Հյուսիսային պողոտա

Ինչպես է ստացվել, որ Երևանում բնակարաններն ավելի քիչ են վաճառվել, բայց դրանց գներն աճել են

623
(Թարմացված է 00:12 11.02.2021)
Հետպատերազմական իրավիճակը Հայաստանում հանգեցրել է անշարժ գույքի շուկայում որոշակի լճացման ու գների որոշակի նվազման։ Բայց կառուցապատողները, չգիտես ինչու, չեն կորցնում լավատեսությունն ու շարունակում են հող գնել նոր շինարարության համար։  

Անշարժ գույքի հետ կապված գործարքները Հայաստանում ճգնաժամային 2020 թվականին կրճատվել են 15 տոկոսով։ Երևանում բնակարանների վաճառքի գործարքները կրճատվել են գրեթե 25%-ով, իսկ քաղաքի կենտրոնում՝ ավելի քան 40%-ով։ Այսինքն, որքան թանկ է անշարժ գույքը, այնքան քիչ է այն վաճառվել ու գնվել։ 

Ճգնաժամային իրավիճակի համար դա լրիվ բացատրելի է։ Բայց միևնույն ժամանակ, բնակարանների գները ոչ միայն չեն իջել, այլև նույնիսկ աճել են, ընդ որում, քաղաքի բոլոր հատվածներում։ Նույնիսկ Երևանի կենտրոնում «քառակուսու» միջին գինն աճել է 6 տոկոսով և այժմ կազմում է մոտ 1250 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Դոնի Ռոստովի կենտրոնում՝ Կիրովի շրջանում, մեկ քառակուսի մետրի միջին գինը կազմում է 58,3 հազար ռուբլի, դոլարով վերահաշվարկի դեպքում` մեկուկես անգամ քիչ:

Տրամադրությունները փոխվել են, բայց արտագաղթ չկա

Այս տարվա ընթացքում, երբ սկսվեց կորոնավիրուսային ճգնաժամը, բնակարանների վաճառողները մտածում էին սպասել, ինչը, բնականաբար, նվազեցրեց վաճառքի աճի տեմպերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Ա.Գ. ԲՈՐՍԱ» ռիելթորական ընկերության ղեկավար Արտյոմ Պրիբիլսկին։

Տարվա 4-րդ եռամսյակում ամեն ինչ փոխվեց: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գները սկսեցին ընկնել։ Թեև ընդհանուր առմամբ տարվա ընթացքում դրանք աճել են, բայց տարեվերջին սկսել են նվազել, հատկապես՝ կենտրոնում։

«Այն մարդիկ, որոնք վաճառում էին իրենց բնակարանները, տարվա սկզբին ու կեսերին մտածում էին. «Սպասենք վարակն անցնի, հետո՝ կերևա»։ Իսկ երբ, պայմանականորեն ասած, այդպես են մտածում ձեր հարևանները, այդպես եք մտածում նաև դուք։ Բայց 4-րդ եռամսյակում ամեն ինչ փոխվեց, վաճառողները սկսեցին իջեցնել գները», - ավելացրեց Պրիբիլսկին։

Շուկայում կունենանք նաև չարաշահումներ, որոնք ԿԲ–ի կառավարման տիրույթից դուրս են. Պիպոյան

Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մամուլում և սոցցանցերում կանխատեսումներ հայտնվեցին այն մասին, որ մարդիկ կսկսեն զանգվածաբար վաճառել տներն ու արտագաղթել։ Պրիբիլսկին ընդգծեց, որ դրանք չեն հաստատվում։ Չորրորդ եռամսյակի արդյունքներով անշարժ գույքի գործարքների որևէ աճ չի նկատվել։

«Նման դեպքեր, իհարկե, կան, բայց դրանք ուռճացված են», - ընդգծեց փորձագետը:

Որտեղի՞ց այդպիսի լավատեսություն

Հատկանշական է՝ Երևանում բնակարաններն ավելի քիչ էին վաճառվել, բայց հողամասերը՝ ավելի շատ։ Սա Հայաստանում ընդհանուր անշարժ գույքի շուկայում այն ոչ շատ ցուցանիշներից է, որ աճել է 2020 թվականին (գրեթե 8%-ով)։

Պարզ է, որ այդ ցուցանիշն արտացոլում է ոչ թե այսօրվա տրամադրությունները, այլ մեկուկես-երկու տարի հետոյի (միջինում այդքան ժամանակ է պետք Երևանում բազմահարկ շենքի կառուցման համար)։ Այսինքն՝ կառուցապատողները, անկախ ամեն ինչից, ակնկալում են, որ բնակարանների վճարունակ գնորդներ կլինեն ոչ պակաս, քան նախկինում։ Այս լավատեսությունն ակնհայտ է ընթացիկ շինհրապարակներում՝ 2020 թվականի ընթացքում (չհաշված կորոնավիրուսային սահմանափակումները) դրանց մեծ մասի աշխատանքը կանգ չի առել։

Այսպիսով, միջնաժամկետ հեռանկարում շուկայում շատ նոր բնակարաններ կհայտնվեն։  Ամբողջ հարցն այն է, թե ինչ են ակնկալում շինարարական ընկերությունները, քանի որ Հայաստանում վճարունակ գնորդների սեկտորը սահմանափակ է (իսկ նրանցից շատերն արդեն բնակվում են նորակառույցներում), ու ի հավելումն ամեն ինչի, առաջիկա տարիներին անշարժ գույքի հարկերը մի քանի անգամ կբարձրանան։

«Հաշվի առնելով այս ամենը, կարող է արդյո՞ք մեր շուկան յուրացնել այդ բնակարանները։ Վստահ չեմ։ Չէ որ մեր տնտեսությունը բարդ վիճակում է, ընդ որում՝ ոչ միայն ներկայիս ճգնաժամի հետ կապված, այլև երկարաժամկետ հեռանկարում, քանի որ արդյունաբերության հզորությունը մեզ մոտ, խորհրդային ժամանակների համեմատ, զգալիորեն ավելի փոքր է, ինչը նշանակում է, որ վճարունակ գնորդները զգալիորեն ավելի քիչ են», - ավելացրեց Պրիբիլսկին։

Կարելի է ենթադրել, որ մարդիկ զանգվածաբար չեն հեռանա երկրից, ինչպես 90-ականներին (հատկապես, որ միգրացիոն քաղաքականությունը և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում արդեն այն չէ, ինչ այն ժամանակ)։ Լավ է, որ նրանք կմնան Հայաստանում, բայց վատ է, որ ոչ բոլորը հուսալի վաստակի հեռանկարներ ունեն։ Փորձագետն ամփոփեց, եթե աշխատանքի հետ կապված մարդկանց վիճակը մնա այնպես, ինչպես հիմա, ապա, ամենայն հավանականությամբ, բնակարանների գները կշարունակեն արգելակվել կամ մի փոքր նվազել, քանի որ կորոնավիրուսի օրոք «սպասելու» տրամադրությունը հիմա արդեն չի աշխատում։

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

623
թեգերը:
Գներ, Երևան, Անշարժ գույք
Ըստ թեմայի
Ինչու գույքահարկի զրոյական տեղեկանք չեն տրամադրում և ինչ անել. կադաստրի պարզաբանումը
Նախկին զինծառայողներին բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն վկայագրեր
Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է` պատմական նշանակության շենքերից մեկը վաճառքի է հանվել
ԱԷԿ

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

106
(Թարմացված է 15:56 01.03.2021)
Եվրամիությունը չի պահանջում փակել ատոմակայանը, ավելին՝ այն մասնակցում է դրա շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։ Հիմնական աշխատանքը, ինչպես նախկինում, հայկական էներգետիկները վարում են «Ռոսատոմ» կորպորացիայի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայկական ԱԷԿ-ի ու ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետները պատրաստվում են ԱԷԿ-ում միջուկային ռեակտորի պաշտպանիչ պատյանի ամրապնդմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ մեկնաբանելով կայանի հիմնանորոգման երկարաժամկետ նախագիծը, որը մոտենում է ավարտին։ Վերանորոգումից հետո կայանը կաշխատի առնվազն մինչև 2026 թվականի վերջը՝ ժամկետի երկարաձգման հեռանկարով:

2021 թվականին կայանի վերանորոգման աշխատանքները հիմնականում կիրականացվեն ռեակտորի վրա։ Այստեղ նախատեսվում է անցկացնել դրա պաշտպանիչ պատյանի այրում (որը մեկուսացնում է ռեակտորը և միջուկային գործընթացները շրջակա միջավայրից)։ Մետաղի այրումը կամրապնդի ռեակտորի պատնեշը և թույլ կտա ամբողջ կայանին նախատեսվածից ավելի երկար ծառայել: Հենց այդ պատճառով էլ կայանի աշխատանքների ավարտից հետո կուսումնասիրեն դրա շահագործման ժամկետը 2026 թվականից հետո երկարացնելու հնարավորությունը։ Այս տեխնոլոգիայով Ռուսաստանը համաշխարհային առաջնորդներից է, «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն ռուսական ԱԷԿ-ների կյանքը երկարացնելու համար։ Դրա հեղինակները Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսներն են, իսկ կատարողները՝ «Ատոմէներգորեմոնտ» ձեռնարկության ինժեներները (երկու կազմակերպություններն էլ ընդգրկված են «Ռոսատոմի» կառուցվածքում)։

Բացի այդ, ծրագրվում է կատարելագործել ռեակտորի անվտանգության համակարգը՝ թարմացնել դրա վթարային սառեցման համակարգերն (գերտաքացման դեպքերի համար) ու հրդեհաշիջման սպլինկերային համակարգը: Բացի այդ, ռեակտորի վրա կտեղադրեն վթարային սնուցման նոր համակարգ։

ՀՀ կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ատոմակայանի վերանորոգման պայմանագիրը

Ի վերջո, այս տարի տեղի կունենա նաև ջրի սառեցման աշտարակների արդիականացման աշխատանքների մի մասը։ Ջուրն օգտագործվում է կայանի շահագործման ժամանակ (այդ ջուրը տաքանում է միջուկային ռեակտորից ու օգտագործվում է տուրբինների ռոտացիայի համար, իսկ հետո սառեցվում է կրկնակի օգտագործման համար): Այս չորս սառեցնող աշտարակները կայանի ամենաճանաչված հատվածն են, դրանք կարելի է հեռվից տեսնել:

Այրման համար կազմվել է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը, ստորագրվել են պայմանագրեր կատարողների հետ, անհրաժեշտ սարքավորումները ոչ միայն ներկրվել են, այլև հավաքվել։ Նա ավելացրեց, որ դրա համար էլ խոսակցություններն այն մասին, թե ատոմակայանն իբր փակվում է ԵՄ-ի հանդեպ Հայաստանի պարտավորությունների պատճառով, բացարձակապես անհիմն են։

«Մենք պարզապես շարունակում ենք աշխատել ու չենք ուզում լսել նման խոսակցությունների կամ շահարկումների մասին», - ավելացրեց Վարդանյանը։

Ավելին, Վարդանյանն ավելացրեց, որ Եվրամիությունն ինքն է օգնություն ցուցաբերում որոշ հարցերում։ ԵՄ-ի ծրագրերից մեկի համաձայն` կանցկացվի ռեակտորի չոր հատվածամասի (բոքսի) ամրացման աշխատանքների մի մասը: Մոտ երկու շաբաթ առաջ կայանում էին մրցույթի հաղթող Սլովակիայի ընկերության մասնագետները։ Նրանք կազմել են այս տարվա աշխատանքների մոտավոր ծրագիրը։ Բացի այդ, Եվրամիության աջակցությամբ կայանում կտեղադրվեն պահուստային սնուցման դիզելային գեներատորներ (որոնք անհրաժեշտ են վերանորոգման աշխատանքների ժամանակ էլեկտրականության մատակարարման համար, երբ ռեակտորն անջատված է):

«Վաղը «Ռոսատոմից» մեծ խումբ է ժամանելու, մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ են լինելու։ Քննարկելու ենք պլանային վերանորոգման ժամանակ խնդիրների բաշխումը, որ տեղավորվենք ժամանակացույցի մեջ», - ավելացրել է Վարդանյանը։

Ռուսական «Ռուսատոմսերվիս» կորպորացիան, որը «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունն է, շարունակում է մնալ կայանի կապիտալ վերանորոգման գլխավոր կապալառուն:

Նշենք, որ Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ գործընկերության համաձայնագրի կնքումից հետո մի շարք հայտարարություններ են հնչել այն մասին, թե իբր Հայաստանը պարտավորվել է փակել կայանը։ Այնուամենայնիվ, համաձայնագրում այդ մասին ոչինչ չկա։ Էներգետիկ համագործակցության մասին բաժնում (Հոդված 42, կետ 2, կետ g) նշված է, որ «կողմերը կհամագործակցեն Մեծամորի ատոմակայանի փակմանն ու անվտանգ շարքից դուրս բերելու և գործողությունների ծրագրի ընդունմանը՝ հաշվի առնելով այն նոր հզորություններով փոխարինելու անհրաժեշտությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար»: Այսպիսով, փակման ժամկետ չի նշվում. նշվում է միայն, որ Հայաստանը կհիմնավորի, թե կայանը դեռ որքան կարող է սպասարկել ու ինչպես փոխարինել այն նորով (ընդ որում՝ նոր կայանը նույնպես կարող է ատոմային լինել, համաձայնագրում դրա վրա ոչ մի սահմանափակում չի դրվում):

Հայկական ատոմակայանի՝ 2020 թվականի վերանորոգումն ավարտված է․ ինչ է սպասվում հաջորդիվ

Նշենք, որ ատոմակայանների ծառայության ժամկետի երկարաձգման աշխատանքներ են տարվում նաև Եվրամիության երկրներում, մասնավորապես Բուլղարիայի «Կոզլոդույ» ԱԷԿ–ում:

Ինչ վերաբերում է ռեակտորի այրման տեխնոլոգիային՝ «Ռոսատոմը» վաղուց և հաջողությամբ կիրառում է այն Ռուսաստանի կայանների համար: Ռուսական «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոն արդեն պատրաստել է ռեակտորի աշխատանքի ժամկետը մինչև 2028 թվականը երկարացնելու հնարավորության նախնական հիմնավորումը: Ավելի ճշգրիտ հաշվարկներ կարվեն ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ արյումն անցկացնեուց հետո։

Նշենք, որ հաշվի առնելով աշխատանքների մեծ ծավալը՝ այս տարի կայանը 140 օր վերանորոգման պատճառով չի գործելու։ Այդ ժամանակ պետք է մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը ջերմային կայաններում։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կայանը, ինչպես և նախկինում, կապահովի Հայաստանի էլեկտրաէներգիայի մինչեւ 1/3–ը:

106
թեգերը:
էլեկտրաէներգիա, ռեակտոր, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ), ատոմակայան
Ըստ թեմայի
Օգտակար հաբեր. ինչպես են վառելիք արտադրում Հայաստանի ատոմակայանի համար
Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
Автотрасса Север-юг

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա

238
(Թարմացված է 23:43 28.02.2021)
«Հյուսիս–Հարավը» անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ նախագծերից մեկն է, որի իրականացման հարցում շահագրգռված է ոչ միայն Երևանը, այլև Թեհրանն ու Թբիլիսին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղու նախագիծը ժամանակակից իրողություններում ու 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությամբ նախատեսված տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում չի կորցրել իր կարևորությունն ու նշանակությունը։ Ավելին, տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտի մասնագետները շարունակում են պնդել, որ ճանապարհը կարևոր է ոչ միայն Երևանի համար։

Դեռ երկու տարի առաջ նախագիծը հետաքրքրեց Չինաստանի գործընկերներին։ Փորձագետներն այն ժամանակ նշեցին, որ նախագծի իրականացման պարագայում ճանապարհը կարող է դառնալ «Նոր մետաքսի ճանապարհ» գլոբալ նախագծի մի մասը։

Նախագծի իրականացումն ու ավտոճանապարհի շահագործումը թույլ կտան Հայաստանին կարևոր տարանցիկ հանգույց դառնալ, որը կձևավորի Պարսից ծոց–Սև ծով միջանցքը, և երկիրը դուրս կբերի տրանսպորտային շրջափակումից։

Այս նախագծի կարևորությունը Երևանում հասկանում էին իշխանափոխությունից և՛ առաջ, և՛ հետո։ Իսկ օրերս Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր 2021 թվականին Թալին–Լանջիկ և Լանջիկ–Գյումրի հատվածի կառուցման մասին։

Ի՞նչ է հայտնի նախագծի մասին, և ե՞րբ այն կավարտվի

Հասկանալու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ավտոմայրուղու շինարարության նախագծի իրականացման շրջանակում, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Գերատեսչության ճանապարհային դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը լայնածավալ նախագիծ է, որը բաղկացած է 5 տրանշից։

«Աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են Տրանշ-1–ում. կառուցվել է Երևան–Աշտարակ, Երևան–Արտաշատ 31-կիլոմետրանոց ճանապարհը և 2016 թվականին հանձնվել շահագործման», – ասացին դեպարտամենտում։

Գերատեսչությունից նշեցին, որ ներկա պահին Տրանշ-2-ի անավարտ աշխատանքների ծավալի գնահատում է իրականացվում (Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ ճանապարհահատված)։ 2021 թվականի վերջին կապալառուի միջազգային մրցույթ կհայտարարվի։

Ապաշրջափակում չի կարող լինել, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել․ փորձագետ

Դեպարտամենտից հիշեցրին, որ նշված տրանշով զբաղվում էր իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը, որը 2018 թվականին դադարեցրեց շինարարական աշխատանքներն ու հեռացավ հայաստանյան շուկայից։ 2019 թվականի հուլիսին ընկերության հետ պայմանագիրը խզվեց կապալառուի կողմից պայմանագրի բազմաթիվ խախտումների, ինչպես նաև նրա անվճարունակության  պատճառով։

2019 թվականի նոյեմբերին Միջազգային առևտրային պալատ դիմում էր ներկայացվել կապալառուի դեմ արբիտրաժային քննություն սկսելու մասին։ Գործընթացը շարունակվում է։

Գերատեսչությունից պարզաբանեցին, որ ներկա պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Տրանշ-3-ում (Թալին–Լանջիկ` 18,7 կմ, Լանջիկ–Գյումրի` 27,5 կմ, ճանապարհների ընդհանուր երկարությունը` 46,2 կմ)։ Բացի այդ, նախագծման աշխատանքներ են տարվում 3 ենթահատվածից բաղկացած Տրանշ-4–ի շրջանակում Քաջարան–Ագարակ հատվածում։

«Նախագծի շինարարության ավարտի մասին կարելի է հստակ հայտարարել` տրանշներում ֆինանսական աղբյուրների ճշգրտումից և շինարարության մեկնարկից հետո», – հայտարարեցին դեպարտամենտում։

Ներկա պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Թալին–Լանջիկ, Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածներում։ Կապալառուն չինական Sinohydro Corporation ընկերությունն է։ Արդեն իրականացվել են հիմքի և ենթահիմքի աշխատանքները։ Ճանապարհի որոշ հատվածներ պատրաստ են ասֆալտապատման համար, գործընթացը կմեկնարկի 2021 թվականին։

Տրանշ–3-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին - 2023 թվականի սկզբին։

Իսկ փաստացի՞

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության ղեկավար Եղիշե Հովհաննիսյանը տրանսպորտային միջանցքը Երևանի համար կարևոր է համարում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ ճանապարհի նշանակությունը չի փոխվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունների համատեքստում։

«Ճանապարհը ապաշրջափակման հարցի հետ անուղղակիորեն է կապված, այդ մայրուղին իր գործառույթն ունի, այն սկսել են կառուցել և այն գործելու է», – ասաց Հովհաննիսյանը։

Նա հիշեցրեց, որ իսկզբանե «Հյուսիս–Հարավ»–ը նախատեսված էր որպես տարանցիկ և կենտրոնական մայրուղի հայկական բեռների տեղափոխման համար, որը հնարավորություն  կտա Իրանին, Վրաստանին, Հայաստանին կոմունիկացիոն կապ ունենալ։

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Մայրուղին նախևառաջ նախատեսված է տարանցման համար և, ըստ էության, շարունակում է այդպիսին մնալ։ Ըստ նրա` միջանցքի գործարկումը թույլ կտա աշխուժացնել տրանսպորտային լոգիստիկան։ Ճանապարհը թույլ կտա Իրանից և Հայաստանից բեռներին անմիջապես ելք ապահովել դեպի վրացական Փոթի և Բաթում նավահանգիստներ։

«Այստեղ ուղիղ ճանապարհ կլինի դեպի ծով Վրաստանի տարածքով, ինչը կարևոր է ինչպես Երևանի, այնպես էլ Թեհրանի համար։ Ճանապարհը կապելու է Պարսից ծոցն ու Սև ծովը», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետն ընդգծեց, որ ավտոճանապարհը ծովայինից բավական կարճ է։  Իսկ լոգիստիկայում առանձնակի տեղ ու դեր ունեն ժամանակի և ծախսի գործոնները։

«Հյուսիս–Հարավ» նախագիծն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենալայնածավալ նախագծերից մեկն է։  Ճանապարհը կկրճատի տարածությունը իրանական սահմանից մինչև վրացական սահման 550 կմ–ից մինչև 490 կմ և կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։

238
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան, «Հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
Ըստ թեմայի
Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո
Ֆրանսիական ռազմական օգնությունը Հայաստանին. ի՞նչ է թաքնված դրա հետևում
«Հյուսիս–հարավ» ճանապարհի շինարարությունը շարունակվում է. մանրամասներ
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը

Փաշինյանը գնում է արտահերթ ընտրության. հայտնի է կարգախոսը

0
(Թարմացված է 20:20 01.03.2021)
ՀՀ վարչապետը մարտահրավեր նետեց խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ ընդունում է ընդդիմության մարտահրավերը` գնալու արտահերթ ընտրությունների։

Հայտնի է անգամ, թե ինչ կարգախոսով իշխող քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին։

«Մենք անգամ կարգախոսներ էինք մտածել, և այդ կարգախոսներից մեկը հետևյալն էր. «Վերջ թավիշին»»,– ասաց Փաշինյանը` իր մարտահրավերը նետելով խորհրդարանական ընդդիմությանը` եկեք գնանք արտահերթ ընտրությունների։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժողովուրդն է իրեն ընտրել վարչապետ, ժողովուրդն էլ կարող է իրեն պաշտոնանկ անել։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
ընդդիմություն, Ընտրություններ, Հայաստան, Վարչապետ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան
Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով
Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները երթով անցնում են Ամիրյան փողոցով. տեսանյութ