Художник Анатолий Аветян

Անատոլի Ավետյան. Ես ազատ եմ արվեստում

969
(Թարմացված է 11:00 08.11.2015)
Հայաստանի Նկարիչների տանն Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը համընկել էր կարևոր տարեթվի՝ նրա ստեղծագործական գործունեության քառասնամյակի հետ

Երևանում անցկացվեց անվանի նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը: Հայկական խաղողի ողկույզների նման, որոնք սնվում են Հայաստանի քարքարոտ հողից և վերածվում լեգենդար կոնյակի կենսական բույրի, իրական Նկարիչը չի կտրվում հարազատ հողից՝ արարելով հանուն բարօրության, երբեմն էլ՝ ի հեճուկս… Հայտնի մարդու մասին գրելը` «ծանրաբեռնված» տաղանդի և փորձի ուժով, բարդ է, բայց` հնարավոր: Հայաստանի Նկարիչների տանն Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը համընկել էր կարևոր տարեթվի՝ նրա ստեղծագործական գործունեության քառասնամյակի հետ: Հնարավոր է՝ սոսկ պատահականություն է, իսկ ավելի շուտ՝ նախախնամություն:

Նկարչի տան երեք հարկերում ներկայացված են նրա տարբեր տարիների աշխատանքները: Բազմաժանրությունը միանգամից աչքի է զարնում. գեղանկար, քանդակ, քանդակադրոշմ, մետաղ՝ կատարված ավանդական, աբստրակտ, ազգային, սյուժետային ոգով, դիմանկարային պատկերասրահ և այլն: Այս ամենն ապշեցնում է և կախարդում: Կարծես ընկնում ես այլ աշխարհ՝ երազանքների և անսպառ երևակայության: Այն դեպքում, երբ Ավետյանի շատ ստեղծագործություններ լիովին իրական են և ստեղծված «ներկա» ժամանակում:

Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի Նկարիչների միության վարչության անդամ, UNESCO-ի նկարիչների ասոցիացիայի անդամ, Վանաձորի պատվավոր քաղաքացի… Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել` «Հայաստանի դեկորատիվ-կիրառական արվեստի» ցուցահանդես (Շվեյցարիա), անհատական ցուցահանդես Փարիզում՝ «Դե Մոնպառնաս» պատկերասրահում, Չիկագոյում և Բոստոնում (ԱՄՆ), Հալեպում (Սիրիա), Վաշինգտոնում (ԱՄՆ)՝ «Ուոթերգեյթ» պատկերասրահում, Չիկագոյում և Ատլանտայում (ԱՄՆ), Լոս Անջելեսում (ԱՄՆ), Կնոկ Զոուդում (Բրազիլիա):

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Տուբոնի հրավերով կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը Փարիզի քաղաքապետարանում, որոշ ժամանակ նա ապրել և աշխատել է Նյու Յորքում՝ չհաշված նրա բազմաթիվ ցուցահանդեսները Հայաստանում:

- Ձեր ստեղծագործության մեջ ո՞ր ամենանշանակալի իրադարձությունը կցանկանայիք հատուկ նշել:

— Ինձ համար ոչ նշանակալի բան չկա: Յուրաքանչյուր ցուցահանդես ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Առավել ևս այնպիսի ցուցահանդես, ինչպիսին է փարիզյանը, երբ ինքը` Ժակ Տուբոնն էր ինձ հրավիրել Ֆրանսիա: Սակայն արժեքավոր է միայն արվեստին և սեփական ժողովրդին ծառայելը:

Работы художника Анатолия Аветяна
Из личного архива
Գեղանկարիչ Անատոլի Ավետյանի կտավը


Անատոլի Ավետյանը՝ որպես իսկական ստեղծագործող, համեստ է: Այդ արտասահմանյան ցուցահանդեսների շնորհիվ նրան հաջողվել է միկրոավտոբուս նվիրել հաշմանդամություն ունեցող երեխաներին: Բացի այդ, Սևանում հայտնված առաջին զբոսանավը՝ կրկին սահմանափակ հնարավորություններով երեխաների համար, ձեռք է բերվել նրա միջոցներով:

- Նկարչի համար նրա կյանքը մշտական ստեղծագործական գործընթաց է. նկարից նկար, ցուցահանդեսից ցուցահանդես… Ձեր տեսանկյունն անհատակա՞ն գործընթաց է, թե՞ յուրահատուկ ուղերձ` աշխարհին:

— Ոչ, պարզապես ստեղծում եմ, որովհետև չեմ պատկերացնում իմ կյանքն առանց դրա: Հնարավոր է՝ իմ որոշ ստեղծագործություններ անհասկանալի են դիտողին, հատկապես` ժամանակակից, բայց դա իմ աշխարհն է, իմ հոգին, որը կարող է դրսևորել իրեն արվեստի միջոցով:

- Դիմանկարները Ձեր ստեղծագործության մեջ հատուկ տեղ են զբաղեցնում: Ինչպե՞ս է ստեղծվել դիմանկարների շարքը:

— Դիմանկարը ոչ պահանջկոտ ժանր է: Դիմանկարի մեջ հետաքրքրությունն առավելագույն նմանության հասնելն է, իսկ գործընթացը շատ գրավիչ է:


- Ձեր հավաքածուում շատ են աստվածաշնչյան թեմաները, այդ թվում՝ հիմնված ազգային կրոնի և պատմության վրա: Ինչպե՞ս եք վերաբերում կրոնին:

— Իհարկե` դրական: Չէ՞ որ ցանկացած կրոն բերում է բարիք, մաքրություն, գթասրտություն: Վատ կրոն գոյություն չունի, դրանք բոլորը կոչված են ստեղծել միայն լավը: Թեև ինձ մանուկ հասակում կնքել են Ռուսաստանում, բայց ազգային պատկանելության շնորհիվ ես, իհարկե, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ:

Работы художника Анатолия Аветяна
Из личного архива
Գեղանկարիչ Անատոլի Ավագյանի կտավը


- Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

— Դժվար է պատասխանել այդ հարցին: Ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել այս անկատար աշխարհում, երբ ամենուրեք այդքան ընչազուրկ և դժբախտ մարդիկ կան…

- Ինչպե՞ս կբնութագրեիք կյանքում Ձեր դիրքորոշումը, այլ կերպ ասած՝ ո՞րն է Ձեր կյանքի հավատամքը:

— Դուք տեսել եք իմ ինքնադիմանկարը, չէ՞: Եվ սկզբունքները, որոնցով ղեկավարվում եմ այս կյանքում, հետևյալն են.
ստեղծագործում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, ինչ ցանկանում եմ, ինչով ցանկանում եմ: Սիրում եմ գույնը, ձևը, գիծը, ծավալը, ֆակտուրան: Հակված չեմ որևէ  ոճի, ձևի, ուղղության: Նյութերի բազմազանությունը և ամենօրյա փորձերն իմ տարերքն են: Ես երջանիկ եմ: Ես ազատ եմ արվեստում:

Մարիա Ավագյան

969