Վահրամ Սահակյան

Վահրամ Սահակյան. «Հայհոյանքը գրական ժանր է, իսկ մոմերի տակ ասմունքելը՝ գռեհկություն»

620
Թատերագիր, գրող, բանաստեղծ Վահրամ Սահակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է երգիծանքի, ճաշակի ձևավորման, գռեհկության, ժամանակակից արվեստի ու տաղանդի մասին

- Թվում է, թե հայերս միշտ էլ ունեինք երգիծանքի առիթներ, բայց կարծես այդ ժանրն այնքան էլ ուժեղ չէ մեր գրականության մեջ:

— Մենք ունեցել ենք Երվանդ Օտյան, ով իսկապես եղել է երգիծական արվեստի հիմնադիր, Բայց 2000-ականններից սկսվեցին տափակ հումորները, տափակ ու անշնորհք ֆիլմերը, ոչինչ չասող կատակերգություններ՝ անշնորհք դերասաններով:

Անընդհատ նկարահանվում են կյանքից հեռու ու ոչինչ չասող ֆիլմեր` «հարսնացուներ» «փեսացուներ» և այլն: Մեր ժողովրդի միջից կարծես դուրս է եկել գաղափարական մոտեցումը: Գուցե եվրոպական երկրներում դա նույնպես բացակայում է, բայց նրանց դա պետք էլ չէ, նրանք անցել են շատ փուլեր, որոնք մենք դեռ նոր պիտի անցնենք:

Մենք ցածր մակարդակով խոսում ենք հայրենասիրությունից, ականատես ենք լինում շատ ցածր տեսակի քաղաքական քննարկումների, ու տպավորություն է, թե իբր այդ հարցերը բոլորին անհանգստացնում են, բայց իրականում մեծամասնությունը դա անում է փողի կամ ամբոխահաճո լինելու համար:

Այսօր կա, ասենք, 5 տոկոս ռուսամետ ու 5 տոկոս արևմտամետ, իսկ մնացածին ոչինչ պետք էլ չէ: Ու եթե վերցնենք թե՛ այս և թե՛ այն կողմի 5 տոկոսի ամենաակտիվ ներկայացուցիչներին, պարզ է, որ նրանք տարբեր աղբյուրներից են սնվում, բայց արի ու տես՝ ոչ-ոք նրանց դավաճան չի անվանում, քանի որ հայերի համար դավաճանությունը Ադրբեջան փախչելն է, իսկ ասենք ներքին ամենօրյա, ամենժամյա դավաճանությունները ոչ ոք չի նկատում: Վերադառնամ երգիծանքին` Ժվանեցկին մի շատ դիպուկ բնորոշում է տվել երգիծանքի և հումորի տարբերությանը. «Հումորը այն է, երբ սարսափելի ծիծաղելի է, երգիծանքն այն է, երբ ծիծաղելի է, բայց սարսափելի»:

Այս տարիների ընթացքում պատահում էր, որ տրագիկոմեդիային հավանաբար ոչ ծանոթ մարդիկ մոտենում էին ինձ ու ասում. «Շատ ծիծաղելի էր, բայց միաժամանակ մտածելու առիթ տվեց»: Տրագիկոմեդիան հենց այն ժանրն է, որից ես օգտվում եմ ու անում ամեն ինչ, որ այն չպակասի այսօրվա մեր կյանքից, իսկ բոլոր հեռուստաալիքները (թատրոնի մասին չեմ էլ ցանկանում խոսել, քանի որ այն մահացած է) անում են ամեն ինչ միայն իրենց կոպեկը աշխատելու համար ու անում են դա ամենացածր, անեկդոտային հումորով, տափակ մանրապատումներով, սարսափելի դերասանական կատարումներով ու ինտոնացիոներով:

Ծիծաղեցնում են ավանակի ատամներ ցուցադրելով, շրթունք ցուցադրելով, լացում են քիթ քաշելով, խռխռացնելով: Այս երևույթը ես անգամ անշնորհքություն չեմ անվանում, այլ՝ անտաշություն: Այսպես մենք կորցնում ենք մի կարևոր բան` ինչի վրա կարելի է ծիծաղել, ընդհանրապես ինչն է ծիծաղելին: Դա էլ թող լինի, բայց թող կողքին լինի նաև մեկ ուրիշ բան, չեմ հասկանում՝ մի՞թե դժվար է: Բայց չի ստացվում, քանի որ ունակություն չունեն, շնորհքը չունեն, չեն կարողանում կազմել ճիշտ երկխոսություններ, ու այդպես արդեն 20 տարի:

- Իսկ որտե՞ղ են դա սովորեցնում: Չէ՞ որ մենք ունենք Թատերական ինստիտուտ, որտեղ միևնույն թատերական կազմն աննշան փոփոխություններով տասնամյակից տասնամյակ է տեղափոխվում:

— Ոչ մի տեղ չեն սովորեցնում, բայց թատերական արվեստում պետք է ունենալ տաղանդ՝ գումարած փորձառություն: Եթե դերասանը չունի շնորհք, ապա չի կարող փորձառություն ունենալ:

Նույնն էլ գրողն է. եթե չունի այդ տաղանդը, անգամ գրած 30 սցենարը ոչինչ չի փոխի, այլ միայն կհոգնեցնի բոլորին` անգամ չհասկանալով դրա պատճառը: Խնդիրը ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ է: ինչու պիտի ես երաժիշտից լավ իմանամ երաժշտական գործիքները, դիզայներից լավ իմանամ ֆոտոշոփ, ինչի պետք է տաքսիստին ասեմ, թե որ փողոցից ուր մտնի:

- Այսինքն խնդիրը միայն մշակույթին ու արվեստին չի վերաբերում:

— Ոչ, բայց իհարկե, այդ թվում և արվեստին: Օրինակ՝ այսօր դերասանը կապիկություններ ու ծամածռություններ անելով՝ փորձում է ծիծաղ կորզել, անգամ ոչ թե կորզել, այլ մուրալ:
— Բայց եթե տվյալ դերասանի լսարանը շարունակում է նրան երկրպագել ու կրկնապատկվել, ինչպե՞ս պետք է նրանք ձեռք բերեն այդ չափանիշը կամ զգան արժեքավորի ու անարժեքի սահմանագիծը:

Գուցե հասկանում են, բայց հետո նաև դիտարկում են, որ այդ ամենը նրա ապրուստի միջոցն է, նա էլ շարունակում է նույն բաներն անել` շարունակելով լինել ամբոխահաճո` պոպուլիստ:

Այս մարդկանց վերաբերյալ ես մի նոր տերմին եմ մտածել՝ նրանք ոչ թե անտաղանդ են, այլ «անտաղանդոտ»: Անտաղանդոտը հիմնականում լինում է լավ մարդ, շնորհքով տղա, բայց… անտաղանդոտ, չնայած որ նա փոքրուց սիրել է իր գործը և մնացել է սիրողական մակարդակի վրա ու հենց այդպես էլ մտել է պրոֆեսիոնալների միջավայր:

Ու կա նաև մեկ այլ տեսակ` «անտաղանդոտ ագրեսիվ»: Դա այն է, երբ անտաղանդոտ լինելու հետ մեկտեղ ունի նաև եսասիրություն և փառամոլություն ու աշխարհի բոլոր «ությունները» ու անգամ ֆիլմեր է նկարում, որոնցից շատերի վերնագրերում առկա է «լռություն» բառը: Ես մի բան եմ հասկանում` դա ինչ- որ «ություն» է, բայց հաստատ «լռություն» չէ: Ինչու է այդ մարդը զբաղվում կինոարվեստով, եթե նա արդեն 40 տարի է՝ զբաղվում է կինոարվեստով, բայց ոչ մի լավ բան չի արել:

Մեզ մոտ մի շատ վատ բան կա ընկերական հարաբերություններում, որը կարող է՝ ես չհասկանայի, եթե երիտասարդ տարիքում Եվրոպայում եղած չլինեի: Մարդիկ կարող են մեկ ուրիշի մասին արտահայտվել վերջին` մորը վիրավորող հայհոյանքներով ու հետո հանդիպել «պաչպռոշտիով» ու ասել՝ «ախպեր, իմ տաղանդավոր ախպեր»:

Նույնը կա նաև Լոս Անջելեսի հայերի մոտ: Ինչու՞ հայերի, որովհետև, եթե մեկը Փարիզում կամ ասենք Ամստերդամում հարաբերությունների մեջ իրեն փառամոլ դրսևորի՝ ասելով «աֆիշի վրա իմ նկարը պետք է մեծ լինի», մյուսները նրան կհանեն իրենց միջավայրից, իսկ այստեղ կարող են աել «ինչի տղա» ու հետո էտ «ինչի տղային» տեսնելուց համբուրվեն հոմոսեքսուալիստների պես ու ասեն «ու՞մ է պետք Եվրոպան, այնտեղ բոլորը փչացած են», մինչդեռ ամենասարսափելի հատկությունը սովետից մնացած ներքին փչացածությունն է և գողության մոլուցքը, որը քողարկվում է ապրուստի միջոց համարվելով: Իսկ Եվրոպայի` մեզ «փչացնելը» չեմ կարողանում հասկանալ: Այդ ո՞նց են փչացնում: Ես հասկանում եմ, որ ծորակը կարող է փչանալ, բայց մարդուն ոնց կարող են փչացնել՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում:

- Դուք ասում եք, որ եթե անընդհատ ասենք «շոգ ա, վայ էս ինչ շոգ ա», մարդը սկսում է շոգել: Այդպես դուք հոռետեսի ու անգամ նիհիլիստի որոշակի համբավ ունեք: Համաձա՞յն եք:

— Դուք ինձ հարցնում եք երևույթի մասին, ես ասում եմ, թե ոնց եմ տեսնում երևույթը, ու կարող եմ ասել, որ ճիշտ եմ տեսնում ու չեմ չափազանցնում:
Իրականում շատ տարբեր ժանրերում եմ աշխատում ու ցավում եմ, որ մարդկանց մոտ տպավորություն կա, որ ես ուր-որ է ինչ-որ մեկին պիտի հայհոյեմ: Հայհոյանքն էլ գրական ժանր է, ոչ թե գռեհկություն, իսկ գռեհկությունը մոմերի տակ ասմունքելն է, վատ բանաստեղծություն գրելն է ու այն մայրամուտի ֆոնին համբուրվող զույգի նկարի տակ տեղադրելը, ամբոխահաճո լինելն է, «Վախ իմ Հայաստան» կանչելն է, կոտորածի մասին տեղի-անտեղի հիշատակելն է, գռեհկությունը աղքատներին ու հիվանդներին սիրելն է, որոնք իմ կարծիքով՝ հեչ սիրելու կարիք չեն զգում:
Վերադառնալով փչացնելուն ասեմ, որ շատ ռադիոներ ու հեռուստաընկերություններ հնչեցնում են մուղամներ, որոնց մասին ես վատ բան ասել չեմ կարող ու գիտե՞ք՝ ինչու:

- Ինչու?

— Որովհետև ես տոլերանտ եմ: Հայաստանում մուղամ երաժշտություն լսում են թուրքերը: Ես ապրել եմ շատ երկրներում ու չեմ կարող որևէ ազգի վիրավորել ազգային պատկանելության համար, իսկ էդ մարդիկ թուրք են, հին էրիվանցի են, իսկ ինչպես հայտնի է հին Երևանում 20-ականներին մոտ 50 հազար թուրք էր ապրում, ու նրանք փաստորեն չեն վերացել:

- Ձեզ հաճախ են համարձակ անվանում: Չե՞ք կարծում, որ պատճառը գրականության ընդհանուր անհամարձակ ֆոնն է:

— Համարձակ նշանակում է, որ դու տեսնում ես այն, ինչի գոյության մասին ուրիշները չգիտեն` կլինի գրքում, ներկայացման մեջ կամ ասենք սոցիալական ցանցի գրառումներում կամ հարցազրույցի ժամանակ: Իսկ շատերը այսօր սկսել են սովորել ոչ միայն անհամարձակ, այլ անհամ գրականությանը, որտեղ երիտասարդ գրողները (երիտասարդ ասելով՝ նկատի ունեմ 25-50 տարեկան) անվերջ գրում են իրենց տատու մասին: Ոչ մեկին պետք չեկող գրականություն է դա: Հավատացեք, երբ Գաբրիել Գարսիա Մարկեսը գրում էր իր տատու մասին, դրա տակ կար մի բան, այլ ոչ թե «տատս թրիքը հանեց ու լցրեց պապուս վրա»:

- Ո՞ր արվեստի գործն է վերջին շրջանում մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

— «Բրդմեն» ֆիլմը: Խորհուրդ կտայի՝ մարդիկ այն մի քանի անգամ դիտեին: Ցավոք, ես արդեն հույսս կորցրել էի, որ նոր ու նման հզոր ֆիլմ կդիտեի:

- Ի՞նչ փոփոխություն կկատարեիք մշակույթի ոլորտում առաջին իսկ հնարավորության դեպքում:

— Կգնեի բոլոր այն հեռուսատաընկերևություններն ու ռադիոկայանները, որոնք իմ դուրը չեն գալիս և կփակեի:

 

620