Ավետ Տերտերյան

Ճակատագրական թիվը «հայ Մոցարտի» կյանքում

240
(Թարմացված է 02:03 30.07.2017)
9 թիվը միայն մի շարք հայտնի երգահանների համար չէ, որ ճակատագրական է եղել: Բացառություն չէր նաև Ավետ Տերտերյանը: Նրան դեռ կյանքի օրոք էին երկրորդ Մոցարտ անվանում: Այսօր Տերտերյանը 88 տարեկան կդառնար:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Աշխարհում միայն երկու կոմպոզիտոր կա, որոնք երբեք սևագիր չեն ունեցել` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտն ու Ավետ Տերտերյանը: Հայտնի հայ կոմպոզիտոր Տերտերյանն իր գլուխգործոցները ստեղծում էր, երբ մնում էր մենակ, ընտանիքից և ընկերներից հեռու:

«Տերտերյանը միայնության մեջ էր ստեղծագործում: Երկար տարիներ նա իր սիմֆոնիաներն ու երաժշտությունը ստեղծում էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործության տանը, ավելի ուշ՝ Այրիվանքում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

Նրա խոսքով` 9 թիվը Տերտերյանի կյանքում ճակատագրական դեր խաղաց, այնպես, ինչպես այլ հայտնի կոմպոզիտորների` Բեթհովենի,Մալերի, Դվորժակի, Բրուկների կյանքում: Նրանցից ոմանք հասցրեցին գրել իններորդ սիմֆոնիան, մյուսները` Տերտերյանի նման, անավարտ թողեցին այն:

Մեծն կոմպոզիտորը գրեթե ազատ ժամանակ չէր ունենում ոչ իր, ոչ էլ ընտանիքի համար: Դժվար է ապրել ստեղծագործող մարդու կողքին, սակայն նրա կինն ամեն ինչ հասկանում էր և համբերատար աջակցում ամուսնուն ամենադժվար պահերին:

«Երբ նա ավարտում էր աշխատանքը հերթական ստեղծագործության վրա, միանգամից բարիանում էր ու դառնում հոգատար և կենսուրախ: Այդ օրերին Տերտերյանների ընտանիքում առանձնակի երջանկություն էր տիրում»,- ասաց Ասատրյանը:

1964-1989 թվականներին մեծն կոմպոզիտորն ապրում ու ստեղծագործում էր Դիլիջանի կոմպոզիտորների տանը և միայն շաբաթվա մեջ մեկ անգամ էր գնում Երևան, քանի որ կոնսերվատորիայում էր դասավանդում: Քառորդ դար անց Դիլիջանի բնությունը դադարեց ոգեշնչել կոմպոզիտորին: Այդժամ նա որոշեց տուն կառուցել Այրիվանք գյուղում: Այստեղ էլ անցկացրեց իր կյանքի վերջին շրջանը:

Ամեն տարի կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հուլիսի 29-ին, գյուղում հավաքվում են Տերտերյանի արվեստի երկրպագուները, հարազատներն ու ընկերները:

«Այս տարի մենք կրկին հավաքվեցինք նրա գյուղական տանը: Երեկոյան երիտասարդ կամերային նվագախումբը կատարում է Տերտերյանի երաժշտությունը, ինչպես նաև կոմպոզիտորին նվիրված այլ հեղինակների ստեղծագործություններ»,- ասաց Ասատրյանը:

Տերտերյանը խիստ էր վերաբերվում իր ստեղծագործություններին, իսկ ամենից շատ գնահատում էր իր չորրորդ սիմֆոնիան:

Հայաստանում 2015 թվականից կոմպոզիտորին նվիրված փառատոն է անցկացվում, որը կրում է «Տերտերյանի ժամանակը» խորագիրը: Նախագիծն իրականացվում է «Արվեստ և ապագա» հիմնադրամի, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, ՌԴ Սվերդլովի շրջանի մշակույթի նախարարության համատեղ ջանքերով, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարության ու կոմպոզիտորների միության աջակցությամբ: Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 թվականի հուլիսի 29-ին Բաքվում:

Русская версия

240