Նարեկ Հախնազարյան

Նարեկ Հախնազարյան. ֆուտբոլի նկատմամբ սերն ինձ թավջութակահար դարձրեց

98
(Թարմացված է 18:52 28.12.2016)
Աշխարհահռչակ թավջութակահար, Պյոտր Չայկովսկու անվան մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանն օրեր առաջ Հայաստանում էր` XVIII դարի լեգենդար վարպետ Ջուզեպե Գվարներիի թավջութակով։

Հախնազարյանը Sputnik Արմենիային պատմեց իր անցած ուղու, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին, խոսեց նաև ապագա ծրագրերի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

- Ո՞ր տարիքում հասկացաք, որ պետք է զբաղվեք երաժշտությամբ։

— Սկսել եմ նվագել գրեթե յոթ տարեկանից և, ինչպես ցանկացած ադեկվատ երեխա, առաջին մի քանի տարիներին չէի սիրում նվագել անվերջանալի գամմաները, որոնք ոչ մի գեղարվեստական հետաքրքրություն չէին ներկայացնում։ Ինձ շանտաժի միջոցով էին ստիպում պարապել։ Հայրս իմ առաջ պայման էր դնում` եթե ես օրական երեք ժամ նվագեմ, ինձ թույլ կտան տղաների հետ ֆուտբոլ խաղալ բակում։ Հաճախ եմ կատակով ասում, որ ֆուտբոլի հանդեպ սերն ինձ թավջութակահար դարձրեց։ 10-11 տարեկանում ես ծնողներիս հետ տեղափոխվեցի Մոսկվա, և այդ շրջանում ծնողներս զոհաբերեցին ընտանիքը, իսկ մայրս` կարիերան։ Այդ ժամանակ գիտակցեցի, որ հետդարձի ճանապարհ չկա, որ դա իմ կոչում է, և ես պետք է արդարացնեմ ծնողներիս վստահությունը։

- Փորձե՞լ եք ուրիշ գործիք նվագել։

— Հենց սկզբից էլ ինձ թավջութակի դասարան են տարել, հավանաբար մորս մոտ ինչ-որ մայրական բնազդ է գործել։ Ինձ այլ գործիքներ էլ են հետաքրքրում. նաև դաշնամուր եմ նվագում, մի քանի ստեղծագործություններ և երգեր եմ կատարում կիթառով։ Երբ ես սովորում էի Ամերիկայում, ընկերս ինձ սովորեցնում էր սաքսոֆոն նվագել։ Մի անգամ նույնիսկ հորս համար անակնկալ արեցի, զանգեցի սկայպով և սաքսոֆոնով նվագեցի «Happy birthday»-ը։

- Ի՞նչ բարդությունների եք բախվել։

— Առաջին հերթին, կոռումպացված մրցույթները, որտեղ ակնհայտ նախապատվություն էին տալիս ժյուրիի անդամների աշակերտներին։ Օրինակ, երբ 2007թ-ին առաջին անգամ մասնակցում էի Չայկովսկու անվան մրցույթին, առաջին տեղը զբաղեցրեց ժյուրիի նախագահի ուսանողը։ 2003թ-ին նման դեպք եղավ Չինաստանում, Չայկովսկու անվան երիտասարդական մրցույթի ժամանակ։ Ես առաջին տեղի ակնհայտ հավակնորդն էի, նույնիսկ «հանդիսատեսի համակրանք» մրցանակ ստացա, բայց հայտնվեցի չորրորդ հորիզոնականում։ Երբ մենք տարակուսեցինք ու որոշեցինք պատճառը հասկանալ, մեզ ասացին, որ «համակարգիչը սխալ է հաշվել միավորները»։

Նման դեպքերը կարող են հիասթափեցնել, սակայն ես հոգեբանական առումով ամուր եմ և բավականաչափ նպատակասլաց։ 2007թ-ից հետո ինքս ինձ խոստացա այլևս չնվագել Չայկովսկու անվան մրցույթում։ Բայց որոշումս փոխվեցի, երբ 2011թ-ին Վալերի Գերգիևի շնորհիվ մրցույթի ձևաչափը փոխվեց։ Գերգիևը վերացրեց կոռուպցիան և ժյուրիի կազմ հրավիրեց բարձրակարգ երաժիշտների` Միշա Մայսկուն, լեգենդար Քշիշտոֆ Պենդերեցկուն, Մարիո Բրունելոյին (իտալացի թավջութակահար, խմբ.), «Քարնեգի հոլի» տնօրեն, սըր Քյալվ Գիլինսոնին։ Այսօր ես անչափ հպարտ եմ, որ այդ մրցույթում ներկայացրել եմ Հայաստանը։

- Ի՞նչն է մեզ խանգարում, որ պայմաններ ստեղծենք մեր տաղանդներին Հայաստան վերադարձնելու համար։

— Մեզ մասշտաբներն են փոքր, Հայաստանն է փոքր երկիր։ Թեև դա էլ ցուցանիշ չէ. այնպիսի երկրներ կան, որտեղ երաժշտական կյանքի էկոհամակարգն ավելի լավ է զարգացած։ Ճապոնիան մեծ երկիր չէ, բայց այնտեղ են աշխարհի ամենալավ դահլիճները։ Ես կուզեի, որ Արամ Խաչատրյանի անվան մեր միակ համերգասրահը լավ ակուստիկա ունենար։ Ցավոք, այսօր տաղանդավոր մարդիկ ստիպված հեռանում են, որպեսզի կարողանան կատարելագործվել արտասահմանում։

Հպարտ եմ, որ ես, Սերգեյ Խաչատրյանը կամ նույն Հենրիխ Մխիթարյանն արտասահմանում Հայաստանի դեսպաններն ենք։ Հենրիխը հայտնի է ողջ աշխարհում որպես հայ ֆուտբոլիստ, իսկ ես` որպես հայ թավջութակահար։

- Ի՞նչն է մեզ այսօր խանգարում զարգացնել մեր երկրի մշակույթը։

— Դա ոչ այնքան երաժշտական կյանքի կամ արվեստի հարց է, որքան ազգային գիծ։ Մենք բոլորս անհատականություններ ենք, մեր մեջ չկա այն նույն համախմբվածությունը, որը կա հրեաների կամ չինացիների մոտ։ Հաշվի առնելով հայերի ընդհանուր թիվն ու հաջողակ հայերի թիվը` մենք կարող ենք վստահությամբ ասել, որ երկրագնդի երկու կամ երեք ամենատաղանդավոր ազգերից մեկն ենք։ Մենք չունենք արտասահմանում հայերի աջակցության պետական ծրագիր։ Ես հուսով եմ, որ նոր կառավարության և մշակույթի նոր նախարարի օրոք դա կփոխվի։ Խոսելիս բոլորն էլ հպարտանում են և հոգի տալիս, որ մենք առաջ գնանք, բայց գործնականում իրական աջակցություն չկա։ Ես իմ կարիերայի ընթացքում ոչ մի հայից որևէ օգնություն չեմ ստացել։ Ինձ օգնության ձեռք մեկնած մարդկանց թվում եղել են հրեաներ, ռուսներ, չինացիներ, ավստրիացիներ։

Առանձին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանին, քանի որ նրանք գնահատել են իմ աշխատանքը։ Անցած տարի ես բնակարան ստացա Երևանում, որի կարիքն ունեի։ Թեև ես չեմ ապրում Հայաստանում, բայց փորձում եմ ավելի հաճախ լինել այստեղ։ Ծնողներիս բնակարանը 50 քառակուսի մետր է և այնտեղ պարապելու համար գրեթե տեղ չկա։ Հաշվի առնելով դա` նախագահը և քաղաքապետը բարենպաստ պայմաններ ստեղծեցին ոչ միայն արտասահմանում, այլ նաև Հայաստանում երաժշտությամբ զբաղվելու համար։

- Կպատմե՞ք Ձեզ օգնած այլազգիների մասին։

— Ես 17-18 տարեկան էի, ելույթ էի ունենում միջազգային բեմերում, և ինձ հետ մեծ հույսեր էին կապում։ Նվագում էի մի գործիքով, որն ինձ տվել էին Մոսկվայի ուսումնարանում։ Մի ամերիկացի, որը զբաղվում էր գործիքների վաճառքով, իմանալով այդ մասին` 20 հազար դոլար արժողությամբ թավջութակ նվիրեց` անժամկետ օգտագործման պայմանով, և ինչ-որ առումով փրկեց իմ կարիերան։

Իմ այսօրվա թավջութակն էլ չինացի է նվիրել, որը բնակվում է Կանադայում։

Ես օգնության համար դիմել եմ շատ հայ գործարարների և բարեգործների, սակայն ի պատասխան կամ մերժում եմ ստացել կամ լռություն։ Եթե ես հրեա լինեի, ինձ համար ոչ միայն գործիք կգնեին, այլ նաև ներդրում կկատարեին երկրի մշակութային ժառանգության մեջ` հնարավորություն տալով, որ համաշխարհային հարթակներում ելույթ ունենամ որակյալ թավջութակով։ Ժամանակին ես փորձել եմ դա բացատրել մեր հայրենակիցներին, բայց նրանք այլ հայացքներ ու նախապատվություններ ունեն։

- Եթե Ձեզ առաջարկեին Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնը, ապա ի՞նչ կփոխեիք։

— Առաջին հերթին ես կհրաժարվեի։ Բարդ հարց է, բայց ուրիշի սխալները և թերությունները տեսնելն ու դրանց մասին բարձրաձայնելը հեշտ է։ Մեր գլխավոր խնդիրը բոլոր ոլորտներում կոռուպցիան է։ Ես կսկսեի հենց այդտեղից։

- Ինչի՞ մասին եք հիմա երազում։

— Մեծ երազանք արդեն չունեմ։ Ես ուզում ձայնագրվել մեծ նվագախմբի հետ, զարգանալ իմ գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել Հայաստանի հանրաճանաչության մեծացմանը։

- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։

— Սիրում եմ ֆուտբոլ խաղալ, գիրք կարդալ և տարբեր ժանրերի ֆիլմեր դիտել։ Իմ գլխավոր հոբբին ճանապարհորդությունն է և մարդկանց հետ ծանոթանալը։ Ես նաև համեղ ուտեստներ եմ սիրում և սիրած ռեստորանների ցանկ ունեմ։

Նյութի ռուսերեն տարբերակը

98

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

644
(Թարմացված է 19:44 11.02.2021)
Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

644
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան
Արծրուն Հովհաննիսյան

«Թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր». բացառիկ հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ

7715
(Թարմացված է 22:14 01.02.2021)
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է պատերազմի ժամանակ իրականացված քարոզչությունից, իր դեմ մեղադրանքներից ու քննադատություններից, բանակի սպառազինությունից և այլն։

– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։

– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։

– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։

– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:

– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։

– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։

ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:

Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։

– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։

– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։

– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:

7715
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

67
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

67
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