Ռոբերտ Ստուրուա

Պայքարում էր Սահակաշվիլու դեմ, ընկերություն անում Փարաջանովի հետ, աստվածացնում՝ Ֆելինիին

42
(Թարմացված է 22:41 22.10.2016)
Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի «Հուլիոս Կեսար» ներկայացումով Երևանում մեկնարկել է Շեքսպիրյան միջազգային 12-րդ թատերական փառատոնը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան նույնպես Երևանում է:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմում է թատրոնի, կինոյի, Փարաջանովի ու հայերի նկատմամբ ունեցած սիրո, Սահակաշվիլու ռեժիմի դեմ պայքարի մասին: Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս եք կարողանում կառավարել այդքան մեծ թվով մարդկանց և միաժամանակ կոմպոզիցիա ստեղծել բեմում։

— Ամեն ինչ ժամանակի հետ է լինում։ Երբ արտիստների հետ երկար ես աշխատում, գործը հեշտանում է։ Նրանք սկսում են զգալ, թե ինչ ես ուզում իրենցից։ Թատրոնը շարժում է, որը չի ավարտվում։

- Ձեր մասնագիտության մեջ ի՞նչն է ամենաբարդը:

— Այն ինձ անասելի հոգնեցրել է…

- Բայց չէ՞ որ առանց թատրոնի դուք չեք կարող։

— Դե… երազում եմ ինչ-որ տեղ մեկնել, ինչ-որ ծովափ, գիրք վերցնել, որևէ գործիք գնել։ Ի դեպ, ես դաշնամուր եմ նվագում…
Նախորդ հարցին վերադառնալով՝ պատասխանեմ, որ ամենաբարդը մեր գործում ժամանակին համընթաց քայլելն է։ Պետք է կարողանաս քայլել փոփոխվող ժամանակին զուգընթաց՝ երբեմն նրանից առաջ անցնելով։ Թատրոնը կյանքի մոդել է, որը փոփոխվում է, իսկ մենք չենք հասցնում կյանքի հետևից, հետ ենք մնում։ Երիտասարդ տարիներիս կարծում էի, թե կինոն ավելի առաջադեմ է, քան թատրոնը, քանի որ կինոն թույլ է տալիս ռեժիսորներին և դերասաններին ժամանակից առաջ քայլել, ավելի հեշտ արտահայտել մտքերը։ Թատրոնը հանճարեղ է նրանով, որ պոեզիայի մի մաս է կազմում և դրա համար այն, ինչ դու անում ես այստեղ, ավելին է, քան կինոյում։ Կինոն կենցաղ է։ Սակայն կան օրինակներ, երբ կինոռեժիսորները տարբեր տարրեր են վերցնում թատրոնից։ Օրինակ՝ Ֆելինիի ֆիլմերում դերասանները խաղում էին այնպես, ինչպես թատրոնում։ Ընդհանուր առմամբ, ես երջանիկ եմ, որ երբեմն առնչվում եմ պոեզիայի հետ…

Роберт Стуруа
© Sputnik / Asatur Yesayants
Ռոբերտ Ստուրուա

- Ո՞րն է չարի դեմ պայքարի ձեր բանաձևը։

— Facebook-ը: Դա այն հարթակն է, որն ինձ իսկական պամֆլետիստ դարձրեց։ Հենց այստեղ էի ես գրառումներ կատարում այն ժամանակ, երբ ինձ հեռացրին թատրոնից։ Ինչպես պարզվեց հետագայում, դրանք Թբիլիսու պետական համալսարանի մի երիտասարդ ասպիրանտ հավաքել էր և որոշել գիրք հրատարակել` գրառումներիս ժողովածու։ Սկզբում ես դեմ էի այդ մտքին, քանի որ շատ էմոցիոնալ էի գրել, առանց հասկանալու: Բայց երբ վերընթերցեցի, համաձայնեցի, քանի որ ամեն ինչ շատ սուր էր գրված, տեղ-տեղ՝ նույնիսկ զվարճալի։ Գիրքը ես վերնագրեցի «Ազատության երկու տարի», այն լույս կտեսնի նոյեմբերի առաջին կեսերին։ Իմ այսպես կոչված երկու տարվա ազատության ժամանակ ինձ իր թատրոն կանչեց Ալեքսանդր Կալյագինը (թատրոնի և կինոյի ռեժիսոր, դերասան — խմբ.)։ Մենք ընկերություն էինք անում, և նա գիտեր, որ առանց թատրոնի ես կզրկվեմ ապրուստի միջոցից։ Ես ընտրեցի նրան (թեև ուրիշներն էլ էին հրավիրել), քանի որ ինձ ավելի հեշտ էր աշխատել սկսնակ թատրոնում։

- Հիշում եմ, որ այդ երկու տարվա ընթացքում վրացական մամուլը հաճախ էր անդրադառնում ձեզ։ Ի վերջո, ո՞րն էր թատրոնից հեռանալու պատճառը: Սահակաշվիլու քմահաճու՞յքը։

— 2003 թվականին, ընտրությունների ժամանակ, թեև որոշակի կանխազգացումներ ունեի, բայց քվեարկեցի Սահակաշվիլու օգտին։ Մեկուկես տարի հետո, երբ ես հասկացա, թե ինչն ինչոց է, երիտասարդ դրամատուրգներին պատվիրեցի վրացական հասարակության բոլոր շերտերի մասին մի պիես գրեն։ Ինձ բաժին հասավ «Նախագահն ու նրա թիկնապահները» պիեսը, որը ես բեմադրեցի 2005 թվականին։ Պրեմիերայից առաջ Գիա Կանչելին (վրացի կոմպոզիտոր — խմբ.) ասաց, որ չհարձակվեմ նրա վրա (խոսքը Սահակաշվիլու մասին էր — խմբ.), սակայն ես այլ կերպ չէի կարող. իմ մեջ հեղափոխականի գեն կա։ Պրեմիերային Սահակաշվիլին ներկա չէր, ներկա էին միայն մայրն ու կինը։ Հավանաբար ինչ-որ մեկը նկարահանել էր և ցույց տվել նրան։

Նա քեն էր պահել, ու դա ինչ-որ կերպ պետք է արտահայտեր։ Պատճառ դարձավ տեղի գործակալություններից մեկին տված հարցազրույցը։ Հասկանու՞մ եք՝ ես չեմ սիրում, երբ մարդիկ թաքցնում են իրենց ազգությունը։ Իսկ Սահակաշվիլին թաքցնում է այն փաստը, որ հայ է։ Իմ այս խոսքերը սխալ էր մեկնաբանվել հարցազրույցի ժամանակ։ Արդյունքում մշակույթի նախարարը (այն ժամանակ Նիկա Ռուրուան էր) ինձ քսենոֆոբ անվանեց ու հանեց թատրոնից։ Իմ գիրքը սկսում է հենց այդ դրվագից. հրաման, և ես գնում եմ թատրոնից։

Իսկ հայերին ես շատ եմ սիրում, քանի որ ինձ մեծացրել է մորեղբորս կինը` հայուհի Ասյա Կուկուրչյանը, որն ամուսնանալուց առաջ խաղում էր Շահումյանի թատրոնում (Թբիլիսիի Շահումյանի անվան հայկական դրամատիկական թատրոն, այժմ՝ Պետրոս Ադամյանի անվան թատրոն— խմբ.)։ Ես հինգ տարեկան էի, երբ նա մեր ընտանիքի անդամ դարձավ, մորեղբայրս իսկական կովկասցու պես նրան հանեց թատրոնից՝ հայտարարելով, որ դա արատի բույն է։ Ու խեղճը մնաց առանց թատրոնի՝ իր երազանքն ամփոփելով իմ մեջ։ Ի դեպ, դպրոցում մայրս Սերգեյ Փարաջանովի հետ էր սովորում։

Роберт Стуруа
© Sputnik / Asatur Yesayants
Ռոբերտ Ստուրուա

- Փարաջանովի արվեստն ազդե՞լ է ձեզ վրա։

— Փարաջանովի ազդեցության տակ լինել հնարավոր չէ, քանի որ նա այնպիսի անհատականություն է, որին հնարավոր չէ ընդօրինակել։ Նա տաղանդավոր, զգացմունքային մարդ էր, իրական գեղեցկության երկրպագու։ Մինչ օրս հիշում եմ նրա խորհուրդը. «Գաղափար պետք չէ, միայն գեղեցկություն է պետք։ Գեղեցիկը բավարար է թատերական արվեստի նմուշ ստեղծելու համար»։ Ի դեպ, ես «Փարաջանովի նուռ» մրցանակի դափնեկիր եմ։

- Թատրոնի հանդեպ սերը ե՞րբ բացահայտվեց:

— Ութերորդ դասարանում էի, երբ մեր դասարան տեղափոխվեց Միտյա անունով մի տղա։ Նրան մեկ տարով ուղարկել էին Թբիլիսի՝ մեր հարևան Ելենա Ախվլեդիանիի մոտ (վրացի նկարչուհի, գրաֆիկ — խմբ.), որպեսզի հեռու մնա վատ շրջապատից։ Դաստիարակչական նկատառումներից ելնելով՝ Ելենան որոշել էր մեր դասարանում բեմադրել «Ռևիզորը»։ Ինձ քաղաքապետի դերն ընկավ, Միտյային՝ ռևիզորինը։ Այդ ժամանակ ինչ-որ բան զգացի, հասկացա, որ ուզում եմ կինոռեժիսոր դառնալ։ Թատրոնն ինձ չէր գրավում կեղծ լինելու պատճառով, ինչը վերացավ Տումանիշվիլու հայտնվելուց հետո (Միխայիլ Տումանիշվիլի, խորհրդային ռեժիսոր — խմբ.)։ Ինձ կինոն էր ավելի շատ գրավում, սակայն քանի որ դպրոցը ոսկե մեդալով ավարտեցի և լավ էի տիրապետում մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներին, ծնողներս շատ էին ուզում, որ ես ընդունվեմ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ։ Ես ձգձգում էի, որքան կարողանում էի։ Մի օր հանդիպեցի ընկերներից մեկին` Միշա Նամտալիշվիլուն։ Սկսեցինք զրուցել, ու նա ասաց, որ փաստաթղթերն արդեն հանձնել է համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, ես էլ նրան հակառակվելու համար ասացի, որ նույնպես հանձնել եմ փաստաթղթերս, բայց՝ թատերական։ Ստեցի ու, որպեսզի սևերես դուրս չգամ, մեկ ժամ հետո գնացի ընդունվելու թատերական ու այնտեղ մնացի մինչև օրս: Չորս տարին մեկ սցենար եմ գրում ու այդպես բավարարում կինոյի նկատմամբ ունեցած կիրքս։

- Չե՞ք կարծում, որ թատրոնում ավելի շատ հոգի կա, քան կինոյում։

— Կարծում եմ, սակայն, կինոյի մեջ ինչ-որ բան կա, ինչն ինձ ձգում է։ Սիրում եմ թրիլերներ, մարտաֆիլմեր։ Չեմ սիրում հեղինակային կինո, բացառությամբ հանճարեղ Ֆելինիի։ Հեղինակային կինո դիտելու ընթացքում կարող եմ ինքս այդ թեմայով փիլիսոփայական տրակտատ կարդալ, ոչ թե խորհել տրակտատի երկրորդական փոխանցման վրա։

- Ե՞րբ կրկին Հայաստան կգաք։

— Ես Բրեխտի անհայտ ստեղծագործությունն եմ բեմադրել (գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտ — խմբ.), որը գրել է XX դարի 30-ականներին, մինչև Հիտլերի իշխանության գալը։ Այն անվանել եմ «Օրինականացրած ապօրինություն»։ Ուրախ ողբերգական ֆարս է։ Գործողությանը մասնակցում է երեք անձ: Մեկը նավթարդյունաբերող է, որն անապատ է գնում, նավթի հանքավայրերի արդյունահանման համար երկու աշխատող է վարձում` ուղեկցորդի և գործիքները տանողի։ Նավթարդյունաբերողը սպանում է նրանցից մեկին` ջրով լի տարան քարի տեղ դնելով։ Դատարանն արդարացնում է նավարդյունաբերողին։ Դատավորի դերում հանդես է գալիս Բուդդան: Նա իմանում է, որ աշխատողը ցանկացել է ջուր տալ նավթարդյունաբերողին, որոշում է նրան դժոխք ուղարկել, քանզի ժամանակակից կյանքում առաքինությունը հիմարություն է։ Եվս մի ներկայացում կա, որը հինգ տարվա մեջ բեմադրած լավագույն գործերից է։ Վրացի գրող Թամազ Չիլաձեի «Որսի շրջան» պիեսն է։ Այն աբսուրդի տարրերով դժվար սյուժե ունի։ Ես կուզեի այդ պիեսն ու «Օրինականացրած ապօրինությունը» ցուցադրել Երևանում, գուցե մարտին։

42