Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան

«Ես կարծում էի, որ նա ևս 10 տարի կապրի». Ջիգարխանյանի կինն ասել է՝ ինչ կա մտքում

197
(Թարմացված է 14:26 11.11.2017)
Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, բացառիկ հարցազրույց է տվել Sputnik-ին և պատասխանել իրեն ուղղված բազմաթիվ մեղադրանքներին։

Լրատվամիջոցները շարունակում են գրել հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ու դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովկայայի աղմկահարույց պատմության մասին։ Դերասանի երիտասարդ կնոջը մեղադրում են շահամոլության ու ֆինանսական խարդախությունների մեջ, իսկ նա այդ ամբողջ ընթացքում լռում էր։ Վիտալինան բացառություն է արել Sputnik Գրուզիայի համար։

- Պարբերականները գրում էին, որ դուք փախել եք Թբիլիսի։

— Ես մամուլին չեմ հետևում, բայց մտերիմներս ինձ տեղեկություններ են ուղարկում, եթե անհրաժեշտ են համարում, այնպես որ ես տեսել եմ վերնագրերը, ու դրանք բացարձակ սուտ են։ Պարզապես սուբյեկտիվ կարծիք է, որը ոչնչի վրա հիմնված չէ։ Որոշ մարդիկ կարծում են, որ եթե ես հանրային մարդ եմ, ապա ինձ համար այս իրավիճակը պետք է ընդունելի լինի։ Մենք վաղուց էինք միասին, բայց հարցազրույցներ չէինք տալիս` խնայելով մեր անձնական կյանքը։ Մինչև մամուլում մեր մասին չսկսեցին անհեթեթ բաներ գրել։ Իսկ հիմա, անկեղծ ասած, ես հոգնել եմ, որ ամեն օր դռան մոտ մեկը տեսախցիկով կանգնած փորձում է սենսացիայի համար տուն մտնել, կամ Արմեն Բորիսովիչի անունից օտար մարդիկ են գալիս։ Ինձ մինչ այժմ չի հաջողվել խոսել ամուսնուս հետ, ինձ սպառնում էին։ Այդ պատճառով էլ ես հեռացել եմ։ Ես չէի թաքնվում, բայց իմ ուղևորությունը չէի ցանկանում շոուի վերածել։

- Հավանո՞ւմ եք Թբիլիսին։

— Թբիլիսիում շատ լավ է։ Ընտրել եմ այս քաղաքը, քանի որ ընկերներս ու ծանոթներս Վրաստանը շատ էին գովում։ Գիտեի, որ Թբիլիսին գեղեցիկ քաղաք է, բայց ոչ մի անգամ այստեղ չէի եղել։

- Հասարակությունը հետաքրքրվում է` ինչով եք զբաղվում Վրաստանում։ Լուրեր կային, որ ծովում հանգստանում եք, իսկ հետո Ռուսաստան եք վերադառնալու։

— Իհարկե, վերադառնալու եմ։ Բայց հիմա պետք է հանգստանամ, շեղվեմ, ուժերս հավաքեմ։ Սկզբում մտածում էի, որ էքսկուրսիաների տրամադրություն չեմ ունենա, բայց վերջերս զբոսնում էի Թբիլիսիով, եղա Կախեթում, այստեղ շատ տպավորիչ տեղեր կան։ Բայց այս երկրում ավելի կարևոր է մարդկային ու հուզական գործոնը։ Մարդիկ մեզ շատ լավ էին դիմավորում։ Ես բացառապես դրական տպավորություններ ունեմ։ Իսկապես ջերմ երկիր է։

- Թերթերում գրում էին, որ դուք այստեղ հոգեբանական օգնություն եք ստանում։

— Իրականում ինձանով զբաղվելու ժամանակ չունեի։ Վերջին երկու տարվա ընթացքում նույնիսկ չէին հասցնում մերսման հաճախել։ Թատրոն ղեկավարելն ու համերգները ծանր աշխատանք են պահանջում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ամբողջ ազատ ժամանակս տրամադրում էի Արմեն Բորիսովիչին։ Մեր տան վերանորոգման հետ կապված շատ աշխատանք ունեի։ Այդ պատճառով ես հրաժարվեցի հանգստից, իսկ մեզ հենց Վրաստան էին հրավիրում։ Բայց Արմեն Բորիսովիչն ուզում էր հնարավորինս շուտ նոր բնակարան տեղափոխվել ու անընդհատ շտապեցնում էր, որ վերանորոգումը շուտ վերջանա։ Աշնանն ինձ կոտրված զգացի, ու անսպասելիորեն պատահեց այն, ինձ պատահեց։ Իմ էներգիան սպառվել էր, ու ես ֆիզիկական վերականգման կարիք ունեի։ Ես վարժություններ եմ անում բժշկի հսկողությամբ, դա հոգեբանական թերապիա չէ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք առանց նրա համաձայնության նկարահանված տեսանյութերը։

— Սովորական տնային տեսանյութեր են։ Արմեն Բորիսովիչը հանրային մարդ է, հայտնի մարդկանցից շատերն են իրենց տեսանյութերը տեղադրում սոցիալական ցանցերում։ Մենք տեղադրում էինք փորձերի տեսանյութերը, նրա մտորումները ներկայացումների շուրջ, կամ ինչպես է նա մեքենա վարում` ի պատասխան այն սուտ բամբասանքների, թե իբր նա հիվանդանոցում է։

- Երեկ Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման ընթացքում շատերին զարմացրեց Ձեր այս արտահայտությունը. «Ես ծրագրում էի, որ նա դեռ 10 տարի էլ կապրի…»։

— Ինչ ուզես, կարող ես աղավաղել։ Ես բազմաթիվ անգամ կրկնել եմ, որ Արմեն Բորիսովիչն ինձ է հասել ինսուլտներից հետո, երբ հայտնի չէր` երբ կապաքինվի և ընդհանարապես կապաքինվի, թե ոչ։ Բայց ես չէի պատրաստվում հանձնվել և մեր առաջ առնվազն տասը տարվա նշաձող էի դրել։

- Սոցցանցերում ամենատարածված մեկնաբանությունն այս է. «Ես չեմ հավատում նրանց սիրուն»։

— Իսկ ես նրանց սիրուն չեմ հավատում, ինչպե՞ս մեկնաբանեմ։ Ինչպե՞ս կարող են օտարներն ընդհանրապես գնահատել որևէ մեկի սերը։ Տարիքային մեծ տարեբրությամբ երջանիկ ամուսնությունների բազմաթիվ օրինակներ կան, հատկապես` հայտնի մարդկանց շրջանում։ Անուններ չեմ ասի. բոլորդ էլ գիտեք։ Ստեղծագործող մարդկանց դեպքում դա ավելի հաճախ լինում է անձի մեծության, ուսուցչի, իդեալի հանդեպ հիացմունքի արդյունքում… ես սիրել եմ նրան որպես մեծագույն դերասանի։

- Ինչո՞ւ էիք դուք լռում` չպատասխանելով ձեզ ուղղված մեղադրանքներին։

— Այս իրավիճակը ստորացուցիչ է նախևառաջ Արմեն Բորիսովիչի համար։ Ես չէի ուզում մեկնաբանել, որպեսզի չիջնեի նրան շրջապատող մարդկանց մակարդակին։ Ամեն ինչի մասին խոսում են հաշվետվությունները, որոնք կարելի է տեսնել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի կայքում։ Բայց մարդկանց համար կարևորը սկանդալն է։ Որևէ մեկն ուշադրության չի արժանացանում այն փաստը, որ մենք տևական ժամանակ միասին ենք ապրել` ամուսիններ չլինելով։ Ինչի՞ վրա կարող էի հույս դնել այն ժամանակ։ Մենք ապրում էինք մեկ սենյականոց բնակարանում, թատրոնը պարտքեր ուներ, ի՞նչ ճոխության մասին կարող էր խոսք լինել։ Իմ կյանքում ավտոմեքենա է հայտնվել, երբ ես 36 տարեկան եմ եղել։ Ես արդարանալու պատճառ չունեմ։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

- Մարդիկ սպասում էին, որ դուք առնվազն տխուր տեսքով կներկայանաք։

— Լսեք, եթե հրապարակավ կոտորեմ ինձ, անկեղծ չի լինի։ Ինձ պետք չէ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել, ոչ մի բանի համար չեմ զղջում ու բոլոր արարքներիս համար կարող եմ պատասխան տալ։ Այս իրավիճակն իմ մեղքով չի ստեղծվել։ Այո, ինձ տխրեցնում է նրա պահվածքը, առաջին հերթին այն պատճառով, որ նա ինքն իրեն է վնասում։ Ես չգիտեմ` ինչով է սնվում, ինչ դեղեր է ընդունում, իսկ դեղերը նրան անհրաժեշտ են ամեն օր։ Ես նման բան չէի ակնկալում, բայց… կա այնպիսի հասկացողություն, ինչպիսին արժանապատվությունն է։ Ես արժանապատվություն ունեմ։ Միլիոնավոր անծանոթներին կյանքս չեմ պատմելու։

- Ինչու՞ նա տանը չի ապրում։

— Այդ հարցը պետք է ինձ չուղղեք։ Տան դռները նրա առաջ միշտ բաց են։ Այն բնակարանը, ուր նա ուզում էր տեղափոխվել, մինչև հիմա կահավորված չէ։ Նրան այնտեղ էին բերել մամուլում աղմուկ բարձրացնելու համար։ Ընդ որում` ոչ թե նա էր փորձում մտնել այդ բնակարան, այլ օտար մարդիկ։ Ես դեմ եմ օտարների հետ ապրելուն։

- Այնուամենայնիվ, դուք ուզում եք ամուսնալուծվել։

— Այո, քանի որ մենք արժանապատիվ կյանք ենք ապրել, իսկ այդպիսի հրապարակային վիրավորանքը դժվար է ներել։ Թեև մենք մինչև հիմա էլ դեմ առ դեմ չենք խոսել։ Համաձայնեք` երբ մարդ ուզում է ամուսնալուծվել, նա առաջին հերթին այդ մասին ասում է իր կնոջը, ոչ թե ԶԼՄ-ներին։ Այնպես որ հետագա շփումը նրանից է կախված։

- Այսօր չեք զղջո՞ւմ անցած 15 տարվա համար։

— Ոչ մի բանի համար չեմ զղջում։ Այդ բոլոր տարիների ընթացքում ես միայն նրա հետ եմ կյանքս կառուցել, չէի պատկերացնում, որ հանգամանքները կարող էին այլ կերպ դասավորվել։ Ես միշտ սիրել եմ նրան, չեմ փորձել զգացմունքներս ապացույցել հասարակության առաջ։ Չէի փորձում պատմել բոլորին` ինչ եմ նրա համար անում, որովհետև դա բնական էր, նա ինձ համար հարազատ մարդ է։ Հասկանո՞ւմ եք` ես գիտակցում էի, որ տարիքային այսպիսի տարբերությամբ մեզ դժվար է լինելու, ոչ բոլորը կհասկանան մեզ։ Այդպիսի հարաբերությունները նաև մեծ պատասխանատվություն են ենթադրում։ Բայց դա իմ ընտրությունն էր, ու ես չեմ ամաչում նրա հետ ապրած ոչ մի օրվա համար։ Մենք լավ կյանք ենք ապրել։ Միայն դա կարող եմ ասել։

197
թեմա:
Արմեն Ջիգարխանյանի ընտանեկան դրաման (121)

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

644
(Թարմացված է 19:44 11.02.2021)
Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

644
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան
Արծրուն Հովհաննիսյան

«Թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր». բացառիկ հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ

7715
(Թարմացված է 22:14 01.02.2021)
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է պատերազմի ժամանակ իրականացված քարոզչությունից, իր դեմ մեղադրանքներից ու քննադատություններից, բանակի սպառազինությունից և այլն։

– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։

– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։

– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։

– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:

– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։

– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։

ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:

Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։

– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։

– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։

– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:

7715
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
Գլխավոր դատախազություն

Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին լուրերը

0
(Թարմացված է 15:20 03.03.2021)
Գլխավոր դատախազությունից վստահեցնում են` Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու մասին լուրերը: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Քրեական վարույթներն ընդհանրապես քրեադատավարական սուբյեկտ չհանդիսացող անձանց քաղաքական հրահանգների հիման վրա չեն հարուցվում, այլ առերևույթ հանցագործության դեպքի կամ փաստի: Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված»,–ասացին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ներում լուրեր էին տարածվել, որ քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ

Երեկ հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

0
թեգերը:
Քրեական գործ, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետն ու նախագահը Օնիկ Գասպարյանի մասով համաձայնության են եկել․ Ղազինյան
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը, բայց նա կհեռանա՞
Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»