Շուշի

Հաղթանակների տարեգրություն. Ռեյխստագի քոչարուց մինչև «Հարսանիք լեռներում»

87
Սառա Գալստյան
1941 թ-ին հունիսի 22-ին մեկնարկած Հայրենական մեծ պատերազմը տևեց 1418 օր: Այս պատերազմում Խորհրդային միությունը մոտ 27 միլիոն զոհ ունեցավ:

Եղեռն տեսած հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին մասնակցեց ուժերի ամբողջ ներդրմամբ: Այն, որ այս պատերազմում հայերն աչքի ընկան ռազմական տաղանդով ու նվիրվածությամբ, անվիճելի է: Այդքան մասնակից և այդքան զոհ մեր ժողովուրդը իր պատմության մեջ չէր ունեցել ուրիշ ոչ մի պատերազմում: 2-րդ համաշխարհային պատերազմի մասնակից երկրների բանակներում կռվող հայերի թիվը կազմում էր 600 000, որից 300 000-ը բանակ էր զորակոչվել Խորհրդային Հայաստանից, 200 000-ը՝ Խորհրդային մյուս հանրապետություններից, 100 000-ը մարտնչում էր դաշնակից երկրների բանակներում: Ըստ վիճակագրության՝ 62 հայ պատերազմին մասնակցել է գեներալի աստիճանով, որոնցից մեկը՝ Հովհաննես Բաղրամյանը՝ բանակի գեներալ, Սերգեյ Խուդյակովը՝ ավիացիայի մարշալ, Հովհաննես Իսակովը՝ ծովակալ:

2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդն ունեցավ 101 հերոս, որոնցից 4-ը Խորհրդային միության հերոսի կոչման արժանացան դեռևս խորհրդաֆիննական պատերազմի ընթացքում:

Գրեթե 4 տարի տևած այս դաժան պատերազմում առանձնակի դեր ունեցան հայկական ազգային դիվիզիանները: Խորհրդային բազմազգ երկրում ո՞վ չգիտեր 89-րդ Թամանյանական դիվիզիայի մասին` Նվեր Սաֆարյանի ղեկավարությամբ, որը Կովկասից հասավ մինչև Բեռլին և հայկական հաղթական քոչարին պարեց Ռայխստագի մոտ: Պատերազմի ընթացքում կազմավորվեց և գործեց հայկական 6 դիվիզիա, որտեղ ներգրավված մարտիկների 99%-ը հայեր էին: Վիճակագրությունը փաստում է, որ 6 հայկական դիվիզիաների շարքում մարտնչել է 72 000 մարդ, որոնցից 68 000-ը հայեր են եղել:

Հին ճապոնական առածն ասում է. «Առանց անհրաժեշտության մի հանիր պատյանից սուրդ, առանց արյան այն մի դիր պատյան»։

1945-ին մենք մեր սուրը փառքով դրեցինք պատյան ու նախանշեցինք 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Ռեյխստագի տակ քոչարի պարող մեր պապերի հաղթական ոգին էր պահպանվել ու փոխանցվել Արցախն ազատագրող քաջ հայորդիներին: Նրանք իրենց կյանքի ու արյան գնով հաղթանակներով լեցուն մայիսին ավելացրին ևս մեկը` մեզ համար ճակատագրական նշանակություն ունեցող Շուշիի ազատագրումը:

Շուշին ձեռք բերելը բանալի ձեռք բերելու պես մի բան էր: Զինվորական բոլոր օրենքներով բերդաքաղաքն ազատագրելը գրեթե անհնար էր` դեռ լիովին չկազմավորված բանակ, ինքնաբուխ ձևավորված ազատամարտիկների ջոկատներ, ոչ բավարար զենք ու զինամթերք: Այս ամենը զինվորական տեսական օրենքներով: Բայց մեկ ընդհանուր նպատակի տակ համախմբված հայի ոգին ու սեփական հողն ազատագրելու մղումը փշուր-փշուր են անում զինվորական բոլոր օրենքները:

Սա փաստում է նաև Շուշիի ազատագրման օպերացիայի ղեկավար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: «Մենք կազմավորված բանակ, մեծ ուժեր, իրանց չափ զենք ու զինամթերք չունեինք։ Շուշին ազատագրելու համար զինվորական օրենքները պահանջում էին, որ 7000-ից ավել մարդ ունենայինք, որովհետև թշնամին այդտեղ 2500 զինվոր ուներ, իսկ ճակատը 40 կմ էր։ Ու չնայած դրան, բոլորս վստահ էինք, որ հաղթելու ենք, որովհետև առանց Շուշին վերցնելու, մենք կկորցնեինք Արցախը»:

Շուշի բերդաքաղաքի ազատագրման, նրա տունդարձի պլանը երկար մշակված ու լավ քննարկված էր: Նախօրոք ընտրված անունն անգամ հաղթանակի գրավական էր: «Հարսանիք լեռներում»-ը իրոք վերածվեց հարսանիքի, ուրախ տոնախմբության:

Որոշված էր` Շուշին թշնամուց մաքրելուց հետո հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը`Կոմանդոսը, պետք է զբաղվեր իր դստեր ամուսնության հարցերով ու նա սպարապետ Վազգեն Սարգսյանին խնդրել էր, որ Շուշին ազատագրելուց հետո ինքն էլ ամուսնանա: Ու հարսանիքների սպասումով Շուշիի համար մղվող պայքարը կոչեցին «Հարսանիք լեռներում»:

Մինչ իրական հարձակումը սկսելը շատ լավ ու տեղին աշխատել էր հայկական հետախուզական կորպուսը: Մինչև մայիսի 7-ը հրամանատար Կոմանդոսն ու պատասխանատու բոլոր մարդիկ գիտեին, թե թշնամին ինչ ունի, ինչքան և որտեղ:

40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային ուղղությունն է, որ ղեկավարում էր հրամանատար Վալերի Չիթչյանը, երկրորդը Շոշի ուղղությունը` հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը` Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային `Լաչինի ուղղությունն էր, իսկ չորրորդ ուղղությունը` Ջանհասան-Քյոսալարինը ղեկավարում էր հրամանատար Սեյրան Օհանյանը: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում` Յուրա Հովհաննիսյանի հրամանատարությամբ, ու մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին:

Մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը սկսված դաժան մարտը ձգվեց մինչև մայիսի 8 լույս 9-ի գիշերը ժամը 4-ը: Առավոտյան 4-ին հրամանատարին զեկուցեցին, որ Շուշին արդեն մեր ձեռքում է ու մաքրված է բռնագրաված տերերից: Արկադի Տեր-Թադևոսյանը պարտավոր էր սպասված այս լուրը ևս չորս ժամ իր մեջ պահել, մինչև լույսը բացվեր, որ գիշերվա խավարում անտեղի զոհեր չունենայինք:

Ու բացվեց իրապես բարի լույսը և իրական տերն ու Շուշին կարոտած մոր ու զավակի պես գրկախառնվեցին:

Չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսին ասում էր` պատերազմն հաղթելու համար երեք բան է անհրաժեշտ` հաց, զենք և ոգի, իսկ եթե ընտրե՞ք երկու ամենակարևորները` հարցնում են նրան` զենք և ոգի` լինում է փիլիսոփայի պատասխանը: Իսկ, եթե ստիպված լինեք նրանցից մեկը` ամենակարևորը թողնել` ոգի, առանց վարանելու պատասխանում է Կոնֆուցիոսը: Մեր թվարկությունից առաջ հնչեցրած չինացի փիլիսոփայի այս տեսակետը բազմիցս ապացուցել են հայ ռազմիկները:

1992- ի թվականի մայիսի 9-ին Շուշին վերադարձավ տուն: Վաղ առավոտյան արդեն Ղազանչեցոց մայր տաճարի գլխին ծածանվում էր հայոց հաղթանակած եռագույնը, իսկ սուրբ պատերի ներսում` կրկին հնչում մեր պատարագը:

87