– Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման վերաբերյալ։
– Իմ կարծիքով` Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին և առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Ասում եմ դա որպես մարդ, որին հոգեհարազատ է Ռուսաստանը, որը տեսել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ կազմակերպված, ոչ մի միջադեպ, բացարձակ անվտանգ է, միաժամանակ չի զգացվում փողոցում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ, որ այս պահին գլխավորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, 21–րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ մթագնում է իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ և լրագրողներ ամբողջ աշխարհից կարողացան տեսնել և հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973թ–ին Երևանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ–ի չեմպիոն, հետո էլ շահեց ԽՍՀՄ գավաթը (1973–ին և 1975–ին` խմբ.), դուք չեք պատկերացնում, թե դա ինչպիսի ահռելի ուրախություն էր և տոն ամբողջ հանրապետության համար։
Վերջին տարիներին մեր ընտանիքում երկրպագում են Լոնդոնի «Արսենալ» ակումբին, և մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետև այնտեղ խաղում է լավագույն հայ խաղացողը` Հենրիխ Մխիթարյանը։
– Ո՞ւմ եք երկրպագել 2018թ–ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։
– Ֆրանսիային։ Դա մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին, նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ։ Երկրորդ, Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը։ Երրորդ, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որն ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։
Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի այս ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ անձամբ ինձ համար դժվար կլիներ եզրափակիչ խաղում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, չսատարել Ֆրանսիային։

Ընդհանրապես այս առաջնությունում չի եղել ինչ–որ մի թիմի գերիշխանությունը, ինչպես լինում էր նախկինում։ Եվ այս տարի չեմպիոնի կոչմանը լիիրավ հավակնում էին մի քանի թիմեր, այդ թվում` Ռուսաստանի հավաքականը։ Մենք եզրափակչից առաջ գործընկերների հետ խոսել ենք այդ մասին. Ռուսաստանը միշտ հոկեյի մեծ երկիր է եղել։ Բայց հիմա ինձ թվում է, որ այն դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր։ Իսկ ռուսական թիմը հերոս է դարձել երկրում, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար։
– Շատերն ակնկալում են, որ Ձեր կապերը տարբեր երկրների քաղաքական և գործարար վերնախավի հետ թույլ կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել Հայաստան։ Հաջողվե՞լ է արդյոք ինչ–որ պայմանավորվածություններ ձեռք բերել։
– Խորհրդարանական հանրապետությունում նախագահի դերը չի ենթադրում գործադիր իշխանության ինչ–որ լծակների առկայություն։ Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այդ պաշտոնը, պետք է օգտագործեմ իմ կապերը գիտության, քաղաքականության մեջ, որպեսզի ներդրողներ բերեմ Հայաստան։
Հիմա Հայաստանում ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա» հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում։ Մեծ սպասումներ կան, որ փոփոխությունները կտանեն դեպի լավը, և կարևոր է, որ դրանք վերածվեն իրական արդյունքների տնտեսության և բիզնեսի մեջ։
Իմ տեսլականը հետևյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք։ Եվ երբ ասում եմ` ներդրումներ արեք Հայաստանում, դա չի նշանակում, որ ես կոչ եմ անում ներդրում անել 3,5 միլիոն բնակչությամբ երկրում։ Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ ահռելի եվրասիական տարածության համար, որտեղ ապրում է ավելի քան 170 միլիոն մարդ։
Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական պաշարները, որքան նոր տեխնոլոգիաները և մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա։ Հիմա մենք լավ զարգացած տեխնոլոգիաներ ունենք, և այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում ենք մեզ մոտ։ Եվ Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արևելքի և Արևմուտքի միջև, ստեղծել իր տեխնոլոգիաները, որոնք միջազգային որակ կունենան, և տարածել դրանք եվրասիական շուկայում։
Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել շատ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES։ Հանդիպումներ են եղել ոչ միայն բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ. ես հանդիպել եմ նաև Chanel–ի ղեկավարի հետ։ Հայաստանում ուժեղ են ոսկերչական գործի ավանդույթները։ Վատ չէր լինի միավորել մեր ավանդույթները և համաշխարհային տեխնոլոգիաները։
– Իշխանափոխությունից հետո աշխուժացել է Հայաստան վերադառնալու գործընթացը։ Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարձին, նրանց համար աշխատանք կա՞։ Ասենք, սիրիահայերը կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում։
– Իսկապես, հիմա մեծ հոսք է գալիս։ Սփյուռքի համար Հայրենիքը գրավիչ դարձնելու ծրագրերը կառավարության` գործադիր իշխանության արտոնությունն են։ Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ։
Այստեղ ինչպիսի՞ քայլեր են պետք` ներդրումային ծրագրերից բացի. գլխավորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի, չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան` իրենց խնդիրներն օրինական լուծում կստանան։ Եվ հիմա շատ բան արդեն արվում է ճիշտ ուղղությամբ։
Շատերը, որ գալիս են Սիրիայից, պատերազմի պատճառով գրեթե ամեն ինչ կորցրել են։ Նրանք տեղափոխվում են Հայաստան և ամեն ինչ զրոյից սկսում։ Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն Հայաստանը նրանց համար տարանցիկ կետ չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել։
– Ձեր կարծիքով ի՞նչ է պետք անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից։
– Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է։
Բայց ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում անհնար է ինչ–որ մեկին պահել նույն տեղում։ Հակառակը, պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստանում, այլ երկրներում, աշխարհի լավագույն բուհերում և հետո տուն վերադառնա և երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը։
Հայաստանի մոդելը պարզ է` փոքր երկիր, բայց գլոբալ ազգ։ Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է։ Ուստի ուժեղ սփյուռքը ուժեղ Հայաստան է։ Ի դեպ, ամենամեծ հայկական սփյուռքը հենց Ռուսաստանում է և մեզ ամենամոտը` թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգով։
– Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք քաղաքականություն մտնելուց առաջ, և ինչպե՞ս է գիտական փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում։
– Իհարկե, հետաքրքրությունը մնացել է։ Այն ոլորտը, որով ես զբաղվել եմ, հարաբերականության տեսությունը, տիեզերագիտությունը, ռելյատիվիստական աստղաֆիզիկան տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, և գիտական ճանաչման միջոցով մենք ավելի ենք մոտենում ճշմարտությանը և Աստծուն ըմբռնելուն։ Որքան խորն ենք ճանաչում ֆիզիկայի օրենքները, այնքան հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունը և բացարձակ գեղեցկությունը։
Ի՞նչ է ինձ տվել գիտությունը ներկա աշխատանքում. առաջին հերթին` մտածելու դիսցիպլին ։ Երկրորդ. անկախ նրանից, թե ինչով ես զբաղվում` գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարևոր գործոն է առողջ բանականությունը, տրամաբանությունը։ Նաև շատ կարևոր է, որ դու ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի այդ խնդրի լուծումը։ Ես դա անվանում եմ տեսլական։ Այնուհետև լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ, ընդհուպ մինչև իրական նպատակներ։
– Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը ժողովրդի հետ կապը պահպանելու համար։ Դուք կիրառո՞ւմ եք այդ մեխանիզմը։
– Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականությունն են։ Այն քաղաքական գործիչները, որոնք հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան։
Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթ չունի, և անհրաժեշտություն չկա ամեն օր բացատրել ժողովրդին իմ գործողությունների իմաստը։ Ուստի տվյալ փուլում ես սոցիալական ցանցում էջեր չունեմ, դրա կարիքն ուղղակի չեմ զգում։
Մեր վարչապետը և կառավարությունն ակտիվ օգտագործում են սոցիալական ցանցերը, և ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա` ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը։
Ընդհանրապես սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանում դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում։ Մենք չունենք խորհրդարանական հանրապետության ավանդույթներ, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձևը վաղուց գոյություն ունի։
Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու, առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։
Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողն, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկ մեկու հարցնում էին».
— Ո՞վ է այս երիտասարդը։
Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, ում հետո ժողովուրդը պիտի Սպարատետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականույթյուն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:
Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա տղա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրեբաջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:
Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպորցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց, Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:
Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականների կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ, ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարակնն էր ընդունվել, սրտովը չէր, գնաց, կիսատ թողած ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է ուզի, ասեց՝ մամ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա»:
Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:
Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։
«Ես չէի կարող նրան ասել մի գնա, իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ինչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն, ըստ արժանվույն, իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակին:
Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո, անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էիք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»: Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասերիրությունից էր գալիս: Իսկ իրականում՝ այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:
Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս, անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:
Գործից դուրս, առօրյա շփման մեջ անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:
«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր, որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:
Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էր մեզ՝ հայերիս:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:
Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:
Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։
«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։
«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։
Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։
«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։
Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։
«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։
Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։
«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։
Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։
Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։
«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։
Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։
Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։
Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։
Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։
Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։
Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։
«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։
«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։
Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։
«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:
Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։
Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:



