Հաճախ է պատահում, որ խառնամուսնություններից ծնված երեխաներն ավելի տաղանդավոր են լինում: Օրինակ՝ 19-ամյա դիմանկարիչ Անաստասիան արդեն հասցրել է զգալի բարձունքների հասնել. 24,5 հազար բաժանորդ Instagram-ում, ճանաչելի ոճ արվեստում: Ընդ որում՝ աղջիկը պատվերներ է ստանում արևմտյան խմբերի երաժշտական ալբոմների շապիկների ձևավորման համար և ոչ միայն:
Անաստասիայի հայրը Հայաստանում է ծնվելս, սակայն4 երբ փոքր էր, նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացավ: Խորթ հայրը որդեգրեց երեխային և նրա հայկական Սարոպյան ազգանունը փոխարինվեց լեհականով: Այնպես որ, հայ հորից Նաստյան ստացավ խոսուն` Մաստերսկիխ ազգանունը: Միևնույն ժամանակ, աղջկա մայրը նույնպես ծագումով լեհ էր, սակայն նրա երակներում նաև ռուսական արյուն է հոսում:
Դժվար է որոշել Նաստյայի իրական ազգությունը նրան նայելիս, սակայն նրա նկարները կարելի է ճանաչել հազարների մեջ:
Բոլոր այդ արտասովոր կտավների հետևում խորը պատմություն է թաքնված: 14 տարեկանում աճող նկարչին, որը դեռ չէր էլ կռահում իր թաքնված տաղանդի մասին, սարսափելի ախտորոշում տվեցին: Սկսեց դեֆորմացվել ձախ ձեռքը, որը հետագայում ամբողջությամբ պարալիզացվեց:
Չորս վիրահատություն, 11 ամիս շրջապատված բժիշկներով, բուժքույրերով և հիվանդանոցի սպիտակ պատերով: Առաջին երկու վիրահատությունները հաջողություն չբերեցին, սակայն հենց այդ դժվար փուլում սկսեց ի հայտ գալ տաղանդը:
Նաստյայի խոսքով` առաջին նարկոզից հետո նա արթնացավ նկարելու անհագուրդ ցանկությամբ. «Ես մեծ ցանկություն ունեցա նկարելու, սակայն ոչ թե ցանկացած պատահած բան, այլ կոնկրետ մանդալա: Դա հետագայում բավականին հայտնի դարձավ, սակայն այն ժամանակ ես այդ մասին չգիտեի: Աչքերիս առաջ անդադար շրջանների այդ պատկերներն էին»:
Նարկոզից դուրս գալուց հետո ուժեղ ցավեր սկսվեցին, որոնց պատճառով նույնիսկ քնելն անհնար էր. «Դա կյանքի նման չէր, ես անդադար մտածում էի այն մասին, թե որքան եմ նկարել ուզում»:
Այնուհետև կրկին վիրահատելու անհրաժեշտություն եղավ, քանի որ ոսկորները չէին կպնում: Բժիշկները ստիպված էին ոտքից կենսաբանական նյութ վերցնել և փոխպատվաստում կատարել: Երկրորդ վիրահատությունից հետո երիտասարդ օրգանիզմը պարալիզացված էր:
«Նույնիսկ նկարագրել չեմ կարող, թե որքան ծանր էր: 15 տարեկանում հասակակիցներդ սիրահարվում են, հիմարություններ են անում, իսկ դու ստիպված ես հաշմանդամի սայլակով տեղաշարժվել»,- պատմում է Նաստյան:
Այդ օրերին, երբ ստիպված էր կրկին քայլել սովորել, հերոսուհին ցավը փարատում էր նկարելով: Չէ՞ որ իզուր չեն լեգենդար բրիտանական The Beatles խմբի «Here comes the sun» («Ահա և արև ծագեց» — խմբգ.) երգի բառերը: Հենց այդ ժամանակ, երբ ուժերը սպառվում էին, սկսեց ծաղկել կյանքի մեկ այլ աղբյուր:
Հիվանդանոցում օրը փոխվում էր նորով, օրացույցի թերթերը գնալով պակասում էին, իսկ գիպսերի քանակն ավելանում էր: Անաստասիայի խոսքով` այդ գիպսերին նայելը բավական տխուր էր, դրանք սպիտակ և անհետաքրքիր էին:
Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսում» հիանալի արտահայտություն կա, որը ճշգրիտ նկարագրում է հետագա իրավիճակը. «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:
Ահա այդպես էլ հասարակ սպիտակ հիվանդանոցում ներկեր գտնվեցին, որոնք օգնեցին նվազեցնելու այդ սարսափելի սպիտակության քանակը հիվանդների գիպսերի վրա: Երբեմն, մենք չենք պատկերացնում, որ դժվարությանը կարող է ավելի մեծ ու տառապալից բան հետևել, սակայն կենսաբանների ուսումնասիրությունների համաձայն՝ մարդն իր ունակություններով գերազանցում է Երկրի վրա գտնվող ցանկացած այլ կենդանի օրգանիզմի, ուստի, ցանկության դեպքում կարող է դիմակայել բազմաթիվ դժվարությունների:
Հիվանդանոցից դուրս գրվեց Նաստյան, երբ 16 տարեկան էր և արդեն ծագել էր մասնագիտություն ընտրելու հարցը. մարդկանց ֆիզիկապես կամ հոգեպես փրկելու հարցը: Նկարի՞չ, թե± բժիշկ դառնալ: Այդ է խնդիրը: Անկախ արվեստի մարդու ունեցած դժվարությունից, աղջիկն ընտրեց երկրորդ ճանապարհը: Ստեղծագործ մարդկանց մեծամասնության երազանքը ՎԳԻԿ ընդունվելն էր՝ ժամանակակից իրողության մեջ համբավ չվայելող մասնագիտությունների ամենահեղինակավոր համալսարանը:
Այնտեղ Նաստյային կրկին անհաջողություն էր սպասում` բարդ քննություններ: Հավանաբար, չկա չարիք առանց բարիք: Անվանի ուսումնական հաստատության բարդ ծրագիրը և խիստ գրաֆիկը կսահմանափակեին մտքի և գործողությունների ազատությունը: Այժմ Անաստասիան սովորում է ՏՏ դիզայնի ֆակուլտետում՝ ցավոք կամ բարեբախտաբար, բայց ոչ ՎԳԻԿ-ում:
«Հստակ գիտեմ, որ ամբողջ այս պատմությունը, որն ինձ հետ տեղի է ունեցել, շատ ցավ ու արցունք է պատճառել, պատահական չէր: Կյանքը հենց այնպես դասավորվեց, որ 16 տարեկանում ես հասկացա իմ իրական նշանակությունը»,- պատմում է աղջիկը:
Instagram-ում աղջկա աշխատանքների հետևորդների և սիրահարների մեծ մասը ստիպում են, որ նա որոշակի ոճով ապրի: Երիտասարդ նկարչուհին հաճախ է այցելում Մոսկվայում կազմակերպած տարբեր fashion և beauty միջոցառումներ: Դրանցից մեկը՝ MBFW Russia-ն է (Mercedes-Benz Fashion Week նորաձևության ռուսական շաբաթն, անցկացվում է տարին երկու անգամ` ապրիլին և հոկտեմբերին, Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հովանու ներքո):
Նաստյան մարդ է, որը չի վախենում նորություն փորձել: Նրա աշխատանքները ոճի և նյութի մշտական փորձարկումներ են, նոր գաղաթարներ և ձևեր գտնելու անդադար գործընթաց: Մի±թե սա չէ հաջողության գրավականը:
Հայաստանի մասին խոսելիս, Մաստերսկիխը հույս ունի, որ շուտով կկարողանա այցելել պատմական հայրենիք:
«Պապս ու հայրս հայ են: Հպարտ եմ, որ երակներումս հայի արյուն է հոսում»,- ասում է Նաստյան:
Անաստասիայի օրինակը վկայում է այն մասին, որ կյանքը գույների սպեկտր է, որտեղ մուգ երանգները փոխարինվում են բաց երանգներով, բայց ցանկացած պարագայում կարելի է վարպետորեն խառնել այդ գույներն ու նորանոր բարձունքների հասնել:
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։
«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։
«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։
Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։
«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։
Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։
«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։
Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։
«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։
Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։
Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։
«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։
Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։
Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։
Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։
Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։
Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։
Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։
«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։
«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։
Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։
– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։
– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։
– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։
– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով
Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:
– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։
– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։
ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:
Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։
– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։
– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։
– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։



