Սուպերմարկետ

Ինչով է պայմանավորված սննդամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

101
(Թարմացված է 15:08 01.06.2021)
Սննդամթերքի շուկայում առկա մոնոպոլիզացիան խեղդում է տնտեսությունը, սնանկացնում է մարդկանց և ոչնչացնում փոքր բիզնեսը Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանում սննդամթերքի կտրուկ թանկացումը հարուցում է փորձագիտական շրջանակների անհանգստությունը։ Բնակչության իրական եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետևողականորեն թանկանում են։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` գնաճը նպաստում է քաղաքացիների հետագա աղքատացմանը։ 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 տոկոսով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 տոկոսով, մյուս ապրանքներինը` 8,5 տոկոսով։ Ռեկորդային գնաճի ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 տոկոս) և շաքարի (41 տոկոս) պարագայում։ Ապրիլի տվյալներով` ձուն թանկացել է 55,7 տոկոսով, մրգերը` 10,4 տոկոսով։

«Թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելացել, և այդ ամենին հակառակ` շարունակաբար աճում են գները։ Դա նշանակում է, որ անխուսափելիորեն տեղի կունենա բնակչության հետագա աղքատացում։ Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջին հերթին հարկ է նշել համաշխարհային շուկայում արձանագրված գնաճը, իսկ Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։  

Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով

Տնտեսագետի խոսքով` Հայաստանը պետք է ժամանակին մտածեր պարենային անվտանգությունն ապահովելու մասին, մինչդեռ վերջին տարիներին իշխող է եղել այն մոտեցումը, ըստ որի` ավելի հեշտ ու մատչելի է ներկրել, քան արտադրել տեղում։ Երկրի իշխանությունները նախորդ տարիներին անտեսեցին գյուղատնտեսության ոլորտը` նրան չհատկացնելով պատշաճ ուշադրություն։ Պարսյանն ընգծում է, որ ներկա գնաճը պայմանավորված է նաև գյուղատնտեսության անկմամբ։ Ներքին արտադրության ծավալներն ակնհայտորեն բավարար չեն, չօգնեցին նաև պետական սուբսիդավորման ծրագրերը։ Գործող կառավարությանը երբեք չի հետաքրքրել գյուղատնտեսական վարկերի արդյունավետությունը, վերոհիշյալ ծրագրերը կիրառվել են պարզապես նշումառության համար, ասում է տնտեսագետը։     

Փորձագետը նկատում է, որ անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման համար։ Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի։

Սուբյեկտիվ բնույթի մյուս պատճառն, ըստ Պարսյանի, սննդամթերքի շուկայում առկա մենաշնորհների առկայությունն է։ Ճգնաժամի պայմաններում շուկայի մոնոպոլիզացումն ավելի է բարդացնում իրավիճակը, և եթե նույնիսկ կա 1-2 տոկոս օբյեկտիվ արժեզրկում, մոնոպոլիզացիան կրկնապատկում ու եռապատկում է այդ արժեզրկումը։ 

Պարսյանը կարծիքով`ստեղծվել է աննորմալ իրավիճակ, երբ մթերքի մեծածախ ներկրողները զբաղված են նաև մանրախած առևտրով, ինչն աղճատում է շուկայի ընդհանուր պատկերը, և արդյունքում ամբողջական շղթան հայտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ստանում են գերշահույթ։  

Մոնոպոլիստներն առանձին դեպքերում իրականացնում են նաև դեմպինգ` աղքատացնելով և խաղից հանելով ավելի փոքր մրցակիցներին։ Որպես օրինակ, Պարսյանը վկայակոչում է ձվի գնի կտրուկ էժանացումը երկու տարի առաջ։ Այն ժամանակ գինը 60 դրամից հասավ 20 դրամի։ Գործող իշխանությունն այդ հանգամանքը ներկայացրեց որպես նվաճում, սակայն այդ դեմպինգի արդյունքում հարյուրավոր փոքր ֆերմերներ և արտադրողներ սնանկացան, հետևաբար՝ երբեք չի կարելի առաջնորդվել կարճաժամկետ շահերով և օգուտներով։ Նույնը կատարվեց նաև շաքարի պարագայում։ Այդ ապրանքատեսակի գնի իջեցումը նույնիսկ ներառվեց Հայաստանին առնչվող 100 ձեռքբերումների մեջ, որոնք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսյան ասուլիսի ժամանակ։ Այդուհանդերձ տեղի ունեցավ շուկայի վերջնական մոնոպոլիզացում, և այս տարվա ապրիլին շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 41 տոկոսով։     

«Կարող եմ հավաստել, որ համաշխարհային շուկայում շաքարի գինը 41 տոկոսով չի աճել»,– ասաց տնտեսագետը և հավելեց, որ հակամենաշնորհային կառույցներն այդ ֆոնին չեն ձեռնարկում շուկան կարգավորող քայլեր։

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերությունը ձվի գների վերաբերյալ որոշ գաղտնիքներ է բացել

101
թեգերը:
Սուրեն Պարսյան, թանկացում, Հայաստան, գին
Ըստ թեմայի
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը
Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ
Ալավերդու պղնձաձուլական գործարան

Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը

101
(Թարմացված է 21:46 18.06.2021)
Sputnik Արմենիան ներկայացնում է ընտրություններին մասնակցող առանցքային քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում առկա հիմնական տնտեսական դրույթները:

Տնտեսական բաժինը միշտ չէ, որ ամենաընթերցվողն է նախընտրական ծրագրերում (համենայնդեպս՝ Հայաստանում)։ Այնուամենայնիվ, այդ բաժինների ամբողջ բովանդակությունը չէ, որ գրվում է ուղղակի գրված լինելու համար։ Արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ բավականին մանրամասն առաջարկներ են հանդիպում։ Ավելի հաճախ, քան նախորդ տարիներին, խոսվում է զարգացման հումքային մոդելից ժամանակակից մետաղագործությանն անցնելու, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ բարձր ինտենսիվ արտադրության մասին:

Արտադրողականություն

Իշխող կուսակցությունը՝ Նիկոլ Փոշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», արտադրողականության աճի նոր ծրագրեր է առաջարկում (ինչի հաշվին էլ պետք է ավելանան աշխատավարձերը)։  Դրա համար ընկերություններին ֆինանսական օգնություն կառաջարկեն նոր հաստոցների գնման, ISO սերտիֆիկացման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման համար։ Տարեկան նախատեսվում է 2 000 մասնագետի վերապատրաստում կազմակերպել։

Մյուս քաղաքական ուժերն այդ մասին ավելի ընդհանուր ձևակերպմամբ են գրում։ «Բարգավաճ Հայաստանը» նշում է, որ «պետք է արտադրողականության կտրուկ աճ ապահովել իրական հատվածում», «Հայաստան» դաշինքը՝ որ «արտադրողականության աճի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն»։ «Պատիվ ունեմ» դաշինքը գրում է, որ «մրցունակ տնտեսության համար անհրաժեշտ է բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով»։

«Հարուստներից խլենք, տանք աղքատներին...»

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» և Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքները հատուկ ուշադրություն են դարձնում, որ պետությունը չստուգի բիզնեսի միջոցների ծագումն ու ձեռք բերված ունեցվածքի ծավալը։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

«Ֆինանսական, այդ թվում՝ բանկային ոլորտում արդյունավետ աշխատանքի պայմաններ կապահովվեն, հատկապես՝ բանկային գաղտնիքի մասով»,-նշվում է «Հայաստան» դաշինքի ծրագրում։

«Պատիվ ունեմ» դաշինքի մոտ այդ հարցն էլ ավելի է ընդգծված։ Բիզնեսի ստուգումները չափազանց շատ են և քաղաքական դրդապատճառներ ունեն։ Անհրաժեշտ է ուժեղացնել ունեցվածքի իրավունքի պաշտպանությունը, կրճատել ներդրողների միջոցների ծագման նկատմամբ վերահսկողությունը՝ «հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները» (թե որոնք են այդ առանձնահատկությունները՝ չի պարզաբանվում)։

Իր հերթին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը ապօրինի ունեցվածքի բացահայտման համար մանրամասն միջոցներ է առաջարկում: Նշվում է, որ ապօրինի ձեռք բերված միջոցների նկատմամբ պետք է կիրառել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 20-րդ հոդվածը («Ապօրինի հարստացում»), ընդ որում ՝ հետին թվով, սկսած 1991 թվականից։ Պետք է ներդնել գույքի հայտարարագրման նոր, ավելի խիստ մեթոդներ և եկամուտները համեմատել իրական գույքի հետ:

Արդյունաբերություն

«Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է 5 տարվա ընթացքում մշակող արդյունաբերության զարգացման համար 80 մլրդ դրամ (մոտ 155 մլն դոլար) հատկացնել։  Ազգային կարևորության նախագիծ են անվանում պղնձաձուլական գործարանը, որտեղ պետք է մաքուր պղինձ հալել, ապա դրա հիման վրա նոր արտադրատեսակներ թողարկել (Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը 2018 թվականին կանգնեցվել է, իսկ չինացի ներդրողների հետ մաքուր պղնձի ձուլման շուրջ բանակցություններն ընթանում են արդեն երեք տարի)։

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է քիմիական արդյունաբերական կլաստեր ստեղծել «Նաիրիտից» (որն այժմ սնանկ ճանաչվելու փուլում է – խմբ.), Վանաձորի քիմիական գործարանից ու Երևանի քիմիական ռեակտիվների գործարանից։ Կուսակցությունում կարծում են, որ այդ գործարանները պետք է վերականգնել և զարգացնել պետության մասնակցությամբ։ Բացի այդ, պետք է զարգացնենք միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը կիսահաղորդիչների նախկին գործարանների տեղում, ասվում է ծրագրում:

Նկատենք, որ այդ գործարանների մի մասը սեփականաշնորհվել և վաճառվել է 90-ականներին (դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում - խմբ.), մյուս մասը՝ հաջորդ իշխանությունների օրոք։ Ինչ վերաբերում է «Նաիրիտին», ապա այն վերագործարկվել է 1994 թ․-ին, 2007թ․-ին վաճառվել է շինծու ներդրողին և վերջնականապես դադարել է գործել 2010թ․-ին։

«Հայաստան» դաշինքը որպես գերակա ճյուղ նշում է այն ոլորտները, որոնք կարող են կարճ ժամանակում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել՝ շինարարություն, տեքստիլ և ոսկերչական արդյունաբերություն, գյուղատնտեսություն (նմանատիպ փաստարկներ է առաջ քաշում նաև «Լուսավոր Հայաստանը»)։

«Հայաստանը» հայտարարում է նաև արդյունաբերության տեխնոլոգիական հագեցվածության թարմացման միջոցառումների մասին (այդ միջոցառումները չեն հստակեցվում)։ Նշվում է, որ պետք է հարկային և այլ արտոնյալ պայմաններ ստեղծել տեղական արտադրանքի համար (նախկինում խորհրդարանում եղած ժամանակ այդ պահանջն առաջ էր քաշել «Հայաստան» դաշինքի մեջ մտնող ՀՅԴ-ն):

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է պետական միջոցները ներդնել մասնավոր նախագծերում՝ 25-30%-ի չափով, ինչից հետո, բիզնեսի զարգացմանը զուգընթաց, դուրս գալ դրա կապիտալից ( թե ինչ ծավալներով աջակցություն պետք է լինի և ինչ ծրագրերի համար, առայժմ չի հստակեցվում):

Բարձր տեխնոլոգիաներ և պաշտպանություն

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստանում է մինչև 2026 թ․-ը ոլորտում զբաղվածների թիվը հասցնել 35 հազարի (ներկայիս մոտ 20 հազարի պարագայում)։ Երևանում և մարզային քաղաքներում նախատեսվում է էլեկտրոնային արդյունաբերության նոր արտադրական ավաններ ստեղծել (արդեն գոյություն ունեցող ինժեներական ավանների նման): Կուսակցությունը խոստանում է առաջվա պես տարեկան 1 մլրդ դրամ (մոտ 2 մլն դոլար) հատկացնել ստարտափների դրամաշնորհներին և նույնքան էլ՝ արտասահմանում հայթեք-գործարարների վերապատրաստման ծրագրերին։

Պաշտպանական տեխնոլոգիաներում նախատեսվում է կազմակերպել ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցների, ռադարների, հարվածային և հետախուզական անօդաչուների արտադրություն (որոնց մի մասը փորձարկվել է անցյալ տարի՝ մարտական գործողությունների ժամանակ):

«Մեղավորները պատասխանատվություն են կրելու». Արցախի ՊԲ–ն հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկում է անհապաղ ձեռնամուխ լինել Ռուսաստանի հետ նոր համատեղ պաշտպանական արտադրությունների ստեղծմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում անվտանգության հավասարակշռության վերականգնման հարցում Ռուսաստանի շահագրգռվածությունը:

«Հայաստան» դաշինքը ռազմական արդյունաբերությունը անվանում է առաջավոր և հեռանկարային ճյուղ, որը պետք է տնտեսության ավանգարդում ընթանա: «Ընդունելու և զարգացնելու ենք ռազմարդյունաբերական համակարգի նոր հայեցակարգ»: Կոնկրետ առաջարկներ այս փուլում չեն ներկայացվել։

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս ընդհանուր գծերով նշում է, որ պետք է «անընդհատ զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը», իսկ գիտությանը հատկացվող հիմնական ֆինանսական աջակցությունը պետք է ուղղվի նաև դեպի իրականում կիրառելի, շոշափելի արդյունքներ նախանշող, հեռանկարային ուղղություններ: «Ստեղծված իրավիճակում մեր երկրի համար մեծ կարևորություն է ունենալու գիտական նորարարությունների կիրառումը ռազմարդյունաբերության ոլորտում»,-ասված է ծրագրում:

Եվ վերջապես, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է բանակի շուտափույթ արդիականացման անհրաժեշտության մասին, որը պետք է պրոֆեսիոնալ և տեխնիկապես գերհագեցած դառնա։ «Նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և արդյունավետ շահագործումը ՀՀ զինված ուժերում պետք է դարձնել թիվ մեկ առաջնահերթություն և նպատակ»։

Գյուղատնտեսություն

Տարբեր քաղաքական ուժեր նշում են բերքի մթերման, պահպանման և վերամշակման կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» դաշինքն առաջարկում է ստեղծել արտադրանքի վերամշակման օբյեկտներ (սպանդանոցներ, կաթի մթերման կետեր, ֆերմերային շուկաներ), ինչպես նաև միկրովարկավորման նոր գործիքներ:

«Լուսավոր Հայաստանը» հատուկ ընդգծում է այս նախագծի կարևորությունը՝ նշելով գյուղերում ագրոարդյունաբերական համալիրներ (կլաստերներ) ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ բերքը կմշակվի, կպահվի, կուղարկվի վերամշակման կամ մեծածախ վաճառքի կհանվի թարմ տեսքով (պատշաճ սառեցմամբ և փաթեթավորմամբ): Այդ նախագծերին կառաջարկեն մասնակցել նաև ագրոբիզնեսին։ «Լուսավորները» նաև առաջարկում են հարկային արտոնություններ սահմանել օրգանական արտադրանք ստեղծողների համար։

«Ես մրցավազքից դուրս չեմ մնացել»․ Արզանքանցյանն ամեն դեպքում հույս ունի վարչապետ դառնալ

Լոգիստիկ կենտրոններ ստեղծելու առաջարկներով հանդես է գալիս նաև «Բարգավաճ Հայաստանը»։

«Քաղաքացիական պայմանագիրը» շեշտը դնում է ոռոգման համակարգերի հիմնանորոգման վրա (ջրի կորուստները հիմա գերազանցում են ընդհանուր ջրածախսի կեսը)։ Իշխանությունները խոստանում են շարունակել կաթիլային ոռոգման տեղադրման հայտարարված արտոնությունները, ինչպես նաև գյուղտեխնիկայի գնման լիզինգը, ինտենսիվ այգիների վարկերը և բարձրարժեք մշակաբույսերի մշակումը։ 2023 թ․-ին նախատեսվում է ամբողջական գյուղատնտեսական ապահովագրություն ներդնել։ Աջակցության ընդհանուր տրամաբանությունը սահմանափակ հողային ռեսուրսների պայմաններում արտադրողականության աճը խթանելն է:

101
թեգերը:
Ընտրություններ, տնտեսություն, Հայաստան
Ըստ թեմայի
Գեղարքունիքում 1․160 մլրդ դրամի ներդրումներ են իրականացնելու. հուշագիր է ստորագրվել
Հայաստանի ՊԵԿ–ն ու Իրանի մաքսային կոմիտեն քննարկել են Մեղրիի սահմանին համատեղ աշխատանքը
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
Երևան, արխիվային լուսանկար

Ինչպիսին կլինի ապագա իշխանությունը. ընտրության մասնակիցների կեսը տնտեսական ծրագիր չունի

29
(Թարմացված է 18:14 18.06.2021)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե իրատեսական են արդյոք ընտրություններին մասնակցող ուժերի տնտեսական ծրագրային դրույթները։
Մակարյան. «Տնտեսական բլոկն ավելի ուժեղ արտացոլվել է ընտրություններին մասնացող 4-5 ուժերի մոտ»

Գործատուների հանրապետական միությունը հանդես է գալու քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի փորձագիտական ուսումնասիրությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Ընտրարշավում բազմաթիվ կուսակցություններ են ընդգրկված, և կարող է խառնաշփոթ առաջանալ ծրագրային դրույթների ու գաղափարների ընկալման տեսանկյունից, հետևաբար դրանց մասնագիտական քննությունը չափազանց կարևոր է։

«Բիզնեսի ներկայացուցիչների համար նույնպես կարևոր է, թե ինչպիսին են լինելու ապագա խորհրդարանն ու կառավարությունը։ Մեր միության համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ 2009 թվականից մինչ օրս, լինելով ՀՀ կառավարությունների պաշտոնական սոցիալական գործընկերը, շահագրգռված ենք իմանալ, թե ինչպիսին է լինելու մեր ապագա գործընկեր կառավարությունը, ուստի հենց այս համատեքստում էլ ամրագրել էինք փորձագիտական տեսանկյունից հանդես գալու դիրքորոշումը»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Մակարյանի գնահատմամբ` ընտրություններին մասնակցող կուսակցությունների կեսը տնտեսական ծրագիր գրեթե չունի, նրանք ավելի շատ կանգ են առել քաղաքական հիմնահարցերի կամ պետությանն առնչվող անվտանգության խնդիրների վրա` համարելով, որ դրանք ավելի հրատապ թեմաներ են։

Ըստ նրա` միայն որոշ կուսակցությունների մոտ է հանգամանորեն գրված տնտեսական խնդիրների մասին, նրանցից չորս–հինգի մոտ տնտեսական բլոկն ավելի ուժեղ է արտահայտված։

«Իսկ ինչ վերաբերում է ուսումնասիրության առարկա դարձած տնտեսական հիմնահարցերի չափաբաժնին, ապա նշեմ, որ ընդհանուր առմամբ տնտեսական մասը կազմում է ծրագրային դրույթների 30 տոկոսը, որոնք արծարծվում են քարոզարշավի ընթացքում։ Եթե նախկինում շեշտն ավելի շատ դրվում էր սոցիալ–տնտեսական հարցերի վրա, ապա ներկայումս, երբ անվտանգության հետ կապված հարցերն առաջին պլան են մղվել, հետևաբար դրանց արծարծումն ավելի շատ է և հուզում է քաղաքացիներին»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Այդուհանդերձ Մակարյանը չի կիսում այն տեսակետը, որ մարդկանց չեն հետաքրքրում սոցիալ–տնտեսական հարցերը, ուստի քաղաքական ուժերը մարդկանց շահագրգռելու, նրանց իրենց կողմը գրավելու համար պետք է հանդես գան իրատեսական ծրագրերով։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

29
թեգերը:
Գագիկ Մակարյան, տնտեսություն, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում
Հայերը կհրաժարվեն «կոնյակից»․ պարզաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
ԵԱՏՄ-ում միասին կհետևեն կասկածելի արտադրանքին և անբարեխիղճ գործարարներին. ՀՀ–ն էլ է միացել
Pop it

Միֆ և իրականություն. ի՞նչ պետք է իմանան հայ ծնողները «Pop it» խաղալիքների մասին

0
(Թարմացված է 19:36 17.06.2021)
Ճանաչված հոգեբան Անի Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասն ներկայացրել է ծնողներից շատերին մտահոգող խաղերի, երեխաների ագրեսիայի առաջացման հիմնական պատճառների մասին և ոչ միայն։

Վերջին ամիսներին Հայաստանում թրենդային են դարձել ամբողջ աշխարհում հայտի «Pop it» խաղալիքները, որոնք նախատեսված են երեխաների նյարդերը թուլացնելու համար։ Սակայն համացանցում այս խաղալիքների հանդեպ ծնողների կարծիքները խիստ հակասական են։ Օրեր շարունակ Facebook սոցիալական ցանցի հայկական տիրույթի մի շարք խմբերում ծնողներն ահազանգում են, որ նշված խաղալիքները «խիստ վտանգավոր» են երեխաների համար և խանգարում են ուղեղի բնականոն աշխատանքին։

Sputnik Արմենիան խաղալիքի օգուտների և վնասների մասին խոսել է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Անի Խուդոյանի հետ։

«Երբ մարդու հոգին լարված է, մարմինը փորձում է հանգստացնել այն։ Շատերն անգիտակցաբար կրկնվող գործողություն են անում, որպեսզի լարվածությունը թուլացնեն։ Ելնելով այդ առանձնահատկությունից խաղալիք արտադրողները ստեղծել են Pop it–ն ու դրա նման խաղալիքներ, որոնք նյարդերը հանգստացնող ազդեցություն ունեն»,–ասում է հոգեբանը։

Նրա խոսքով` այլ հարց է, թե արդյո՞ք երեխաներն այնքան լարված իրավիճակում են, որ անհրաժեշտ է նրանց նյարդերը թուլացնել։

Игрушка-антистресс Попит
© Sputnik / Andranik Ghazaryan
Pop it

«Ես փորձել եմ մի փոքր հետազոտություն անել այն ծնողների հետ, որոնց երեխաները խաղում են «Pop it»–ով։ Կարող եմ ասել, որ դա ընդամենը թրենդային խաղալիքի մակարդակից ավել չի անցել ու որևէ բացասական ազդեցություն այս պարագայում դժվար թե նկատվի։ Երեխան ուզում է կամ ունի «Pop it» , որովհետև դրանից ունի իր ընկերը, դասարանցին... Ծնողները փաստում են, որ երեխաներն այդ խաղալիքը 1-2 անգամ օգտագործելուց հետո ուղղակի մի կողմ են դնում, այնուհետև պարզապես ասում, որ իրենք էլ դրանից ունեն։ Կա տեսակետ, մտահոգություն, որ այդ խաղալիքը անջատում է երեխայի ուղեղը, չի թողնում, որ այն լավ աշխատի։ Կարճ ասեմ` դա այն խաղալիքը չէ, որի հետևանքով երեխան կկտրվի աշխարհից։ Ուղղակի եթե երեխայի մոտ նյարդային լարվածություն կա, այս խաղալիքը կարող է թեթև, աննշան դրական ազդեցություն ունենալ»,–նշում է մասնագետը։

Բայց նման խաղալիքները հակացուցուցված են հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, որոնք չափազանց դյուրագրգիռ են։

«Օրինակ` աուտիզմով երեխաները ուրախանում են կրկնվող գործողություններից, կարող են ձեռքերը թափահարել, ծափ տալ, նրանց դեպքում նման խաղալիքը հակացուցված է, դա կարող է երեխայի մոտ ստիմային վարքի (ինքնախթանում) առաջացմանը նպաստել, երեխան դրանից ոգևորվում է, ու նորից սկսում են ստիմերը ակտիվանալ»,–զգուշացնում է Խուդոյանը։

Հոգեբանի խոսքով` երեխաների հետ աշխատանքում իրենք էլ են լարվածությունը արհեստականորեն թուլացնող խաղեր կիրառում։

Օրինակ` փուչիկի մեջ ալյուր են լցնում, երեխան լարվածության ժամանակ այն սեղմում–թողնում է, կամ լոբին խառնում են ձավարի հետ, երեխային խնդրում են` դրանք իրարից առանձնացնի և այլն։

Խուդոյանը շեշտում է, որ երեխաների ագրեսիվ վարքի պատճառները պետք է հասկանալ, հետո միայն փորձել նրան օգնել։ Իսկ ամենաառաջին պատճառը հենց ծնողի վարքի ընդօրինակումն է։

«Եթե ծնողը երեխայի հետ բղավելով է խոսում, ապա երեխան կրկնօրինակում է։ Եթե չի կարող ծնողի վրա բղավել, բղավում է ընկերոջ կամ խաղալիքի վրա։ Ամերիկացի հոգեբան Ալբերտ Բանդուրան «Բոբո» տիկնիկի փորձով ապացուցում է, որ երեխան ագրեսիվ վարքը ընդօրինակելու հատկություն ունի. երեխան նստում է մեծ էկրանի դիմաց և նայում, թե ինչպես է մեկ այլ երեխա ծեծում տիկնիկին, դրանից հետո երեխային տալիս են այդ նույն տիկնիկը ու սպասում, թե նա ինչ պետք է անի։ Երեխան սկսում է ծեծել տիկնիկին։ Այսինքն` նախադպրոցական տարիքում երեխայի ընդօրինակման ֆունկցիան շատ զարգացած է»,–ասում է մասնագետը։

Նրա խոսքով` նախ պետք է հասկանալ, թե ծնողների մոտ ինչն է առաջին հերթին ագրեսիա առաջացնում։ Առաջին տեղում համացանցն է, որտեղ կա հսկայական տեղեկատվություն։ Ծնողների մեծ մասը չի տարբերում ճշտված լուրը չճշտվածից, անընդհատ սթրեսի մեջ են ընկնում, դրան գումարվում է երկրի դրությունը, հետպատերազմական իրավիճակը, ընտանեկան խնդիրները և այլն։

Համացանցի պատճառով մի շատ վատ էֆեկտ է տարածվում մարդկանց մեջ` իրենց ընտանիքը լավն է, մերը` վատը։ Օրինակ` երբ կինը համացանցում տեսնում է ինչ–որ մեկին ամուսնու հետ ջերմ գրկախառնված, մտածում է, որ ինքն այդպիսի նկար չի կարող հրապարակել, որովհետև գուցե բավարար սիրված չէ, ու նրա մոտ արդեն սթրես է սկսվում։ Այդ պահին մարդու մոտ ներքին չարություն է կուտակվում։

Հոգեբանը բացատրում է, որ ստեղծված իրավիճակը իրականում շատ հեշտ է հաղթահարել։ Պետք է ընդամենը դուրս գալ համացանցից և ժամանակը հատկացնել սեփական երեխային, ընտանիքին, իսկ համացանցը օգտագործել որպես կարճ ժամանակում տեղեկություն ստանալու միջոց։

Մասնագետի խոսքով`երկրորդ կարևոր գործոնը, որը ազդում է երեխայի վրա, նրա նայած մուլտֆիլմներն են, յութուբյան տեսանյութերը։

«Ցանկացած մուլտֆիլմ, տեսանյութ կարող է ունենալ բացասական հետևանք, եթե ծնողը չի բացատրում երեխային դրա իմաստը։ Եթե երեխայի համար մուլտֆիլմ եք միացնում ու գնում եք ձեր գործերն անելու, ու երեխան 2-3 ժամ նայում է, օրինակ, թե ինչպես է Մաշան («Մաշան և արջը» մուլտֆիլմի գլխավոր հերոսը ) չարություններ անում, ապա նա անգիտակցաբար դա կրկնելու է, բայց եթե ծնողը նստի երեխայի կողքին, բացատրի, թե ինչն է ճիշտ, ինչը` սխալ, ապա երեխան վատ բանը չի անի։ Այստեղ կրկին պետք է խոսել Ալբերտ Բանդուրան «Բոբո» տիկնիկի երկրորդ փորձից, որի ժամանակ ծնողը երեխային բացատրում է, որ մյուս երեխան սխալ է անում, երբ ծեծում է տիկնիկին, ու երբ տեսանյութից հետո երեխային նույն տիկնիկը տալիս են, նա այլևս տիկնիկին չի ծեծում»,–բացատրում է Խուդոյանը։

Հոգեբանը երեխաների ագրեսիայի 3–րդ պատճառը համարում է համակարգչային «կռիվ–կռիվ» խաղերը, որոնք ուղղակի չեն կարող ագրեսիա չառաջացնել։ Իհարկե դրա հակատեսությունն էլ կա. որոշ մասնագետներ նշում են, որ երեխաները խաղի միջոցով դուրս են հանում իրենց ագրեսիան, բայց հետազոտություններն այլ բան են ցույց տալիս։

Փաստ է, որ միայն 6-7 տարեկանում է երեխայի մոտ ձևավորվում տրամաբանական մտածողությունը, ու նա սկսում է ինքնուրույն վերլուծություններ անել, թե որն է ճիշտ, որը` սխալ, բայց մինչ այդ, երեխային պետք է օգնել։ Երեխայի դաստիարակության համար բաց թողնված տարիները, ոչ բավարար ուշադրությունը անդառնալի հետևանքներ կարող են ունենալ։

Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 6 արդյունավետ միջոց

0
թեգերը:
Խաղ, հոգեբան, ծնող, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞րն է երեխայի սեռական դաստիարակության սահմանը. պարզաբանում է հոգեբանը
Կոմունիկատորի վստահելիություն. հոգեբանն ասել է` որ դեպքերում են մարդիկ տրվում ասեկոսեներին
Ինչ հոգեբանական խնդիրներ կարող է առաջացնել կորոնավիրուսը. պարզաբանում է մասնագետը