Արխիվային լուսանկար

Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար

480
(Թարմացված է 19:30 05.01.2021)
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է 2020թ.–ի տնտեսական տարին ու ներկայացրել իր կանխատեսումները 2021թ.–ի հնարավոր տնտեսական իրավիճակի վերաբերյալ։

2020թ–ին Հայաստանում գների բարձրացումը, որը համընկավ արցախյան պատերազմի ծանր ժամանակահատվածի հետ, իրականում ոչ այնքան ՀՀ տնտեսության, որքան արտաքին գործոնների հետևանք էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման գնահատական ներկայացրեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` շեշտելով, որ համաշխարհային տնտեսության մեջ գնաճային ազդակներ կային դեռ հուլիսից, բայց դրանք Հայաստան հասան արդեն աշնանը։

«ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, որն ամեն ամիս գնահատում է պարենային ապրանքների գների ինդեքսը, հուլիսին այդ համաթվի ինդեքսը բարձրացրել էր 4 տոկոսով, օգոստոսին` 5, սեպտեմբերին` 4.8, հոկտեմբերին` մինչև 2.5 տոկոս։ Ռուսաստանում վերջին մեկ ամսում շաքարավազի գինը 60 տոկոսով էր աճել, բուսական յուղինը` 27-28 տոկոսով։ Իսկ համաշխարհային շուկայում բարձրացել են հացահատիկի, կարագի, սուրճի, շոկոլադի գինը։ Աշխարհում բրնձի լրջագույն խնդիր է առաջացել`կապված եղանակային անբարենպաստ պայմաններում վատ բերքի ստացման հետ»,– ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է հայաստանյան սպառողական գների աճին, պաշտոնական ցուցանիշով այն 1.2-1.3 տոկոսի սահմաններում է։  Այլ կերպ ասած` չի գերազանցել բյուջեով նախատեսված առավելագույն` +- 4.5 տոկոսի շեմը։

Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ, սակայն, իրական սպառողական ապրանքների գնաճը շատ ավելի բարձր ցուցանիշ է արձանագրել, ուղղակի ընդունված մեթոդաբանությունը թույլ չի տալիս արձանագրել իրական թանկացումը։

«Մեր ինֆլյացիան մենք ներկայացնում ենք սպառողական զամբյուղի 400 ապրանքատեսակի շրջանակներում։ Բայց իրականում մենք այդ 400 ապրանքատեսակից մեր առօրյայում ավելի կարևորում ենք շուրջ 30-50–ը»,– ասաց Խաչատրյանը` պարզաբանելով, որ այդ ապրանքացանկում ներառված են կահույք, ավտոմեքենա և այլ ապրանքատեսակներ, որոնք ՀՀ շարքային քաղաքացիներից շատերն իրենց առօրյայում չեն գնում։

«Բայց դրա փոխարեն կա հաց, շաքարավազ, կարագ, վառելիք։ Եվ, եթե մենք այս տրամաբանությամբ ենք մոտենում, այդ դեպքում իրական ինֆլյացիան շատ ավելի բարձր է»,– ասաց Խաչատրյանը։

Տնտեսական իրողությունները ցանկալի թվացյալով քողարկելու այս քաղաքականությունը տնտեսագետը համեմատում է գեղեցիկ շպարվելու, ճոխ սանրվածքի ու հագուստի տակ իրական աղքատությունը քողարկելու հետ` հավելելով, որ տարիներ շարունակ այդպես է արվել։ Այս ամենի փոխարեն Խաչատրյանն առաջարկում չփախչել իրականությունից ու ռեալ գնահատել իրավիճակը։

«Մենք չենք կարող այսպես շարունակել։ Մենք պետք է նոր գործիքակազմ օգտագործենք, որպեսզի ռեալ գնահատենք մարդկանց կենսամակարդակն ու առօրյա խնդիրները և դրանից ելնելով էլ քաղաքականություն մշակենք։ Սա պետք է լինի 2021թ.–ի տնտեսական քաղաքականության ուղղություններից մեկը»,– ասաց Խաչատրյանը։

