Վասիլի Կուզնեցով

Ռուս փորձագետ․ Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն երկիրն է

72
(Թարմացված է 23:48 01.04.2017)
Ի՞նչ դերակատարություն ունի Հայաստանը տարածաշրջանում, կարո՞ղ է միավորել Ռուսաստանին ու Իրանին, կարո՞ղ է արդյոք փոխվել Սիրիայի ճանապարհային քարտեզը։ Sputnik Արմենիայի հարցերին պատասխանել է ռուս փորձագետ Վասիլի Կուզնեցովը։

Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի տարածաշրջանային խնդիրների ամբիոնի վարիչ Վասիլի Կուզնեցովը խոսել է Մերձավոր Արևելքի ճգնաժամի ու այն մասին, թե ինչպես կարող է փոխվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Զրուցել է Անի Լիպարիտյանը։

-Պարոն Կուզնեցով, ըստ Ձեզ, կա՞ ճանապարհային քարտեզ, որի միջոցով հնարավոր է դադարեցնել Մերձավոր Արևելքի արյունահեղությունը:

— Մեր տարածաշրջանում առանց այդ էլ հակամարտությունները շատ են, և եթե մենք սկսենք քարտեզը փոխել, ապա այդ գործընթացը դադարեցնելն անհնար կլինի։ Որովհետև Սիրիայից հետո հաջորդ թեկնածուն կլինի Թուրքիան, իսկ Թուրքիայի ճգնաժամն ու քաղաքական բռնության աճը բացասաբար կազդի բոլոր հարևան երկրների, այդ թվում Հայաստանի վրա։ Իսկ դա որևէ մեկը չի ցանկանում։

Տարածաշրջանում մենք կայուն երկրներ քիչ ունենք և պետք է փորձենք նրանց պաշտպանել ու ամրացնել։

- Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը երբևէ կհամընկնե՞ն Մերձավոր Արևելքի հարցում։

— Բարդ հարց է․․․Եթե խոսենք Մերձավոր Արևելքում Ռուսաստանի շահերից, ապա դրանք շատ սահմանափակ են։ Տվյալ դեպքում օբյեկտիվ ու լուրջ շահը անվտանգությունն է։ Մնացած շահերը շատ թե քիչ կոնյուկտուրային են, դրանք հայտնվում ու անհետանում են։ Կարող են փոխվել երկրի արտաքին քաղաքականության ռազմավարության վերանայումից հետո։

Թուրքիայի համար անվտանգության հարցերն այս պահին դառնում են հիմանական։ 2010 թվականից սկսած՝ նրանք բավական արկածախնդիր արտաքին քաղաքականություն էին վարում, ինչը լարված իրավիճակի հանգեցրեց։

Հիմա ամենակարևորը (համ Ռուսաստանի, համ Հայաստանի համար) դառնում է քրդական հարցը, և պետք է ոսկե միջինը գտնել։ Քուրդ ժողովուրդը մեծ ներդրում ունի «Իսլամական պետության» (որն արգելված է շատ երկրներում — խմբ․) և ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Մյուս կողմից էլ, Թուրքիայի կայունության և Մերձավոր Արևելքի քարտեզը չփոփոխելու հարց կա: Համապատասխանաբար կխոսվի ու կքննարկվի միասնական Սիրիայի ներսում քրդական ինքնավարության հնարավորությունը, Թուրքիայի ներսում մշակութային ինքնավարության ընդլայնման հնարավորությունը:

-Իսկ ինչքանո՞վ է դա ձեռնտու հենց իրենց՝ քրդերին։ Եվ ընդհանրապես անկախ Քուրդիստանի ստեղծումը հնարավո՞ր է։

— Անկախ Քուրդիստանի հարց, որպես այդպիսին, չկա։ Կարծում եմ՝ քրդական քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները շատ լավ հասկանում են, որ այսօրվա օրակարգում դա չկա։ Օրակարգում կա երեք կետ։ Առաջինը՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության պահպանումն է այնքանով, որքան կա այսօր։ Հնարավոր է առանց Իրաքի կազմից դուրս գալու տարբերակը, թեև ժամանակ առ ժամանակ անկախություն հռչակելու հարցը բարձրացվում է։ Երկրորդը Սիրիայում մեծ քաղաքական, վարչական ու ֆինանսական ինքնավարության հարցն է։ Երրորդը՝ Թուրքիայի ներսում մշակութային ինքնավարությունը։

Սակայն տվյալ պահին ամենակարևորը Սիրիայի հարցն է, քանի որ Բաշար ալ-Ասադի կառավարությունը կտրականապես դեմ է ցանկացած ֆեդերալացմանն ու ապակենտրոնացմանը։ Դա շատ ծանր երկխոսության թեմա է։

-Տարածաշրջանում կա մեկ այլ ծանրակշիռ հարևան՝ Իրանը։ Կխոսե՞ք Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունների մասին։

— Իրանն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային բոլոր գործընթացների մեջ, Սիրիայի հարցում ավելի շատ մասնակցություն ունի, քան Ռուսաստանը։ Այդ հանրապետության համար Սիրիայի կարգավորման հարցը շատ ավելի կարևոր է, քանի որ այդ ամենը տեղի է ունենում նրա սահմաններին մոտ։

Եվ տվյալ դեպքում ճգնաժամը դիտարկվում է որպես գոյատևման հարց։ Իրանում կա այսպիսի պատկերացում, որ «եթե հանձնենք Սիրիան, հաջորդը ցուցակում մենք ենք»։ Դրա համար Սիրայում կան իրանական զինվորականներ, որոնք զգալի դեր են կատարում։

Տվյալ պահին, իրադրությունից դրդված, ստեղծվել է «Ռուսաստան-Թուրքիա-Իրան» դաշինքը։ Շատերն ասում են, որ դա ռազմավարական դաշինք է, իսկ ես կարծում եմ՝ ավելի շատ իրավիճակն է այդպես թելադրում, քանի որ ամեն պահի ամեն ինչ կարող է փոխվել։

Քանի որ այս եռանկյունու բոլոր կողմերը պատրաստ են ընկերություն անել «հիմա և այստեղ», բայց շատ են հակասությունները և բացակայում է միմյանց հանդեպ վստահությունը։ Այդ պատճառով Ռուսաստանի հարաբերությունները Իրանի հետ կզարգանան ու կպահպանվեն, բայց ես չէի ասի, որ դա ռազմավարական մերձեցման հարց է, քանի որ շատ հարցեր կան։

-Հայաստանը կդառնա՞ Ռուսաստանի և Իրանի միջև կապող օղակ։

— Կարծում եմ՝ Հայաստանը կարող է շատ դրական դեր խաղալ այս բոլոր գործընթացներում։ Ինչ թաքցնեմ, երբ մենք խոսում ենք Ռուսաստանի անվտանգության մասին, մենք առաջին հերթին նկատի ունենք Կովկասը։ Եվ պարզ է, որ Հայաստանն այսօր Հարավային Կովկասի առավել կայուն պետությունն է։

Հայաստանը մեծ դեր ունի, չէ՞ որ Ռուսաստանը նրա հետ ավանդական ընկերական հարաբերություններ ունի։ Իրանն էլ իր հերթին ընկերական հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Դրա վառ վկայությունն է իրանցի զբոսաշրջիկների քանակը Երևանում։

Կարևոր է, որ Հարավային Կովկասում հենակետային երկիր լինի, որովհետև, անկեղծ ասած, այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Հայաստանի հարևան պետություններում, բայց այնուամենայնիվ, մեծ վտանգ կա, որ ամեն ինչ այնքան անամպ չի լինի, որքան կուզեինք մենք՝ բոլորս։

Русская версия

72
Վազգեն Սարգսյան

Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»

4531
1988 թվականին հայ մարդն իր ու իր պապերի արդար պահանջով Օպերայի հրապարակում էր:

Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու, առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։

Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողն, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկ մեկու հարցնում էին».

— Ո՞վ է այս երիտասարդը։

Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, ում հետո ժողովուրդը պիտի Սպարատետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականույթյուն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:

Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա տղա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրեբաջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:

Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպորցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց, Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:

Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականների կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ, ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարակնն էր ընդունվել, սրտովը չէր, գնաց, կիսատ թողած ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է ուզի, ասեց՝ մամ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա»:

Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:

Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։

«Ես չէի կարող նրան ասել մի գնա, իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ինչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:

«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն, ըստ արժանվույն, իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակին:

Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո, անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էիք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»: Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասերիրությունից էր գալիս: Իսկ իրականում՝ այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:

Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս, անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:

Գործից դուրս, առօրյա շփման մեջ անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:

«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր, որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:

Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էր մեզ՝ հայերիս:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:

Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:

Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:

Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:

Русская версия

4531
թեգերը:
Վազգեն Սարգսյան

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

651
(Թարմացված է 19:44 11.02.2021)
Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

651
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան
Եվրատեսիլ, արխիվային լուսանկար

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

0
(Թարմացված է 14:40 05.03.2021)
Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, թե որն է նման որոշում կայացնելու պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,– նշված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում:

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով: Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը։ 

«Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են կորոնավիրուսային իրավիճակի և վարակի տարածման կանխարգելման հետ։  «Եվրատեսիլի» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։ Իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

0
թեգերը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, Եվրատեսիլ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ տարեց տղամարդը Լիբանանի «The Voice»-ում երգում է «Թռչեի մտքով տուն». տեսանյութ
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սերժ Թանկյանի Recognize Artsakh երգը ռուսերեն են թարգմանել. տեսանյութ