Վարդան Արամյան

Արամյանը ճիշտ էր, կառավարությունը սխա՞լ. նախկին նախարարը ողջունում է գործադրի նոր միտքը

499
(Թարմացված է 21:50 08.04.2021)
Վարդան Արամյանի խոսքով` գործող կառավարությունն ամենաբարձր ատյաններից հայտարարում էր, որ եկամտահարկի վերադարձով բնակարանների գնման ծրագիրը լավն է ու պիտի շարունակվի, մեկ էլ քնից վեր են կենում, ասում` չէ, սա լավ ծրագիր չի։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ողջունում է եկամտային հարկի վերադարձման մասին օրենքի վերաբերյալ ՀՀ կառավարության հայտնած դիրքորոշումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա այսպես գնահատեց ֆինանսների փոխնախարար Արամ Պողոսյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը։

«Նախ ես ողջունում եմ, որ կառավարությունը, թեև ուշացումով, բայց ի վերջո գիտակցել է, որ դա խնդիր է։ Ես չեմ ուզում անձնավորել, բայց կառավարության շատ բարձր պաշտոնյաներ ժամանակին մեկը մյուսի հետևից ներկայացնում էին, որ սա հոյակապ ծրագիր է, այն պետք է իրականացնել։ Մեկ էլ 2-3 տարի հետո պատահաբար կառավարության ղեկավարի մոտ ի հայտ է գալիս միտք, թե` չէ, սա ոնց որ լավ ծրագիր չէ։ Պրոբլեմը այս ժամանակի կորուստն էր»,– ասաց Արամյանը։

Նախկին նախարարը հիշեցրեց, որ 2015-16թթ–ին եկամտահարկի վերադարձի ծրագիրը ներդրվեց շինարարական ոլորտին որոշակի խթան հաղորդելու համար, քանի որ շինարարական ոլորտը ու հատկապես բնակարանային շինարարությունը, Արամյանի բնորոշմամբ, 2009թ.–ի շինարարական բումից ու դրան հաջորդած տնտեսական ճգնաժամից հետո «խելքի չէր գալիս»։

2014թ.–ին կիրառված օրենքն Արամյանը համեմատում է բժշկական ասեղի հետ` նշելով, որ այն իսկապես հզոր խթան դարձավ ոլորտի զարգացման համար։ Բայց թե՛ այսօր, թե՛ ֆինանսների նախարարի պաշտոնում` 2016 — 2018թթ–ին, Վարդան Արամյանը պարբերաբար զգուշացնում էր` այդ խթանի տևական կիրառումը վտանգավոր է պետության ու տնտեսության համար։

«Քանի որ այդ ասեղը շատ մեծ իմպուլս տվեց, մենք նպատակ ունեինք որքան հնարավոր է շուտ դուրս գալ դրանից»,– ասում է Արամյանը։

Այդուհանդերձ, ինչպես նախորդ, այնպես էլ գործող կառավարությունն առ այսօր դեռ չեն վերանայել եկամտահարկի վերադարձի մասին օրենքը։

Տնտեսական բաղադրիչից զատ այս նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ էր ենթադրում. այն պետք է աջակցեր ՀՀ միջին եկամուտներ ունեցող քաղաքացիներին նորակառույց բնակարանների գնման հարցում։ Իսկ որպեսզի ծրագիրը թիրախային լինի, դրա գործարկումից 3 տարի անց` 2017թ–ին, կառավարությունը որոշեց սահմանափակել բնակարանների գինը` եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկ ստանալու իրավունք սահմանելով միայն մինչև 55 մլն դրամ արժողությամբ բնակարաններ գնողների համար։

Իշխանությունն ուզում է հրաժարվել հիփոթեքի դեպքում եկամտահարկը վերադարձնելու ծրագրից

Բայց նույնիսկ այս սահմանափակման պարագայում Վարդան Արամյանը դրա սոցիալական բաղադրիչին թերահավատորեն է վերաբերում։

«Օրինակ` կարո՞ղ են Հայաստանում ամենաբարձր եկամուտ ունեցող մարդիկ` Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, օգտվեն այդ գործիքից։ Իհարկե կարող են։ Դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ես էլ ասում եմ` ինձ ներկայացրեք վիճակագրություն` այս բնակարան գնողներից քանիսն են պատկանում կոնկրետ սոցիալական խմբերի»,–ասում է Արամյանը։

Նման վիճակագրություն կա՛մ չի տարվել, կա՛մ չի հրապարակվել։ Այդուհարդերձ, ՀՀ ֆինանսների փոխնախարարն ապրիլի 7-ին ԱԺ–ում չէր թաքցրել, որ ծրագրի սոցիալական արդյունքները կառավարությանը չեն գոհացնում։

Դատելով փոխնախարարի խոսքից` ծրագրի տնտեսական արդյունքից ևս կառավարությունում անհանգստացած են։ Պաշտոնական տվյալներով` ծրագրի գործարկման առաջին տարում` 2014–2015թ–ին, պետական բյուջեից վերադարձված եկամտահարկը կազմել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Ընդ որում, հաշվի առնելով, որ հիփոթեքային պայմանագրերը կնքվել են հիմնականում 20 տարով, եթե անգամ այս տարի կառավարությունը հրաժարվի այս գործիքից, առաջիկա 19 տարիներին պետական բյուջեն շարունակելու է կրել այդ 13.3 մլրդ դրամի բեռը։

«Հանրային միջոցներն անսահմանափակ չեն և պետք է խիստ նպատակային օգտագործվեն: Հետևաբար կա՛մ փաստում ենք, որ մենք հատուկ տնտեսական գործիք ենք կիրառում և օժանդակում ոչ արտահանելի հատվածին, կա՛մ այս գործիքը վերաիմաստավորում ենք, որպեսզի իրապես թիրախավորենք որևէ սոցիալական խնդիր և խումբ»,– նշում է Վարդան Արամյանը` հավելելով, որ այս օրենքի տրամաբանությամբ, երբ ՀՀ քաղաքացիների մի մասը հարկեր են վճարում, որպեսզի պետությունը դրանով նպաստներ, թոշակներ վճարի, սոցիալական այլ խնդիրներ լուծի, մյուսները, որոնց աշխատավարձը միջինից բարձր է, քանի որ բավարարում է հիփոթեքային վարկ ստանալու համար, պետբյուջեից գումար են ստանում, որպեսզի վճարեն իրենց վարկի տոկոսները։

Ով կօգտվի կառավարության սահմանած նոր ծառայությունից. բարձրաստիճան պաշտոնյաները շահառու չեն

Վերադառնալով կառավարության «ուշացած» մտադրությանը` Արամյանը, թեև ողջունում է այն, բայց միաժամանակ նաև որոշ մտավախություն է հայտնում` դրա հնարավոր տնտեսական հետևանքների մասին։ Խոսքը մասնավորաեպես վերաբերում է կառուցապատող ընկերություններին, որոնք իրենց բիզնես ծրագրերն արդեն կազմել են այս գործիքը հաշվի առնելով։

«Բնակարանային շինարարության մեջ զբաղված տնտեսվարողը կառավարությունից ազդակ է ստանում, որ գնա ունեցվածքը գրավ դնի, վարկ վերցնի, նախագիծ կազմի, շինարարություն սկսի, ասում է` ես օգնելու եմ, որ դուք ձեր կառուցած բնակարանները վաճառեք։ Մեկ էլ պահի տակ քնից վեր են կենում, ասում` չէ,  սա լավ ծրագիր չի, Արամյանը ոնց որ թե ճիշտ էր ասում»,– նշում է Արամյանը։

Կառուցապատման ոլորտը հերթական անգամ չկործանելու համար նախկին նախարարը գործող իշխանությանը խորհուրդ է տալիս նախքան որոշում կայացնելը դրա շուրջ մանրամասն խորհրդակցություններ անցկացնել կառուցապատող ընկերությունների հետ։

«Անշարժ գույքի բորսա» ընկերության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ որոշումը շինարարության տեմպերի վրա իհարկե կանդրադառնա, և առաջնային շուկայի բնակարանային պահանջարկը կարող է նվազել։ «Հիմա շատերի մոտ գրեթե զրոյական կամ աննշան են հիփոթեքի տոկոսների վճարումը եկամտահարկի վերադարձի շնորհիվ։ Այս միջոցը խթան էր բնակչության համար նորակառույց շենքերում բնակարան գնելու, ու կարծես մի տեսակ նորաձև էր դարձել է անշարժ գույք ձեռք բերել առաջնային շուկայից»,–ասում է նա։

Պրիբիլսկին նշում է, որ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ շինարարությունը տևում է 2-3 տարի։ Այսինքն` առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մեծ թվով շենքեր կկառուցվեն, և կառուցապատողներն էլ դրանք նախաձեռնել են հաշվի առնելով, որ եկամտահարկի վերադարձի օրենքի շնորհիվ դրանք հեշտությամբ կվաճառեն։

Նրա կարծիքով` շատերն այլևս չեն կարող վարկեր վերցնել կամ շատ զգուշությամբ կդիմեն այդ քայլին։

Բարձր է հատկապես նորակառույց շենքերի պահանջարկը. Էդուարդ Ապրիյան

Հիշեցնենք` ապրիլի 7-ին  ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը  հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում, կան շատ ավելի այլ առաջնահերթություններ:

Ֆինանսների փոխնախարարը հայտնել էր, որ համակարգի վերանայման դեպքում այն քաղաքացիները, ովքեր արդեն օգտվում են եկամտահարկի վերադարձման գործող կարգից, կշարունակեն օգտվել դրանից մինչև իրենց հիպոթեկային պայմանագրերի ավարտը։

Նշենք, որ եկամտահարկի վերադարձի որոշումը հիփոթեքային վարկավորման պարագայում ընդունվել է 2015թ–ին և տարածվել 2014թ–ի նոյեմբերի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

499
թեգերը:
Վարդան Արամյան, Հիփոթեքային վարկ, բազմաբնակարան շենք, բնակարանաշինություն, բնակարան
Ըստ թեմայի
Ստեփանակերտում կառուցվող շենքի բնակարանները կտան Շուշիից ու Հադրութից տեղահանվածներին
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` արցախցի քանի ընտանիք է սպասում բնակարան ստանալու իր հերթին
Կառավարության նիստ. արխիվային լուսանկար

Բյուջեի կատարողականի բեմականացումը, կամ բոլորը մեղավոր են, բացի իրական պատասխանատուից

49
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է 2020թ–ի բյուջեի կատարողականը։ Նրա խոսքով` համավարակը, պատերազմը, կառավարման ձախողումն ու անլուրջ վերաբերմունքն են հանգեցրել բյուջեի դեֆիցիտի 2 անգամ ավելացման, պարտքն էլ գերազանցել է ՀՆԱ–ի 63%-ը։ ։

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

Կառավարության այսօրվա նիստում ներկայացված 2020թ.–ի բյուջեի կատարողականը հաջորդ շաբաթ ԱԺ–ում  սպասվող բեմականացման սեղմագիրն էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։

«Լինելու է բեմականացում` լուրջ դեմքերով։ Մեղավորները լինելու են միջազգային շուկաները, COVID-ը, պատերազմը, մի խոսքով` բոլոր բոլորը, բացի իրական և թիվ մեկ պատասխանատուից` կառավարությունից»,– ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն  այսօրվա նիստում հավանության արժանացրեց 2020թ–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և մինչև մայիսի 1-ն այն կներկայացնի ԱԺ–ի քննարկմանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանը կարողացել է դիմակայել 2020թ–ի կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի տնտեսական հետևանքներին` շնորհիվ 2019թ.–ի տնտեսական ցուցանիշների։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե նախատեսված էր»,– ասաց Ջանջուղազյանը` շեշտելով, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Թադևոս Ավետիսյանը նկատում է, որ 2019թ–ի ցուցանիշները գովերգելով` Ֆինանսների նախարարը մոռացավ նշել, որ 2019թ–ը նաև 2017-18թթ–ի տնտեսական իրողությունների տրամաբանական շարունակությունն էր։ Իսկ համավարակի հետևանքների մասին խոսելիս` Ջանջուղազյանը չասաց, որ մեր տնտեսական անկումը համաշխարհային անկման միջին մակարդակից 2-2.5 անգամ ավելի մեծ էր, և որ կառավարությունը տապալել է հարկային եկամուտների հավաքագրումը շուրջ 16 տոկոսով։

Հայոց եղեռնի հիշատակի ռեքվիեմները բյուջեով չեն նախատեսվել. գործադիրն ուղղում է սխալը

«Համավարակի դեմ պայքարին, կարելի է ասել` մատների արանքով նայեցին, կատակով, ծիծաղով, հեգնանքով։ Ասվում էր, թե COVID–ը կհաղթահարենք օղիով, պինցետով։ Այդ պահին լսողին կթվար, թե էդ COVID–ն եկել է ՀՀ տնտեսությունը փրկելու»,– ասաց Ավետիսյանը` հավելելով, որ այս անլուրջ վերաբերմունքի արդյունքում կառավարությունը կորցրեց համավարակի տարածումը կանխելու պահը, իսկ հետ արդեն ստիպված էր շատ ավելի մեծ ծախսեր անել` պայքարելով արդեն առկա հետևանքների դեմ։

«Դրանք բոլորը ոտքի վրա արված ծրագրեր են, որտեղ չկային ազդեցության գնահատման հստակ ցուցիչներ։ Ավելի շատ տվյալ պահին քաղաքական դրդապատճառներով ծրագրեր էին հռչակվում, փող էր դրվում, ծախսվում, հիշում եք, երևի, գումարը տրվում էր, հետո դիմում էին, թե` հետ վերադարձրեք, սխալվել ենք։ Կամ տարբեր ծրագրեր կային, որոնք բարդ սխեմաներ ունեին, ասենք` 1 դրամի հարկային պարտք ունեցողը չէր կարող օգտվել ծրագրից և այլն»,– ասաց տնտեսագետը։

Համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրերի վրա 2020թ.–ին 200 մլրդ դրամից ավելի գումար է ծախսվել, որը պետական ծախսերի ավելի քան 10 տոկոսն է։ Բայց Թադևոս Ավետիսյանը նկատում է, որ կառավարության նիստում այդ գումարների ու դրանց ծախսի արդյունավետության մասին անգամ չհիշատակվեց։

Ինչևէ, տնտեսագետի գնահատմամբ, համավարակը, պատերազմը, կառավարման ձախողումն ու անլուրջ վերաբերմունքը միասին հանգեցրին պետական բյուջեի եկամուտների կրճատման, ծախսերն էլ իրականացվեցին պարտքի ավելացման հաշվին։ Արդյունքում բյուջեի դեֆիցիտը նախատեսվածից 2 անգամ ավելացավ, կառավարության պարտքն էլ գերազանցեց ՀՆԱ–ի 63 տոկոսը։

Հայաստանի պետական պարտքն ավելացել է 647,2 մլն դրամով

Ֆինանսների նախարարն այսօր վստահեցրեց, որ կառավարությունը կձգտի առաջիկա 5 տարիներին պարտքը վերադարձնել 60 տոկոսի շեմին։

Թադևոս Ավետիսյանը կառավարության այս խոստմանը հակադարձում է նախկինում հնչած այլ խոստումներով։

«Իրենց կառավարման պարագայում դա այնքանով է հնարավոր, որքանով, օրինակ, հնարավոր է, որ մենք 2050թ.–ին կունենանք 5 մլն բնակչություն, որ մեր ՀՆԱ–ն 15 անգամ կավելանա, միջին աշխատավարձն էլ կյոթնապատկվի։5 տարի հետո ով մահանա, ով կենդանի մնա»,– ասում է տնտեսագետը` ֆինանսների նախարարին հիշեցնելով, որ 2021թ–ի բյուջեով պարտքը ոչ միայն չի նվազում, այլև մոտենում է 70 տոկոսին։

«Որքան էլ, որ թվեր բերեն, ակնհայտ է, որ սոցիալ–տնտեսական խնդիրները խորանում են, և դա է վկայում նաև ՀԲ վերջին հաշվետվությունը, որտեղ 2020թ.–ի աղքատության աճը 7 տոկոսային կետով է գնահատված։ Այսինքն` սա լուրջ թիվ է, որովհետև, եթե 26 տոկոս աղքատություն ունենք, 7 տոկոսով էլ ավելանա, ստացվում է, որ ամեն երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է»,– ասում է տնտեսագետը։

Թադևոս Ավետիսյանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ կառավարության նիստում չհիշտակվեց նաև այն փաստը, որ 2020թ.–ի պետական բյուջեն տարվա ընթացքում արդեն իսկ երկու անգամ վերանայվել էր։ Այսպես. եթե ի սկզբանե բյուջեի եկամուտները նախատեսված էին 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ծախսերը`  1 տրլն 880.2 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը` 182.6 մլրդ դրամ, ապա հոկտեմբերին կատարված վերջին փոփոխությամբ  ծախսերը նվազեցվեցին 60 մլրդ–ով` սահմանելով 1 տրլն 637 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը մեծացվեց 300 մլրդ–ով` հասցվելով 459 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ այսօր ներկայացված բյուջեի կատարողականով եկամուտները 2020թ.–ին կազմել են 1 տրլն 560 մլրդ,  ծախսերը` 1 տրլն 894 մլրդ, դեֆիցիտը` 334 մլրդ դրամ։

49
թեգերը:
Պատերազմ, կորոնավիրուս, ՀՆԱ (համախառը ներքին արդյունք), պարտք, բյուջե, ՀՀ կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
 «Թուրքիայի սահմանը բացելու դեպքում տնտեսական բումը լեգենդ է»․ Սարո Սարոյան
Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին
Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյան, Ատոմ Ջանջուղազյան. արխիվային լուսանկար

Պարտքն անցել է 63 %-ից, դեֆիցիտը`կրկնակի ավելացել. գործադիրը հաստատեց բյուջեի կատարողականը

163
(Թարմացված է 16:33 22.04.2021)
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, նշեց, որ 2019թ–ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը 2020թ–ին կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 560 655 340 800 դրամ, ծախսերը` 1 894 647 093 400 դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 991 752 600 դրամ:

Այս ցուցանիշներն այսօր հաստատվել են ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, նշեց, որ 2019թ.–ի տնտեսական ցուցանիշների շնորհիվ Հայաստանը 2020թ–ին կարողացել է դիմակայել կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին։

«Արդյունքում մենք ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ի սկզբանե նախատեսված էր։ Բյուջեով նախատեսված էր մոտավորապես 161 մլրդ դրամ, փաստացի մենք ունեցանք շուրջ 334 մլրդ դրամ»,– ասաց Ջանջուղազյանը` շեշտելով, որ սա այն գինն է, որը կառավարությունը վճարել է կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի տնտեսական հետևանքները մեղմելու համար։

Ավելացել է նաև կառավարության պարտքը։ 2020թ–ին կառավարության պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 63.5 տոկոս, այն դեպքում, երբ 60 տոկոսը համարվում է արդեն ռիսկային ցուցանիշ պետության համար։

Ֆինանսների նախարարն արձանագրեց, որ կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնա 60 տոկոսից  ցածր շեմին։

Ռուսաստանի տնտեսության վերելքը ձեռնտու է Հայաստանին. փորձագետը` Պուտինի ուղերձի մասին

Իսկ բյուջեի կատարողականը, չնայած այս բոլոր ցուցանիշների փոփոխություններին, կառավարությունը հաստատեց և առաջիկայում` մինչև մայիսի 1-ը կներկայացնի նաև ԱԺ–ի քննարկմանը։ Բանն այն է, որ ՀՀ սահմանադրական և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:

163
թեգերը:
տնտեսություն, Ատոմ Ջանջուղազյան, բյուջե, Հայաստան
Ըստ թեմայի
Շիրակում կեղծ դիպլոմներ են տվել, երեխաներին հիվանդանոցում գրանցել և բյուջեից փող հափշտակել
Հայոց եղեռնի հիշատակի ռեքվիեմները բյուջեով չեն նախատեսվել. գործադիրն ուղղում է սխալը
Որքան գումար է կորցնում ՀՀ բյուջեն Ամանորի պատճառով
Արխիվային լուսանկար

Երևանում և մարզերից 5–ում ժամեր շարունակ էլեկտրական հոսանք չի լինելու

0
(Թարմացված է 09:18 23.04.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի,

10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի,

13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի,

13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի,

10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,

Տավուշի մարզում՝

11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,

Սյունիքի մարզում՝

10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ,

12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց,

14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

0
թեգերը:
Մարզ, Երևան, Լույս, Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ)
Ըստ թեմայի
Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան
Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը