Թևան Պողոսյան

Թևան Պողոսյան. Վարչապետի փեսան կոմֆորտի մեջ չէ՝ իմանալով աներոջ պաշտոնը

370
(Թարմացված է 17:53 21.10.2016)
Sputnik Արմենիան ԱԺ պատգամավոր,քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ զրուցել է կառավարության նոր կազմի, կադրային և համակարգային փոփոխությունների մասին: Զրուցել է Գոհար Սարգսյանը։

-Կառավարության կազմը փոփոխվեց, նոր կադրեր ի հայտ եկան, մարդիկ սկսեցին հուսադրվել, որ ինչ-որ համակարգային փոփոխություն կլինի: Դուք ի՞նչ եք կարծում, անձերի փոփոխությունը ենթադրու՞մ է համակարգային փոփոխություն:

— Բնականաբար ոչ: Շատ երկրներում կարող ենք տեսնել՝ նույն անձն աշխատում է տարբեր ոլորտներում, բայց մնում է նույն քաղաքական կուսակցության մեջ, իսկ մոդելը նույնն է մնում: Ես հասկանում եմ, որ համակարգային փոփոխությունների հիմքը սկսվում է անձերի փոփոխության խնդիրներից, որովհետև նոր անձը գալիս է նոր տեսլականով, թե այդ ինստիտուտները ինչպես աշխատեն: Բայց եթե մենք չտեսնենք մյուս քայլերը, խոսել համակարգային փոփոխությունների մասին վաղ է:

-Վաղ է, այդ պատճառով չեք տեսնու՞մ, թե՞ պարզապես իրատեսական չեք համարում փոփոխությունները լճացած քաղաքական դաշտում:

— Ոչ, իրատեսական բան չկա աշխարհում: Կա ուղղակի քաղաքական կամք մի բան անելու կամ փոխելու: Հիմա, քանի որ մի կողմից կառավարությունը բերեցին ու ասացին՝ մենք գնալու ենք համակարգային փոփոխությունների, իսկ մյուս կողմից ասում են՝ նրանք տրանզիցիոն կառավարություն են, ժամանակավոր, ֆունկցիաների խնդիր է առաջանում: Շատ դժվար է այսօր սուրճի բաժակ նայելով կանխատեսել:

-Արդեն անցել ենք սուրճի բաժակ նայելու փուլից, որովհետև կառավարության ծրագիրն էլ ներկայացվեց։

— Կառավարության ծրագիրը նախադասությունների շարան է, այսպես, թե այնպես: Երբ ես կարդամ, տեսնեմ գործողությունների ծրագիր և փոփոխություններ 2017 թվականի բյուջեի մեջ, տեսնեմ, որ այդ ծրագիրը կյանքի կկոչվի, կսկսեմ հավատալ:

-Հիշեցնեմ Կարեն Կարապետյանի ասածը, որ ինքը կախարդական փայտիկ չունի, իսկ պրոցեսը երկարատև է:

— Հիմա տեսեք, մեզ ասում են՝ այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլ, այդ դեպքում ի՞նչ երկարատև գործընթացի մասին է խոսքը: Եթե նա չի բերում ծրագիր, որ ինքն իրեն հավատալով՝ այնպիսի փոփոխություններ է անելու, որ հետո շարունակելու է, եթե նույնիսկ դա չկա վարքագծի ու խոսքի մեջ, ի՞նչ կարող ենք հասկանալ: Հիմա ցիկլիկ գաղափարով ենք առաջնորդվում:

-Երբ վարչապետն արտաբերում է «պրիմիտիվ գողություններ» հասկացությունը, երբ կադրային նոր քաղաքականություն է իրականացնում, նկատողություն անում նախարարներին՝ հորդորելով կարճ խոսել, արդյո՞ք սրանք քայլեր չեն հանրության վստահությունը շահելու համար:

— Կարեն Կարապետյանը միշտ է այդ ոճի մարդ եղել: Քաղաքապետ եղած ժամանակ էլ այդ ոճի մեջ էր: Երբ լսեցի նրա անունը, այդ ոճային փոփոխության մասին մտածեցի: Այս գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, ավելի շատ կանվանեի հանրային տրամադրությունների կառավարման գործընթաց, ոչ թե համակարգային փոփոխություն: Հիմա հանրության ամենակարևոր պահանջներից է արդարության խնդիրը: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ պրիմիտիվ գողությունից հետո մի քանիսը ձերբակալված լինեն կամ գործով քննություն է սկսվել: Հասկանում եմ, որ չկա կախարդական փայտիկ, բայց եթե ցանկանում եք, որ համակարգային փոփոխություններ տեղի ունենան, համակարգի «պահապան հրեշտակները», որոնք պահում են հին համակարգը, որոնք բուրգը չեն՝ փոխնախարարներ են, վարչության պետեր, որոնք տարիներով այդ տեղում նստած, նույն գնումների մասին օրենքով ատկատներ են անում, այդ մարդիկ, այդ շղթայում մնալով, վարքագիծը չեն փոխելու: Նրանք մի օրվա մեջ չեն դառնալու այն պուպուշիկները, որ սրանից հետո միայն ազնիվ ենք անում: Շատ ժամանակ այդ համակարգը պետք է այնպես թափ տաս, որ շատ բաներ փոխվեն: Դա երբեմն պետք է անել վիրահատական միջոցներով:

Նույն Սահակաշվիլին, իմանալով, որ կախարդական փայտիկ չկա, ունեցավ մեկ այլ զենք, որը կոչվում է գրիչ և թուղթ, որի վրա հրաման գրեց՝ ոստիկանությունում աշխատողներն ազատվում են աշխատանքից, արդյունքում եկան մարդիկ, որոնք փոփոխություններ արեցին:

-Բայց նա էլ ամուր հենարան ուներ այդ փոփոխությունների համար։

— Մարդը, որն ունի պատկերացում և ցանկություն, կարող է գտնել հենարան: Եթե մարդիկ տեսնեն, որ Կարեն Կարապետյանն ուզում է փոփոխություններ անել, բոլորը կսկսեն քայլել նրա հետ:

-Չե՞ք կարծում, որ առաջին քայլի համար պետք է գործողությունները սեփական օրինակով սկսել: Օրինակ, կարծիքներ են հնչում՝ վարչապետը հանձնարարական է տալիս բացառել հովանավորչությունն ու շահերի բախումը, ինքն ունի փոխնախարար փեսա:

— Դե Հայկին նա չի նշանակել: Բացի այդ, կարծում եմ՝ Հայկն էլ կոմֆորտի մեջ չէ՝ իմանալով, որ… Նա միշտ փորձել է իր ճանապարհն ինքնուրույն հարթել, իսկ հիմա արդեն դժվարություններ ունի: Բերեմ իմ օրինակը, ես մի մարդ եմ, որը վարչապետի որդի է եղել (Թևան Պողոսյանը Ժիրայր Պողոսյանի որդին է, որը 1998-1999թթ. ԼՂՀ վարչապետն է եղել), գիտեմ՝ ինչքան դժվար է, երբ փորձում ես ապացուցել, որ դու աճել ես, արժանի ես:

-Ի՞նչ արեցիք այդ ժամանակ։

–Ժամանակային խնդիրն էր այլ: Հայրիկիս հեռացնելով աշխատանքից՝ ինձ էլ հեռացրին: Ես երիտասարդ էի, սկսեցի կառուցել, ոչ ոք ինձ չէր կարող մեղադրել, որ իմ անցած ճանապարհը եղել է հայրիկիս գործոնով պայմանավորված: Մինչ այդ շատ դժվար է եղել մարդկանց ապացուցել, որ 90-ականներին Ամերիկյան համալսարանում որևէ մեկը չէր կարող գնահատականի համար խոսել: Շատերն էլ իմացել են, որ ես նրա որդին եմ, երբ արդեն աշխատանքից հեռացել էր:

-Հանրագումարի բերենք, ի վերջո սպասումներ ունե՞նք նոր կառավարությունից:

— Հույսը վերջինն է մեռնում: Ես երբևէ չեմ ցանկանա, որ ձախողում ունենա որևէ կառավարություն: Կառավարության ձախողումը Հայաստանի ձախողումն է:

370