Թուրքական ապրանքներ ՀՀ–ում

Թուրքական ապրանքների արգելք և ճանապարհների բացում. ի՞նչ է մտածում բիզնեսը իրավիճակի մասին

75
(Թարմացված է 14:08 31.05.2021)
Ըստ բիզնեսի, գլխավոր խնդիրներն են տարադրամի տատանման ռիսկերը, քաղաքական անկայունությունն ու շուկայի ցածր գնողունակությունը։ Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման մեջ էլ բիզնեսն ավելի շատ ռիսկեր է տեսնում, քան հնարավորություններ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայկական բիզնեսի հիմնական խնդիրները 2018 թ.-ին եղել են տեղական շուկայի սահմանափակությունն ու ֆինանսական ռեսուրսների դժվարամատչելիությունը։

Այժմ հիմնական խնդիրներն են արժույթի տատանումների ռիսկը, քաղաքական անկայունությունը (ներառյալ սահմանային իրավիճակը) և բնակչության ցածր գնողունակությունը: Այս մասին են վկայում Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (Վաշինգտոն) անցկացրած հարցման արդյունքները, որը պալատը ներկայացրել է այսօրվա քննարկմանը։

Հարցված ձեռնարկությունների շուրջ 40 տոկոսը նշում է, որ պատրաստվում է կատարել անցած տարի հետաձգված ներդրումները, ևս 10 տոկոսը ցանկանում է ավելացնել դրանք: Մնացած 50 տոկոսը մտադիր է ձեռնպահ մնալ ներդրումներից կամ կրճատել արդեն սկսված նախագծերը։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների էմբարգոյին, որն ուժի մեջ է մտել 2021 թ․-ի հունվարի 1-ից, հարցվածների հիմնական մասը դրանում նոր հնարավորություններ է տեսնում իր արտադրության համար: Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակումը բացասաբար է գնահատել հարցվածների երկու երրորդը՝ նշելով, որ ճանապարհների բացումը կխանգարի տեղական բիզնեսի մրցունակությանը: Միայն 30 տոկոսն է դրանում իր վաճառքներն ու արտահանումը մեծացնելու հնարավորություններ տեսնում։

Որ երկրներից են Հայաստան գալիս աշխատելու և որ երկրներից` բիզնես անելու

Նշենք, որ չնայած թուրքական ապրանքների արգելքին (խոսքը պատրաստի արտադրանքի, այլ ոչ թե հումքի մասին է), դրանք շարունակում են վաճառվել Հայաստանում, այդ թվում՝ հագուստ։ Բիզնեսը դա բացատրում է անցյալ տարվա վերջին կուտակած ապրանքներով։

75
թեգերը:
բիզնես, ապաշրջափակում, Ճանապարհ, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Աշխատաշուկայի ցուցանիշների բարելավումը նաև ստվերայնության նվազման արդյունք է. տնտեսագետ
Տնտեսական աճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սպասումները. ԿԲ նախագահ
Ե՞րբ խելքի կգա ՀՀ տնտեսությունը. իրավիճակը դեռ անհանգստացնում է պոտենցիալ ներդրողներին
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը

154
(Թարմացված է 21:46 18.06.2021)
Sputnik Արմենիան ներկայացնում է ընտրություններին մասնակցող առանցքային քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա հիմնական տնտեսական դրույթները:

Տնտեսական բաժինը միշտ չէ, որ ամենաընթերցվողն է նախընտրական ծրագրերում (համենայնդեպս՝ Հայաստանում)։ Այնուամենայնիվ, այդ բաժինների ամբողջ բովանդակությունը չէ, որ գրվում է ուղղակի գրված լինելու համար։ Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ բավականին մանրամասն առաջարկներ են հանդիպում։ Ավելի հաճախ, քան նախորդ տարիներին, խոսվում է զարգացման հումքային մոդելից ժամանակակից մետաղագործությանն անցնելու, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ բարձր ինտենսիվ արտադրության մասին:

Արտադրողականություն

Իշխող կուսակցությունը՝ Նիկոլ Փոշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», արտադրողականության աճի նոր ծրագրեր է առաջարկում (ինչի հաշվին էլ պետք է ավելանան աշխատավարձերը)։  Դրա համար ընկերություններին ֆինանսական օգնություն կառաջարկեն նոր հաստոցների գնման, ISO սերտիֆիկացման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման համար։ Տարեկան նախատեսվում է 2 000 մասնագետի վերապատրաստում կազմակերպել։

Մյուս քաղաքական ուժերն այդ մասին ավելի ընդհանուր ձևակերպմամբ են գրում։ «Բարգավաճ Հայաստանը» նշում է, որ «պետք է արտադրողականության կտրուկ աճ ապահովել իրական հատվածում», «Հայաստան» դաշինքը՝ որ «արտադրողականության աճի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն»։ «Պատիվ ունեմ» դաշինքը գրում է, որ «մրցունակ տնտեսության համար անհրաժեշտ է բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով»։

«Հարուստներից խլենք, տանք աղքատներին...»

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքները հատուկ ուշադրություն են դարձնում, որ պետությունը չստուգի բիզնեսի միջոցների ծագումն ու ձեռք բերված ունեցվածքի ծավալը։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

«Ֆինանսական, այդ թվում՝ բանկային ոլորտում արդյունավետ աշխատանքի պայմաններ կապահովվեն, հատկապես՝ բանկային գաղտնիքի մասով»,-նշվում է «Հայաստան» դաշինքի ծրագրում։

«Պատիվ ունեմ» դաշինքի մոտ այդ հարցն էլ ավելի է ընդգծված։ Բիզնեսի ստուգումները չափազանց շատ են և քաղաքական դրդապատճառներ ունեն։ Անհրաժեշտ է ուժեղացնել ունեցվածքի իրավունքի պաշտպանությունը, կրճատել ներդրողների միջոցների ծագման նկատմամբ վերահսկողությունը՝ «հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները» (թե որոնք են այդ առանձնահատկությունները՝ չի պարզաբանվում)։

Իր հերթին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը ապօրինի ունեցվածքի բացահայտման համար մանրամասն միջոցներ է առաջարկում: Նշվում է, որ ապօրինի ձեռք բերված միջոցների նկատմամբ պետք է կիրառել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը («Ապօրինի հարստացում»), ընդ որում ՝ հետին թվով, սկսած 1991 թվականից։ Պետք է ներդնել գույքի հայտարարագրման նոր, ավելի խիստ մեթոդներ և եկամուտները համեմատել իրական գույքի հետ:

Արդյունաբերություն

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է 5 տարվա ընթացքում մշակող արդյունաբերության զարգացման համար 80 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար) հատկացնել։  Ազգային կարևորության նախագիծ են անվանում պղնձաձուլական գործարանը, որտեղ պետք է մաքուր պղինձ հալել, ապա դրա հիման վրա նոր արտադրատեսակներ թողարկել (Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թվականին կանգնեցվել է, իսկ չինացի ներդրողների հետ մաքուր պղնձի ձուլման շուրջ բանակցություններն ընթանում են արդեն երեք տարի)։

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է քիմիական արդյունաբերական կլաստեր ստեղծել «Նաիրիտից» (որն այժմ սնանկ ճանաչվելու փուլում է – խմբ.), Վանաձորի քիմիական գործարանից ու Երևանի քիմիական ռեակտիվների գործարանից։ Կուսակցությունում կարծում են, որ այդ գործարանները պետք է վերականգնել և զարգացնել պետության մասնակցությամբ։ Բացի այդ, պետք է զարգացնենք միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը կիսահաղորդիչների նախկին գործարանների տեղում, ասվում է ծրագրում:

Նկատենք, որ այդ գործարանների մի մասը սեփականաշնորհվել և վաճառվել է 90-ականներին (դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում - խմբ.), մյուս մասը՝ հաջորդ իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա այն վերագործարկվել է 1994 թ․-ին, 2007թ․-ին վաճառվել է շինծու ներդրողին և վերջնականապես դադարել է գործել 2010թ․-ին։

«Հայաստան» դաշինքը որպես գերակա ճյուղ նշում է այն ոլորտները, որոնք կարող են կարճ ժամանակում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել՝ շինարարություն, տեքստիլ և ոսկերչական արդյունաբերություն, գյուղատնտեսություն (նմանատիպ փաստարկներ է առաջ քաշում նաև «Լուսավոր Հայաստանը»)։

«Հայաստանը» հայտարարում է նաև արդյունաբերության տեխնոլոգիական հագեցվածության թարմացման միջոցառումների մասին (այդ միջոցառումները չեն հստակեցվում)։ Նշվում է, որ պետք է հարկային և այլ արտոնյալ պայմաններ ստեղծել տեղական արտադրանքի համար (նախկինում խորհրդարանում եղած ժամանակ այդ պահանջն առաջ էր քաշել «Հայաստան» դաշինքի մեջ մտնող ՀՅԴ-ն):

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է պետական միջոցները ներդնել մասնավոր նախագծերում՝ 25-30%-ի չափով, ինչից հետո, բիզնեսի զարգացմանը զուգընթաց, դուրս գալ դրա կապիտալից ( թե ինչ ծավալներով աջակցություն պետք է լինի և ինչ ծրագրերի համար, առայժմ չի հստակեցվում):

Բարձր տեխնոլոգիաներ և պաշտպանություն

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է մինչև 2026 թ․-ը ոլորտում զբաղվածների թիվը հասցնել 35 հազարի (ներկայիս մոտ 20 հազարի պարագայում)։ Երևանում և մարզային քաղաքներում նախատեսվում է էլեկտրոնային արդյունաբերության նոր արտադրական ավաններ ստեղծել (արդեն գոյություն ունեցող ինժեներական ավանների նման): Կուսակցությունը խոստանում է առաջվա պես տարեկան 1 մլրդ դրամ (մոտ 2 մլն դոլար) հատկացնել ստարտափների դրամաշնորհներին և նույնքան էլ՝ արտասահմանում հայթեք-գործարարների վերապատրաստման ծրագրերին։

Պաշտպանական տեխնոլոգիաներում նախատեսվում է կազմակերպել ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների, ռադարների, հարվածային և հետախուզական անօդաչուների արտադրություն (որոնց մի մասը փորձարկվել է անցյալ տարի՝ մարտական գործողությունների ժամանակ):

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու». Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է անհապաղ ձեռնամուխ լինել Ռուսաստանի հետ նոր համատեղ պաշտպանական արտադրությունների ստեղծմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության հավասարակշռության վերականգնման հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը:

«Հայաստան» դաշինքը ռազմական արդյունաբերությունը անվանում է առաջավոր և հեռանկարային ճյուղ, որը պետք է տնտեսության ավանգարդում ընթանա: «Ընդունելու և զարգացնելու ենք ռազմարդյունաբերական համակարգի նոր հայեցակարգ»: Կոնկրետ առաջարկներ այս փուլում չեն ներկայացվել։

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ընդհանուր գծերով նշում է, որ պետք է «անընդհատ զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը», իսկ գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: «Ստեղծված իրավիճակում մեր երկրի համար մեծ կարևորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում»,-ասված է ծրագրում:

Եվ վերջապես, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է բանակի շուտափույթ արդիականացման անհրաժեշտության մասին, որը պետք է պրոֆեսիոնալ և տեխնիկապես գերհագեցած դառնա։ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ»։

Գյուղատնտեսություն

Տարբեր քաղաքական ուժեր նշում են բերքի մթերման, պահպանման և վերամշակման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է ստեղծել արտադրանքի վերամշակման օբյեկտներ (սպանդանոցներ, կաթի մթերման կետեր, ֆերմերային շուկաներ), ինչպես նաև միկրովարկավորման նոր գործիքներ:

«Լուսավոր Հայաստանը» հատուկ ընդգծում է այս նախագծի կարևորությունը՝ նշելով գյուղերում ագրոարդյունաբերական համալիրներ (կլաստերներ) ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ բերքը կմշակվի, կպահվի, կուղարկվի վերամշակման կամ մեծածախ վաճառքի կհանվի թարմ տեսքով (պատշաճ սառեցմամբ և փաթեթավորմամբ): Այդ նախագծերին կառաջարկեն մասնակցել նաև ագրոբիզնեսին։ «Լուսավորները» նաև առաջարկում են հարկային արտոնություններ սահմանել օրգանական արտադրանք ստեղծողների համար։

«Ես մրցավազքից դուրս չեմ մնացել»․ Արզանքանցյանն ամեն դեպքում հույս ունի վարչապետ դառնալ

Լոգիստիկ կենտրոններ ստեղծելու առաջարկներով հանդես է գալիս նաև «Բարգավաճ Հայաստանը»։

«Քաղաքացիական պայմանագիրը» շեշտը դնում է ոռոգման համակարգերի հիմնանորոգման վրա (ջրի կորուստները հիմա գերազանցում են ընդհանուր ջրածախսի կեսը)։ Իշխանությունները խոստանում են շարունակել կաթիլային ոռոգման տեղադրման հայտարարված արտոնությունները, ինչպես նաև գյուղտեխնիկայի գնման լիզինգը, ինտենսիվ այգիների վարկերը և բարձրարժեք մշակաբույսերի մշակումը։ 2023 թ․-ին նախատեսվում է ամբողջական գյուղատնտեսական ապահովագրություն ներդնել։ Աջակցության ընդհանուր տրամաբանությունը սահմանափակ հողային ռեսուրսների պայմաններում արտադրողականության աճը խթանելն է:

154
թեգերը:
Ընտրություններ, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում 1․160 մլրդ դրամի ներդրումներ են իրականացնելու. հուշագիր է ստորագրվել
Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
Երևան, արխիվային լուսանկար

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

34
(Թարմացված է 18:14 18.06.2021)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե իրատեսական են արդյոք ընտրություններին մասնակցող ուժերի տնտեսական ծրագրային դրույթները։
Մակարյան. «Տնտեսական բլոկն ավելի ուժեղ արտացոլվել է ընտրություններին մասնացող 4-5 ուժերի մոտ»

Գործատուների հանրապետական միությունը հանդես է գալու քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի փորձագիտական ուսումնասիրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ընտրարշավում բազմաթիվ կուսակցություններ են ընդգրկված, և կարող է խառնաշփոթ առաջանալ ծրագրային դրույթների ու գաղափարների ընկալման տեսանկյունից, հետևաբար դրանց մասնագիտական քննությունը չափազանց կարևոր է։

«Բիզնեսի ներկայացուցիչների համար նույնպես կարևոր է, թե ինչպիսին են լինելու ապագա խորհրդարանն ու կառավարությունը։ Մեր միության համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ 2009 թվականից մինչ օրս, լինելով ՀՀ կառավարությունների պաշտոնական սոցիալական գործընկերը, շահագրգռված ենք իմանալ, թե ինչպիսին է լինելու մեր ապագա գործընկեր կառավարությունը, ուստի հենց այս համատեքստում էլ ամրագրել էինք փորձագիտական տեսանկյունից հանդես գալու դիրքորոշումը»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Մակարյանի գնահատմամբ` ընտրություններին մասնակցող կուսակցությունների կեսը տնտեսական ծրագիր գրեթե չունի, նրանք ավելի շատ կանգ են առել քաղաքական հիմնահարցերի կամ պետությանն առնչվող անվտանգության խնդիրների վրա` համարելով, որ դրանք ավելի հրատապ թեմաներ են։

Ըստ նրա` միայն որոշ կուսակցությունների մոտ է հանգամանորեն գրված տնտեսական խնդիրների մասին, նրանցից չորս–հինգի մոտ տնտեսական բլոկն ավելի ուժեղ է արտահայտված։

«Իսկ ինչ վերաբերում է ուսումնասիրության առարկա դարձած տնտեսական հիմնահարցերի չափաբաժնին, ապա նշեմ, որ ընդհանուր առմամբ տնտեսական մասը կազմում է ծրագրային դրույթների 30 տոկոսը, որոնք արծարծվում են քարոզարշավի ընթացքում։ Եթե նախկինում շեշտն ավելի շատ դրվում էր սոցիալ–տնտեսական հարցերի վրա, ապա ներկայումս, երբ անվտանգության հետ կապված հարցերն առաջին պլան են մղվել, հետևաբար դրանց արծարծումն ավելի շատ է և հուզում է քաղաքացիներին»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Այդուհանդերձ Մակարյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց չեն հետաքրքրում սոցիալ–տնտեսական հարցերը, ուստի քաղաքական ուժերը մարդկանց շահագրգռելու, նրանց իրենց կողմը գրավելու համար պետք է հանդես գան իրատեսական ծրագրերով։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

34
թեգերը:
Գագիկ Մակարյան, տնտեսություն, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

108
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

108
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է