, տնօրենի խոսքով, պարզապես անհնար է։

Էլի փոքր հանքեր կան, բայց դրանց ավելի հեշտ է։ Օրինակ, Մղարթի  հանքը Ծառուկյանինն է , Մարգարյանը բացատրում է, որ նրա «ախռանան» այսօր արդեն այդքան էլ «արխային» չէ, ինչպես նախկինում, բայց մեկ է՝ նրանցից զգուշանում են։ Բացի այդ էլ այնտեղ հանքը բաց է, ու ամեն ինչ՝ աչքի առաջ։

«Չղջիկները»՝  յուրաքանչյուրն իր հատվածում, մեկ ամսում միասին կարող են 50-100 գրամ ոսկի տանել։  Այդքան էլ մեծ թիվ չէ (ամսական ձեռնարկությունը 8-10 կգ է հանքարդյունահանում), սակայն փոքր էլ չէ։ Տնօրենի խոսքով` ոսկի կարող են տանել նաև հանքի օրինական աշխատակիցները։

«Օրինակ` հանքի աղքատ հատվածներում շատերի մոտ հորատանցումը 2-3 անգամ արագ է ստացվում, քան հարուստներում ։ Ինչո՞ւ։ Որովհետև այստեղ նրանք ավելի երկար են կանգ առնում։ Վարպետը մի րոպեով աչքը թեքեց, թե չէ, աշխատողը մի կտոր իր համար կոտրեց և դրեց կուրտկայի գրպանը կամ սապոգի մեջ։ Մեկ-մեկ վարպետն էլ կարող է նրանց հետ փայ մտնել», – ասում է Մարգարյանը և հավելում, որ բնականաբար, հանքում կան նաև բարեխիղճ աշխատողներ, բոլորին մեղադրելը չափազանց անարդար կլինի։

«Նոբելյան քիմիկոսները» և 6-րդ վարչությունը

Գիտության պատմության մեջ հայտնի դեպք կա, թե ինչպես էր հունգարացի քիմիկոս Դյորդ դե Հևեշին թաքցրել իր երկու գերմանացի գործընկերների նոբելյան մեդալները (Գերմանիայում գիտնականներին արգելված էր նոբելյան մրցանակների նշաններ  ունենալ)։ Նա հալեցրել էր դրանք ազոտաթթվի և աղաթթվի խառնուրդում («արքայաջուր»), իսկ պատերազմից հետո ոսկին վերականգնել էր և փոխանցել Նոբելյան կոմիտե, որտեղ նրա գործընկերների համար նորից պատրաստել էին մեդալներ։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Մեղրաձորում ոչ մեկի դրանով չես զարմացնի. «արքայաջրի» և այլ ռեակտիվների մասին շատերն անգիր գիտեն ։ Կան մարդիկ, որոնք տանը գաղտնի փոքր արտադրամասեր ունեն, որտեղ հանքաքարից ոսկի են ստանում։ Երկու տարի առաջ  նրանց հետքը բռնել էր ոստիկանության 6-րդ վարչությունը (կազմակերպված հանցավորության դեմ պայքարով զբաղվող) և ավելի քան 20 հոգու հեռախոսազրույցներ է գաղտնալսել` «քիմիկոսների», «չղջինկերի» և այլն։

«Սակայն 2018 թվականի համաներումից հետո այդ մարդկանց ազատել են, ու նրանք նորից վերադարձել են իրենց գործին», – հավելեց Մարգարյանը։

Պարզվել էր նաև, թե որտեղ են նրանք իրացնում այդ ոսկին. ճանապարհներից մեկը տանում էր Երևանի խոշոր ոսկու շուկաներից մեկը։ Շարունակվել է հետաքննությունը, թե ոչ, Մարգարյանը տեղյակ չէ։

Բենզինով ջիպ

«Առանց հանքի էլ գյուղում գործ կա»,- մեզ հետ զրույցում ասում են տեղացիները ։ Դաշտերի ու արոտավայրերի մի զգալի մասը գյուղում չի օգտագործվում։ Մարդիկ սովորել են աշխատել կա՛մ հանքում, կա՛մ Մոսկվայում։ Գյուղի բնակիչ տիկին Սիրանույշն ասում է, որ այնտեղ մեղրաձորցիները վերելակների վերանորոգմամբ են զբաղվում։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այս տարի վիրուսի պատճառով նրանք ստիպված տանն են մնացել։  Երեք մահացածներից հենց մեկը նախկինում Մոսկվայում էր աշխատում։

Այդ չարաբաստիկ օրը` հունիսի 9-ին, երբ  ընկերները չսպասեցին իրեն և ևս երկուսին, գնացին հասույթի հետևից, մտան թունել և թունավորվեցին շմոլ գազից։ Նրանց անմիջապես Հրազդանի հիվանդանոց տեղափոխեցին։ Նրանց մեջ էր նաև ջիպի տերը, որը նույնպես մինչ այդ խոպան էր գնում Մոսկվա։

«Ջիպ էր, էն էլ գազով չէ, բենզինով։ Գյուղում, երբ որ մարդկանց մեքենայից հանում էին, երևաց, որ ներսը գազի բալոն չկա», – պատմում է գյուղի բնակիչներից մեկը։

Ավելորդ է նկարագրել, թե Հայաստանում բենզինով ջիպ ունենալը ինչ «հարգանք ու պատվի» նշան է... Այդ ջիպում նստածներից մեկին հիվանդանոց էին տեղափոխում գլխի վրա խաչած ձեռքերով։

Հանքահումքի միջազգային գների անկումը կարող է ուղղակիորեն հարվածել ՀՀ տնտեսությանը 

«Նրա ձեռքերը բացեցին, ինքը նորից գլխին սեղմեց։ Դե պատկերացրեք՝ էդ ինչ անտանելի ցավ ուներ գազից, որ էդ անգիտակից վիճակում էլ էդ ցավից չէր պրծնում», – ասում է տեղի բուժկետի բուժքույրը։

Երիտասարդներն ուզում են ջիպ քշել, բայց արժի՞ դրա համար այդպիսի գին վճարել։ Սա այդ տղաների մայրերին հուզող գլխավոր հարցն է։

Իսկ առա՞ջ

Գյուղում աշխատանքը նախկին ծավալով չկա, անհամեմատ քիչ է։  Խորհրդային տարիներին այստեղ կոլտնտեսություն է եղել, մեծ անասնաբուծական ֆերմա (Միության փլուզումից հետո դրա պատերն ու տանիքը քանդել-տարել էին)։ Միայն գյուղում չէ, որ աշխատում էին. ամեն առավոտ ծառայողական ավտոբուսները, մեկը մյուսի հետևից, գյուղից Հրազդան էին տանում մի քանի հարյուր մարդու։ Այստեղ գործում էր արդյունաբերական հսկա «Հրազդանմաշը», որտեղ աշխատում էր ավելի քան 15 հազար մարդ։ 2000-ականներին քարուքանդ արին նաև «Հրազդանմաշը», ու այսօր քաղաքում էլ գործ չկա (հրազդանցիներն են անգործ նստած, էլ ուր մնաց գյուղացին գործ գտնի)։ Սակայն գյուղից քիչ հեռու վերջերս սկսեց աշխատել մեծ ջերմոցային համալիրը, ուր մի քանի գյուղացի դասավորվեցին աշխատանքի։ Վերջապես, սեփական հողի միջոցով էլ մի կերպ գլուխդ կպահես։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

«Տղաս էլ էր առաջ Մոսկվայում աշխատում, հիմա կով էլ կարող է արածեցնել, ոչխար էլ, գործից չի ամաչում։ Ու էդպես մենակ ինքը չի, կան էդպիսի մարդիկ», – ասում է կինը։

Լեռնագործ բանվորները հանքահորերում կարող են հազար դոլարից ավելի վաստակել, իսկ ընդհանուր առմամբ`հանքում միջին աշխատավարձը մոտ 300 հազար դրամ է։ Մաքուրով մնում է մոտ 230 հազար։ Նույնիսկ Երևանի համար այդքան էլ վատ չէ, գյուղի համար` առավել ևս։ Իհարկե, տիկին Սիրանույշը նկատում է, որ կովերից ու հողից այդքան չես ստանա, բայց գոնե քո մթերքը կունենաս, իսկ հանքում աշխատողը դա առնում է։

«Աշխատավարձերը վատ չեն, բայց գներն էլ են դրան համապատասխան։ Ասենք, տնական ձուն  80 դրամ է՝ Երևանի պես։ Այսինքն` ոնց որ թե քիչ չեն վաստակում, բայց դե ծախսում էլ են», – հավելում է նա։

Руда из Мехрадзорского золотого рудника (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրից ստացածը

Այնպես չէ, որ գյուղի գործը հեշտ է (քաղաքացին դա գիտի, գյուղացին` առավել ևս)։ Սակայն ապօրինի գործ անելն էլ շատ ուրախ բան չէ։ Հանքում մահացած երեքից մեկի հայրն էլ էր տարիներ առաջ նույն կերպ մահացել. իրենց բարեկամներից մեկին էր փորձում գետնի տակից հանել։

Հանքի տնօրեն Վարդան Մարգարյանն ասում է, որ թեև «չղջիկները» օրենք են խախտում, սակայն նրանց մասին միայն վատն ասել չի կարելի։ Հինգ կոպեկի համար իրար «բողազից չեն բռնում»։ Նույնն է ասում նաև տիկին Սիրանույշը։

«Բացի էդ, մեծերը 90-ականներին կռվել ենԱրաբոյի ջոկատում, Սասունի մոտ... Իրենք էլ, իրենց երեխաներն էլ իրենց մարդավարի էին պահում։ Կարող էին վիճել, բայց որ ոսկու կամ փողի համար իրար վրա դանակ քաշեն` էդպիսի բան չի եղել։ Գողական բարքեր էլ չկային, մեր մարդիկ էդպես չեն», – ասում է կինը։

Мехрадзорский золотой рудник (10 июня 2020). Котайкская область, Армения
© Sputnik / Asatur Yesayants.
Մեղրաձորի հանքավայրը

Հիմա գործազուրկ գյուղացիների ընտանիքներում մտածում են, թե ինչպես գումար վաստակեն, իսկ իրենց զավակներին կորցրած երեք ընտանիքներում փորձում են հասկանալ, թե ինչպես շարունակեն ապրել։

538
թեգերը:
Գյուղ, Մահ, Ոսկի, հանքարդյունաբերություն, հանք
Աննա Նաղդալյան

Գյուղերի հանցավոր թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է. Նաղդալյան

33
(Թարմացված է 22:00 13.07.2020)
ԱԳՆ խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ` անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի գործողություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի հայ–ադրբեջանական սահմանին  գործողությունները. Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը։ Սա միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,–գրել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

33
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Աննա Նաղդալյան, հրետակոծություն, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը