Մյունխենում կայանալիք համաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Համաժողովում կքննարկվեն հարցեր, որոնք կվերաբերեն Սիրիայում տիրող իրավիճակին, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարին։
Sputnik միջազգային գործակալությանը տված հարցազրույցում Դմիտրի Մեդվեդևը պատմել է, թե համաժողովում իր ելույթի ժամանակ ինչ հարցեր է պատրաստվում բարձրացնել։
-Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչները ողջունել են Ձեր մասնակցությունը համաժողովին և ընդգծել, որ ճգնաժամային տարիներին շատ կարևոր է բարձր մակարդակի երկխոսությունը։ Ի՞նչ խնդիրներ եք դնում պատվիրակության առաջ։ Որո՞նք են Ձեր ելույթի հիմնական դրույթները։
— Մյունխենյան համաժողովն ամենից առաջ բանավիճելու հարթակ է։ Ես մեկնում եմ Մյունխեն, որպեսզի նշեմ Ռուսաստանի դիրքորոշումը եվրոպական անվտանգության հիմնական հարցերի շուրջ։ Քանի որ այդ հասկացությունն այսօր ներառում է բազմաթիվ ասպեկտներ` ռազմաքաղաքական, տնտեսական, մարդասիրական, բնապահպանական, համապատասխանաբար կանդրադառնամ նաև դրանց։
Մեր առաջին և հիմնական ընդհանուր խնդիրը միջազգային ահաբեկչությանը հակազդելն է։ Դրա համար պետք է վերջ տալ սիրիական հակամարտությանը, օգնել այդ երկրի ժողովրդին պայքարել հանցագործների դեմ, վերականգնել տնտեսությունը և խաղաղ պետություն կառուցել ։ Մենք պետք է ջանքեր գործադրենք նաև ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Հիմքը Մինսկյան փաթեթն է, որը Կիևը չի շտապում կատարել։ Մեր առջև կանգնած այլ մարտահրավերներից են, իհարկե, փախստականները և միգրանտները, որոնք բառացիորեն ողողել են Եվրոպան։
-Ի՞նչ արձագանք եք ակնկալում արևմտյան գործընկերներից։
— Հուսով եմ, որ անտարբեր մարդիկ չեն լինի։ Մենք շատերի համար սուր և հիվանդագին թեմաներ ենք շոշափելու։ Ենթադրում եմ, որ մեր դիրքորոշումը կարող է շատերին դուր չգալ։ Դա նորմալ է։ Գլխավորը, որ մենք ունենք դա։ Ցավոք սրտի, մեր արևմտյան գործընկերները ոչ մի կերպ չեն կարողանում վարժվել դրան, և Ռուսաստանի հավասար գործընկերային հարաբերություններ կառուցելու փոխարեն մեզ փորձում են ներկայացնել որպես «երկրորդ կարգի երկիր» կամ լավագույն դեպքում` «տարածաշրջանային» գերտերություն։ Դա բավական անիմաստ և անպիտան տերմին է։
Միաժամանակ մենք ոչ մի դեպքում չենք փորձում ողջ աշխարհի կառավարչի դեր խաղալ։ Մենք այդ վիճակով հիվանդացել ենք խորհրդային տարիներին, երբ Կարմիր հրապարակում տանկերի դղրդյունից ցնցվում էր ողջ աշխարհը։ Բայց Ռուսաստանը պետք է արժանի տեղ զբաղեցնի աշխարհում և իրավահավասար հարաբերություններ ունենա այլ պետությունների հետ։
-Մյունխենյան համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս է հայտնել, որ համաժողովի հնարավորությունները կօգտագործվեն Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև երկխոսություն հաստատելու համար, այդ թվում` Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ աշխատանքի վերսկսման համար։ Արդյո՞ք հնարավոր եք համարում բարձր մակարդակում ՌԴ-ԵՄ-ՆԱՏՕ ձևաչափերի վերականգնումը։
— Ինձ հաճելի է, որ պարող Իշինգերը բացահայտ հանդես է գալիս Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների գործընկերային հարաբերությունների օգտին։ Մենք գնահատում ենք դա։
Սակայն նման որոշումներն ընդունվում են ոչ թե համաժողովներում, այլ բոլորովին ուրիշ ձևաչափերի շրջանակում` Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ, Ռուսաստան-Եվրամիություն։
Մենք երբեք չենք հրաժարվել նման գործընկերությունից, ինչը չես ասի Եվրամիության և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների մասին։ Հենց նրանք են գիտակցաբար խզել պայմանագրերը, քաղաքական պատկերացումները բարձր դասել ընդհանուր խնդրից, որը կայունության և անվտանգության ապահովումն է։ Եվ այդ ամենի հետևանքով մենք հայտնվել ենք բազմաթիվ անկանխատեսելի սպառնալիքներով լի աշխարհում։ Առաջընթացի, բնական զարգացման փոխարեն մենք հակառակ գործընթացի ականատես ենք դառնում։
-Վերջին տվյալով` 2015թ.-ի ընթացքում Եվրամիություն է ժամանել շուրջ 1,2 մլն միգրանտ։ Ակնհայտ է, որ խնդիրն ընդհանուր է դառնում։ Ռուսաստանը բազմաթիվ անգամ առաջարկել է արևմտյան գործընկերներին փոխանցել վերաբնակիչներին ընդունելու փորձը, սակայն այդ առաջարկը մեծ շահագրգռվածություն չի առաջացրել։ Ձեր կարծիքով` որքանո՞վ է արդյունավետ ԵՄ քաղաքականությունը փախստականների հարցում։
— Կոշտ կասեմ, բայց ես իսկապես այդպես եմ կարծում։ Եվրամիության միգրացիոն քաղաքականությունը ձախողվել է, դա ԵՄ ամենամեծ սխալներից մեկն է։ Եվրոպան արդեն չի վերահսկում փախստականների հոսքը։ Հնարավոր է` կտրուկ հնչի, բայց դա հումանիտար աղետ է։
Եվրոպայի սովորական բնակիչը վարժվել է, որ իր աշխարհում ամեն ինչ հուսալի է և անփոփոխ` սուրճ, շան հետ զբոսանք, աշխատանք, իսկ կրակում են միայն հեռուստացույցով, իսկ այսօր նա ահաբեկված է։ Եվ հասկանալի է, թե ինչու։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց հսկայական բազմություն`այլ հավատի, այլ մշակույթի։ Նրանք ակնհայտորեն չեն ցանկանում ընդունել այն երկրի կյանքի կանոնները, որտեղ ապրում են հիմա։ Քյոլնում տեղի ունեցածի նման դեպքերը ստիպում են եվրոպացիներին իրենց օտար զգալ սեփական երկրում։ Եվրոպացիներին զրկում են պաշտպանվածության, պետության նկատմամբ հավատի զգացումից։ Եվ իհարկե, Եվրոպայում աճում է անհանդուրժողականությունն ու այլատյացությունը։
-Ո՞վ կարող էր նման բան ենթադրել դեռ մեկ տարի առաջ։ Ամենասարսափելին այն է, որ այսօր մենք չենք պատկերացնում այս ամենի հետևանքները։ Նման միգրացիոն քաղաքականությունն ի՞նչ հետևանքներ կունենա եվրոպական հասարակության համար 1, 10 կամ 15 տարի անց։ Ի՞նչ տեղի կունենա աշխատանքի շուկայի հետ։ Կպահպանվի՞ արդյոք շենգենյան գոտին։ Ինչպե՞ս կանդրադառնա դա հարևան պետությունների վրա։
— Եվրամիության պետությունները չունեն ընդհանուր, համաձայնեցված դիրքորոշում միգրացիոն խնդիրների այդ «ձնագունդը» կանգնեցնելու համար։ Բայց այդ դիրքորոշումը պետք է մշակվի առաջիկայում։ Այլապես մենք կտեսնենք սեփական սահմանների պաշտպանության վճռական միակողմ գործողությունների օրինակներ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Եվրոպական միասնական տարածության վախճան։
Իհարկե, պետք չէր պատերազմներ հրահրել ուրիշների տարածքներում` պետական կառավարման սեփական չափանիշները պարտադրելու կամ ոչ ձեռնտու առաջնորդներին գահընկեց անելու համար։ Բայց եթե դա արդեն տեղի է ունեցել, ապա չի կարելի թուլացնել քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես, օրինակ, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում։
-Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանում անվտանգության վրա Սիրիայում հնարավոր ցամաքային գործողությունը, որը, դատելով ամեն ինչից, պատրաստում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան։
— Հասկանալի է, որ ահաբեկիչներին վերջնականապես ջախջախելու համար միայն օդային հարվածները բավարար չեն։ Ցամաքում նրանց դեմ պայքար են մղում սիրիական կառավարության զորքերը։ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կազմում Սիրիայի տարածք ցամաքային զորքեր մտցնելու մասին որոշում ընդունելուց առաջ անհրաժեշտ է համոզվել` պետք է արդյոք դա Սիրիայի ժողովրդին։ Հակառակ դեպքում գործողությունը կարող է բարդացնել երկրում ստեղծված առանց այն էլ բարդ իրավիճակը, հանգեցնել նոր զոհերի։ Ահաբեկչության դեմ պայքարը պետք է հիմնվի միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա։
Ռուսական օդուժը Սիրիայում է գտնվում այդ երկրի օրինական իշխանությունների խնդրանքով։ Մեր նպատակն է օգնել սիրիացի ժողովրդին մաքրել երկիրն ԻՊ գրոհայիններից, այլ ոչ թե նոր պատերազմ սանձազերծել։
Ռուսաստանը, ի դեպ, սիրիական հակամարտության սկզբից ի վեր կոչ է անում մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և միավորվել ԻՊ դեմ պայքարում, բայց դրան խանգարեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հավակնությունները, իսկ գլխավորը` ահաբեկիչներին «վատ» և «ոչ այդքան վատ» խմբերի բաժանելը։ Հիմա սիրիացիները վճարում են դրա համար։ Եվ եվրոպացիները, որոնք արդեն իրենց երկրներում ընդունել են մեկ միլիոնից ավելի փախստականների։ Պատերազմում ներքաշվում են Մերձավոր Արևելքի ավելի շատ երկրներ, և այդ գործընթացը պետք է կանգնեցնել։
-Մյունխենի համաժողովում կարո՞ղ է քննարկվել Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների և ռուսական հակամիջոցների վերացման հարցը։ Եվրոպան կարո՞ղ է վերականգնել ռուսական շուկայում կորցրած մասնաբաժինը։
Մենք չենք պատրաստվում բանակցություններ սկսել պատժամիջոցների չեղարկման շուրջ։ Դրանք մենք չենք նախաձեռնել, նշանակում է` առաջինը պատժամիջոցներից պետք է հրաժարվեն նրանք, ովքեր սահմանել են։ Այսօր արդեն մենք մեր եվրոպացի գործընկերներից ոչ պաշտոնական առաջարկներ ենք ստանում` վերացրեք այս կամ այն սահամանփակումները։ Իմիջիայլոց, նրանց հատկապես մտահոգում են իրենց ֆերմերները։ Սակայն մենք էլ Ռուսաստանում լսում ենք մեր գյուղատնտեսներին, ովքեր ասում են` խնդրում ենք պահպանել այս ռեժիմը, թողեք ոտքի կանգնենք, արդարացնենք մեր կատարած ներդրումները։ Եվ ես` որպես կառավարության ղեկավար, պարտավոր եմ այդ խնդրանքները հաշվի առնել։
Իհարկե, միայն ռուսական արտադրողները չեն, որ լրացնում են մեր շուկայի ազատված տեղերը։ Ավելացել է նաև ասիական, լատինաամերիկյան ու այլ մատակարարների թիվը։ Իսկ եթե ԵՄ-ի գործընկերները նախընտրում են դասախոսություններ կարդալ ու անտեսել մեր օրինական շահերը, հատկապես այդպես եղավ ԵՄ-Ուկրաինա ասոցացման ժամանակ, խնդրեմ` դասախոսություն կարդացեք։ Իսկ մեր շուկայում, Եվրասիական տնտեսական միության շուկայում բիզնես կվարեն մյուս գործընկերները։
Սակայն մենք հույս ունենք, որ կհաղթեն բանականությունը և տնտեսական տրամաբանությունը, Եվրամիության և մեր հարաբերություններում կվերականգնվի փոխշահավետության տրամաբանությունը։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ ՌԻԱ Նովոստի կայքում։
Հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր վերջին հանդիպման ժամանակ, որից գրեթե երեք տարի է անցել, ասել էր, որ փողոցային ցանկացած հեղափոխություն վախեցնում է, քանի որ դա էվոլյուցիոն գործընթաց չէ, շատ վտանգավոր է աշխարհի բոլոր երկրների հեղափոխությունների փորձը։ Նա մոտ ապագայի վերաբերյալ կանխատեսում էր արել, որը գրեթե լիովին իրականություն դարձավ։
«Հայաստանը հասել է ահավոր պարտության, դեպրեսիայի, և, որքան գիտեմ, հիմա հայերը հեռանալու համընդհանուր ցանկություն ունեն։ Ցավոք, իմ կանխատեսումն արդարացավ, քանի որ ես պատերազմի մասին էլ էի խոսել։ Եվ եթե Ռուսաստանը չլիներ, այս ամենը սոսկալի ավարտ կունենար, հնարավոր եմ համարում, որ ռազմական գործողություններ լինեին Հայաստանի տարածքում»,-ասում է Տիգրան Քեոսայանը։
«90-ականներին պատերազմը խրամատային էր, կոնտակտային, իսկ հիմա Հայաստանի կողմից զոհերի 75-80%-ը՝ սպանվածները, վիրավորները, եղան այն պատճառով, որ Ադրբեջանը ժամանակին համընթաց էր քայլում և պատրաստվում էր պատերազմի, իսկ Հայաստանն ակնհայտորեն ննջում էր դափնիների վրա՝ ինձ անհասկանալի պատճառներով։ Եվ իհարկե, երբ Փաշինյանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ այդ կրճատված բյուջեի 90%-ով բանակային ճաշարաններ է կառուցում, ստացվում է այն, ինչ ստացվում է»,-վստահ է Քեոսայանը։
Որ զինված ուժերը տեխնիկապես պատրաստ չէին պատերազմին, Տիգրան Քեոսայանը դրա համար մեղադրում է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Նա կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալն այն էր, որ որոշեց որպես իր իրավահաջորդ առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Միաժամանակ կինոռեժիսորը նշում է, որ պատճառներն, իհարկե, ավելի շատ են, և հիմնականը շրջափակումն է։
«Հայաստանում բազմաթիվ գործունյա մարդիկ կան, այնտեղ քարերի վրա խաղող են աճեցնում, դա հո չես խլի։ Բայց շրջափակում է․ աշխատանք չկա, ճանապարհները փակ են։ Եվ 90-ականների ամենասկզբից այն մարդիկ, որոնք հասկանում էին, որ չեն կարող կերակրել իրենց ընտանիքները, իսկ իրենք ուժ ունեն, մտքեր, ցանկություն, սկսեցին զանգվածաբար հեռանալ` միանգամայն արդարացիորեն կարծելով, որ կհիմնավորվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իրկուտսկում, Լոս Անջելեսում, Քեյփթաունում և կսկսեն օգնել հսկայական թվով բարեկամներին։ Շատերի մոտ ստացվեց։ Եվ այսպես տարեցտարի, տասնամյակ առ տասնամյակ Հայաստանը սկսեց զրկվել ամենաակտիվ դասակարգից, գործունյա բիզնեսը և հետևաբար տնտեսությունն առաջ շարժող մարդկանցից»,-ասում է Քեոսայանը։
Նրա խոսքով` այսպես ի հայտ եկավ մարդկանց ինչ-որ ընդհանրություն, որը հանկարծ սկսեց բարոյապես փոխվել, և հայտնվեց այն, ինչ հայերի մոտ երբեք չի եղել՝ խնամառուի հոգեբանությունը։ Տեղի ունեցավ հասարակության շերտավորում․ մի կողմում՝ օլիգարխները, մյուս կողմում՝ այն մարդիկ, որոնք ապրում են դրսից ուղարկածի հաշվին։
«Երբ շրջափակումը սկսվեց, Հայաստանում ապրելը շատ դժվար էր, իսկ հետո զգացողություն հայտնվեց, որ ինչ-որ կերպ գլուխ հանում ենք, ատոմակայանը բացեցինք, Վրաստանով գազ ենք բերում։ Բայց հարցը հենց այն է, որ շրջափակումն ու պատժամիջոցները հաշվարկված են երկարատև ազդեցության համար,-նշում է Քեոսայանը։ - Բոլոր նրանք, ովքեր 90-ականներին մասնակցում էին մարտական գործողություններին, գիտեին և հիշում էին, որ 7 շրջանները վերցրել էինք որպես Ադրբեջանի հետ հետագա առևտրի առարկա՝ Գոլանի բարձունքների օրինակով, ինչպես Իսրայելում է։ Բայց ժամանակի ընթացում ներքին հաղթանակների, առաջընթացների բացակայության պայմաններում իշխանությունը սկսեց 1994 թ․-ի հաղթանակը այլ կերպ օգտագործել, ասել` մենք ինչպե՞ս կարող ենք ինչ-որ բան տալ, մենք Ադրբեջանի մեկ քառորդը գրավել ենք»։
Իսկ հետո, ինչպես ասում է ռեժիսորը, Փաշինյանը վերջնականապես կացնով կտրեց ամեն ինչ. «Չեզոքացրեց արցախյան պատերազմի հերոսներին՝ նրանց հանցագործներ, անտուններ ու մարգինալներ դարձնելով, լիովին քանդեց և, վախենամ, կոռումպացրեց բանակն ու ուժային կառույցները»։ Բայց միաժամանակ պահպանվեց այն համոզմունքը, որ Հայաստանի բանակն ուժեղ է։
«Այ ես Մոսկվայում եմ ապրում, բայց երբ ինչ-որ բանով հետաքրքրվում եմ, Հայաստանից տեղեկություններ եմ ստանում։ Իսկ այնտեղ ասում են, որ բանակի հետ ամեն ինչ կարգին է, ինչո՞ւ պետք է չհավատամ։ Դա էթնիկ հայերի, որոնցից մեկը ես եմ, շրջանաձև ինքնախաբեությունն էր։ Երբ գալիս է «սորոսականը», ժողովրդին խաբելով Բենդերի խոսքով, թե Արևմուտքը մեզ կօգնի, չնայած այս իրավիճակում օգնել կարող է միայն Ռուսաստանը՝ պատմականորեն, աշխարհագրորեն և պարզապես հոգով, նա տանում է դեպի անդունդ։ Եվ այս պատերազմն իմ խոսքերի ապացույցը դարձավ»,-վրդովվում է Քեոսայանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են խաղաղ ապրել կողք կողքի, կինոռեժիսորն այնքան էլ քարոզչական հայտարարություն չի համարում․ «Ես այն սերնդից եմ, որը հիանալի հիշում է, թե ինչպես էին իմ տատիկի երևանյան բակում՝ օպերայի թատրոնի մոտ, նստարաններին քնում ադրբեջանցի տղաները, որոնք մրգեր էին բերում մթերային խանութներ։
Եվ մենք նրանց հետ շփվում էինք, մեկս մյուսից ծխախոտ էինք թռցնում։ Ես հիշում եմ, որ բանակում, իմ դասակում, երկու ադրբեջանցի կար, երեք վրացի, մի հայ, չեչեններ, ռուսներ։ Դա մի երկիր էր, որտեղ ոչ ոք չէր հարցնում՝ դու ո՞վ ես ազգությամբ»։
Քեոսայանը վստահ է, որ եթե իշխանության գար Կարեն Դեմիրճյանը, որը սպանվեց 1999թ․-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում ահաբեկչության ժամանակ, ապա նա կկարողանար պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ․ «Չէ՞ որ երկուսն էլ «ՑեԿա»-ից էին» (Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամներ՝ խմբ․) և «մինչև մեր օրերը իրավիճակը նորմալ կլիներ, քանի որ բոլորը հասկանում էին, որ խաղաղությունը երկու երկրների շահերից է բխում»։
«Իսկ պատերազմը դաժան բան է, այնտեղ երկու կողմից էլ այնքան անմարդային բան է տեղի ունենում։ Դժվար է դա ներել։ Հայաստանը որպես հաղթող ավելի մեծահոգի էր, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Ե՞րբ հնարավոր կլինի խոսել ժողովուրդների բարեկամության մասին։ Վախենամ՝ ոչ մեր սերնդի օրոք։ Դա դանդաղ գործ է, դա ընդհանուր շփման կետերի, շահի, փոխադարձ ներման ուղիների որոնում է։
Մենք ներեցինք գերմանացիներին, երբ մենք տասնյակ միլիոն սպանված ունեինք։ Ժամանակի հարց է։ Եվ դա առաջին հերթին ղեկավարների խնդիրն է։ Քանի որ ավելի հեշտ է մակաբույծի պես հեղինակություն հավաքել ատելության վրա։ Իսկ դու դրական նոտայի վրա եղիր։ Պուտինը ճիշտ է ասում` եկեք դրական օրակարգ գտնենք»։
Տիգրան Քեոսայանը նշում է, որ անձամբ իր համար նույնպես ազգությունը առաջնահերթություն չէ, ինքն էլ ադրբեջանցի ընկերներ ունի։ ««Բաքվեցի տղաներն» են՝ ՈւՀԱ-ի թիմը, և ոչ միայն։ Եթե չիմանաս, որ նորմալ մարդիկ կան, կախվել կարելի է։ Այդ դեպքում բոլորը կպատերազմեին բոլորի դեմ»։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են Փաշինյանին այսքան երկար պահում։ Ինձ թվում է՝ նա որքան երկար է մնում իշխանության, այնքան շատ է ուշքի գալիս։ Կարծում եմ, որ դա սխալ է։ Նրան կարել էր փոխարինել նույնիսկ այս սեղանով, և ավելի լավ կլիներ։ նրան և այդ բոլոր սորոսականներին պետք է դատել հրապարակում»,-վրդովվում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինն, և Հայաստանում նոր կոալիցիոն իշխանություն կձևավորվի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։
«Իսկ հետո միայն մի ճանապարհ կա (և ես հույս ունեմ, որ այդ ճանապարհով կգնան)՝ բռնապետություն։ Բռնապետություն՝ կոշտ «քաղհանով», ՀԿ-ներից մաքրելով, մաքրելով այն ամենից, ինչ մենք Մոսկվայում անվանում ենք «լիբերաստներ»։ Տնտեսության կարգավորում, որպեսզի կես տարվա ընթացքում այն սկսի աշխատել մարդկանց օգտին, որպեսզի նրանց թեթևություն զգան»։
Վերադարձ և Ռուսաստանի հետ լիակատար կոոպերացիա ամեն ինչում։ Ընդհուպ մինչև ռուբլու գոտու անցում։ «Ուժային գոտիների ինտեգրացիա, քանի որ հասկանալի է՝ որպեսզի պատերազմ չլինի, ուժեղ բանակ է հարկավոր։ Դա պետք է հոգու վերականգնում լինի»,-թվարկում է Քեոսայանը։
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ ճիշտ կոոպերացիայի, ՌԴ-ի հետ համատեղ կյանքի ցուցափեղկ դառնա։ «Ես վստահ կողմնակիցն եմ այն բանի, որ Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ լինի կա՛մ դաշնակցային պայմանագրի հիման վրա, կա՛մ որևէ այլ բանի։ Քանի որ Հայաստանը փոքր հանրապետություն է, այն կարևոր է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի համար, չնայած որ այդ նշանակությունը շատ առումներով չափազանցվել է Ռուսաստանում ապրող հայերի կողմից, բայց մյուս կողմից էլ հայերը պատմականորեն ձգտում են դեպի Ռուսաստան, և դա ոչ մի բանով չես ոչնչացնի։ Անգամ Փաշինյանով»։
Քեոսայանը խոստովանում է, որ իր կենսագրության մեջ պահ կա, որի համար մինչև օրս ամաչում է։ 1991թ․-ին նա մեկ օր կանգնել է բարիկադների վրա` պաշտպանելով Սպիտակ տունը։ Ասում է, որ եթե կարողանար, այսօր կսպաներ այն ժամանակվա Քեոսայանին։ «Ինչի՞ համար էի կանգնել։ Երկրի փլուզմա՞ն։ Ուղղակի պահ է գալիս, երբ սկսում ես վերլուծել, հասկանալ։
Այդ պատճառով, երբ այսօր ջահելները դուրս են գալիս Նավալնու համար, ես նրանց հասկանում եմ, որովհետև տեստոստերոնն է։ Եվ պետք է աղմկել։ Դա բոլորիս մոտ է այդպես։ Հետո հայտնվում են կինը, աշխատանքը, երեխաները, պատասխանատվությունը։ Ցույցերի ժամանակ չկա։ Իսկ հետո պահպանողական ես դառնում, քանի որ հասկանում ես՝ առանց այդ էլ ամեն ինչ քանդել են, էլ ո՞ւր։ Այդ պատճառով ես զգացողություն ունեմ, որ այս կեղտի մեջ իմ ներդրումն արդեն արել եմ։ 91-ին լկստվեցինք, ու վերջ, հերիք է»,-ասում է կինոռեժիսորը։
Քեոսայանը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ, որը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանին համեմատել էր Նավալնու հետ։
«Համաձա՞յն եմ արդյոք Ռոբերտ Սեդրակովիչի հետ, որ Փաշինյանն ու Նավալնին նման են։ Այն առումով, որ երկուսն էլ դուրսպրծուկնե՞ր են։ Որ նրանք Արևմուտքն է կերակրո՞ւմ։ Որ երկուսն էլ դավաճա՞ն են։ Այո, անկասկած։ Նավալնուն մեզ համար են պատրաստել, Փաշինյանին՝ Հայաստանի»։
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն ռուսաստանցի կինոռեժիսորը համարձակ քայլ է համարում, քանի որ Հայաստանում նրա հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, նրան չեն կարողանում ներել, որ իշխանության բերեց Սարգսյանին, և նա դա գիտի։ «Բայց ես հույս ունեմ, որ հայ ընտրողները կհիշեն, որ հենց Քոչարյանն է կապված եղել թե՛ Ղարաբաղի հետ, թե՛ ՄԱԿ-ում հնչած հոյակապ ճառի, թե՛ Հայաստանի տնտեսական վերելքի վերջին պահերի, երբ աշխատավարձերն ու թոշակներն աճում էին»։
«Ավելի պարզ ասեմ` առաջնորդը պիտի տղամարդկություն ունենա։ Իսկ նա նաև շատ խելացի է, ես գրեթե վստահ եմ, որ նա բազմաթիվ եզրահանգումներ է արել»,-ասում է Քեոսայանը։
Նա նշում է, որ առաջինը, ում դավաճանել է Սարգսյանը, հենց Քոչարյանն էր։ Կինոռեժիսորը կարծում է, որ այդ կուսակցությունների թիմերում պետք է լինեն մարդիկ, որոնք որևէ կերպ չեն առնչվում թալանի հետ և ամենայն հավանականությամբ պետք է լինեն Հայաստանում ծնված ռուսաստանցի հայեր, որպեսզի այդ սորոսականների հոտն անգամ չլինի։
– Պարոն Հովհաննիսյան, արցախյան պատերազմի ավարտից հետո շատերը սկսեցին Ձեզ քննադատել սոցիալական հարթակներում, բանը հասավ նրան, որ անգամ Ձեր տան մոտ փորձել էին հարձակվել Ձեզ վրա։ Ինչպե՞ս եք Դուք մեկնաբանում այս քննադատությունները։
– Ես հավատացած եմ, որ ինձ քննադատողների մեծ մասը հետս անձնական հին խնդիր ունի։ Ուշադիր նայեք` Facebook–ում ինձ քննադատողներն ովքեր են, ինչ անցյալ են ունեցել, ում հետ կապ ունեն և այլն։ Խոսքը դեռ 2012-2015 թվականների մասին է, երբ իմ վարած տեղեկատվական քաղաքականությունը ինչ–ինչ մարդկանց սրտով չէր, և երբ իմ ղեկավարին (խոսքը նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին է – խմբ.) վարկաբեկելու օպերացիա էր իրականացվում: Ապրիլյան պատերազմից հետո այդ հակասությունն ավելի խորացավ խանդի և այլ հողի վրա։ Մյուս պատճառը քաղաքական է, փորձում են ինձանով քաղաքական հարցեր լուծել, իսկ ես քաղաքականությունից հեռու եմ: Կան նաև մարդիկ, որոնք տեղին հարցեր ունեն ինձ, երբ բացատրում եմ իրենց, լիովին հասկանում են։
– Մեզ էլ կարո՞ղ եք բացատրել։ «Հաղթելու ենք» հեշթեգի տրամաբանությամբ քարոզչությունը արդյո՞ք պետք եղածից շատ չէր կիրառվում։
– Ես անլուրջ եմ համարում քարոզչության հետ կապված մեղադրանքները, քանի որ պատերազմների ժամանակ այլ տեսակ չի լինում քարոզչությունը: Լինում են իհարկե սխալներ, չճշտված կամ չհաստատված տեղեկություններ, բայց ոչ թե սխալ քարոզչություն: Քարոզչությունը դրա համար էլ կոչվում է քարոզչություն, որ մարդկանց ոգին բարձր պահի։ Ես պատերազմի ժամանակ կորցրել եմ ընկերներ, հարազատներ, փեսայիս… Այդ օրերին լացակումած եմ խոսել, բազմաթիվ մարդիկ` ընկերներ, գեներալներ, քեռուս տղան, որ Ջաբրայիլում էր, զանգել, խնդրել են` Արծրուն, վաղը եթե անգամ երեկոյան պատերազմը պետք է կանգնի, առավոտյան զինվորներին պիտի մարտի դաշտ տանենք, ոգեղեն խոսա, որ երեխեքը կարողանան անել դա։ Ես բարձր տոնը պահել եմ կյանքիս գնով, թաքուն լացել եմ, հետո դուրս եկել եթեր ու փորձել ոգի տալ։
Պատերազմի ելքը տղերքին չի կոտրել. զինծառայողների առօրյան` լուսանկարներով
Մեղադրանքները հասել են այնպիսի աբսուրդի, կարծես մենք Թուրքիային կհաղթեինք, եթե քարոզչության ժամանակ բոլոր կորուստներն անուն առ անուն ասեինք, ամեն մի կորցրած միլիմետրը անմիջապես հայտնեինք: Պարտության իրական ռազմաքաղաքական, ռազմավարական պատճառները, տարիների բացթողումները, ռազմարվեստի, զենքի հարցերը թողած` բոլորը ուզում են քարոզչության դետալները քննարկեն: Ես հասկանում եմ` դա ինչից է, դա նրանից է, որ ոչինչ չեն հասկանում թվարկածս թեմաներից, պետությունը պատերազմի պատրաստելու իրական գործոններից, դրանց փոխկապակցվածությունից, դրա համար էլ լրատվական թեման է առաջին պլան գալիս, որտեղ մանիպուլյացիան էլ հեշտ է անելը: Խոստանում եմ` մի օր, երբ լրիվ ազատ մարդ կլինեմ, փաստերով կասեմ, թե լիարժեք ճշմարտության ասելը պատերազմների ժամանակ ինչերի է բերում։ Ես բոլոր տեղեկությունները, որ հայտնել եմ, ստացել եմ բանակի ներսից` պաշտպանության նախարարությունից, գենշտաբից կամ իմ զինվորական ընկերներից։ Որևէ այլ տեղից ինֆորմացիա չի եղել, և սուտ են բոլոր նկարներն ու ինձ այլ մարդկանց հետ կապելը:
– Այնուամենայնիվ, կա՞ մի բան, որում Դուք Ձեզ մեղավոր եք զգում։
– Ես ամեն օրը ինքս ինձ հետ պատերազմի մեջ եմ, մղձավանջներ եմ տեսնում… Բայց տանջվում եմ ոչ թե իբր սխալ տեղեկություններ տալու համար, այլ որոշ մասնագիտական գործեր չհասցնելու, չկարողանալու համար: Ես` որպես մտավորական, բանակի կառուցվածքի, զինատեսակների, մարտավարության, նոր սերունդների պատերազմների մասին առաջարկներ եմ արել ու չեմ կարողացել հասնել նրան, որ դրանք լիակատար իրականացվեն։ 2007–ից ես խոսել եմ օդային գերակայությունից, կործանիչներից, ԱԹՍ-ներից, գերճշգրիտ հարվածային միջոցներից, դրանց կառավարման ավտոմատ համակարգերից, բայց մենք այդպես էլ չենք կարողացել դրանք ներդնել մեր բանակում։ Եվ պատկերացրեք իմ վիճակը, երբ մեզ հաղթել են հենց օդային գերակայությամբ… Հիմա ես չեմ փնտրում մեղավորներ, շատ տարբեր էին խնդիրները` ֆինանսականից սկսած։ Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ խորանալ, բայց փաստն այն է, որ ես մասնագիտորեն գիտեի` ինչպիսի պատերազմ է մեզ սպասում, այդպես էլ եղավ, ու դա շատ ծանր է:
Մենք զիջում էինք Ադրբեջանին. փորձագետը` պատերազմի ժամանակ ունեցած սպառազինության մասին
ՍՈւ-30 կործանիչների մասին ես գրել եմ դեռ 2010 թվականին։ 2015–ին մտցվել է այն ձեռք բերելու ՍՌՏ (սպառազինությունների և ռազմական տեխնիկայի) ծրագիր, սակայն հետո հանվել է անհասկանալի կերպով: Ես տասնյակ հոդվածներ ու գրքեր եմ գրել այն մասին, թե ինչպես են կործանիչները ԱԹՍ-ների ու այլ գերճշգրիտ հարվածային միջոցների հետ կազմում ցանց, որը ղեկավարվում է ավտոմատ կերպով, դրան հետո կպնում են նաև ՑԶ-երը, օնլայն ռեժիմով մեր կամերաների տեսանյութերն էլ գումարվում են ու նշանացուցումներ են իջնում խոցող միջոցներին, այդ թվում` նաև հրետանուն: Գլխավոր գրքիս` «Օդային գերակայության» առաջին հատորը տպվել է 2016–ին, իսկ երկրորդ հատորը պատերազմից առաջ` օգոստոսին, գնաց տպարան։ Ցավոք, հենց իմ նկարագրածով են մեր դեմ կռվել թուրք-ադրբեջանական զորքերը։
ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ևս լավ գիտեր այդ տեսակ պատերազմի նրբությունները, իմ երկրորդ հատորի վրա նա է մակագրել, բայց ինքն էլ չհասցրեց բանակը բարեփոխել այդ ուղղությամբ: Առհասարակ այս տարիներին ես տեսել եմ բացառիկ ու եզակի շատ գեներալների, միջին օղակի սպաների, որոնք այլ, առաջադեմ մտածելակերպ ունեն, բայց չհասցրինք բանակը վերափոխել, չհերիքեց ժամանակը, ռեսուրսը և այլն:
Ինձ ողջ հայությունը գիտի որպես խոսնակ, բայց ես նախ զինվորական–գիտնական եմ, որը մնացել է խոսնակի ստվերում։
– Ի վերջո, ըստ Ձեզ` ո՞րն էր մեր պարտության պատճառը։
– Ցավոք, մեզանում չեն քննարկվում պրոֆեսիոնալ հարցեր, խորքային վերլուծություն չի կատարվում, թե տնտեսությունը, դեմոգրաֆիան, աշխարհաքաղաքական գործոնները ինչպես ազդեցին պատերազմի վրա։ Մենք կռվել ենք հզոր տերության` Թուրքիայի դեմ, դա անհավասար պայքար էր։ Այո, եղել են նաև սխալներ, բայց առողջ է պետք նայել դրան, ոչ թե անիծելով ու հայհոյելով, մեղադրելով ու սուրբ ձևանալով: Եթե չհասկանանք իրական պատճառները, ավելի վատ արդյունքների կարող ենք գալ: Աստիճանակարգ կա` նախ պետք է հստակ տարանջատել ռազմավարական–աշխարհաքաղաքական հարցերը, ապա երկրի ներսում ռազմավարական գործոնները, երկրի պատրաստությունը պատերազմին, հետո բանակի կազմակերպչական, սպառազինման և այլ հարցերը, հետո նոր իջնել մինչև առանձին որոշումների, մարտավարական հարցերի և այլն։ Պատերազմները այդքան արագ ու էմոցիոնալ չեն ուսումնասիրվում, ժամանակ է պետք:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանը հիմա։
– Պետք է հիմա ավելի լավ պատրաստվել, սխալները ազնվորեն վեր հանել ու առանց ժամանակ կորցնելու դրանք շտկելով առաջ գնալ: Առաջին հերթին պետք է բանակը արագ վերակառուցել, վերազինել, նոր կրթական չափորոշիչներով զարգացնել ամեն ինչ, որ ապագա հաղթանակներ կերտենք:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



