Կենտրոնական բանկ

Աշխատավարձից բացի ուրիշ ինչ. 2021-ին քաղաքացիների ծախսերի մասին ՀՀ ԿԲ–ի ենթադրությունները

66
(Թարմացված է 23:17 04.05.2021)
ԿԲ–ի գնահատականներով, 2021 թվականին աշխատավարձերը գներից դանդաղ կաճեն, տնային տնտեսությունների և բիզնեսի ծախսերը կավելանան մոտ 4%–ով։ Աղբյուրները մի քանիսն են. անցած տարվա խնայողությունները, կառավարության աջակցման ծրագրերը, Ռուսաստանից և ԱՄՆ–ից փոխանցումները։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ինչպե՞ս Հայաստանի բնակիչները կծախսեն իրենց գումարները։ Սա հասկանալով (գոնե մոտավոր)` կարելի է կանխատեսել նաև տնտեսության ակնկալվող ակտիվությունը։ Մոտավոր պատկերը ստեղծվում է ՀՀ ԿԲ–ի գնահատականներից ելնելով։

Խնայողություններ և աշխատավարձեր

2020 թվականին ոչ առաջին անհրաժեշտության մթերքների համար բնակչության ծախսերը կտրուկ նվազել են. ծախսելու տեղ էլ չկար (տարվա մեծ մասը ռեստորաններն ու սրճարանները կամ փակ էին, կամ սահմանափակումներով էին գործում), ապա պատերազմ սկսվեց։ Նույնիսկ ինչ–որ գումար ունենալու պարագայում մարդիկ հիմնականում դրանք տնտեսում էին։ Արդյունքում, ԿԲ–ի գնահատականներով, ՀՆԱ–ում դրամական խնայողությունների մասնաբաժինն աճել է մոտավոր 15%–ից մինչև 35%։

ԿԲ–ի գնահատականներով այս տարի, անցած տարվա համեմատ, ապրանքների և ծառայությունների սպառումը ոչ պետական հատվածում կաճի մոտ 4%–ով։ Ընդ որում գնողունակությունը, ամենայն հավանականությամբ, չի ավելանա (ԿԲ–ն ենթադրում է, որ այս տարի գնաճն ավելի արագ կլինի, քան աշխատավարձերի բարձրացումը)։ Միևնույն ժամանակ, այս տարի քաղաքացիները մասամբ կիրականացնեն ծախսեր, որոնք հետաձգել էին անցած տարի, հենց անցած տարվա խնայողությունների հաշվին, կարծում են ԿԲ–ում։

Իհարկե, ծախսերը դանդաղ կվերականգնվեն, բայց որոշակի աճի հույս ամեն դեպքում կարելի է ունենալ, նշում է ԿԲ–ն։

Դոլարներ` Բայդենից և ռուբլիներ` «խոպանչիներից»

Հայաստանում ընտանիքների եկամուտները կաճեն նաև արտասահմանից փոխանցումների հաշվին։ Այս տարի պարզ պատճառներով Ռուսաստան և այլ երկրներ սեզոնային աշխատանքի կարողացան մեկնել ՀՀ ավելի շատ բնակիչներ։ Հետևաբար, հունվար–մարտի արդյունքներով Հայաստան մասնավոր փոխանցումներն աճեցին շուրջ 50%–ով` կազմելով մոտ 130 մլն դոլար։

Եթե դիտարկենք միայն մարտի տվյալները, աճն ավելի տպավորիչ է` 145%, կամ 2.5 անգամ։

Ամեն պատգամավոր ամսական լրացուցիչ 50 000 դրամ է ստանում. ի՞նչ է առաջակում Ուրիխանյանը

Զարմանալի չէ, եթե հիշենք, որ անցած գարնանը արտասահմանի բոլոր ճանապարհները փակ էին (հունվար–մարտի տվյալները դեռ չեն հրապարակվել, աղբյուրը ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի ղեկավար Արմեն Նուրբեկյանի բանավոր հաղորդումն է)։

Արդեն իսկ հրապարակված հունվար–փետրվար ամսվա տվյալներով` ԱՄՆ–ից դրամական փոխանցումներն աճել են գրեթե կրկնակի` 22–ի փոխարեն՝ 42 մլն դոլար։

Մասամբ դա կարող է կապված լինել դրամական աջակցության ծրագրերի հետ, որոնք իրականացնում էր Թրամփի վարչակազմն ու շարունակում է Բայդենինը։ ԱՄՆ–ում բնակվող ու այդ օգնությունից օգտվող հայերից շատերը գումարի մի մասն ուղարկում են Հայաստանում գտնվող հարազատներին։ Բնականաբար, Լատինական Ամերիկայի երկրների դեպքում այդ հոսքերն ավելի մեծ են, սակայն փոքր մասը նաև Հայաստան է գալիս։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտին ԱՄՆ բնակիչներն արդեն երրորդ անգամ ֆինանսական աջակցություն ստացան 1400 դոլարի չափով (մեկ մարդու հաշվարկով)։ Մեծ վստահությամբ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ–ում բնակվող հայերը գոնե 100-200–ական դոլար տուն կուղարկեն։

Եվ պետական աջակցությունը

Դրա հետ մեկտեղ ծախսերի աճին կօգնի նաև պետական աջակցությունը։ Առնվազն մինչև 2021 թվականի վերջ կառավարությունը կպահպանի տնտեսության աջակցման միջոցները (հատկապես գյուղատնտեսության համար)։ Արտոնյալ վարկերը (իսկ առանձին դեպքերում` նույնիսկ ծախսերի մասնակի փոխհատուցումը) կօգնեն գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկա, անասուն և սերմ ձեռք բերել։

66
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), եկամուտ, ծախս, աշխատավարձ, Հայաստան
Ըստ թեմայի
ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Պետք է պատվաստվել, որպեսզի ՀՀ–ում գումարն ավելանա. պարզաբանում է ԿԲ ղեկավարը
Արա Քառյան

Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

52
(Թարմացված է 16:09 11.05.2021)
Պետությունը բանկերին սուբսիդավորել է բիզնեսի և ֆերմերների վարկերի տոկոսավճարները։ Բանկերը ստացել են երաշխավորված հասույթ, ուստի տրամաբանական է, որ դրանից վճարեն ավելի բարձր հարկ։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանի բանկերի պետք է հավելյալ հարկ վճարեն COVID-ի հակաճգնաժամային վարկերից։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք հայտնեց «Լոգիկա» հետազոտական կենտրոնի նախագահ, ԵՊՀ և ՌՀՀ դոցենտ Արա Քառյանը։

Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում պետությունը տրամադրել է տնտեսությանը շուրջ 240 միլիարդ դրամ, որից մոտ 80–ը բաժին է հասել բանկերին`որպես վարկերի տոկոսների սուբսիդավորում։

«Աջակցության շահառու են դառնում նաև բանկերը։ Պետությունը նրանց փոխհատուցում է վարկառուի տոկոսավճարները, և արդյունքում բանկերը ստանում են երաշխավորված տոկոսային եկամուտ։ Եթե այդպես է, ապա թող պետությունը նաև ավելի բարձր հարկ գանձի այդ հասույթից ձևավորված շահույթից», - նշեց Քառյանը։

Նրա խոսքով` սա կարելի է համարել սոցիալական հարկ, քանի որ այն կօգնի միջոցների ավելի արդար վերաբաշխմանը։ Տնտեսագետն ընդգծեց` այսօր` տնտեսական լարված պայմաններում, սա էլ ավելի կարևոր է։

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

Նշենք` 2020–ին պետությունը տրամադրել է գյուղատնտեսական վարկերի տոկոսների սուբսիդավորում (այսինքն` ֆերմերների և ագրոբիզնեսի փոխարեն վճարում է վարկի տոկոսները)։ Անհատ գյուղատնտեսների փոքր վարկերի համար այս ծրագիրը կշարունակվի մինչև 2021-ի ավարտը։ Իսկ ագրոբիզնեսի և այլ ոլորտների ձեռնարկությունների համար անցյալ տարի նախատեսվել էին աջակցության մի քանի տեսակներ` սուբսիդավորումից բացի, նաև գրավի համաֆինանսավորում և արժութային տատանումների ռիսկի ֆինանսավորում։

Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

52
թեգերը:
վարկ, Բանկ, Հայաստան
Ըստ թեմայի
Ապրիլին հավաքագրվել են ռեկորդային հարկային եկամուտներ. Քերոբյանը տվյալներ է հայտնել
Գնաճն է պատճառը. տնտեսագետը բացատրել է, թե ինչի հաշվին են աճել հարկային մուտքերը
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Սուպերմարկետ

Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

90
Սննդամթերքի շուկայում առկա մոնոպոլիզացիան խեղդում է տնտեսությունը, սնանկացնում է մարդկանց և ոչնչացնում փոքր բիզնեսը Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանում սննդամթերքի կտրուկ թանկացումը հարուցում է փորձագիտական շրջանակների անհանգստությունը։ Բնակչության իրական եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետևողականորեն թանկանում են։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` գնաճը նպաստում է քաղաքացիների հետագա աղքատացմանը։ 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 տոկոսով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 տոկոսով, մյուս ապրանքներինը` 8,5 տոկոսով։ Ռեկորդային գնաճի ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 տոկոս) և շաքարի (41 տոկոս) պարագայում։ Ապրիլի տվյալներով` ձուն թանկացել է 55,7 տոկոսով, մրգերը` 10,4 տոկոսով։

«Թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելացել, և այդ ամենին հակառակ` շարունակաբար աճում են գները։ Դա նշանակում է, որ անխուսափելիորեն տեղի կունենա բնակչության հետագա աղքատացում։ Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջին հերթին հարկ է նշել համաշխարհային շուկայում արձանագրված գնաճը, իսկ Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։  

Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով

Տնտեսագետի խոսքով` Հայաստանը պետք է ժամանակին մտածեր պարենային անվտանգությունն ապահովելու մասին, մինչդեռ վերջին տարիներին իշխող է եղել այն մոտեցումը, ըստ որի` ավելի հեշտ ու մատչելի է ներկրել, քան արտադրել տեղում։ Երկրի իշխանությունները նախորդ տարիներին անտեսեցին գյուղատնտեսության ոլորտը` նրան չհատկացնելով պատշաճ ուշադրություն։ Պարսյանն ընգծում է, որ ներկա գնաճը պայմանավորված է նաև գյուղատնտեսության անկմամբ։ Ներքին արտադրության ծավալներն ակնհայտորեն բավարար չեն, չօգնեցին նաև պետական սուբսիդավորման ծրագրերը։ Գործող կառավարությանը երբեք չի հետաքրքրել գյուղատնտեսական վարկերի արդյունավետությունը, վերոհիշյալ ծրագրերը կիրառվել են պարզապես նշումառության համար, ասում է տնտեսագետը։     

Փորձագետը նկատում է, որ անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման համար։ Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի։

Սուբյեկտիվ բնույթի մյուս պատճառն, ըստ Պարսյանի, սննդամթերքի շուկայում առկա մենաշնորհների առկայությունն է։ Ճգնաժամի պայմաններում շուկայի մոնոպոլիզացումն ավելի է բարդացնում իրավիճակը, և եթե նույնիսկ կա 1-2 տոկոս օբյեկտիվ արժեզրկում, մոնոպոլիզացիան կրկնապատկում ու եռապատկում է այդ արժեզրկումը։ 

Պարսյանը կարծիքով`ստեղծվել է աննորմալ իրավիճակ, երբ մթերքի մեծածախ ներկրողները զբաղված են նաև մանրախած առևտրով, ինչն աղճատում է շուկայի ընդհանուր պատկերը, և արդյունքում ամբողջական շղթան հայտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ստանում են գերշահույթ։  

Մոնոպոլիստներն առանձին դեպքերում իրականացնում են նաև դեմպինգ` աղքատացնելով և խաղից հանելով ավելի փոքր մրցակիցներին։ Որպես օրինակ, Պարսյանը վկայակոչում է ձվի գնի կտրուկ էժանացումը երկու տարի առաջ։ Այն ժամանակ գինը 60 դրամից հասավ 20 դրամի։ Գործող իշխանությունն այդ հանգամանքը ներկայացրեց որպես նվաճում, սակայն այդ դեմպինգի արդյունքում հարյուրավոր փոքր ֆերմերներ և արտադրողներ սնանկացան, հետևաբար՝ երբեք չի կարելի առաջնորդվել կարճաժամկետ շահերով և օգուտներով։ Նույնը կատարվեց նաև շաքարի պարագայում։ Այդ ապրանքատեսակի գնի իջեցումը նույնիսկ ներառվեց Հայաստանին առնչվող 100 ձեռքբերումների մեջ, որոնք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսյան ասուլիսի ժամանակ։ Այդուհանդերձ տեղի ունեցավ շուկայի վերջնական մոնոպոլիզացում, և այս տարվա ապրիլին շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 41 տոկոսով։     

«Կարող եմ հավաստել, որ համաշխարհային շուկայում շաքարի գինը 41 տոկոսով չի աճել»,– ասաց տնտեսագետը և հավելեց, որ հակամենաշնորհային կառույցներն այդ ֆոնին չեն ձեռնարկում շուկան կարգավորող քայլեր։

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերությունը ձվի գների վերաբերյալ որոշ գաղտնիքներ է բացել

90
թեգերը:
Սուրեն Պարսյան, թանկացում, Հայաստան, գին
Ըստ թեմայի
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը
Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

157
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

157
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին