Արխիվային լուսանկար

Գնաճի ֆոնին աշխատավարձերը նվազում են, տնտեսությունը` աճում. ի՞նչ է կատարվում Հայաստանում

212
(Թարմացված է 19:01 27.04.2021)
Ինչպես ու ինչի հաշվին է ապահովվում Հայաստանում գրանցվող տնտեսական աճը, և իրականում ինչ հիմքերի վրա է կազմվում պետական վիճակագրությունը։ Sputnik Արմենիան այս մասին զրուցել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում այս տարվա հունվար– մարտ ամիսներին դեռ չի հասել 2020թ–ի հունվար-մարտի ցուցանիշին։ Այս են վկայում ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերը, որոնց համաձայն, 2021թ–ի տնտեսական զարգացումը դեռ 2 տոկոսով հետ է 2020թ–ի մակարդակից։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, սակայն, լավատես է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ արդեն ապրիլ ամսվա ցուցանիշներով հայաստանյան տնտեսությանը կհաջողվի ոչ միայն հասնել, այլև անցնել 2020թ–ի հունվար- ապրիլ ամիսների ցուցանիշները։

Экономист Ваагн Хачатрян во время видеомоста Энергетика, транзит и грузооборот Закавказья (24 февраля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Տնտեսագետ Վահագն Խաչատրյան

«Այս պայմաններում (իհարկե, եթե արտակարգ որևէ իրադարձություն տեղի չունենա, ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն) այդ աճն արդեն երևում է»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետին ավելի շատ անհանգստացնում է ոչ թե տնտեսական աճի բուն ցուցանիշը, այլ դրա որոշ բաղադրիչներ։ Օրինակ` գների աճը։ Պաշտոնական տվյալներով` մարտին սպառողական գները բարձրացել են 5.2, արդյունաբերական արտադրանքի գները` 7.1 տոկոսով, այն դեպքում, երբ ԿԲ–ն 2021–ի համար գնաճի առավելագույն շեմ է սահմանել 4...+-1.5 տոկոս։

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` այս ցուցանիշով Հայաստանն արդեն վտանգավոր կրիտիկական սահմանում է։

«Եթե առանձնացնում ենք պարենային ապրանքները ընդհանուր սպառողական ու արդյունաբերական ապրանքներից, ապա միայն պարենային ապրանքների գներն արդեն շուրջ 9 տոկոս են։ Եվ սա արդեն խնդիր է Կենտրոնական բանկի ու կառավարության համար, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի կարողանան այդ գների ազդեցության հանգամանքը չեզոքացնել»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել. Փաշինյան

Կենսական կարևոր ապրանքների գնաճի ֆոնին Հայաստանում միաժամանակ կրճատվել են նաև բնակչության եկամուտները։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` նվազել են հատկապես մասնավոր ոլորտի աշխատավարձերը։ Եթե հունվարին դրանք միջինում կազմել են 206 451 դրամ, ապա փետրվարին եցել են 203 807 դրամ։

Պետական ոլորտում աշխատավարձերը, հակառակը, աճել են` 164 252 դրամից հասնելով 166 818 դրամի։ Աճը, սակայն համատարած չէ և մեծապես պայմանավորված է նվազագույն ու բազային աշխատավարձերի բարձրացմամբ։

Մասնավոր ոլորտում աշխատավարձերի նվազումը տնտեսագետը մեկնաբանում է կորոնավիրուսային ճգնաժամի առաջացրած բացասական հետևանքներով։

«Չմոռանանք, որ մեզ մոտ դեռևս երկու բնագավառ կա, որոնք ուշքի չեն եկել այդ շոկից։ Խոսքը տուրիզմի և հյուրանոցային տնտեսության հետ առնչվող սպասարկման ոլորտների մասին է։ Այս բնագավառները դեռևս գտնվում են խորը ճգնաժամի մեջ, նույնիսկ եթե շատ քիչ աշխուժություն կա, դա դեռ չի նշանակում, որ դրանք վերականգնվել են։ Այդ բնագավառների աշխատողներից շատերը հարկադրված արձակուրդ են գնացել, մի մասը նույնիսկ աշխատանքից ազատվել են։ Սրանով էլ պայմանավորված է հատկապես մասնավոր սեկտորում աշխատավարձերի նվազումը»,– ասաց Խաչատրյանը։

Գործազրկության, եկամուտների նվազման խնդրից բացի, կորոնավիրուսն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նաև աղքատության աճի պատճառ է դարձել։ Վահագն Խաչատրյանը հիշեցնում է, որ եթե 2019թ–ին (մինչև համավարակը) Համաշխարհային բանկի հաշվարկով Հայաստանում աղքատ էր յուրաքանչյուր 4-րդ մարդը, ապա 2020թ–ի զեկույցով աղքատությունը թերևս կհասնի արդեն 30 տոկոսի, ինչը նշանակում է, որ աղքատության գծից ներքև կհայտնվի արդեն յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին։

Այդուհանդերձ, Վահագն Խաչատրյանը լավատես է ու կարծում է, որ իրավիճակը դեռ անհուսալի չէ։ Նրա համոզմամբ` 2020թ–ից սկսած կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերը ևս նպաստել են, որ ճգնաժամը շատ չխորանա։ Իսկ դրանք այսօր էլ ընթացքի մեջ են, ու, տնտեսագետի դիտարկմամբ, շարունակում են արդյունք տալ։

212
թեգերը:
տնտեսություն, Վահագն Խաչատրյան, Հայաստան, աշխատավարձ, գնաճ
Ըստ թեմայի
ԿԲ նախագահը գնաճի վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել Արմեն Սարգսյանին
«Հակառակ դեպքում ես այսօր չէի գա». ԿԲ փոխնախագահը վստահեցրել է` գնաճը կառավարելի է
Արտաքին պարտքի ավելացումը՝ գնաճի «հարուցիչ». ինչո՞վ է զբաղված կառավարությունը
Սուպերմարկետ

Ինչով է պայմանավորված սննադամթերքի գնաճը. պարզաբանում է տնտեսագետը

83
Սննդամթերքի շուկայում առկա մոնոպոլիզացիան խեղդում է տնտեսությունը, սնանկացնում է մարդկանց և ոչնչացնում փոքր բիզնեսը Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Հայաստանում սննդամթերքի կտրուկ թանկացումը հարուցում է փորձագիտական շրջանակների անհանգստությունը։ Բնակչության իրական եկամուտները մնացել են նույնը, մինչդեռ առաջին անհրաժեշտության ապրանքները հետևողականորեն թանկանում են։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով` գնաճը նպաստում է քաղաքացիների հետագա աղքատացմանը։ 

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականի ապրիլից կյանքը Հայաստանում թանկացել է 6,2 տոկոսով, իսկ 2021 թվականի մարտից հետո` 1,3 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ` սննդամթերքի գներն աճել են 8,3 տոկոսով, մյուս ապրանքներինը` 8,5 տոկոսով։ Ռեկորդային գնաճի ցուցանիշ է գրանցվել բուսական յուղի (73,5 տոկոս) և շաքարի (41 տոկոս) պարագայում։ Ապրիլի տվյալներով` ձուն թանկացել է 55,7 տոկոսով, մրգերը` 10,4 տոկոսով։

«Թոշակներն ու աշխատավարձերը չեն ավելացել, և այդ ամենին հակառակ` շարունակաբար աճում են գները։ Դա նշանակում է, որ անխուսափելիորեն տեղի կունենա բնակչության հետագա աղքատացում։ Ներկա գնաճն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։ Առաջին հերթին հարկ է նշել համաշխարհային շուկայում արձանագրված գնաճը, իսկ Հայաստանը լինելով ներկրող երկիր` ուղղակիորեն կախված է համաշխարհային գների տատանումից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։  

Գներն աճել են, առևտուրը` նվազել. 2021թ–ի կյանքը` թվերով

Տնտեսագետի խոսքով` Հայաստանը պետք է ժամանակին մտածեր պարենային անվտանգությունն ապահովելու մասին, մինչդեռ վերջին տարիներին իշխող է եղել այն մոտեցումը, ըստ որի` ավելի հեշտ ու մատչելի է ներկրել, քան արտադրել տեղում։ Երկրի իշխանությունները նախորդ տարիներին անտեսեցին գյուղատնտեսության ոլորտը` նրան չհատկացնելով պատշաճ ուշադրություն։ Պարսյանն ընգծում է, որ ներկա գնաճը պայմանավորված է նաև գյուղատնտեսության անկմամբ։ Ներքին արտադրության ծավալներն ակնհայտորեն բավարար չեն, չօգնեցին նաև պետական սուբսիդավորման ծրագրերը։ Գործող կառավարությանը երբեք չի հետաքրքրել գյուղատնտեսական վարկերի արդյունավետությունը, վերոհիշյալ ծրագրերը կիրառվել են պարզապես նշումառության համար, ասում է տնտեսագետը։     

Փորձագետը նկատում է, որ անցյալ տարի շատ ֆերմերներ վերցրել էին անտոկոս վարկեր, սակայն այդ միջոցները ծախսվել են կենցաղային կարիքների, այլ ոչ թե արտադրության զարգացման համար։ Եթե ներդրումները լինեին հասցեական ու նպատակային, ապա գյուղատնտեսության ոլորտում նման անկում չէր գրանցվի։

Սուբյեկտիվ բնույթի մյուս պատճառն, ըստ Պարսյանի, սննդամթերքի շուկայում առկա մենաշնորհների առկայությունն է։ Ճգնաժամի պայմաններում շուկայի մոնոպոլիզացումն ավելի է բարդացնում իրավիճակը, և եթե նույնիսկ կա 1-2 տոկոս օբյեկտիվ արժեզրկում, մոնոպոլիզացիան կրկնապատկում ու եռապատկում է այդ արժեզրկումը։ 

Պարսյանը կարծիքով`ստեղծվել է աննորմալ իրավիճակ, երբ մթերքի մեծածախ ներկրողները զբաղված են նաև մանրախած առևտրով, ինչն աղճատում է շուկայի ընդհանուր պատկերը, և արդյունքում ամբողջական շղթան հայտնվում է մի խումբ մարդկանց ձեռքում, ովքեր ստանում են գերշահույթ։  

Մոնոպոլիստներն առանձին դեպքերում իրականացնում են նաև դեմպինգ` աղքատացնելով և խաղից հանելով ավելի փոքր մրցակիցներին։ Որպես օրինակ, Պարսյանը վկայակոչում է ձվի գնի կտրուկ էժանացումը երկու տարի առաջ։ Այն ժամանակ գինը 60 դրամից հասավ 20 դրամի։ Գործող իշխանությունն այդ հանգամանքը ներկայացրեց որպես նվաճում, սակայն այդ դեմպինգի արդյունքում հարյուրավոր փոքր ֆերմերներ և արտադրողներ սնանկացան, հետևաբար՝ երբեք չի կարելի առաջնորդվել կարճաժամկետ շահերով և օգուտներով։ Նույնը կատարվեց նաև շաքարի պարագայում։ Այդ ապրանքատեսակի գնի իջեցումը նույնիսկ ներառվեց Հայաստանին առնչվող 100 ձեռքբերումների մեջ, որոնք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսյան ասուլիսի ժամանակ։ Այդուհանդերձ տեղի ունեցավ շուկայի վերջնական մոնոպոլիզացում, և այս տարվա ապրիլին շաքարավազի գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեց 41 տոկոսով։     

«Կարող եմ հավաստել, որ համաշխարհային շուկայում շաքարի գինը 41 տոկոսով չի աճել»,– ասաց տնտեսագետը և հավելեց, որ հակամենաշնորհային կառույցներն այդ ֆոնին չեն ձեռնարկում շուկան կարգավորող քայլեր։

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերությունը ձվի գների վերաբերյալ որոշ գաղտնիքներ է բացել

83
թեգերը:
Սուրեն Պարսյան, թանկացում, Հայաստան, գին
Ըստ թեմայի
Համաշխարհային շուկայում նորից գնաճ է նկատվում. Հայաստանն անմասն մնալ չի կարող. ԿԲ նախագահ
Գնաճի հարցում բնակչության սպասումները լավատեսական չեն. ի՞նչ է անում Կենտրոնական բանկը
Առաջին անհրաժեշտության ապրանքների նվազումը լրացուցիչ խթան է գնաճի համար. տնտեսագետ
Ցեմենտի գործարան

Կառավարությունը փորձում է փրկել «Հրազդանցեմենտը», ԱԺ–ն առաջարկում է չխանգարել մյուսներին

73
(Թարմացված է 14:29 07.05.2021)
Հայաստանում շինարարության ծավալները նվազել են, բայց ցեմենտի արտադրությունն աճել է։ Իշխանությունը չի հերքում` ոլորտում ստվեր եղել է ու կա։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ցեմենտի արտադրության հումքի` կլինկերի ներկրումն առաջիկայում  մի փոքր կթանկանա։ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն այսօր Ազգային ժողովում ներկայացնելիս` հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ օրենքի փոփոխությունն ուղղված է տեղական ցեմենտի արտադրությունը խթանելուն ու մասնավորապես հայաստանյան արտադրողներից մեկին սնանկացումից փրկելուն։

«Անցած տարի արված փոփոխությունների արդյունքում «Հրազդանցեմենտը» արտադրության ծավալները 3 անգամ ավելացրել է, բայց վնասներն էլ է 3 անգամ ավելացրել։ Իրենց հարկային վնասը 900 մլն դրամից 2.2 մլրդ դրամի է հասել։ Եվ, ըստ էության, այն այսօր գտնվում է սնանկացման եզրին։ Այն առաջարկը, որին մենք համաձայնել ենք, չի փրկելու ընկերությանը»,– ասաց Քերոբյանը`  նշելով, որ հարկավոր է այլ միջոց գտնել  ընկերությունը փրկելու համար։

Հիշեցնենք` կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ցեմենտի տուրքը նախկինում գործող 14 000 դրամից հասցնել 25 000–ի, իսկ ցեմենտի հումքինը՝ կլինկերինը, որն առ այսօր անվճար էր, սահմանել 9 000 դրամ` 1 տոննայի դիմաց:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում, սակայն, կառավարության առաջարկը չեն ընդունել` մտավախությամբ, որ դա կարող է վնասել տեղական արտադրողներին։

Փոխարենը պատգամավորներն առաջարկում են տուրքերը թողնել նախկին չափերով ու երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, քանի որ այն արդեն ավարտվել է 2020թ–ի դեկտեմբերին ու հունվարի 1-ից թե՛ ցեմենտը, թե՛ կլինկերը դարձյալ ներկրվում են անվճար։

«Մենք համոզված ենք, որ ցեմենտի 25000 տուրքը փակելու է իրանական ցեմենտի մուտքը։ Իսկ կլինկերի 9000 տուրքի դեպքում «Շինցեմենտ» ընկերությունն ուղղակի դուրս է մղվելու շուկայից»,– ԱԺ նիստում կարծիք հայտնեց տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ի դեպ, պաշտոնական թվերով` 2020 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության պատկերը հետևյալն է. 500 000 տոննա` «Արարատցեմենտ», 100 000 տոննա՝ «Շինցեմենտ», 100 000 տոննա՝ «Հրազդանցեմենտ», 200 000 տոննա՝ Իրանից ներմուծված ցեմենտ։

«Եթե ուզում ենք «Հրազդանցեմենտը» փրկենք, էկոնոմիկայի նախարարությունն ազատ է փրկության տարբեր ծրագրեր մշակելու հարցում, բայց դա չպիտի խանգարի մյուս ընկերություններին ու շուկայից դուրս թողնի ավելի փոքրերին»,– ասաց Թունյանը։

Պաշտոնական վիճակագրությունը հետաքրքական է նաև այն տեսակետից, որ Հայաստանում շինարարության ծավալները նվազել են, բայց ցեմենտի արտադրությունն աճել է։ Այս առիթով Թունյանը համոզմունք հայտնեց, որ նախկինում այս ոլորտում շատ մեծ ստվեր է եղել, որը կրճատվել է։

Այս դիտարկմանը համաձայնեց նաև Վահան Քերոբյանը, բայց չբացառեց, որ ոլորտում այսօր էլ ստվեր կա։

Made in Armenia QR կոդով հողաթափեր` Ռուսաստանի համար. հայ գործարարների կյանքը հեշտացել է

Այսպես, Հայաստանում ցեմենտի սպառման ծավալները 2018 թվականին կազմել են 727 300 տոննա, որից 546 300 տոննան արտադրվել է Հայաստանում, 181 000 տոննան` ներմուծվել: 2019 թվականին պետտուրքի բարձրացման արդյունքում Հայաստանում արտադրվել  է 582 100 տ` աճելով 11.2%-ով, իսկ 2020-ին՝ 21%-ով։

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

73
թեգերը:
Բաբկեն Թունյան, Վահան Քերոբյան, ԱԺ, ցեմենտ, Հայաստան
Շտապօգնության ավտոմեքենա

Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել. տեսանյութ

16
(Թարմացված է 11:32 11.05.2021)
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:

Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 9 զոհ կա, 12 տուժած, չորսը վերակենդանացման բաժանմունքում են։

Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադ։ Թաթարստանի կրթության նախարարության նախնական տվյալներով՝ Կազանի դպրոցում հրաձգության հետեւանքով տուժածների թվում երեխաներ չկան:

16
թեգերը:
Զոհ, կրակոց, դպրոց, Կազան