Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն

Հայաստանում Չինաստանի դեսպանը սիրեց ուրցով թեյը, տոլման և խորովածը

69
Չինաստանը հետաքրքրված է հայկական շուկայով և համագործակցության նոր ձևեր է առաջարկում։ Հայ–չինական հարաբերությունները վերջին տարիներին վերելք են ապրում։

Ներդրումների, հայկական շուկայի և հայկական խոհանոցի մասին Sputnik Արմենիային պատմեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը։ Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

- Չինաստանը հայկական թանգարաններին «Աուդիոգիդ» բջջային հավելվածի ստեղծման համար դրամաշնորհ է տրամադրել։ Ի՞նչ կտա դա հայ օգտատերերին։

— Ես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ չեմ, սակայն ասեմ, որ ՏՏ-ն տարբեր ոլորտներում կիրառելը նոր ուղղություն և ժամանակակից աշխարհի միտում է դարձել։ Հատկապես դա արդիական և օգտակար է երիտասարդության համար։ «Աուդիոգիդի» համակարգի ներդրումն, իմ կարծիքով, կնպաստի թանգարաններ այցելուների թվի ավելացմանը։ Հավելվածը զբոսաշրջիկներին թույլ կտա ավելի լավ պատկերացում կազմել այն մասին, թե ուր են նրանք գնում, ինչ է պետք այնտեղ անպայման դիտել։

Մի կողմից` ինտերնետի դարում սոցցանցերում շփումը նպաստում է մշակութային արժեքների տարածմանը։ Սակայն դա ամեն դեպքում չի փոխարինի թանգարաններ այցելելուն, քանի որ թանգարաններն այդ արժեքների անփոխարինելի կրողներն են։ Այսօր թանգարանների առջև կարևոր խնդիր է դրված. ինչպես անել, որ մշակութային ժառանգությունը ավելի հասանելի դառնա այցելուների համար։ Հենց այս հարցում էլ կօգնի «Աուդիոգիդ» հավելվածը։

- Ավելացե՞լ է Չինաստանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը։

— Անկասկած։ Եվ աճի այդ դինամիկան ակնհայտ է։ Անկախ նրանից, որ Չինաստանից Հայաստան այնքան էլ շատ զբոսաշրջիկներ չեն այցելում, այնուամենայնիվ, վերջին տարիներին նրանց թիվն աճում է։ Նախկինում չինացիներն ավելի քիչ էին տեղյակ Հայաստանի և նրա տեսարժան վայրերի մասին, այսօր լուծվում է նաև այդ խնդիրը։

- Ի՞նչ եք կարծում` Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի՞ տարածաշրջանում զբոսաշրջային կենտրոն դառնալու համար։

— Հայաստանը զբոսաշրջային ռեսուրսների օգտագործման (թանգարաններ, պատմական հուշարձաններ և այլն), ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության (հարմարավետ հյուրանոցներ, տրանսպորտ, բարվոք ճանապարհներ) պարագայում կարող է դառնալ տարածաշրջանի զբոսաշրջային կենտրոն։ Եթե առաջին բաղադրիչը գերակշռում է, քանի որ Հայաստանը փոքր պետություն է` հարուստ ավանդույթներով և պատմական հուշարձաններով, ապա ենթակառուցվածքներն անհրաժեշտ է արդիականացնել, զարգացնել։

- Ի՞նչն է ամենից շատ զարմացրել Ձեզ Հայաստանում։

— Ես արդեն, կարելի է ասել, Հայաստանի հնաբնակներից եմ, և այսօր ինձ քիչ բան է զարմացնում։ Ձեր երկրում ինձ ամենից շատ զարմացրել են մշակութային ավանդույթները, հնագույն պատմությունը։ Մինչև Հայաստան գալը ես շատ եմ կարդացել երկրի մասին, ուսումնասիրել եմ այն։ Սակայն մի բան է կարդալ երկրի մասին, մեկ այլ բան` ամեն ինչ տեղում տեսնել։

Բացի այդ` ինձ զարմացրել է նաև հայերի հյուրընկալությունը, նրանց բարյացակամությունը։

- Հե՞շտ էր ընտելանալ հայկական խոհանոցին։

— Հայկական և չինական խոհանոցների ուտեստները տարբեր են, սակայն ինձ հեշտ էր ընտելանալ, քանի որ ինչպես Չինաստանը, այնպես էլ Հայաստանը հարուստ են բանջարեղենով, մրգով և ձկով։ Այսպես ասեմ, իմ առջև հարմարվելու խնդիր չկար։ Հայկական խոհանոցից սիրեցի խորովածը, տոլման և ուրցով թեյը։

- Ինչպե՞ս եք գնահատում հայ-չինական հարաբերությունները։

— Մենք լավ հիմքեր դրեցինք հարաբերությունների հետագա զարգացման, դրանց մակարդակի բարձրացման համար։ Քաղաքական տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք, իսկ վերջին ժամանակաշրջանում քաղաքական վստահության մակարդակը բարձրացել է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա այցը Չինաստան պատմական եմ համարում։ Աշխատանքային այցով մեր երկրում եղան Հայաստանի վարչապետն ու այլ բարձրաստիճան հյուրեր, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին։

Չինաստանն արդեն մի քանի տարի Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է։ Իսկ այսօր, բացի առևտրի ծավալներից, օրակարգում է նաև ներդրումային համագործակցության հարցը։

Посол КНР Тянь Эрлун
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն

Ակտիվ զարգանում է մարդասիրական համագործակցությունը. անցյալ տարի հաջողությամբ անցկացվեցին Հայկական մշակույթի օրերը Չինաստանում, իսկ այս տարի` չինական մշակույթի օրերը Հայաստանում։ Հաճախակի են դարձել գեղարվեստական կոլեկտիվների, մշակույթի և արվեստի գործիչների փոխադարձ այցերը։ Մենք ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, քանի որ հաջորդ տարի կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։

Ես լավատեսորեն եմ նայում մեր երկկողմ համագործակցությանը։ Այն ընդլայնվում է, նոր հորիզոններ են բացվում, նոր առաջնահերթ ուղղություններ ի հայտ գալիս։

- Ինչո՞վ է հայկական փոքր շուկան հետաքրքիր չինացի ներդրողների համար։

— Ցանկացած հարցում պետք է ընդհանուր եզրեր գտնել, չէ՞ որ ամեն մեծ բան փոքրից է սկսում։ Իսկ ինչպես հայտնի է, ով փնտրում է, նա միշտ գտնում է։

69