Բենզալցակայան

Ադրբեջանից բենզի՞ն է ներկրվում. տնտեսագետը բենզինի գնաճի հիմնավորումներին չի հավատում

294
(Թարմացված է 19:38 25.03.2021)
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ, բացասական միտումը պայմանավորված է ՀՀ-ում վառելիքի շուկայի մենաշնորհացման բարձր աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը վերլուծել է հայաստանյան բենզինի շուկայի 2020-2021թթ․ գնաճը և ներկայացրել իր հակափաստարկները ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին:

Տնտեսագետը փաստում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2019թ-ի համեմատ 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 և 0,8 տոկոսներով՝ միաժամանակ փաստելով, որ այդ ժամանակահատվածում ՀՀ դրամի փոխարժեքը կայուն էր, իսկ միջազգային շուկաներում 2019թ․ վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։

«Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ, բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների»,- փաստում է Ավետիսյանը:

Նա նաև նշում է, որ բենզինի շուկայի ուսումնասիրություն կատարելով, ՏՄՊՊՀ-ն դիտարկել է միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները: Արդյունքում՝ խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ամիսների գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։

«Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով՝ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով»,- փաստում է Ավետիսյանը։

Այդուհանդերձ, նա նաև նշում է, որ բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով , մարտին՝ ևս շուրջ 10 տոկոսով։ Այսպիսով, նրա հաշվարկով, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, մինչդեռ, Հայաստանում բենզինի գինն աճել է 15,4 տոկոսով։

Բենզինի հայաստանյան շուկայի նոր խաղացողն իջեցրել է գները. մրցակիցները դեռ լռում են

«Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավելի չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ»,- շեշտում է Ավետիսյանը։

Նրա համոզմամբ, այս բացասական միտումը պայմանավորված է ՀՀ-ում վառելիքի շուկայի մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել ու իրացնել 3-4 կազմակերպություններ։

Այսպիսով, տնտեսագետ Ավետիսյանը ՏՄՊՊՀ-ի մեկաբանությունները ոչ առարկայական է համարում, իսկ այն, որ դրանք չեն ներառել 2020թ-ը՝ խնդրահարույց:

Բացի այդ, մասնագետը կարծում է, որ ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ. բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը, որն, ըստ նրա, հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Ավետիսյանի խոսքով, նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։

«Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը․ Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվե՞լ է բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվո՞ւմ է բենզին»,- հարցադրում է անում Թադևոս Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ մարտի 11-ին ՏՄՊՊՀ-ն ներկայացրել էր բենզինի ու դիզելային վառելիքի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները:

Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 18-ին հայտնի էր դարձել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռնը» ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը:

Կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Սիլ կոնցեռնը» Հայաստանում մենաշնորհ հաստատելու որևէ միտում չունի:

ՀՀ ՏՄՊՊՀ–ն էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ նշված ընկերություններից դիմում չի ստացել համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ։ Սակայն եթե հանձնաժողովը պարզեր, որ նման անհրաժեշտություն կա, ապա իր նախաձեռնությամբ պետք է ուսումնասիրեր հարցը, ինչը, դատելով հաղորդագրությունից, արդեն արել է։

294
թեգերը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), Գներ, բենզին, Թադևոս Ավետիսյան
Ըստ թեմայի
Բենզինի գնի տատանումները Հայաստանում․ հետհայացք և կանխատեսումներ
Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը
Խաչատուր Սուքիասյանը կանոններ կթելադրի՞ շուկայում. Դավթյանը «բենզինային» գործարքի մասին
Պետեկամուտների կոմիտե

ՊՆ–ն Հայաստանի երկրորդ խոշոր հարկատուն է. ՀՀ հարկային մուտքերն աճել են 15 միլիարդով

59
(Թարմացված է 17:43 15.04.2021)
Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի 1-ին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում «Գրանտ Տոբակոն» էր։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Պաշտպանության նախարարությունը 2021թ–ի առաջին եռամսյակում ՀՀ երկրորդ խոշոր հարկատուն է և վճարել է 15 051 743 000 դրամ հարկ։

Համեմատության համար նշենք, որ ԱԻՆ–ը 77-րդն է`674 մլն դրամով, վարչապետի աշխատակազմը` 144–րդ տեղում է` 347 մլն դրամով, Ճանապարհային ոստիկանությունը` 150-րդը` 339 մլն դրամով, ԱԺ աշխատակազմը` 192-րդն է` 251 մլն դրամով, ֆինանսների նախարարությունը 274-րդն է`171 մլն դրամով։

ՊԵԿ–ի հրապարակած՝ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը տարվա առաջին 3 ամիսներին պետբյուջե է մուտքագրել 18 704 826 000 դրամ։ Երկրորդը` ինչպես արդեն ասվեց` ՀՀ ՊՆ աշխատակազմն է` 15 051 743 000 դրամով, երրորդը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է` 9 770 690 000 դրամ վճարմամբ, չորրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է` 4 139 508 000 դրամով, իսկ հինգերորդ տեղում «Գեոպրոմայնինգ գոլդ»–ն է` 3 775 493 000 դրամով։

Համեմատության համար նշենք, որ 2020թ–ի 1-ին եռամսյակում ևս առաջին տեղում հարկ վճարողների մեջ «Գազպրոմ Արմենիա»–ն էր, բայց շուրջ 1 մլրդ դրամով քիչ` 17 786 251 000 դրամ վճարմամբ։ Երկրորդ տեղում «Գրանտ Տոբակոն» էր` 15 263 480 000 դրամ մուտքով։

ՊԵԿ VS ռեստորանատերեր. ինչի՞ համար են «կռվում» հարկայինն ու գործարարները

Պաշտպանության նախարարությունն անցյալ տարի խոշոր հարկատուների ցանկում երրորդն էր։ Այս գերատեսչության հարկային մուտքերն 2020թ–ին այս տարվա նույն ցուցանիշի համեմատ գրեթե կիսով չափ նվազ էին` 8 911 233 000 դրամ։ Նույն տարի չորրորդ հորիզոնականում «Տելեկոմ Արմենիան» էր` 6 567 866 000 դրամով։ Նշենք, որ այս տարի այս ընկերությունը հարկատուների ցանկում ընդամենը 36-րդն է` 6 անգամ ցածր հարկավճարով։

Դե, իսկ այս տարի երրորդ տեղը զբաղեցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» անցյալ տարի 5–րդ տեղում էր` 5 105 176 000 դրամ հարկային մուտքերով։

Հետաքրքրական է, որ հեղուկ վառելիքի (բենզին, դիզվառելիք) շուկայում աշխատող խոշոր ընկերությունները թեև գրեթե պահպանել են իրենց տեղերը տասնյակում, բայց նրանց հարկերը շուրջ 1 մլրդ դրամով նվազել են։

Իսկ օդանավակայանը, եթե մինչև կորոնավիրուսով պայմանավորված ճանապարհների փակումը` 2020թ–ի առաջին երեք ամիսսների ընթացքում ավելի քան 2.5 մլրդ դրամի մուտք էր ապահովել պետական բյուջե, ապա 2021թ–ի առաջին եռամսյակում՝ ընդամենը 241 մլն դրամ, և 14-րդ տեղից հասել 201-րդ տեղը։

ՊԵԿ–ը նշում է, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. առաջին եռամսյակում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 217 մլրդ 911 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 258 մլն դրամ:

Նշենք, որ 2020թ–ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 245 մլրդ 63 մլն դրամ։

59
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերանայել բյուջեն. եկամուտներն աճել են 20 մլրդ դրամով
Արամյանը ճիշտ էր, կառավարությունը սխա՞լ. նախկին նախարարը ողջունում է գործադրի նոր միտքը
Արտահանված սպիրտի պատճառով կորցնում ենք աշխատատեղեր ու հարկեր. Ավագ Հարությունյան
Մհեր Գրիգորյան

Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը կերկարաձգվի. փոխվարչապետ

50
(Թարմացված է 15:09 15.04.2021)
Մհեր Գրիգորյանը պատասխանեց Ալեն Սիմոնյանի հարցին ու ասաց` եթե տնտեսվարողների մոտ խնդիրներ առաջանան ներմուծման գների վերաբերյալ, ապա կսուբսիդավորեն։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Թուրքիայից ներմուծվող ապրանքների արգելքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի։ Ազգային ժողովում այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե կերկարաձգվի՞ արդյոք արգելքի գործողության ժամկետը։

«Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը արգելքը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»,–ասաց փոխվարչապետը։

Սիմոնյանն արձագանքեց` տնտեսվարողների խոսքով` Չինաստանն ու Ռուսաստանը ներմուծման ծախսերը թանկացրել են, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս ուղղությամբ։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան։ Նման խնդիր, ըստ փոխվարչապետի, կարող է առաջանալ առևտրով զբաղվողների մոտ։

Թուրքական ապրանքները շարունակում են հայկական շուկա մտնել ապօրինի սխեմաներով

«Ամեն դեպքում, եթե նման խնդիր առաջանա, սուբսիդավորման գործիքակազմով կարող ենք հարցը լուծել»,–ասաց Գրիգորյանը

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս) արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Ավելի քան 2,2 հազար անուն թուրքական ապրանք է արգելվել ներկրել Հայաստան

50
թեգերը:
Թուրքիա, Մհեր Գրիգորյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավելի քան 2,2 հազար անուն թուրքական ապրանք է արգելվել ներկրել Հայաստան
Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյան՝ բացահայտված դեպքերի մասին
Թուրքական ապրանքների արգելք, թե ապաշրջափակում. կառավարության հակասական հայտարարությունները

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին