Автотрасса Север-юг

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա

285
(Թարմացված է 23:43 28.02.2021)
«Հյուսիս–Հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, որի իրականացման հարցում շահագրգռված է ոչ միայն Երևանը, այլև Թեհրանն ու Թբիլիսին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։

Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։

Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։

Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։

Ի՞նչ է հայտնի նախագծի մասին, և ե՞րբ այն կավարտվի

Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։

«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։

Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ

Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության  պատճառով։

2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։

Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։

«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։

Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։

Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։

Իսկ փաստացի՞

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։

«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն  կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։

«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։  Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։

«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։  Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

285
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Ըստ թեմայի
Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում
«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ
Սարգիս Շահազիզյան

Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին

110
(Թարմացված է 15:36 09.04.2021)
Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Նավթ ու գազ չունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանն օգտակար հանածոներ չունի և աղքատ երկիր է։ Հայաստանի ընդերքը բավականին հարուստ է, պարզապես պետք է կարողանալ դրանից օգտվել` չմոռանալով շրջակա միջավայրի պահպանության մասին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը։

«Եթե մեր տարածքում է կուտակված մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը և պղնձի պաշարների 2 տոկոսը, դա արդեն բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասաց նա։

Նրա խոսքով` Սոթքի ոսկու հանքավայրը ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի խոշորագույն հանքերից է, որը լայն թափով սկսել է շահագործվել դեռևս խոհրդային տարիներին։ Այնտեղ բավականին մեծ քանակությամբ ոսկու պաշարներ կան։

Ըստ բանախոսի` մինչև 90-ականների վերջը հանքավայրը շահագործվում էր փակ եղանակով, հետագայում` ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, հանքավայրը սկսեցին բաց եղանակով շահագործել. այդպես ավելի քիչ փող է ծախսվում։

«Եթե մենք ունենք արմատային հանքավայր, որը երակների տեսքով է, ապա ստորգետնյա ուղիով այդ երակը բռնում և երակով գնում են, բայց եթե հանքավայրի տիպն այլ է, նրանում եղած օգտակար նյութերը ցրված վիճակում են` ընտրվում է բաց եղանակը։

Բնականաբար բաց եղանակը մոտ 2-3 անգամ ավելի էժան է, քան ստորգետնյա եղանակը»,- նշեց նախկին նախարարը։

Թե այժմ ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի հանքավայրին, Շահազիզյանը դժվարանում է պատասխանել։ Իր տեղեկություններով` ալիևյան GPS-ով կիսով չափ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հանքավայրը դեռևս չի բաժանվել, իսկ ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը շարունակում է այն շահագործել։

«Այս պահի դրությամբ ադրբեջանական կողմն այնտեղ շահագործում չի իրականացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ հանքավայրը երկու տարբեր պետություններ կարող են շահագործել` բաց հանքի դեպքում դա տեխնիկապես հնարավոր չէ։ Նշանակում է` ո՛չ Հայաստանը պետք է աշխատի, ո՛չ Ադրբեջանը»,- ընդգծեց Շահազիզյանը։

Սոթքի հանքի 300 աշխատակից փաստացի անգործ է մնացել. Թագուհի Թովմասյանի ահազանգը

Նախկին նախարարին մեկ հարց է հուզում՝ եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությանն իսկապես մտահոգում էր մեր երկրի տնտեսական հեռանկարը` ինչու պատերազմի որոշակի փուլում մեր զորամիավորումներն այնպիսի դիրքերում չկանգնեցրին, որ հանքը բաժանելու մասին խոսք անգամ չլիներ։

110
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սոթքի հանքավայր
Ըստ թեմայի
Վիճելի տարածքների, Սոթքի հետ կապված քարտեզները սկանավորել են և ուղարկել նախարարություններ
Սոթքի հանքի համասեփականատերը պատմել է, թե ինչպես են աշխատում հրադադարից հետո
Սոթքում ադրբեջանցիների ներխուժման հետևանքով ընկերությանը պատճառվել է 5 մլն դոլարի վնաս
Փաշինյանը խոսել է Ռենո-Բասոյի հետ

Փաշինյանը խոսել է Ռենո-Բասոյի հետ. ՎԶԵԲ–ի ներդրումային պորտֆելը ՀՀ–ում եղել է ամենամեծը

32
(Թարմացված է 15:19 09.04.2021)
Կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսազանգով զրուցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ 2020թ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային պորտֆելի ծավալը կազմել է 160 մլն եվրո, որը տարեկան ամենամեծ փաթեթն է գործընկերության ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներկայացրել դրանց հաղթահարման ուղղությամբ կառավարության գործողությունները: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը որևէ ջանք չի խնայում՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Արցախում հումանիտար խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց և պակաս կարևոր չէ միջազգային հանրության, ֆինանսական կառույցների արձագանքը հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կառավարության ղեկավարը ՎԶԵԲ նախագահի ուշադրությունը հրավիրել է օժանդակության հնարավորությունների վրա:

ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկը կարևորում է Հայաստանի հետ հուսալի գործընկերությունը և հետաքրքրված է ենթակառուցվածքների, էներգետիկայի, մասնավոր հատվածի և ֆինանսական հաստատությունների զարգացմանն ուղղված համագործակցության խորացմամբ, նոր ծրագրերի ֆինանսավորմամբ: Օդիլ Ռենո-Բասոն արդյունավետ է համարել ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատանքը, որն ամուր հիմք է երկրի հետ գործընկերության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունները հաջող կյանքի կոչելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ օրակարգի, ինչպես նաև հետագա ծրագրերի շուրջ: Երկուստեք կարևորվել է մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման ուղղությամբ համագործակցությունը: ՎԶԵԲ նախագահը կարևորել է կանանց տնտեսական ակտիվության խթանմանը միտված նախաձեռնությունները: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը տարբեր, այդ թվում՝ ՓՄՁ ոլորտում, ինչը աղքատության հաղթահարման և տնտեսական բարեկեցության կարևոր գործիքներից է:

Արծարծվել են նաև ենթակառուցվածքային ծրագրերին, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը վերաբերող հարցեր:

Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ կոմունիկացիոն ենթակառուցվածքների վերաբացումը հեռանկարային կարող է լինել համատեղ ծրագրերի համար:

Վարչապետը վերահաստատել է ՀՀ աջակցությունը ՎԶԵԲ-ի 5-ամյա ռազմավարությանը, որի առաջնահերթությունները համահունչ են ՀՀ կառավարության գերակայություններին, և հավելել, որ մեր երկիրն ուրախ կլինի հյուրընկալել ՎԶԵԲ 2024թ. տարեկան հավաքը, որի վերաբերյալ որոշումն արդեն կայացված է:

32
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում
Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը համատեղ զորախումբ ասելով
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Արխիվային լուսանկար

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ

0
(Թարմացված է 10:17 12.04.2021)
Վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը։ Տեղեկությունը հայտնում է korrespondent-ը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը։

«Երկրում արդեն սկսվել է երրորդ ալիքը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն հնարավորինս կառավարելի լինի՝ չվերածվելով լայնամասշտաբ համաճարակի», - «Ռուսթավի 2»–ի եթերում ասել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ Գամկրելիձեի՝ վարակի տարածման պատճառը բնակիչների զանգվածային հավաքույթներն են՝ հարսանիքներ, ծննդյան հավաքույթներ և այլն։ Բացի այդ, վարակման դեպքերի մեծ մասը կապված է նաև բրիտանական շտամի տարածման հետ։

Ըստ վերջին տվյալների` Վրաստանում, որի բնակչությունը կազմում է շուրջ 4 միլիոն մարդ, կորոնավիրուսի տարածման սկզբից ի վեր գրանցվել է վարակման ավելի քան 288 հազար դեպք, որից 3877-ը` մահվան ելքով։

Անցած օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակման 707 նոր դեպք։

Լրատվականը հիշեցրել է, որ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին, որից երեք օր անց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում

0