Ատոմ Ջանջուղազյան

Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են ՀՀ հարկատուները

37
(Թարմացված է 11:07 02.06.2021)
ՀՀ ԱԺ–ում շարունակվում է 2020թ–ի ՀՀ պետական բյուջեի կտարողականի հաշվետվությունը։ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի կառուցվածքը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. 2020թ–ի ՀՀ պետական բյուջեի եկամուտների 89 %-ը կազմել են հարկային մուտքեր ու պետական տուրքերը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

«Եկամուտների 7.8 տոկոսը կազմել են այլ եկամուտները և շուրջ 3.4 տոկոսը` պաշտոնական դրամաշնորհները»,– ասաց նա։

Ընդ որում, հարկերի թվում առաջին տեղում ավելացված արժեքի հարկն է, որից մուտքերը կազմել են 472 մլրդ դրամ, երկրորդ տեղում եկամտահարկն է, որի  արդյունքում բյուջեն համալրվել է 412 մլրդ դրամով և որն ապահովել է բյուջետային մուտքերի 30 տոկոսը։ Իսկ երրորդ տեղում շահութահարկի մուտքերն են, որոնցով բյուջեն ավելացել է շուրջ 140 մլրդ դրամով։

Նշենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՀ ԱԺ–ում քննարկվում է 2020թ–ի ՀՀ պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։

37
թեգերը:
հարկեր, Ատոմ Ջանջուղազյան, բյուջե, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխատաշուկայի ցուցանիշների բարելավումը նաև ստվերայնության նվազման արդյունք է. տնտեսագետ
Տնտեսական աճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սպասումները. ԿԲ նախագահ
Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը. արխիվային լուսանկար

Որ ուժը որքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավի վրա. տվյալներ

491
(Թարմացված է 21:15 20.06.2021)
Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ու «Հայաստան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ հերթական մամուլի ասուլիսից։

Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Տիգրան Բաբիկյանը ներկայացրել է ընտրարշավի վրա քաղաքական ուժերի կատարած ծախսերի հաշվետվությունը:

Հունիսի 16-ի դրությամբ քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ են փոխանցվել և ծախսվել հետևյալ գումարները.

  1. «Արդար Հայաստան»՝ 1, 611 միլիոն դրամ (ծախսվել է 1,46 միլիոն դրամ)
  2. «Հայ ազգային կոնգրես»` 47 միլիոն դրամ (ծախսվել է 39,4 միլիոն դրամ)
  3. «Քաղաքացիական պայմանագիր»՝ 458,5 միլիոն դրամ (ծախսվել է 373 միլիոն դրամ)
  4. «Զարթոնք» կուսակցություն` 2,7 միլիոն դրամ (ծախսվել է 2,06 միլիոն)
  5. «Ազատություն» կուսակցություն` 2,76 միլիոն դրամ (ծախսվել է 2,74 միլիոն)
  6. «Պատիվ ունեմ» դաշինք` 246 միլիոն դրամ (ծախսվել է 226 միլիոն)
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն` 2,9 միլիոն դրամ (ծախսվել է 2,83 միլիոն)
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն` 1,5 միլիոն դրամ (1,5 միլիոն)
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 73 միլիոն դրամ (ծախսվել է 59 միլիոն)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն է 53,8 միլիոն (ծախսվել է 53,2 միլիոն)
  11. «Հանրապետություն» կուսակցություն` 18,65 միլիոն (ծախսվել է 18,58 միլիոն)
  12. «Հայկական Հայրենիք» կուսակցություն` 4 միլիոն դրամ (ծախսվել է 2,6 միլիոն)
  13. «Ազատ Հայրենիք» դաշինք` 3,9 միլիոն դրամ (ծախսվել է 3,9 միլիոն դոլար)
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 87,3 միլիոն (ծախսվել է 81,7 միլիոն)
  15. «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»` 15 միլիոն դրամ (ծախսվել է 14,76 միլիոն)
  16. «5165» կուսակցություն՝ 13, 4 միլիոն դրամ (ծախսվել է 13,3 միլիոն)
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն` 1 միլիոն դրամ (ծախսվել է 0,95 միլիոն)
  18. «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք` 19,5 միլիոն (ծախսվել է 19,5 միլիոն)
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն` 4 միլիոն (ծախսվել է 3,8 միլիոն)
  20. «Վերելք» կուսակցություն` 65 հազար դրամ (65 հազար)
  21. Ազատական կուսակցություն` 0 (0)
  22. «Հայոց Արծիվներ» կուսակցություն` 370 հազար դրամ (366 հազար)
  23. Հայաստանի Եվրոպական կուսակցություն` 200 հազար դրամ (180 հազար դրամ)
  24. «Հայաստան» դաշինք` 309,3 միլիոն (ծախսվել է 245,6 միլիոն)
  25. «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն` 4,1 մլն (ծախսվել է 2,26 մլն դոլար)
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն` 250 հազար (75 հազար)

Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի համար հավաքվել է ավելի քան 1,37 մլրդ դրամ, որից ծախսվել է ավելի քան 1,169 մլրդ դրամ։

Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը ընդհանրապես գումար չի ծախսել քարոզարշավի վրա։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

491
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին
Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց
Ծափահարություններ` ընտրատեղամասը փակելիս․ 9/26–ում սկսվել է ձայների հաշվարկը․ տեսանյութ
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը

180
(Թարմացված է 21:46 18.06.2021)
Sputnik Արմենիան ներկայացնում է ընտրություններին մասնակցող առանցքային քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա հիմնական տնտեսական դրույթները:

Տնտեսական բաժինը միշտ չէ, որ ամենաընթերցվողն է նախընտրական ծրագրերում (համենայնդեպս՝ Հայաստանում)։ Այնուամենայնիվ, այդ բաժինների ամբողջ բովանդակությունը չէ, որ գրվում է ուղղակի գրված լինելու համար։ Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ բավականին մանրամասն առաջարկներ են հանդիպում։ Ավելի հաճախ, քան նախորդ տարիներին, խոսվում է զարգացման հումքային մոդելից ժամանակակից մետաղագործությանն անցնելու, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ բարձր ինտենսիվ արտադրության մասին:

Արտադրողականություն

Իշխող կուսակցությունը՝ Նիկոլ Փոշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», արտադրողականության աճի նոր ծրագրեր է առաջարկում (ինչի հաշվին էլ պետք է ավելանան աշխատավարձերը)։  Դրա համար ընկերություններին ֆինանսական օգնություն կառաջարկեն նոր հաստոցների գնման, ISO սերտիֆիկացման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման համար։ Տարեկան նախատեսվում է 2 000 մասնագետի վերապատրաստում կազմակերպել։

Մյուս քաղաքական ուժերն այդ մասին ավելի ընդհանուր ձևակերպմամբ են գրում։ «Բարգավաճ Հայաստանը» նշում է, որ «պետք է արտադրողականության կտրուկ աճ ապահովել իրական հատվածում», «Հայաստան» դաշինքը՝ որ «արտադրողականության աճի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն»։ «Պատիվ ունեմ» դաշինքը գրում է, որ «մրցունակ տնտեսության համար անհրաժեշտ է բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով»։

«Հարուստներից խլենք, տանք աղքատներին...»

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքները հատուկ ուշադրություն են դարձնում, որ պետությունը չստուգի բիզնեսի միջոցների ծագումն ու ձեռք բերված ունեցվածքի ծավալը։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

«Ֆինանսական, այդ թվում՝ բանկային ոլորտում արդյունավետ աշխատանքի պայմաններ կապահովվեն, հատկապես՝ բանկային գաղտնիքի մասով»,-նշվում է «Հայաստան» դաշինքի ծրագրում։

«Պատիվ ունեմ» դաշինքի մոտ այդ հարցն էլ ավելի է ընդգծված։ Բիզնեսի ստուգումները չափազանց շատ են և քաղաքական դրդապատճառներ ունեն։ Անհրաժեշտ է ուժեղացնել ունեցվածքի իրավունքի պաշտպանությունը, կրճատել ներդրողների միջոցների ծագման նկատմամբ վերահսկողությունը՝ «հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները» (թե որոնք են այդ առանձնահատկությունները՝ չի պարզաբանվում)։

Իր հերթին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը ապօրինի ունեցվածքի բացահայտման համար մանրամասն միջոցներ է առաջարկում: Նշվում է, որ ապօրինի ձեռք բերված միջոցների նկատմամբ պետք է կիրառել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը («Ապօրինի հարստացում»), ընդ որում ՝ հետին թվով, սկսած 1991 թվականից։ Պետք է ներդնել գույքի հայտարարագրման նոր, ավելի խիստ մեթոդներ և եկամուտները համեմատել իրական գույքի հետ:

Արդյունաբերություն

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է 5 տարվա ընթացքում մշակող արդյունաբերության զարգացման համար 80 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար) հատկացնել։  Ազգային կարևորության նախագիծ են անվանում պղնձաձուլական գործարանը, որտեղ պետք է մաքուր պղինձ հալել, ապա դրա հիման վրա նոր արտադրատեսակներ թողարկել (Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թվականին կանգնեցվել է, իսկ չինացի ներդրողների հետ մաքուր պղնձի ձուլման շուրջ բանակցություններն ընթանում են արդեն երեք տարի)։

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է քիմիական արդյունաբերական կլաստեր ստեղծել «Նաիրիտից» (որն այժմ սնանկ ճանաչվելու փուլում է – խմբ.), Վանաձորի քիմիական գործարանից ու Երևանի քիմիական ռեակտիվների գործարանից։ Կուսակցությունում կարծում են, որ այդ գործարանները պետք է վերականգնել և զարգացնել պետության մասնակցությամբ։ Բացի այդ, պետք է զարգացնենք միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը կիսահաղորդիչների նախկին գործարանների տեղում, ասվում է ծրագրում:

Նկատենք, որ այդ գործարանների մի մասը սեփականաշնորհվել և վաճառվել է 90-ականներին (դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում - խմբ.), մյուս մասը՝ հաջորդ իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա այն վերագործարկվել է 1994 թ․-ին, 2007թ․-ին վաճառվել է շինծու ներդրողին և վերջնականապես դադարել է գործել 2010թ․-ին։

«Հայաստան» դաշինքը որպես գերակա ճյուղ նշում է այն ոլորտները, որոնք կարող են կարճ ժամանակում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել՝ շինարարություն, տեքստիլ և ոսկերչական արդյունաբերություն, գյուղատնտեսություն (նմանատիպ փաստարկներ է առաջ քաշում նաև «Լուսավոր Հայաստանը»)։

«Հայաստանը» հայտարարում է նաև արդյունաբերության տեխնոլոգիական հագեցվածության թարմացման միջոցառումների մասին (այդ միջոցառումները չեն հստակեցվում)։ Նշվում է, որ պետք է հարկային և այլ արտոնյալ պայմաններ ստեղծել տեղական արտադրանքի համար (նախկինում խորհրդարանում եղած ժամանակ այդ պահանջն առաջ էր քաշել «Հայաստան» դաշինքի մեջ մտնող ՀՅԴ-ն):

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է պետական միջոցները ներդնել մասնավոր նախագծերում՝ 25-30%-ի չափով, ինչից հետո, բիզնեսի զարգացմանը զուգընթաց, դուրս գալ դրա կապիտալից ( թե ինչ ծավալներով աջակցություն պետք է լինի և ինչ ծրագրերի համար, առայժմ չի հստակեցվում):

Բարձր տեխնոլոգիաներ և պաշտպանություն

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է մինչև 2026 թ․-ը ոլորտում զբաղվածների թիվը հասցնել 35 հազարի (ներկայիս մոտ 20 հազարի պարագայում)։ Երևանում և մարզային քաղաքներում նախատեսվում է էլեկտրոնային արդյունաբերության նոր արտադրական ավաններ ստեղծել (արդեն գոյություն ունեցող ինժեներական ավանների նման): Կուսակցությունը խոստանում է առաջվա պես տարեկան 1 մլրդ դրամ (մոտ 2 մլն դոլար) հատկացնել ստարտափների դրամաշնորհներին և նույնքան էլ՝ արտասահմանում հայթեք-գործարարների վերապատրաստման ծրագրերին։

Պաշտպանական տեխնոլոգիաներում նախատեսվում է կազմակերպել ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների, ռադարների, հարվածային և հետախուզական անօդաչուների արտադրություն (որոնց մի մասը փորձարկվել է անցյալ տարի՝ մարտական գործողությունների ժամանակ):

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու». Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է անհապաղ ձեռնամուխ լինել Ռուսաստանի հետ նոր համատեղ պաշտպանական արտադրությունների ստեղծմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության հավասարակշռության վերականգնման հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը:

«Հայաստան» դաշինքը ռազմական արդյունաբերությունը անվանում է առաջավոր և հեռանկարային ճյուղ, որը պետք է տնտեսության ավանգարդում ընթանա: «Ընդունելու և զարգացնելու ենք ռազմարդյունաբերական համակարգի նոր հայեցակարգ»: Կոնկրետ առաջարկներ այս փուլում չեն ներկայացվել։

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ընդհանուր գծերով նշում է, որ պետք է «անընդհատ զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը», իսկ գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: «Ստեղծված իրավիճակում մեր երկրի համար մեծ կարևորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում»,-ասված է ծրագրում:

Եվ վերջապես, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է բանակի շուտափույթ արդիականացման անհրաժեշտության մասին, որը պետք է պրոֆեսիոնալ և տեխնիկապես գերհագեցած դառնա։ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ»։

Գյուղատնտեսություն

Տարբեր քաղաքական ուժեր նշում են բերքի մթերման, պահպանման և վերամշակման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է ստեղծել արտադրանքի վերամշակման օբյեկտներ (սպանդանոցներ, կաթի մթերման կետեր, ֆերմերային շուկաներ), ինչպես նաև միկրովարկավորման նոր գործիքներ:

«Լուսավոր Հայաստանը» հատուկ ընդգծում է այս նախագծի կարևորությունը՝ նշելով գյուղերում ագրոարդյունաբերական համալիրներ (կլաստերներ) ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ բերքը կմշակվի, կպահվի, կուղարկվի վերամշակման կամ մեծածախ վաճառքի կհանվի թարմ տեսքով (պատշաճ սառեցմամբ և փաթեթավորմամբ): Այդ նախագծերին կառաջարկեն մասնակցել նաև ագրոբիզնեսին։ «Լուսավորները» նաև առաջարկում են հարկային արտոնություններ սահմանել օրգանական արտադրանք ստեղծողների համար։

«Ես մրցավազքից դուրս չեմ մնացել»․ Արզանքանցյանն ամեն դեպքում հույս ունի վարչապետ դառնալ

Լոգիստիկ կենտրոններ ստեղծելու առաջարկներով հանդես է գալիս նաև «Բարգավաճ Հայաստանը»։

«Քաղաքացիական պայմանագիրը» շեշտը դնում է ոռոգման համակարգերի հիմնանորոգման վրա (ջրի կորուստները հիմա գերազանցում են ընդհանուր ջրածախսի կեսը)։ Իշխանությունները խոստանում են շարունակել կաթիլային ոռոգման տեղադրման հայտարարված արտոնությունները, ինչպես նաև գյուղտեխնիկայի գնման լիզինգը, ինտենսիվ այգիների վարկերը և բարձրարժեք մշակաբույսերի մշակումը։ 2023 թ․-ին նախատեսվում է ամբողջական գյուղատնտեսական ապահովագրություն ներդնել։ Աջակցության ընդհանուր տրամաբանությունը սահմանափակ հողային ռեսուրսների պայմաններում արտադրողականության աճը խթանելն է:

180
թեգերը:
Ընտրություններ, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում 1․160 մլրդ դրամի ներդրումներ են իրականացնելու. հուշագիր է ստորագրվել
Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
Վարդան Այվազյան

Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը որոշի հրաժարվել մանդատներից. բացատրում է սահմանադրագետը

0
(Թարմացված է 14:38 21.06.2021)
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել ընտրական գործընթացին առնչվող սահմանադրական որոշ իրողությունների։

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` սահմանադրական մեծամասնության կողմից կառավարություն ձևավորելու իրավունքն ամրագրված է Ընտրական օրենսգրքով, եթե տվյալ քաղաքական ուժն ընտրություններում ստացել է քվեների առնվազն 54 տոկոսը։ Ըստ նրա` դեռ վաղ է կարծիք հայտնել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ հայտնի չեն «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքի և մյուս ուժերի մոտեցումները: Նրանք կարող են բողոքարկել ընտրությունների արդյունքները և բացառված չէ, որ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն ընդհանրապես հրաժարվեն մանդատներից և առաջանա նոր քաղաքական ճգնաժամ։

«Այդ դեպքում խորհրդարանը կազմված կլինի միայն մեկ քաղաքական ուժից, որն, ըստ էության, կունենա լեգիտիմության հետ կապված խնդիր ու կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Բայց պետք է հստակեցվի, թե ինչպիսի դիրքորոշում կցուցաբերեն հիմնական ընդդիմադիր միավորները։ Իրավական տեսակետից` սկզբում ընտրված պատգամավորներն են հրաժարվում մանդատից, այնուհետև ցուցակից դուրս գալու դիմում են գրում մյուսները։ Սա տեխնիկական կողմն է։ Եթե քաղաքական ուժը որոշի հրաժարվել մանդատներից, դա իրավական առումով իրագործելի է, որևէ խոչընդոտ չկա»,– նշեց իրավագետը։

Այվազյանի կարծիքով` ընտրություններին մասնակցած հաջորդ ուժերը չեն կարող մանդատ ստանալ, նման ընթացակարգ գոյություն չունի, քաղաքական ուժն Ազգային ժողով անցնելու համար պետք է հաղթահարի օրենքով սահմանված անցողիկ  շեմը կուսակցությունների համար` 5 տոկոս, դաշինքների համար` 7 տոկոս։ Ըստ նրա` եթե «Հայաստան» դաշինքը չհրաժարվի մանդատներից, ապա այս խորհրդարանում կլինի 105 պատգամավորի տեղ, որովհետև 101 տեղը նախատեսում է Սահմանադրությունը, որին գումարվում են չորս պատգամավորներն ազգային փոքրամասնություններից։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Իրավագետի խոսքով` Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ իշխանության և ընդդիմության փոխհարաբերակցությունը չի կարող լինել ավելին, քան 2/3–ը 1/3–ից։ Որքան էլ իշխանությունը ցանկանա ձայն ստանալ, ընդդիմությունը պետք է կազմի խորհրդարանի առնվազն 1/3-ը։ Եթե ամեն ինչ ընթանա իր հունով և զարգացումներ չլինեն, ապա ԱԺ–ն կունենա 105 պատգամավոր, որի 58 տոկոսը կկազմեն իշխանության ներկայացուցիչները։

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

0
թեգերը:
ԱԺ, խորհրդարան, Ընտրություններ, Վարդան Այվազյան (սահմանադրագետ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Քվեարկության արդյունքները 08։00-ի դրությամբ․ ամփոփվել են 1997 ընտրատեղամասի արդյունքները
ՀԱՊԿ ԽՎ-ն Հայաստանում չի հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա