Հայկական ռեստորան Մադրիդում

Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

3869
(Թարմացված է 14:20 15.08.2017)
Մադրիդի քարտեզի ամենախորհրդանշական կետում գտնվում է հայկական ռեստորանը` միակը Իսպանիայի մայրաքաղաքում։ Այն տեղի հայերի հավաքատեղին է, իսկ իսպանացիների համար` Հայաստանի ու հայկականի քարոզչության կենտրոնը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեստորանի տնօրենը պատմեց այս ու այլ հետաքրքիր մանրամասներ։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Մադրիդի կենտրոնում կա մի պատմական պատ, որը գտնվում է հատակում ու ծածկված է ապակե շերտով։ Ասում են, որ այն ժամանակին բաժանել է Մադրիդի քրիստոնեական ու մահմեդական թաղամասերը։ Հենց այս խորհրդանշական վայրում է գտնվում Մադրիդի միակ հայկական ռեստորանը «Gayane’s» անունով։ Տնօրենն ու միանձնյա խոհարարը հայուհի է` Զարուհի Պարունակյանը։ Նա պատմեց` ամեն ինչ սկսվեց մի լահմաջոյից, որ խոստացել էր ազգությամբ բուլղարացի ամուսնուն։ Համտեսեց ու ասաց` սա պետք է փորձեն բոլորը։

«Սկզբում լահմաջո էի պատրաստում ու առաքում էինք։ Հետո որոշեցինք ստեղծել հայկական ռեստորան։ Առհասարակ, Հայաստանից եկածները չեն հարմարվում տեղի ուտելիքներին։ Օրինակ` ավելուկը, մուրաբաները ներկրում ենք հենց Հայաստանից, տոլմա պատրաստելու համար նույնիսկ խաղողի թուփն ենք Հայաստանից բերում։ Սա Իսպանիայի հայերին շատ է դուր գալիս։ Մեզ մոտ միակ տեղն է, որ կարող են հայկական ու վրացական գարեջուր ու գինիներ ըմպել»,–պատմեց ռեստորանի տիրուհին։

Армянский ресторан в Мадриде
ZARA PARUNAKYAN
Մադրիդի հայկական ռեստորանը

Կնոջը հայկական ռեստորանի համն ու հոտը փոխանցելու հարցում օգնում է ազգությամբ բուլղարացի ամուսինը։ Ինչպես նա է խոստովանել` միշտ հիացած է եղել հայերով, ասում է` Բուլղարիայում հայերն ամենամեծ հարգանքն են վայելում։ Այսօր նա արդեն ունի Հայաստանի քաղաքացիություն, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայերենը։

«Ռեստորան այցելող տեղացիներին ու զբոսաշրջիկներին նա անմիջապես  սկսում է պատմել հայոց պատմությունը։ Մեր ռեստորանի դռան վրա առաջին բանը, որ փակցրեցինք, անմոռուկներն են։ Հյուրերին պատմում է նաև Հայոց ցեղասպանության մասին»,–պատմեց Զարուհի Պարունակյանը։

Չնայած իսպանացիները նորարարություններ չեն սիրում և կառչած են իրենց խոհանոցին, բայց հայկական  ռեստորան գալուն պես չեն մոռանում հետդարձի մասին։ Ինչպես մեր զրուցակիցն է պատմում, իսպանացիներ կան նաև, որոնք այլ քաղաքում են ապրում և պատրաստ են սպասել 7–8 ժամ, միայն թե առաքեն հայկական համեղ ուտեստները։

«Իսպանացիները մտնում են` խուսափելով, անվստահ քայլերով, բայց վերադառնում են, բոլորին շատ է դուր գալիս։ Նրանք զարմանում են, թե որքան առողջ է մեր ուտելիքը»,–ասաց նա։

  • Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ
    Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ
    ZARA PARUNAKYAN
  • Զարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին
    Զարուհու բուլղարացի ամուսինը դիմավորում է հայ հյուրերին
    ZARA PARUNAKYAN
  • «Gayane's» ռեստորանը` Մադրիդում
    «Gayane's» ռեստորանը` Մադրիդում
    ZARA PARUNAKYAN
  • «Gayane's» ռեստորանը` Մադրիդում
    «Gayane's» ռեստորանը` Մադրիդում
    ZARA PARUNAKYAN
  • Մադրիդի հայկական ռեստորանի այցելուները
    Մադրիդի հայկական ռեստորանի այցելուները
    ZARA PARUNAKYAN
1 / 5
ZARA PARUNAKYAN
Զարուհի Պարունակյանը` ամուսնու հետ

Ի դեպ, հենց այս ռեստորանում է պատրաստվել այն 300 լավաշը, որն ուղղվեց մի ֆիլմի նկարահանմանը։ Սկզբում Զարուհի Պարունակյանին զանգահարել է ֆիլմի պրոդյուսերը, խնդրել հայկական լավաշ պատրաստել, բայց դեռ չի շտապել ֆիլմի անունը նշել։ Պրեմիերայից անմիջապես հետո զանգահարել է ու տեղեկացրել` ձեր թխած լավաշները Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համար էին։

Իսպանիայում ներկայում բնակվում են մոտ 40 հազար հայ։ Մեծամասամբ արտագաղթել են Հայաստանից, վերջին 10-15 տարում։

3869