Թեհրան

Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրի մակարդակը հեռու է բավարար լինելուց

144
(Թարմացված է 16:49 25.11.2016)
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Ջամ-ե ջամ» օրաթերթին։

Հարցազրույցի ընթացքում դեսպանը խոսել է Հայաստանի և Իրանի համատեղ նախաձեռնությունների, ապրանքաշրջանառության ու արտասահմանյան ներդրումների ներգրավման մասին։

- Արդյո՞ք կան վիճակագրական ճշգրիտ տվյալներ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ:

— Երկու երկրի միջև առևտրաշրջանառության ծավալները չափազանց համեստ են և վերջին տարիներին մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Առևտրաշրջանառության տարեկան ծավալը փոքր շեղումներով տատանվել է 300 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշի շուրջ: Ընդ որում, ընդհանուր ծավալի մեջ մշտապես գերակշռել է Իրանից Հայաստան ապրանքների ներմուծումը:

- Ավելի քան մեկ ամիս առաջ Իրանում տեղի ունեցավ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, ո՞րն էր դրա նպատակը:

— Հաշվի առնելով երկու երկրների գործարարների փոխադարձ իրազեկվածության ոչ բարձր մակարդակը և համակարգված տեղեկացվածության մեծ պահանջը՝ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու ՀՀ ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարության աջակցությամբ, ՀՀ զարգացման հիմնադրամի և Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ի կատարումն այդ հուշագրի` ս.թ. հոկտեմբերի 5-8-ին Թեհրանում հայաստանյան շուրջ 100 ընկերություններ ներկայացրին իրենց ապրանքներն ու ծառայությունները:

- Իրանում հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսի կազմակերպումը նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք պատկերացնում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ապագան:

— Իրանական և հայկական ընկերությունների միջև տեղի ունեցան քննարկումներ, նրանք ծանոթացան միմյանց կարողություններին, եղան նախնական որոշ համաձայնություններ: Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին այդ իրադարձությունը, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ եղան Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների, երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

- Ըստ Ձեզ՝ որո՞նք են երկու երկրների միջև առևտրային կապերի զարգացման նախապայմանները:

— Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են կայուն տնտեսական հարաբերություններ, որոնք զարգացման միտումներ ունեն: Համատեղ ենթակառույցների ստեղծման գործընթացը դրական ընթացք ունի: Սակայն երկու կողմերի տնտեսավորողների կողմից միմյանց տարածքում ներդրումներ կատարելու գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Ինչ վերաբերում է երկկողմ առևտրի մակարդակին, այն հեռու է բավարար լինելուց, որի համար կան մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:

- Կմանրամասնե՞ք:

— Կողմերը բավարար չափով իրազեկված չեն միմյանց մասին, ծանոթ չեն օրենսդրական նորմերին, գործարար միջավայրի վիճակին և այլն: Կարևոր դեր են խաղում նաև գոյություն ունեցող առևտրային ռեժիմները, որոնք, մեղմ ասած, չեն խրախուսում բիզնես գործունեությունը:

- Արդյո՞ք արտոնյալ առևտրի միջոցով կարելի է խրախուսման պայմաններ ապահովել:

— Պատահական չէ, որ մեկնարկել և այժմ ընթացքի մեջ են ԵԱՏՄ-Իրան բանակցությունները՝ կապված արտոնյալ առևտրային ռեժիմների հաստատման հետ: Այդ բանակցությունների նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից մեկն էլ Հայաստանն է: Հուսով ենք, որ առևտրի նոր կանոններ կընդունվեն, որոնք կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

- Իրանի շուկան հետաքրքի՞ր է հայ առևտրականների համար, եթե այո, ապա իրանական տնտեսության ո՞ր ուղղություններն են առավել գրավիչ նրանց համար:

— Իրանն ունի շուրջ 80 մլն բնակչություն, և անշուշտ, այդ շուկան գրավիչ է Հայաստանի համար: Արդեն նշեցինք, որ երկու երկրների առևտրաշրջանառության մեջ գերակշռում է իրանական ապրանքների ներմուծումը Հայաստան, մինչդեռ հայկական ապրանքների մուտքն Իրան խիստ սահմանափակ է:

- Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը:

— Դա կապված է իրանական մաքսային և առևտրային կարգավորումների առանձնահատկությունների հետ (բարձր մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման բարդ ընթացակարգեր և այլն):

- Վերադառնանք հայ առևտրականների համար Իրանի տնտեսության գրավիչ կողմերին, որո՞նք են դրանք:

— Կարծում եմ՝ անկախ գոյություն ունեցող դժվարություններից՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել և առանձին ոլորտներում (բարձր տեխնոլոգիաներ, ինժեներական ծառայություններ, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և այլն) ակտիվացնել համագործակցությունը:

- Վիզաների վերացումը, կողմերի միջև ուղիղ չվերթերն ու միմյանց հետ ճանապարհային կապն ի՞նչ դեր ունեն առևտրի զարգացման մեջ:

— Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումն առաջին հերթին խոսում է փոխադարձ քաղաքական վստահության բարձր մակարդակի մասին, ընդ որում, ՀՀ քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ է կայացվել վիզայի վերացման մասին որոշումը, որն իրանական կողմից ընդունվել է մեծ պատրաստակամությամբ: Ինչ վերաբերում է այդ որոշման դրական հետևանքներին, ապա այստեղ առաջին հերթին հարկ է նշել հոգեբանական բարենպաստ ազդեցության, բյուրոկրատական քաշքշուկի վերացման, քաղաքացիների ու գործարարների տեղաշարժի դյուրացման մասին: Անկասկած, այդ հանգամանքները դրական ազդեցություն են ունեցել զբոսաշրջության և առևտրային հարաբերությունների վրա: Ընթացիկ տարվա մեջ հաճախացել են Երևան-Թեհրան և իրանական այլ քաղաքների միջև ինքնաթիռային չվերթերը:

- Ի՞նչ կասեք երկու երկրների տարանցիկության կարևորության մասին:

— Հայաստանի տարածքով իրանական ապրանքների տարանցումը հնարավորություն է տալիս մուտք գործել Վրաստան և Սև ծովի ավազանի երկրներ, մի ուղի, որը հուսալի այլընտրանք կարող է լինել Թուրքիայի տարածքով իրականացվող ապրանքափոխադրումներին: Իրանի տարածքով հայկական ապրանքների տարանցումը ենթադրում է ելք դեպի Պարսից ծոց և ապրանքների հոսք հակառակ ուղղությամբ: Ավելի լայն ընդգրկմամբ՝ Իրանի և Հայաստանի տարածքներն ընկած են «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագրի տիրույթում և հաջողությամբ կարող են ծառայել տարածաշրջանի երկրների տնտեսական գործունեության կարիքներին:

- Ձեր կարծիքով որո՞նք են արտասահմանյան ներդրումների ներգրավման համար Իրանի առավելությունները:

— Օտարերկրյա ներդրողների համար առաջին հերթին խիստ գրավիչ են իրանական բնական հարուստ պաշարները և տնտեսության մի շարք խիստ զարգացած ճյուղերը, ինչպես նաև մասնագիտական մեծ ներուժը: Երկրում գործում է ներդրումների պաշտպանության և կարգավորման պետական հատուկ մարմին: Իրանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ պատժամիջոցների վերացումից հետո դեռևս չի նկատվում ներդրումների մեծ հոսք իրանական տնտեսության մեջ, որն, ամենայն հավանականությամբ, կապված է որոշ ներքին և արտաքին գործոնների հետ:

- Որո՞նք են Հայաստանի առավելություններն օտարեկրյա ներդրումների համար:

— Հայաստանում ստեղծված են որոշակի նախապայմաններ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: Խոսքը վերաբերում է օրենսդրական երաշխիքներին և կառուցվածքային որոշակի փոփոխություններին: Մաքսային և հարկային օրենսդրության նորմերը բավականաչափ նպաստավոր են, երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, մաս է կազմում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ): Հայաստանում գործում են մի շարք ազատ առևտրի գոտիներ: Համաձայն «Doing business 2016» զեկույցի` Հայաստանը 189 երկրների մեջ զբաղեցնում է 35-րդ տեղը, իսկ ըստ կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտի զեկույցի՝ տնտեսության ազատության ցուցանիշով Հայաստանը 159 երկրների շարքում զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը:

- Ինչպիսի՞ն են Իրան-Հայաստան բանկային հարաբերությունները:

— ՀՀ բանկային համակարգը գործում է ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան և դրանից կարող են շահեկանորեն օգտվել օտարերկրյա ներդրողները: Հայաստանում գործում է իրանական «Մելլաթ» բանկի կողմից հիմնադրված նույնանուն բանկը: Հարկ է նշել, որ Իրանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների վերացումից հետո դեռևս պահպանվում են որոշակի խոչընդոտներ, որոնք խանգարում են երկու երկրների բանկային համակարգերի համագործակցությանը: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում հիշյալ դժվարությունները կհաղթահարվեն և հնարավորություններ կստեղծվեն արդյունավետ համագործակցության համար: 

144

Տիգրան Քեոսայան․ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն անգամ Փաշինյանով չես ոչնչացնի

644
(Թարմացված է 19:44 11.02.2021)
Վերջին անգամ Տիգրան Քեոսայանը Sputnik Արմենիայի հետ զրուցել էր այն օրերին, երբ երկրում իշխանության էր գալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսօր կինոռեժիսորը պատմում է, թե ինչպես ՀՀ–ում հայտնվեց խնամառուի հոգեբանությունը, ասում է, թե ով պետք է գա իշխանության։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik

Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։

«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։

Խնամառուի հոգեբանություն և շրջանաձև ինքնախաբեություն

«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։

Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։

«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։

Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։

«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։

Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։

«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։

Ադրբեջանցի ընկերնե՞ր։ Իհարկե կան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։

Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։

Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։

«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։

Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։

Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։

Իսկ հետո՞։ Բռնապետություն։

«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։

Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։

Նավալնուն մեզ համար էին պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի

Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։

Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։

Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։

«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։

«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։

Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։

644
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Տիգրան Քեոսայան, Ռուսաստան, Հայաստան
Արծրուն Հովհաննիսյան

«Թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր». բացառիկ հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ

7715
(Թարմացված է 22:14 01.02.2021)
Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է պատերազմի ժամանակ իրականացված քարոզչությունից, իր դեմ մեղադրանքներից ու քննադատություններից, բանակի սպառազինությունից և այլն։

– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։

– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։

– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։

– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։

Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով

Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:

– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։

– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:

Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին

ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։

ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:

Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։

– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։

– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:

– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։

– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:

7715
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Հոր ձայնը լսվել է. 70 օր անց գտնված Նիկոլայը ծնողներից թաքուն էր ՀՀ քաղաքացիություն ստացել
Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը
Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը
Ազգային ժողով

Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով

0
ԲԴԽ նախագահի ներկայությունն ԱԺ-ում լուրջ իրարանցում առաջացրեց: ԲԴԽ նախագահը, սակայն, հայտարարեց, որ ունի զսպվածության սահման, որը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ իրեն փորձեն դրդել դեպի քաղաքական քննարկում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:

ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:

ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:

«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:

ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:

Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:

«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:

Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:

«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:

0