Ալիսա Մկրտչյան

ՀՅԴ-ն Թամանյան դիվիզիայի հրամանատարին խնդրել է դուրս գալ պատերազմից

104
(Թարմացված է 20:57 09.05.2017)
1943թ-ին ՀՅԴ-ն, անհանգստանալով Թուրքիայի հնարավոր ներխուժումից, պատվիրակություն է ուղարկում Թամանյան դիվիզիայի հրամանատար Նվեր Սաֆարյանի մոտ՝ խնդրելով նրան դուրս գալ պատերազմից: Խորհրդային տարիներին սրբորեն պահված ընտանեկան ու ազգային այս գաղտնիքը Sputnik Արմենիային պատմել է լեգենդար հրամանատարի հարսը՝ Ալիսա Մկրտչյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մեծ Եղեռնից 10 տարի առաջ Վանում ծնված Նվերն այդ օրերին կիսեց հայ հազարավոր մանուկների ճակատագիրը, կորցրեց հորն ու մոր հետ անցավ գաղթի ճանապարհներով: 4 տարի անց արդեն Էջմիածնում զրկվեց նաև մորից՝ հայտնվելով որբանոցում:

Կյանքի բոլոր դառնությունները ճաշակած Նվերն ընտրեց զինվորականի ուղին: Ձեռք բերված մասնագիտությունն ու գիտելիքները շուտով պետք եկան ոչ միայն իրեն, այլև բազմազգ հայրենիքի միլիոնավոր բնակիչներին:

Թամայնան Դիվիզիայի լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանի ընտանիքից նրան ու նրա զինակիցներին կենդանի հիշողներից այսօր մնացել է միայն հարսը՝ Ալիսա Մկրտչյանը:

«Մեր տուն ամեն օր թամանցիներ էին գալիս, նստում էին սենյակում, պատմում, հիշում, սկեսուրս նույնիսկ ասում էր՝ այ մարդ, 40 տարի անցել է այդ կռվից, հերիք չէ՞ դրա մասին խոսեք: Սկեսրայրս ասում էր՝ պատերազմի մասին անընդհատ կարելի է խոսել: Ամեն մի օրը մի պատմություն է»,-հիշում է հրամանատարի հարսը:

Լեգենդար թամանցիների պատմությունների մեջ կային և այնպիսիք, որոնք խորհրդային տարիներին խիստ գաղտնի և արգելված էին: Այս գաղտնիքները տիկին Ալիսան տարիներ շարունակ պահել է և այսօր արդեն կարող է հանգիստ խղճով հաջորդ սերունդներին փոխանցել հեռավոր 40-ականների իրական եղելությունները:

«Սկեսրոջս մոտ ՀՅԴ ներկայացուցիչներ են գնացել ու խնդրել են, որ պատերազմից դուրս գա: Գերմանիան արդեն շատ էր առաջացել, բոլորը համոզված էին, որ Գերմանիան հաղթելու է, և Թուրքիան արդեն Գերմանիայից պիտի ստանա Հայաստանը: Ինքը լսում, լսում ու պատասխանում է՝ ես հասկանում եմ ձեր անհանգստւթյունը, բայց մենք պատերազմը հաղթելու ենք»,- պատմում է տիկին Ալիսան:

1943-ի ամենածանր օրերին Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատարի հայտնած համոզմունքն իրկանություն դարձավ 2 տարի անց: 1945 թ-ին թամանցիներն առաջինների թվում մտան Բեռլին ու Ռայխստագի մատույցներում պարեցին հայկական հաղթական Քոչարին:

Հաղթանակի զբոսայգում ամեն ինչ, անգամ անհայտ զինվորի հուշահամալիրը, տիկին Ալիսային այսօր հիշեցնում է իր կյանքի անբաժան հուշը դարձած թամանցիների մասին:

«Թամանցիները գնացին Սևաստոպոլ, այնտեղից հող բերեցին Հայաստան, լցրեցին այս հուշարձանի տարածքում, հետո նոր հուշարձանը բացեցին»,- հիշում է նա:

Թամանյան դիվիզիայի հրամանատարի հարս Ալիսա Մկրտչյանը Հայրենական Մեծ պատերազմին նվիրված միջոցառումներին այժմ պարտադիր ներկա է ոչ միայն սկեսրոջ, այլև նրա դիվիզիայի բոլոր անմահ անդամների փոխարեն:

© Sputnik. Նելլի Դանիելյան
Թամանյան դիվիզիայի հրամանատարի հարսը բացում է խորհրդային տարիներին պահված գաղտնիքները
104