Крис Бохджалян, американский писатель армянского происхождения

Քրիս Բոհջալյան. ես խոսել եմ սիրուց, որպեսզի պատմեմ Հայոց ցեղասպանության մասին

1407
(Թարմացված է 17:44 12.10.2015)
«Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը շատ հայտնի է ԱՄՆ–ում, բարձր հորիզոնականներ է զբաղեցրել վաճառքի բոլոր վարկանիշներում, իսկ 2012թ.–ին ԱՄՆ–ում ճանաչվել է տարվա լավագույն գիրք «The Washington Post»–ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը Երևանում ներկայացրեց իր բեսթսելերի` «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հայերեն թարգմանությունը։ Գիրքն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների պատմական քրոնիկոնն է։ Այն նամականի է` հարուստ ամերիկուհու և կնոջն ու աղջկան կորցրած, աղքատացած հայ մարդու սիրո տարեգրությունը։ Դա նրանց թոռնուհու պատմությունն է, ով 2012թ.–ին ապրում է Նյու Յորքում և մինչև ընկերական հեռախոսային զանգը չի մտածել իր ընտանիքի պատմության մասին։ Դա, վերջապես, հենց գրքի հեղինակի շատ անձնական ընտանեկան պատմությունն է։ Գիրքը նրա հայ պապիկի և ամերիկացի տատիկի սիրո պատմությունն է մի ողջ ժողովրդի ողբերգության պրիզմայի միջով։

Գիրքը մեծ համբավ է վայելում ԱՄՆ–ում, բարձր հորիզոնականներ է զբաղեցնում վաճառքի բոլոր վարկանիշներում։ 2012թ.–ին ԱՄՆ–ում «The Washington Post»–ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն գիրք։ Այն արդեն հիացական գնահատականների է արժանացել ողջ աշխարհում։ Մասնավորապես, հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն այսպես է արտահայտվել գրքի մասին. «Քրիս Բոհջալյանի վեպը` «Ավազե ամրոցի աղջիկները», գիրք–բացահայտում է։ Ես խորապես համոզված եմ, որ այդ գիրքն անպայման պետք է կարդալ` անկախ տարիքից, հավատից, հավատի բացակայությունից, ազգային պատկանելությունից և այլն»։

Ռուս լրագրող և հաղորդավար, երաժիշտ Դմիտրի Դիբրովը նույնպես հիացական կարծիք է հայտնել գրքի մասին. «Նա (Քրիս Բոհջալյանը) կարողացել է հեռու մնալ իր անձնական ապրումներից և զգացմունքներից` վարպետորեն փոխանցելով սիրո պատմությունը սարսափելի և արյունահեղ խելագարության ֆոնին, որով համակված էր աշխարհը 20–րդ դարի սկզբին։ Մյուս կողմից, ինձ բոլորովին չի զարմացրել այն, որ գիրքը շատ երկրներում բեսթսելեր է դարձել։ Այդ պատմությունը չի կարող անտարբեր թողնել…»

Քրիս Բոհջալյանը համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

- Դուք բազմաթիվ բեսթսելերների հեղինակ եք։ Դուք գիտե՞ք բեսթսելեր գրելու «բաղադրատոմսը»։

— Եթե ես նման «բաղադրատոմս» ունենայի, ավելի հարուստ կլինեի։ Ինձ համար կարևոր է պատմել հիանալի պատմություն կերպարներով, որոնք կհուզեն ընթերցողներին։ Ես գրում եմ հոգու համար, և երջանիկ եմ, որ այդքան գիրք եմ վաճառել։

- Ո՞րն է «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի հիմնական ուղերձը։

— Ես հուսով եմ, որ այդ գրքում ես, ըստ էության, պատմել եմ Հայոց ցեղասպանության պատմությունը ընթերցողին, որը ոչինչ չգիտի Հայաստանի և Հայոց ցեղասպանության մասին։ Ես հուսով եմ, որ ինձ մոտ ստացվել է գրավիչ սիրո պատմություն։

- Ձեր վեպում առաջին պլան է մղվում սիրո պատմությունը մի ողջ ժողովրդի ողբերգության ֆոնին։ Ինչո՞ւ եք ընտրել նման տեսանկյուն։

— Ես սիրում եմ կարդալ սիրային պատմություններ։ Ուստի որոշեցի գրել «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը որպես սիրո պատմություն, որպեսզի այն կարդան։ Ոչ ոք Ամերիկայում չի կարդա «1,5 միլիոն մահացածներ անապատում» անվանումով գիրք։ Ես ներկայացրել եմ սիրո պատմություն, որպեսզի մարդկանց պատմեմ Հայոց ցեղասպանության մասին։

- Ձեր գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով, դրանց հիման վրա նկարահանվում են ֆիլմեր և բեմադրվում են ներկայացումներ։ Ձեր կարծիքով` ռեժիսորները և թարգմանիչները ճի՞շտ են փոխանցում ձեր ստեղծագործությունների ոգին։

— Ես սիրում եմ ֆիլմեր։ Ես սիրում եմ իմ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը։ Այո, դրանք տարբերվում են գրքերից։ Դուք չեք կարող կարդալ 300-400–էջանոց գիրքը երկու ժամում։ Ռեժիսորներն ինչ–որ բան փոխում են։ Բայց ես հարգում եմ այն, ինչ նրանք անում են։

Американский писатель армянского происхождения Крис Бохджалян
© Sputnik/ Асатур Есаянц
Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյան


- Առաջին անգամ ինչպե՞ս իմացաք Հայոց ցեղասպանության մասին, ընտանիքի անդամներից ո՞վ է Ձեզ պատմել դրա մասին։

— Իմ տատիկն ու պապիկը վերապրել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց նրանք շատ քիչ են պատմել ինձ դրա մասին։ Պատմությունների մեծ մասը նրանք իրենց հետ գերեզման են տարել։ Մեզ հայտնի են ընդամենը կցկտուր պատմություններ այն ամենից, ինչ նրանք ստիպված են եղել ապրել։ Նրանք չէին ցանկանում պատմել, կիսվել իրենց ապրումներով։

- Բարդ չէ՞ որպես գրող վեպում նկարագրել սեփական ժողովրդի ողբերգությունը, Ձեզ հաջողվե՞լ է վերանալ այդ ամենից։

— Զգայական առումով դա շատ բարդ է։ Իմ նյույորքյան խմբագիրն ասում էր` զգացել է, որ ես գտնվել եմ բորբոքված վիճակում, երբ գրել եմ այդ գիրքը։ Իսկապես, ես բարկացած էի, երբ գրում էի այն։

- Ինչպե՞ս պետք է գրքեր գրել և ֆիլմեր նկարահանել Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի դրանք ազդեն մարդկանց սրտի և բանականության վրա։

— «Աշխատում» են այն գրքերը և ֆիլմերը, որոնք պատմում են իրական մարդկանց մասին, թե ինչ է պատահել նրանց հետո, մարդկանց մասին, որոնք դարձել են այդ աղետի, այդ հանցագործության զոհը…

1407