Տարին նոր կետից ու նորովի սկսելու համար Վահագն Խաչատրյանն առաջարկում է «չնվնվալ», «չնեղվել», հաղթահարել վատատեսական տրամադրությունները և փորձել ոտքի կանգնել ու ոտքի հանել տնտեսությունը։

Որպես օրինակ` Վահագն Խաչատրյանը հիշեցնում է պատերազմում պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի դրական փորձը` հավելելով, որ այդ երկրները շատ ավելի վատ վիճակում էին, քան այսօր Հայաստանն է։ Բայց կա նաև մեկ այլ իրողություն, որի մասին ընդունված չէ շատ խոսել. այդ երկրներն ունեին ֆինանսական շատ լուրջ աջակցություն, լայնածավալ ներդրումներ։ Հայաստանն ինքը պետք է ներդրողներ փնտրի։

«Հիմա եթե մենք ուզում ենք 2021թ.–ին մեր տնտեսությունը վերականգնենք ու կարողանանք ոտքի կանգնել, մենք պետք է ռեալ գնահատենք ու հասկանանք, որ առանց լրջագույն նյութական ներդրումների, լրջագույն ֆինանսական միջոցների, մենք դա չենք կարող անել»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` ֆինանսական միջոցները կարող են լինել թե՛ օգնությունների, ու թե՛ նույնիսկ պարտքի տեսքով` անգամ եթե կա վտանգ պետական պարտքի սահմանագիծն անցնելու։ Օրենքը, Վահագն Խաչատրյանի խոսքով, չի խախտվի, քանի որ այն թույլ է տալիս ֆորսմաժորային իրավիճակում կառավարության պարտքը մեծացնել 60 տոկոսից ավելի չափով։

Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան

Ինչ վերաբերում է ներդրողներին, Հայաստան գալու առաջին ու ամենակարևոր պայմանը Վահագն Խաչատրյանը համարում է օրենսդրության կիրառելիությունն ու դատական համակարգի վիճակը։ Նրա համոզմամբ` Հայաստանի դատարանների մասին պատմություններն այսօր վախեցնում են ներդրողներին։

2021թ.–ի ու հաջորդ տարիների տնտեսական հաջողությունները, Վահագն Խաչատրյանի համոզմամբ, պայմանավորված են լինելու բիզնեսի համար միջավայր ստեղծելով։ Իսկ սա իր հերթին պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե ինչ քաղաքական իրավիճակ է լինելու Հայաստանում, հատկապես, որ իշխանությունն արդեն իսկ բացահայտ հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։

«Մենք պետք է կարողանանք այս քաղաքական իրավիճակի վերջակետը դնել ու նոր իրողությունների պայմաններում մտածել հաջորդ 4 տարիներին նոր կառավարության ու խորհրդարանի ծրագրերի իրականացման մասին»,– ասաց նա։

Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ` 2021թ.–ը Հայաստանի համար մնում է ռիսկային տարի` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական իրողություններին ավելացած հետպատերազմյան դժվարությունները, ավելացած պետական ծախսերը։

Ինքնահոսի մատնված երկիր, կամ պատերազմող Հայաստանում որևէ հրահանգ տնտեսությունը չի ստացել

Այդուհանդերձ, տնտեսագետի կանխատեսմամբ, մինչև 2021թ.–ի ապրիլ ամիսը մեր կյանքն էական փոփոխությունների չի ենթարկվի։ Այն կլինի այնպիսին, ինչպիսին 2020–ի դեկտեմբերին կամ 2020–ի համաճարակային շրջանում էր։

Միայն 20121թ.–ի ապրիլից հետո պարզ կդառնա, թե որքանով է հաղթահարված կորոնավիրուսի համաշխարհային համաճարակը, որքանով Հայաստանում կակտիվանա տուրիզմի ոլորտը ու որքանով հայաստանցիներին կհաջողվի մինչ այդ հաղթահարել հետպատերազմյան դեպրեսիան։

 

480
թեգերը:
տնտեսագետ, Հայաստան, Վահագն Խաչատրյան, տնտեսություն
Ըստ թեմայի
Արցախի տնտեսության ազդեցությունը ՀՀ–ի վրա էական էր, հիմա դա չունենք. Վահագն Խաչատրյան
Վառելիքի ներկրման ոլորտը զրկվում է նոր մասնակիցների ներկայությունից. Վահագն Խաչատրյան
«Մենք ունենք մի կարևորագույն խնդիր, որը չենք լուծել». Վահագն Խաչատրյան
Վահան Քերոբյանը Մեղրիում

Ազատ տնտեսական գոտին վերջապես կգործակվի՞․ էկոնոմիկայի նախարարն այցելել է Մեղրի

70
(Թարմացված է 19:37 18.01.2021)
Թեպետ ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացումը տեղի է ունեցել ավելի քան 3 տարի առաջ, սակայն մինչ օրս այնտեղ գործունեություն չի ծավալվում։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Մեղրի։ Նախարարն իր այցի մասին գրել է Facebook-ում և լուսանկարներ հրապարակել։

«Մեղրիի ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- գրել է նա։

Նշենք, որ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականի օգոստոսին կառավարության որոշմամբ։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ պաշտոնական բացումը, սակայն այնտեղ տնտեսական գործունեություն դեռևս չի ծավալվում։

Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը` 50 տարի:

Վահան Քերոբյանը մտադիր է զարգացնել ադամանդագործության ու ոսկերչության ոլորտները

70
թեգերը:
Վահան Քերոբյան, Մեղրի, Հայաստան
Ըստ թեմայի
Ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում թռչնամսի արտադրությունը գրավիչ կդառնա. նախարար
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում շուրջ 20 տոկոս անկում կա. Վահան Քերոբյան
Ջո Բայդեն

Ինչպես Բայդենի քաղաքականությունը կազդի աշխարհի, այդ թվում` Հայաստանի տնտեսության վրա

268
(Թարմացված է 17:29 17.01.2021)
Ամերիկայի նոր նախագահ Ջո Բայդենը մտադիր է աշխուժացնել Միացյալ Նահանգների տնտեսությունը։ Այդ խթանը կփոխանցվի նաև աշխարհին։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նոր կառավարությունը մտադիր է ուժեղացնել տնտեսության աջակցությունը, ինչի արդյունքում կարող են փոխվել հումքային ապրանքների (այդ թվում` Հայաստանի համար կարևոր պղնձի) համաշխարհային գները, ինչպես նաև դոլարի փոխարժեքը։

ԱՄՆ-ի տնտեսության աջակցության ծրագիրը, որի մասին հայտարարել է Ջո Բայդենը, շուրջ 1,9 տրիլիոն դոլար է կազմում։ Ծրագրի հիմնական կետերից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը, ինչպես նաև հայրենական արտադրության ապրանքների գնման վերաբերյալ Buy American քաղաքականության ընդլայնումը` ավելացնելով արտադրողների համար պետական գնումներն ու սուբսիդիաները։ Մյուս կետը վերաբերում է առաջիկա 10 տարվա ընթացքում ենթակառուցվածքների մեջ 1.3 տրիլիոն դոլար ներդրումներին։

Դա արդյունաբերական հումքի և ապրանքների լրացուցիչ պահանջարկ է ենթադրում։ Այդ պատճառով բորսաներում բարձրացել են ամերիկյան արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերը, ինչպես նաև արդյունաբերական ռեսուրսների գները (այդ թվում` պղնձի և նավթի)։ Կորոնավիրուսային ճգնաժամից ի վեր առաջին անգամ նավթը գերազանցել է մեկ բարելի դիմաց $55–ը։

Ինչ վերաբերում է պղնձի գնին, ապա այն աճում էր անցած տարվա կեսերից. եթե 2020 թվականի հունվարին մեկ տոննայի դիմաց պղնձի գինը մոտավորապես 6200 դոլարի մակարդակում էր, ապա հիմա` արդեն շուրջ 8 000 դոլարի։ Հիմնականում դա կապված էր Չինաստանի տնտեսության վերականգնման հետ (աշխարհում պղնձի հիմնական սպառողը)։ Financial Times–ը գրում է, որ հիմա դրան գումարվել են նաև ԱՄՆ նոր իշխանության խթանող ծրագրերի ակնկալիքները։

Իրավիճակը կարող է ազդել նաև աշխարհի ֆինանսական շուկաների վրա, այդ թվում` դոլարի փոխարժեքի և զարգացող երկրներում պետական պարտատոմսերի գնանշումների։ Դրանից կախված կլինի, թե Հայաստանը ինչ տոկոսով կվճարի իր արտասահմանյան պարտատոմսերի (եվրաբոնդերի) պարտքի դիմաց, որոնք տարեվերջին կկազմեն Հայաստանի պետական պարտքի մոտ 20%–ը։

Եթե խոսենք դոլարի փոխարժեքի մասին, ապա ԱՄՆ տնտեսության աշխուժացումը կնշանակի առևտրի և արտադրության աճ ամբողջ աշխարհում։ Այն ներդրողները, որոնք նախկինում գումարները պահում էին դոլարով, այժմ կարող են դրանք ներդնել զարգացող երկրների տնտեսության մեջ, որտեղ ռիսկերն ավելի մեծ են, բայց շահույթն էլ է ավելի խոշոր, գրում է New York Times–ը։

Դրանից կարող է նախ մի փոքր նվազել դոլարի փոխարժեքը, երկրորդ` զարգացող երկրների պետական պարտատոմսերի տոկոսադրույքները (այդ թվում` Հայաստանի)։ Նշանակում է` կնվազի պարտքային բեռը, որը մենք վճարելու ենք մեր պարտատոմսերի դիմաց։

Դրան կնպաստի նաև արտաքին առևտրում ԱՄՆ նոր իշխանության քաղաքականությունը. վերլուծաբանների սպասումների համաձայն` այն այդքան ագրեսիվ չի լինի, որքան Թրամփի ժամանակ, գրում է Global Capital–ը։ Դեռ վերջնական պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ–ն առևտրային պատերազմները կդադարեցնի Չինաստանի հետ, այնուամենայնիվ առևտրային պատժամիջոցների և սահմանափակումների սպառնալիքները կթուլանան, ինչը ևս կօգնի զարգացող երկրներին, իսկ դա նշանակում է, որ կրկին կարող է որոշակիորեն նվազել դոլարի փոխարժեքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20–ին։

268
թեգերը:
Ջո Բայդեն, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Գնաճը մինչև ո՞ւր կհասնի. էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է` մենք դեռ լավ վիճակում ենք
Ցանկացած ապաշրջափակման պետք է «այո» ասել. Արամ Սարգսյանը վարչապետի մոտ էր
Նախարարն ասել է` որ դեպքում չի երկարաձգվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի առկա հողատարածքներով. Ավետիսյան

0
(Թարմացված է 23:51 18.01.2021)
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է պարենային անվտանգության խնդիրների մասին, որոնք ավելի ցցուն են դարձել արցախյան պատերազմից հետո։

Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։

«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։

Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։

Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։

0
թեգերը:
Սամվել Ավետիսյան, Պատերազմ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Մինչև ապրիլ բան չի փոխվի. տնտեսագետը հուշում է` ինչ է պետք անել կյանքը լավացնելու համար
«Փաշինյանը նվազագույնը 38,4 մլրդ դոլարի վնաս է հասցրել Հայաստանին». Մեսրոպ Մանուկյան
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով