Լևոն Մկրտչյան

Կրթության նախարար. «Ես էլ եմ «երկուսներ» ստացել»

135
(Թարմացված է 16:02 31.08.2016)
Սեպտեմբերի 1–ը տոն է ոչ միայն դպրոցականների ու ուսանողների, այլ նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարի համար։

Նախարար Լևոն Մկրտչյանը Sputnik Արմենիային է պատմում դպրոցական տարիների զավեշտալի դեպքերի, պատմաբանի մասնագիտության և իր սիրելի գրքերի մասին։ Զրույցը վարում է Լաուրա Սարգսյանը։

-Ո՞րն է դպրոցական տարիների Ձեր ամենավառ հիշողությունը։

— Սեպտեմբերի 1-ը միշտ ասոցացվում է լավ հիշողությունների, դպրոցի հետ։ Ես սովորել եմ Երևանում, 70-ական թթ-ին ավարտել եմ Չարենցի անվան դպրոցը։ Դա Խորհրդային Միության տարիների լավագույն շրջանն էր։ Իմ դպրոցական տարիները բավական անհոգ են անցել։ Պատմություններ շատ կան, քանի որ մեր դասարանն անհնազանդ դասարանի կարգավիճակ ուներ։ Մենք համախմբված էինք, և եթե փախչում էինք դասերից, ապա միշտ միասին։

-Ո՞վ էր «փախուստների» նախաձեռնողը։

— Մեզանից յուրաքանչյուրը (ժպտում է), դասարանում ձևավորված էր նախաձեռնողների լուրջ խումբ։ Մի անգամ մենք որոշեցինք ինքներս վերանորոգել դասասենյակը։ Այդ ժամանակ սովորում էի յոթերորդ դասարանում։ Մենք ներկեր էինք գնել ու երեկոյան սենյակի պատերը ներկեցինք նոր գույնով։ Դա չլսված բան էր խորհրդային տարիներին, և մեր արարքի համար պատժվեց դպրոցի աշխատակազմը։

-Չեմ կասկածում, որ լավ եք սովորել, իսկ երկուս ստացե՞լ եք։

— Իհարկե (ժպտում է)։ Ընդհանրապես լավ եմ սովորել, բայց եղել է, որ պատրաստ չեմ եղել դասերին և երկուսներ եմ ստացել։ Հումանիտար գիտությունների նկատմամբ հակվածությունը դեռ մանկուց է դրսևորվել ինձ մոտ։

-Որքանո՞վ է օգնում պատմաբանի մասնագիտությունը Ձեր այսօրվա գործունեությանը։

— Նախարար դառնալուց հետո ես չեմ թողել դասախոսական գործունեությունը։ Երևանի պետական համալսարանի իմ ուսանողներին միշտ ասում եմ, որ պատմությունը հետաքրքիր մասնագիտություն է, որը ցանկացած երևույթ ժամանակի և տարածության մեջ դիտարկելու, ավելի լավ գնահատելու հնարավորություն է տալիս։ Պատմաբան լինելը մեծ առավելություն է։ Գաղտնիք չէ, որ պատմաբաններն ավելի հեշտ են որոշումներ ընդունում` բազմակողմանի գնահատելով այս կամ այն երևույթը։ Եվ այսօր, խոսելով ժողովրդի խնդիրների խնդիրների մասին, մենք չենք կարող չանդրադառնալ պատմությանը։

-Դուք չորս անգամ զբաղեցրել եք կրթության նախարարի պաշտոնը։ Դա Ձեզ ի՞նչ է տվել։

— Ես կրթության նախարար եմ եղել տարբեր շրջաններում։ Աշխատել եմ մեկից երկու տարի։ Դա հնարավորություն է տվել հասկանալ իմ գործունեության ոլորտի իրական խնդիրները։ Տարիների հետ նաև հանգստություն եմ ձեռք բերել։

Հիմնական խնդիրները, որոնք տվյալ պահին դրված են իմ առջև, կրթության որակի բարելավումն է։ Մենք ներմուծել և ձևավորել ենք կրթության ընդհանուր կառուցվածք, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սակայն այսօր անելիքներ դեռ կան. շատ տեղերում կրթության մակարդակը բավական ցածր է։

- Ինչպե՞ս եք վերաբերվում կրթության այլընտրանքային համակարգով դպրոցներին, օրինակ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին։

— Գիտե՞ք` կան կրթական փորձնական ծրագրեր, որոնց իրականացման համար ժամանակ է պետք, անհնար է դրանց էությունը հասկանալ չորս կամ վեց տարում։ Մենք այդ կրթահամալիրում պետք է լուրջ դիտարկում անցկացնենք, որից հետո կկարողանանք հասկանալ և իրապես գնահատել այն։

-Եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։

— Ես նորից կընտրեի այս մասնագիտությունը։ Ամեն մեկն ապրում է իր կյանքով, և պետք չէ մտածել «եթե»-ի մասին։ Աստծու օգնությամբ և սեփական նախաձեռնությամբ դու անցնում ես քո ուղին։ Շատ դժվար կլինի ապրել, եթե ամեն անգամ մտածես` ինչ կլիներ «եթե ես այսպես անեի, այլ ոչ թե այնպես»։ Ինչ եղել է, եղել է…

-Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը։

— Որպես այդպիսին սեղանի գիրք չկա, սակայն կան գրքեր, որոնք ես կարդացել եմ բազմաթիվ անգամ։ Իմ համար առանցքային է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը, հատուկ արժեք է ներկայացնում Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունը։ Ամեն անգամ Նարեկացի կարդալիս ինչ-որ նոր բան ես բացահայտում։ Սիրում եմ փիլիսոփայություն և շատ եմ կարդում, օրինակ, Շպենգլեր, Նիցշե։ Դրա հետ մեկտեղ փորձում եմ ծանոթանալ ժամանակակից ստեղծագործություններին։

-Ի՞նչ կմաղթեք աշակերտներին նոր ուսումնական տարում։

— Շատ կարևոր է պահպանել անկախությունը, անհատականությունը` համադրելով դրանք պատասխանատվության զգացումի հետ։ Հենց այդ որակներն են բնորոշում կրթված մարդուն։

135