Բլոգեր Լապշինին հետապնդելու պատմությունը լի է հարցերով, որոնք մինչև օրս պարզ չեն անգամ նրա համար: Sputnik Արմենիային տված ընդարձակ հարցազրույցում Լապշինը պատմեց Արցախից Բաքու ճանապարհի, բանտում գտնվելու մասին, ինչպես նաև ներկայացրեց իր վարկածը, թե ով է կանգնած նրա անհաջողությունների հետևում: Զրուցեց Դավիթ Գալստյանը:
-Ինչու՞ է առաջացել Արցախ մեկնելու որոշումը:
— Կյանքիս ընթացքում ես այցելել եմ 126 երկիր, ներառյալ բազմաթիվ կոնֆլիկտային տարածաշրջաններ: Անկեղծ ասած՝ Արցախը իմ կողմից նախկինում բազմաթիվ տարածաշրջաններ այցելած վայրերից մեկն էր. Կոսովո, Պաղեստին, Արևմտյան Սահարա, Աբխազիա, Մերձդնեստր, Թայվան և այլն:
Սիրում եմ պատմություն, ներառյալ ռազմական պատմությունը: Արցախն այն վայրերից մեկն է, որտեղ ձեր աչքի առաջ, բառացիորեն, պատմություն է գրվում: Ես իմ ճանապարհորդություններից ոչ մեկում սկզբունքորեն չեմ բռնել այս կամ այն կողմի դիրքորոշումը և նկարագրել եմ, բացառապես, իմ զբոսաշրջային տպավորությունները: Հիշում եմ, որ Արցախում ցածր կենսամակարդակի և կոռուպցիայի առկայության մասին իմ եզրակացություններով ես նույնիսկ առաջացրել էի Հայաստանի շատ բնակիչների դժգոհությունը, որոնք սոցցանցերում գրել էին, որ ես կատարում եմ Ադրբեջանի պատվերը: 2011-ին, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ, անգամ չգիտեի ադրբեջանական «սև ցուցակների» մասին:
Երբ բլոգերի ընթերցողները գրեցին ինձ, որ իմ անունը ներառվել է այդ ցուցակում, ես դա ընդունեցի որպես Ադրբեջանի բացառիկ հիմարություն, որը փորձում է մարդկանց զրկել տեղեկություն ստանալու իրավունքից, ինչի մասին արտահայտվեցի իմ բլոգում: Արդյունքում, երբ ինձ արտահանձնեցին Բաքու, Ադրբեջանի գլխավոր դատախազությունն իմ արտահայտությունները նրանց կողմից լրագրողների իրավունքները ոտնահարելու մասին համարեց ոտնձգություն նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ և Արցախի անկախության կոչ
-Ինչպիսի՞ արձագանք էիք ակնկալում Ադրբեջանի կողմից Արցախ այցելելուց հետո:
— Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չէի մտածել Ադրբեջանի արձագանքի մասին՝ այցելելով Արցախ: Ենթադրում էի, որ եթե ապագայում մեկնեմ Ադրբեջան, ապա ավելի լավ կլինի չբարձրաձայնեմ Արցախ կատարած այցելության մասին, այլապես կարող են երկիր չթողնել: Այս հակամարտությունը շատ է հիշեցնում ինձ լավ ծանոթ արաբ-իսրայելական հակամարտությունը (չէ՞ որ ես ավելի քան 20 տարի ապրել եմ Իսրայելում) և գիտեի, որ, օրինակ, Իսրայել այցելած և անձնագրում համապատասխան նշումներ ունեցող զբոսաշրջիկներին չեն թողնում Սիրիա, Լիբանան, Իրան, Իրաք և մի շարք այլ արաբական պետություններ:
-Ինչո՞ւ Դուք ավելի ուշ մեկնեցիք Ադրբեջան:
— Ադրբեջանն ինքն էր հրավիրել ինձ: Ինձ հրավեր էր եկել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավի կազմակերպիչներից, որն անցկացվել է Բաքվում 2016 թ.-ի հունիսին: Նրանք հարյուրավոր լրագրողներ և բլոգերներ են հրավիրել՝ այդ միջոցառումը լուսաբանելու համար, և ես նրանցից մեկն էի: Ենթադրում եմ, որ կազմակերպիչները նույնիսկ չգիտեն, որ իմ անունը «սև ցուցակներում» է, իսկ ես չհայտնեցի նրանց: Արդյունքում նրանք վճարեցին իմ ավիատոմսի և Բաքվի հյուրանոցում մնալու համար, ներառյալ «Ֆորմուլա-1»-ի տոմսը:
Ադրբեջան մուտք գործելիս նման խնդիրներից խուսափելու համար ես որոշեցի օգտագործել իմ ուկրաինական անձնագիրը, որտեղ իմ անունն ու ազգանունը մի քիչ այլ կերպ են գրվում. ոչ թե Ալեքսանդր, այլ Օլեքսանդր: Նշեմ, որ արդյունքում ադրբեջանական քննիչները, որոնք համարում էին, որ խայտառակվել են ամբողջ աշխարհի առաջ (ոչ միայն ինձ երկիր թողնելով, այլ նաև հրավիրելով որպես հյուր), փորձեցին մեղադրել ինձ «անվավեր» ուկրաինական անձնագիր օգտագործելու մեջ:
Բայց իմ պաշտպանությունը հարցում կատարեց Բաքվում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսություն իմ ուկրաինական անձնագրի վերաբերյալ և նրանք հաստատեցին, որ ամեն ինչ բացարձակ օրինական է: Դա լուրջ հարված էր Ադրբեջանին, որը նախատեսել էր ցուցադրական գործընթաց՝ փաստաթղթերը կեղծելու, հայկական հետախուզության օգտին աշխատելու և այլ հիմարությունների մեջ մեղադրանքներով: Ինչպես գիտենք, արդյունքում նրանց ոչինչ չէր մնում ինձ Արցախ մեկնելու մեջ մեղադրելուց բացի, ինչը երևում էր որպես լրագրողին հետապնդելու փորձ և դատապարտվել է Ռուսաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Հայաստանի և բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
-Ձեզ ի՞նչ ասացին, երբ ձերբակալեցին Բելառուսում, միանգամից հասկացա՞ք, որ Ձեզ ցանկանում են հանձնել Ադրբեջանին:
— Ես հույս ունեի, որ Բելառուսն ինձ չի հանձնի: Ամեն դեպքում, սա բացահայտորեն պատվիրված և քաղաքականապես մոտիվացված գործ էր (ինչպես այժմ հայտնի է դարձել, խոսքը գնացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական խնդրանքի մասին՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին): Ենթադրում էի, որ Բելառուսը, որն առանց այդ էլ ունի «Եվրոպայի վերջին բռնակալության» հեղինակությունը, վերջնականապես չի վտանգի այն: Առավել ևս, որ Մինսկում իմ ձերբակալությունն առաջացրել է Կրեմլի վրդովմունքը:
-Համեմատեք Բելառուսի և Ադրբեջանի բանտերում պահելու պայմանները:
— Բելառուսում ես ամենասովորական կալանավոր էի, մյուս քսան կալանավորներից մեկը: Պայմանները սարսափելի էին, ենթադրում եմ, որ հարավ-արևելյան Ասիայի երկրների մակարդակը, հսկիչների վերաբերմունքը կոպիտ էր, բայց դա այդպիսին էր բոլորի նկատմամբ: Բաքվում իմ կարգավիճակն ասես ամբողջ Ադրբեջանի ամենակարևոր բանտարկյալի կարգավիճակ լիներ:
Նրանք այնքան էին վախենում, որ ես չեմ ապրի մինչև դատարան, եթե ինձ մյուսների հետ սովորական բանտախուց նստեցնեին, որ ամենասկզբից մենակ էին պահում:
Բանտի հսկիչների և ղեկավարության կողմից վերաբերմունքն ավելի շատ վախեցած էր, նրանք բառացիորեն դողում էին նրանից, որ իրենք կարող են հայտնվել իմ տեղում, եթե ինչ-որ բան այնպես չգնա: Միաժամանակ, փորձում էին բոլոր ուժերով թույլ չտալ իմ շփումն արտաքին աշխարհի հետ: «Կարմիր խաչը» ուղիղ մեկ ամիս փորձում էր հանդիպել ինձ հետ, երկար ժամանակ չէին թույլատրում Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսների այցելությունը: Ավելի քան մեկ ամիս թույլ չէին տալիս զանգահարել տուն, ինչը նախատեսված էր օրենքով:
Իմ իրավունքների ամենակոպիտ խախտումը ինձ մոտ փաստաբան չթողնելն էր, որին վարձել էր ընտանիքս: Գրեթե երկու շաբաթ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հանդիպման թույլտվություն չէր տալիս՝ այդ ընթացքում ակտիվ հարցաքննություններ վարելով պետական պաշտպանի ներկայությամբ, որը ոչ միայն հանդես չէր գալիս իմ կողմից, այլ նաև համոզում էր ինձ խոստովանել Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ լինելը:
-Դուք անհանգստանու՞մ էիք, որ Ձեզ կարող են սպանել (մինչև հարձակումը):
— Այո: Իմ հասցեին մշտապես սպառնալիքներ էին հնչում, երբեմն գրությունների տեսքով, որոնք հսկիչները գցում էին դռան վրա առկա փոքրիկ պատուհանի միջով: Գրություններն իրենց բովանդակությամբ պարզ էին՝ «դու շուտով կսատկես», «կմորթենք քո ընտանիքին», «հայկական խոզ» և այլն: Ինձ սպառնացել են նաև դատարան ուղեկցելու ժամանակ, չէ՞ որ դատական նիստից առաջ ինձ պահում էին հենց դատարանի շենքի բանտախցում, որտեղ գտնվում էին մյուս մեղադրյալները:
Նրանք իմ հասցեին հակասեմիտական և արվամոլական բովանդակության սպառնալիքներ էին հնչեցնում: Ես այդ միջադեպերի հետ կապված գրավոր բողոքով դիմել եմ Ադրբեջանի գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի անունով: Նա ինձ ստանդարտ պատասխան է տվել, որ դիմումը դիտարկվել է և սպառնալիքների իրականացման ապացույցները չեն բացահայտվել:
-Ամենաբարդ բանն ադրբեջանական բանտում, որը պահանջել են Ձեզնից:
— Ամենաբարդն Ադրբեջանի գործողությունների անկանխատեսելիությունն էր: Իմ հետևից ուղարկել էին Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը: Դա շքեղ բիզնես-ջետ էր, այդ ամենը շատ տարօրինակ էր: Ինձ այնպիսի կարևոր անձ էին համարում, որի հետևից պետք է ուղարկել անհատական բիզնես-ջետ: Ինձ դիմավորեցին դիմակավոր հատուկ ջոկատայիններով, տարան բանտ, որտեղ ինձ դիմավորեցին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի մակարդակով, իմ մենախցի մոտ հերթապահում էին մի քանի սպաներ: Մենախցում նստելը շատ դժվար է, իսկ կես տարի՝ առավել ևս:
Բոլորի համար ակնհայտ էր, ներառյալ ռուս և իսրայելացի դիվանագետները, որ Ադրբեջանն իրեն փակուղի է մտցրել իմ կալանքով և հիմա փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ չկորցնելով դեմքը: Անկասկած, Ալիևը չէր սպասում Ռուսաստանի այդքան կոշտ արձագանքին և խոշորագույն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դատապարտմանը:
Միևնույն ժամանակ, նրանք չէին կարող իրենց թուլամորթ ցույց տալ սեփական ժողովրդի առաջ և պատրաստ էին ցանկացած չմտածված արարքի: Այդ ամենն անորոշություն էր ներշնչում, և չեմ թաքցնի՝ այնպիսի վախ, որը կզգար Իսլամական պետության կամ «Ալ Քաիդայի» ահաբեկիչների ձեռքերում հայտնված մարդը: Հետևաբար, քննիչների առաջ վերևից նպատակ էին դրել՝ իմ գլխին հնարավորինս շատ բաներ բարդել, որպեսզի ցույց տան, որ ինձ իզուր չեն տարել Բաքու:
Հիմնվում էին հատուկ ծառայությունների՝ գոյություն չունեցող տվյալների վրա, որ ես, իբր, աշխատում եմ ռուսական հատուկ ծառայությունների օգտին, խաղում էին «վատ ոստիկան-լավ ոստիկան» ծեծված խաղերը, սպառնում նստեցնել կրկնահանցագործի խուց, ուսումնասիրում իմ ֆեյսբուքյան էջը և տպում մի քանի հազար հայ օգտատերերի անձնական էջերը (դա 20 սմ հաստությամբ թղթերի կապոց էր), հարցեր էին տալիս, թե ես ինչ հարաբերությունների մեջ եմ նրանցից յուրաքանչյուրի հետ: Բացի այդ, հարցումներ էին անում աշխարհի շուրջ 10 երկրիր, որտեղ ես եղել էի Մինսկում ձերբակալվելուց առաջ և տեղեկատվություն խնդրում իմ մասին, ներառյալ քարտով կատարած գնումներս և այլն:
Պետք է ասել, որ մի շարք երկրներ ուղղակի հրաժարվել են համագործակցել Ադրբեջանի հետ. Ռուսաստանը, Իսրայելը և Իրանը: Մյուս երկրները, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, Բելառուսը, ընդհակառակը, մեծ պոռթկումով օգնել են և ուղարկել այն ամենն, ինչ հնարավոր է եղել: Այլ հարց է, որ ուղարկված փաստաթղթերը բացարձակապես ոչինչ չեն տվել ադրբեջանական ուժայիններին:
Հիանալի հիշում եմ, թե ինչպես ինձ հարցրին. «Քննությունը պարզել է, որ Դուք Բաքվում եղած ժամանակ 52 մանաթով տաբատ եք գնել»: Եվ ի՞նչ՝ հարցրեցի ես: Նման անհեթեթ հարցերը շատ էին: Նրանք չգիտեին՝ ինչ ուղղությամբ շարժվել՝ վախենալով, որ վերջնական կպատժվեն ղեկավարության կողմից, եթե ինչ-որ բան չհորինեն:
-Կան արդյո՞ք ինչ-որ մանրամասներ, որոնք Դուք չեք նկարագրել Ձեր բլոգում ազատ արձակվելուց հետո առաջին օրերին, բայց Ձեզ համար դրանք կարևոր են կամ ուշադրության արժանի:
— Պետք է ասել, որ դեռ Բաքվի բանտում եղած ժամանակ ես գիտեի դիվանագետներից և փաստաբանից, որ Ադրբեջանի իշխանությունները հնարավորություն են որոնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար և շահագրգռված չեն նրանում, որպեսզի ինձ երկար պահեն: Ինչպես նաև թե՛ ընտանիքս, թե՛ իմ «աջակցության խումբը» դեռ իմ ազատ արձակվելուց առաջ լուծում էին Ադրբեջանին անօրինական ազատազրկման համար պատասխանատվության ենթարկելու հարցերը:
Շփումներ են եղել ինչպես իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ մի շարք երկրների կառավարական մարմինների հետ: Օրինակ, ազատ արձակվելուց երկու ամիս առաջ հայտնի էր, որ բողոք է ներկայացվելու Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ներում շնորհելուն նախորդած գիշերը բանտում ինձ վրա կազմակերպած հարձակումը շատ անսպասելի էր բոլորի համար, բայց վերջնական արդյունքում լրացուցիչ կետ դարձավ Ադրբեջանի դեմ հետագա իրավական գործողություններում: Իսրայել ժամանելուց անմիջապես հետո ինձ տեղափոխեցին Թել Ավիվի «Շիբա» հոսպիտալ, որտեղ ինձ արդեն սպասում էին մասնագետները, որոնք ադրբեջանական բանտում հարձակման ժամանակ ստացած վնասվածքների զննություն իրականացրեցին:
-Ինչի՞ հասավ Ադրբեջանն իր քայլով: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Ձեզ ազատ արձակեցին:
— Ենթադրում եմ, որ Ադրբեջանում գոյություն չի ունեցել միասնական դիրքորոշում՝ Արցախ այցելելու համար ինձ քրեորեն հետապնդելու վերաբերյալ:
Հիմա մենք արդեն գիտենք, թե ով է նախաձեռնել իմ դեմ գործ հարուցելը և Իլհամ Ալիևի կողմից Բելառուսին դիմելը: Խոսքը գնում է նախագահի մերձավոր շրջապատից երկու գեներալների մասին, որոնց անունները չէի ցանկանա նշել այս փուլում: Հենց նրանց է հարվածել 2016 թ.-ի հունիսին իմ այցելությունը Բաքու, և արտահանձնումը դարձել է յուրօրինակ վրեժ, ընդ որում, նրանք կարողացել են դրա մեջ ներքաշել նաև Ալիևին՝ համոզելով, որ Ադրբեջանը պետք է բարձրացնի իր հեղինակությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:
Ունեցած տեղեկության համաձայն՝ Մինսկում իմ գտնվելու ժամանակ՝ մինչև Բաքու արտահանձնելը, Ադրբեջանի ղեկավարությունը կատարել է ստեղծված իրավիճակի վերագնահատում և տարբերակներ որոնել՝ նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Դա չի հաջողվել նրանց, նրանք ինձ, ըստ էության, ստիպված են արտահանձնել և սկսել դատական գործընթաց, որն արդեն պետք չէր: Նրանք ուղղակի այլ տարբերակ չունեին, բացի մինչև վերջ գնալուց՝ նույնիսկ ի վնաս ազգային շահերի:
Իլհամ Ալիևը չէր կարող ազատ չարձակել ինձ, ես նրա համար վերածվել էի «անբռնակ ճամպրուկի», ընդ որում, այնպիսի ճամպրուկի, որը լի է չուգունե կշռաքարերով, եթե կարելի է այդպես արտահայտվել: Ադրբեջանը շարունակում էր վնասել իր հեղինակությունն իմ պատճառով, ընդ որում, որպես անձ ես նրանց արդեն հետաքրքիր չէի:
Դրան գումարած՝ Եվրոպայում ադրբեջանական նավթային փողեր լվանալու և եվրապաշտոնյաներին կաշառելու ադրբեջանական հայտնի «լանդրոմատը»: Ես այդ դիմակայության մասն էի և այն ուժերը, որոնք դուրս էին մղում Ադրբեջանին մի շարք միջազգային կազմակերպություններից, օրինակ EITI-ն, կամ ակտիվորեն քննադատում էին Բաքվին, միշտ օգտագործում էին իմ անունը: Այնպես որ, դրված էր ոչ թե «ազատ կարձակեն արդյո՞ք» հարցը, այլ ավելի շուտ՝ «երբը»:
Ենթադրում եմ, որ հիմա պակաս հետաքրքիր չէ այն հարցը, թե ինչպես է վարվել իշխող կլանը նրանց հետ, ովքեր մոլորության մեջ են գցել Ալիևին և օգտագործել պետական ռեսուրսը բլոգերից վրեժ լուծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի: Ցուցադրական է նաև այն փաստը, որ իմ ձերբակալությամբ Բաքուն այնքան է խաթարել սեփական հեղինակությունը, որ արդյունքում հետախուզության հարցումներին սկսել են քննադատորեն վերաբերվել, օրինակ՝ Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին Եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ հետախուզություն հայտարարել. նրանք այցելել էին Արցախ: Հիշենք նաև Ֆրանսիայում լրագրողների դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ դատական որոշումը, որոնք այդ կովկասյան պետությունը «բռնապետություն» էին անվանել. դատարանը մերժել էր ադրբեջանցիներին:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք Արցախ այցելող բլոգերներին և զբոսաշրջիկներին:
— Նախկինում ասել եմ, հիմա էլ կասեմ՝ աշխարհում հակամարտության ցանկացած գոտի այցելելուց առաջ պետք է զգույշ լինել: Արցախն, անկասկած, հետաքրքիր է ինչպես պատմական առումով՝ իր հսկայական մշակութային ժառանգությամբ, այնպես էլ բնության և զբոսաշրջային առումով:
Դա հարավային Կովկասի ամենագեղեցիկ անկյուններից է, և սխալ է չայցելելը միայն այն պատճառով, որ Ադրբեջանում ընթանում է կլանների պայքար երկրի գլխավոր աթոռը զավթելու համար, ուստի հնարավոր են ոչ ադեկվատ գործողություններ՝ հետախուզություն հայտարարելու տեսքով: Անպայման չէ բարձրաձայնել այնտեղ կատարած ուղևորության մասին, եթե դուք վախենում եք Ադրբեջանի վրեժից:
Եթե դուք բլոգ եք վարում կամ լրագրող եք, ապա խորհուրդ եմ տալիս խուսափել ԱՊՀ այն երկրներ այցելելուց, որոնք չեն ճանաչում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գերակայությունը, քանի որ Ադրբեջանին հանձնելու մասին ցանկացած որոշում կարող է ուղղակի վիճարկվել Ստրասբուրգում և 99 տոկոս երաշխիքով արտահանձնումը կարող է չիրականանալ: Ինչ վերաբերում է Ինտերպոլին, ապա նրանք չեն զբաղվում քաղաքական հարցերով և Ադրբեջանին պարբերաբար մերժում են Արցախ այցելած մարդկանց նկատմամբ հետախուզություն հայտարարելու հարցում:
Ադրբեջանի միակ շանսն Արցախ այցելելու համար մարդու արտահանձնման հարցում կարող է լինել իրավական օգնության մասին Քիշնևի կոնվենցիան, որը ստորագրել են ԱՊՀ-ի բոլոր անդամ երկրները: Դրա առանձնահատկությունն այն է, որ պայմանավորվող կողմերը օրինական են ճանաչում մյուս երկրի դատարանի որոշումն, ընդ որում, խորամուխ չլինելով մեղադրանքի էության մեջ: Այդպիսով, ԱՊՀ երկրներից ձեզ չի հանձնի, բնականաբար, Հայաստանը, հասկանալի պատճառներով չի հանձնի Ռուսաստանը, չեն հանձնի Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան: Պետք է զգուշություն հանդես բերել Ադրբեջանին նման ռեժիմների պարագայում, ինչպիսիք են Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, որոնք հանգիստ կարող են վաճառել ձեզ Բաքվին այս կամ այն ֆինանսական մոտիվատորների համար, ընդ որում, նրանք չեն ենթարկվում Ստրասբուրգին:
-Ծրագրում եք արդյո՞ք նոր այցելություն կատարել Արցախ:
— Ես նախկինում էլ այցելել եմ Արցախ ոչ թե Ադրբեջանին զայրացնելու, այլ բացառապես նրա համար, որ ինձ հետաքրքիր է եղել այդ տարածաշրջանը: Նույնը կարող եմ ասել հիմա, ես չեմ մեկնի Արցախ, որպեսզի այնտեղից ցույց տամ Ալիևին, որ վերջին խոսքն իմն է: Դրանում իմաստ չեմ տեսնում: Եթե Արցախ այցելելու անհրաժեշտություն ծագի, ես դա կանեմ առանց Ադրբեջանին նայելու, բայց առայժմ նման ուղևորություն դրված չէ օրակարգում:
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։
«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։
«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։
Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։
«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։
Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։
«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։
Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։
«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։
Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։
Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։
«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։
Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։
Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։
Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։
Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։
Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։
Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։
«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։
«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։
Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։
– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։
– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։
– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։
– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով
Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:
– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։
– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։
ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:
Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։
– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։
– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։
– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



